Blog
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ
Posted on 24 Փետրվարի, 2021

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, կարևորելով բնության հուշարձանների դերը զբոսաշրջության ոլորտում՝ ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, ապօրինի օգտագործման դեպքերը բացառելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին՝ հայցելով նրանց աջակցությունը՝ հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցներ ձեռնարկել իրենց համայնքներում բնության հուշարձանների պահպանության և դրանց նկատմամբ մարդածին բացասական հետևանքների նվազեցման ուղղությամբ: Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք 232 բնության հուշարձան։ Մեկ այլ գրությամբ նախարարը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հուշարձանների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս է կոչով դիմել ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։ Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։
In
other , shrjaka-mijavayr
Պաշտոնական հայտարարություն. ՇՄ
Posted on 24 Փետրվարի, 2021

Շրջակա միջավայրի նախարարության "Սևան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ը (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հա) հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով սպասարկում իրականացնելու նպատակով հայտերի ընդունում հետևյալ չափաբաժինների համար. 1. հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) 2. հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա) 3. հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա): Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով։ Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է. ա) դիմում՝ մասնակցության հայտի (ձևը կցվում է), բ) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, գ) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, դ) հանրային լողափի տարածքում իրականացվող միջոցառումների, ներդրումների, կազմակերպվող գործունեության վերաբերյալ ծրագիր, ե) մասնակցության նախավճարի անդորրագրի պատճեն: Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել "Սևան" ազգային պարկ" ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Հայտ կարող է ներկայացվել ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեկ քանի կամ բոլոր չափաբաժինների համար: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է "Սևան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ (կցվում է)։ Հաղթող կճանաչվի առավել լավագույն պայմաններով միջոցառումների ծրագիր ներկայացրած մասնակիցը: Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է "Սևան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին կատարել 10 000 ՀՀ դրամի չափով մասնակցության նախավճար: Հայտերի բացումը տեղի կունենա սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում: Հայտերը բացելուց հետո՝ 7-օրյա ժամկետում մասնակիցները կարող են մասնակցել հայտերի ամփոփման նիստին: Հաղթողի հետ կազվում է արձանագրություն: Մասնակցի կողմից դիմելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով: Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին՝ 055-07-77-77, 0261 2-40-44 հեռախոսահամարով կամ sevanap@inbox.ru էլ. փոստով:
In
other , eco-aprelakerp , eco-snund
Էկո հանրագիտարան. Վարունգ
Posted on 23 Փետրվարի, 2021

Վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` տարատեսակ աղցաններում օգտագործվող վարունգը հարուստ է սննդարար բաղադրիչներով: Պարբերականը առանձնացրել է վարունգի օգտակար հատկանիշները: 1. Վարունգն` իր կեղևով, պարունակում է կալիում, C, A և K վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեստերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի: 2. Վարունգը կարող է փոխարինել կոֆեինին: Երբ հոգնածության զգացում եք ունենում, կարող եք ածխաջրերի և վիտամին B-ի պակասը լրացնել վարունգի օգնությամբ: 3. Ապակին քրտնելուց պաշտպանելու համար այն սրբեք վարունգով լոգանք ընդունելուց առաջ: 4. Կարող եք մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վնասված հատվածին վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի ձեր մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում: 5. Վարունգն օգտակար է գլխացավի և խումարի ժամանակ: Անհրաժեշտ է պարզապես մեկ հատ վարունգ ուտել քնելուց առաջ: 6. Վարունգը նաև հագեցնող է: Եթե քաղցած եք, բայց դեռ ուտելու ժամանակը չէ, վարունգը շատ հարմար տարբերակ է քիչ կալորիաներով հագենալու համար: 7. Այն կարելի է կիրառել անգամ կոշիկները փայլեցնելու համար: 8. Վարունգն օգնում է նվազեցնել ճնշվածության մակարդակը: Մեկ վարունգ կտրատեք, ավելացրեք եռացող ջրին: Վարունգից դուրս եկող գոլորշին հանանյութերի ազդեցություն ունի: 9. Այն կարելի է օգտագործել որպես մաքրող միջոց, պարզապես դրանով սրբեք պողպատե մակերևույթը, լվացարանն ու ծորակը: 10. Վարունգն օգնում է նաև հեռացնել գրիչի, մարկերների հետքերը, պարզապես պետք է վարունգի դրսի կողմով տրորել կեղտոտ մակերեսը:
In
other , shrjaka-mijavayr
100 հատ սիգի ապօրինի որսի հերթական դեպք
Posted on 23 Փետրվարի, 2021

