Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մեր երկրի կայուն զարգացմանը եւ անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի եւ ռազմական դրության այս օրերին իր մեջ կարեւոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. «Մենք ամուր ենք՝ կանգնած մեր հայրենի հողին»։
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ: «Իջեւանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30 հազար տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թխկի, արջատխլենի:
Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկին՝ գրանցվելով www.10m.am կայքում ու դառնալով մեկը՝ 10 միլիոնից: Ամեն ոք իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը՝ հատուկ նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով եւ կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետեւել ընթացքին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարել էր 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին: Ծրագիրը թեպետ հետաձգվեց, բայց այսօր արդեն իրականություն է, եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2021 թվականին: Սա կլինի յուրատեսակ պայքար՝ կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության եւ հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաեւ միտված է պահպանելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնելու էկոհամակարգերը։






Թողնել մեկնաբանություն