Արագընթաց եւ փոփոխական նորաձեւությունը մարդուն ստիպում է դառնալ անխնա եւ գնել ավելի շատ, քան անհրաժեշտ է իրեն: Օրինակ, որեւէ մեկի մտքով անցնո՞ւմ է, թե քանի կենդանի է անհրաժեշտ սպանել՝ բնական մորթուց վերարկու կարելու համար: Կամ գնելով հերթական բամբակե վերնաշապիկը` շատերս չենք էլ մտածում, որ այն կարող է վնասել բնությանը: Մինչդեռ երկու վերնաշապիկ ստանալու համար՝ օգտագործվում է մեկ կիլոգրամ բամբակ, իսկ այն աճեցնելու եւ մշակելու համար՝ օգտագործվում են մեծ քանակությամբ քիմիկատներ, որոնք վնասում են շրջակա միջավայրին եւ կենդանական աշխարհին:
Այս դեպքում ինչպե՞ս վարվել, որպեսզի հանուն բնության ոչ միայն մերկ չմնաս, այլ նաեւ լինես նորաձեւ: Հարցն ամենեւին էլ հռետորական չէ, իրականում նորաձեւությունը կարող է լինել բնությանը համահունչ: Բրենդային հավաքածուներում արդեն վաղուց սկսել են հայտնվել իրեր, որոնք պատրաստված են արհեստական մորթուց, վերամշակված պլաստիկից, օվկիանոսային թափոններից, օրգանական բամբակից եւ այլն: Այն ոմանց համար իրենց վրա ուշադրություն գրավելու եւ գովազդվելու ձեւ է, իսկ մյուսների համար «բնական» եւ «էկոլոգիապես մաքուր» բառերը դատարկ խոսքեր չեն, այլ բնության պահպանման համար ներդրած՝ իրենց փոքրիկ լուման է: Այսպիսով՝ eco.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում աշխարհում հայտնի 6 բրենդ, որոնք հագուստ են արտադրում՝ առանց բնությանը վնաս պատճառելու: Ի դեպ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր էկոկարգախոսը:

Mark Liu (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա)
Փոքրացնում ենք կտորեղենի ծախսը…
Բրենդի հիմնադիր Մարկ Լյուն զրոյական թափոններ կոչվող մեծ նորարարական մեթոդիկայի հիմնադիրն է, որն ամբողջությամբ վերափոխել է արդյունաբերության մեխանիզմը: Նա արդյունաբերությունում ներկայացրել է ընդհանուր ծախսվող կտորեղենի մոտ 20 տոկոսը կազմող թափոնների խնդրի լուծման հեղափոխական որոշում: Մեթոդն իրենից ներկայացնում է գրեթե անկար մոդելների ստեղծում, որը հնարավոր է դառնում համակարգչային սքրինինգի միջոցով. սկզբում գծամոդելը տեղաբաշխվում է վիրտուալ կտորի վրա եւ միայն հետո են ձեռքը վերցնում մկրատը:
Patagonia (ԱՄՆ)
Հին հագուստի վերամշակում…
Այս ապրանքանիշի հիմնադիրը Իվոն Շուինարն է, որը նաեւ ալպինիստ եւ էկոակտիվիստ է: Նրան են պատկանում էկոլոգիական ուղղվածությամբ շատ ապրանքանիշների լիցենզիաներ: Դեռ 90-ականների սկզբին ընկերությունն աշխարհին ներկայացրեց հագուստի առաջին հավաքածուն, որը պատրաստված էր վերամշակված պլաստիկե շշերից: Այդ պահից սկսած՝ երկրորդական հումքը դարձավ արտադրության առանձնահատկությունը: Այժմ հագուստը կարվում է հին սվիտերների նեյլոնից, վերամշակված բրդից եւ տեքստիլի արտադրության մնացորդներից: Patagonia-յի հանրահայտ գլուխգործոցը հիդրոկոստյումն է, որը պատրաստվել է բույսերից: Այն իր մեջ ջուր չի քաշում եւ պատրաստված է բիոլոգիական նյութից, ինչպիսին է մեքսիկական բույս գավայուլան:
People Tree (Մեծ Բրիտանիա, Ճապոնիա)
Արդար առեւտուր եւ օրգանական կտորեղեն…