Քաղաքացիներ Ա.Գ-ի և Ն․ Ա-ի մոտ հայտնաբերված 100 հատ, ընդհանուր քաշով 30,85 կգ սիգ տեսակի ձկան փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 154 հազար 250 դրամ: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժին:
In
other , shrjaka-mijavayr
«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
Posted on 23 Փետրվարի, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան Շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը: Իհարկե, պետք է ասել, որ, ցավոք, այս չափանիշներով չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչև հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն և չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը և ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել է բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել: Բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման վրա: Այս բարդ խնդիրների ամենօրյա իրագործմամբ Դուք եք զբաղվում, հարգելի գործընկերներ, և այսօր հաճույքով կլսենք Ձեր ծրագրերի, ամենօրյա աշխատանքների, հաջողությունների և մարտահրավերների մասին»: Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Դրանցից առաջնային կարևորություն ունեցողներից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենք-շինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում: Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ • Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Աշխատանքները շարունակվում են: • Ամփոփվել է Սևանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020թ. սեպտեմբերից մինչ դեկտեմբերի 1՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաև օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ զեկուցվել է, որ 2021թ. արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, և ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևորել է հետևողական աշխատանքը և ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը: «Թվային մոդելի առկայությունը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը», - նկատել է վարչապետը և հանձնարարել աշխատել այս ուղղությամբ: Հաջորդիվ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ն, իր բյուջեի հաշվին, հավելյալ աշխատուժի ներգրավմամբ, կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառ»-ի շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ: Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ և տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները: Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու: Խորհրդակցությանն արծարծվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ: Ներկայացվել են նաև Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույցների՝ Անտառային կոմիտեի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին: Տեղեկացվել է, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ներդրվելու է առցանց կտրոնների համակարգ, որը, հաջողելու դեպքում, նախատեսվում է ներդնել նաև նախարարության մյուս կառույցներում: Գործընթացը կմեկնարկի մարտի կեսերին: Անդրադարձ է եղել նաև նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին և կադրային համալրման գործընթացին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ծառայությունների մատուցման չափանիշներ ներդնել և աշխատանքը կազմակերպել այդ սկզբունքով: Վարչապետը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հետևողական, նախաձեռնողական աշխատանքը և վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը՝ ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: Աշխատանքային խորհրդակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3pStjEQ
In
other , eco-dexatun
Քնի հորմոնը «արգելակում» է ծերացումը
Posted on 23 Փետրվարի, 2021

«Քնի հորմոն» մելատոնինը կարող է օգտագործվել մարդկանց մոտ տարիքի հետ առաջացող հիվանդությունների բուժման համար: Այս փաստը հաստատվել է Նովոսիբիրսկի գիտնականների կողմից կատարված փորձով: Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի գիտնականները փորձի ընթացքում ծերացման հակում ունեցող առնետներին տվել են մելատոնինի հիմքով ստացված պատրաստուկ: Դրանից հետո կենդանիները սկսել են ավելի լավ տեսնել, առավել լավ հիշել ինֆորմացիան, նրանց մոտ բարձրացել է վարժեցման մակարդակը: Այս հորմոնը պատասխանատու է «ներքին ժամացույցի» համար: Տարիքի հետ մելատոնինի մակարդակը նվազում է օրգանիզմում: Ինչպես ցույց է տվել փորձը, արհեստական ճանապարհով սինթեզված մելատոնինի ներարկումը ոչ միայն ակնհայտորեն դանդաղեցնում է տեսողության կորուստը, այլև վերականգնում է տեսողությունը այն մկների մոտ, որոնք արդեն իսկ ունեին ռետինոպաթիայի ակնհայտ նշաններ:
In
other , eco-dexatun
Գիտաժողով՝ «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով
Posted on 22 Փետրվարի, 2021

Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում: Պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել, որում ներգրավված են եղել բազմաթիվ բժիշկներ և գրեթե բոլոր բուժհաստատությունները: Գիտաժողովի նպատակն է կազմակերպել լայնամասշտաբ պլենար հանդիպում մասնագետների միջև, ովքեր ներգրավված են եղել պատերազմում՝ առաջնագծից մինչև խորը թիկունք: Գիտաժողովը հնարավորություն կընձեռի մասնագետներին ներկայացնելու պատերազմի իրենց փորձառությունը, քննարկման դնելու խնդիրներ՝ համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու: Գիտաժողովի մասին առավել մանրամասն տեղեկանալու և առցանց գրանցվելու համար այցելեք պաշտոնական կայք՝ warmedicine2020.am Զեկույցով հանդես գալը ողջունելի է: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ ներգրավվածությունը գիտաժողովին:
In
other , shrjaka-mijavayr
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22-27.02.2021թթ.)
Posted on 22 Փետրվարի, 2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
In
other , shrjaka-mijavayr
Նոր քրեական գործ է հարուցվել «Սևան» ազգային պարկի պահպանության առնչությամբ
Posted on 22 Փետրվարի, 2021

Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր ուսումնասիրել և իրեն ներկայացնել Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։ Արդեն սեպտեմբեր ամսին նախարարի հանձնարարականով նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն էր ուղարկել Սևանա լճին հարակից՝ 1905.0 մետր նիշից ցածր տարածքներում կառուցված (տեղադրված) շենք-շինությունների լրամշակված ցանկը և պատրաստակամություն հայտնել օժանդակել դատախազությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, փաստաթղթերին ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու հարցում: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում: Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի և 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը: Իսկ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ: Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սևանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
In
other , shrjaka-mijavayr
Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
Posted on 22 Փետրվարի, 2021