Չեն օգտագործում արհեստական գունաներկեր եւ սինթետիկա՝ գերադասելով երկրորդական վերամշակման հումք: Այս բրենդի բոլոր իրերն արտադրվում են ձեռքով աշխարհի երրորդ երկրներում՝ Նեպալում, Հնդկաստանում, Բանգլադեշում, որն էլ թույլ է տալիս ապահովել տեղի բնակչությանն աշխատանքով: Fair Trade-ը, որը գրված է բրենդի վրա, նշանակում է, որ արտադրանքը պատրաստված է կայուն կառավարվող աղբյուրներից ծագող հումքից եւ ունեն ամենափոքր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Արդար առեւտրի առաջամարտիկները նույնիսկ փաթեթավորման համար օգտագործում են հեշտ կենսաքայքայվող եւ վերամշակված հումք, իսկ առաքման համար բոլոր այն վայրերը, ուր հնարավոր է, ընտրում են ծովային ճանապարհը:
Stella MeCartney (Մեծ Բրիտանիա)
Չկա ոչ մի նորաձեւ բան անշնչացած կենդանու մեջ…
Առողջ ապրելակերպի ջատագով, բուսակեր, կենդանիների իրավունքների պաշտպանության հայտնի կազմակերպության անդամ, մոդելավորող Ստելլան Մակկարտնին անընդատ շատացնում է օրգանական կտորեղենի առկայությունն իր հավաքածուներում եւ հրաժարվել է թունդ գունաներկերից: Stella MeCartney բրենդին պատկանող ամբողջ կոշկեղենը պատրաստված է վինիլից, պլաստիկից կամ արհեստական կաշվից, իսկ մյուս աքսեսուարները կտորից են կամ ռաֆիից (պալմայի ծառի մանրաթելերից):
«Չկա ոչ մի նորաձեւ բան մահացած կենդանու մեջ», – ասում է Ստելլան: Նա երբեք չի աշխատում բնական կաշվի կամ մորթու հետ: Վերարկուները մոդելավորողի հավաքածուներում ստեղծված են հատուկ ձեւով ոլորված թելերից, որը կարելի է նկատել միայն շատ ուշադիր եւ մոտիկից զննելիս: Բրենդի վերջին նորույթներից է քաշեմիրից իրերը, որոնք ստեղծվում են այծի մորթու այն մնացորդներից, ինչն անպետք են համարել գործարաններում: Ըստ Ստելլան Մակկարտնիի, չօգտագործված կտորներից թելի արտադրությունը 92%-ով քիչ վնաս է հասցնում բնությանը:
UliUlia (Ուկրաինա)
Օգտագործում ենք ամեն ինչ երկրորդ անգամ…
Հիմնադրել է մոդելավորող Յուլիա Կորդյուկովան 2013 թվականին: Բրենդի ստեղծման հիմքում ընկած է նախկինում օգտագործված հումքի վերամշակման գաղափարը: Հումքն է արդեն նախկինում օգտագործված կաշին, մորթին, զամշը, կտավատը: Այժմ՝ տեսականիում կան պայուսակներ, կլաչեր, ուսապարկեր, պլանշետների եւ նոթբուքերի պատյաններ: Յուրաքանչյուր իր կարվում է ձեռքով, իսկ մոդելները գրեթե չեն կրկնվում:
Melissa (Բրազիլիա)
Կոշիկներ՝ մոնոպլաստիկից…
Կոշիկի այս բրենդը 1979 թվականին աշխարհին նվիրեց պլաստմասայի հատուկ տեսակից՝ պոլիվինիլքլորիդից պատրաստված առաջին զույգ կոշիկը: Պոլիվինիլքլորիդը՝ մոնոպլաստիկ մելֆլեքս է, որն օգտագործվում է կոշիկների ստեղծման ժամանակ: Այն ստացվում է երկրորդային վերամշակման արդյունքում եւ հեշտությամբ նորից վերամշակվում է: Շնորհիվ մելֆլեքսի՝ բրենդն, ըստ էության, լուծել է պլաստիկից կոշիկների հիմնական խնդիրը՝ դարձնելով դրանք հարմարավետ, շնչող, հիպոալերգիկ եւ անվնաս: Ընդ որում՝ անվնաս կարելի է համարել նաեւ արտադրական պրոցեսը՝ թափոնների 99 %-ը, ներառյալ ջուրը, ներկանյութերը եւ պլաստիկը նույնպես ենթարկվում են երկրորդական մշակման:
@Մանե Մազմանդյան






Թողնել մեկնաբանություն