Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ասենք Ո՛Չ կեղծ Օրգանական արտադրանքին

Ասենք Ո՛Չ կեղծ Օրգանական արտադրանքին

«Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ն իր ֆեյսբուքյան հարթակում մեկնարկել է «Ասենք Ո՛Չ կեղծ Օրգանական արտադրանքին»  ակցիան:Սույն գրառման մեջ ասվում է հետևյալը.

«Օրգանական Հայաստան Ասոցիացիան սկսում է իրազեկումը  եւ պայքարը  կեղծիքների դեմ` #կեղծօրգանական, #կեղծբիո, #կեղծէկո  հեշտեգերով

Վստահ ենք, որ շատ եք  հանդիպել «ՕՐԳԱՆԱԿԱՆ», «ԷԿՈ», «ԲԻՈ», «ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ», «ՕՐԳԱՆԻԿ» և այլ նման բառերով մակնշված արտադրանք։ Ավաղ, շատ հաճախ նմանատիպ մակնշումը  չի համապատասխանում իրականությանը և ԿԵՂԾ է։

Ինչպե՞ս պայքարել

Եթե տեսնեք  կեղծ  մակնշում, ապա մեկնաբանություններում  գրեք, թե որ բրենդն է ու ինչ արտադրանքով է հանդես գալիս շուկայում ու խաբում  սպառողներին։ Հնարավորության դեպքում խնդրում ենք նկարեք  եւ նկարը տեղադրեք մեկնաբանության մեջ կամ tag արեք  @OrganicArmenia էջը։

Այսուհետ ամեն անգամ, երբ գտնենք  նոր կեղծիք՝ անմիջապես  տեղադրելու եւ տարածելու ենք, որպեսզի պաշտպանենք սպառոներին կեղծ օրգանական մակնշում կիրառող անբարեխիղճ տնտեսվարողներից։

Հիշեք, որ համաձայն ՀՀ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ  ՕՐԵՆՔԻ՝ ԷԿՈ, ԲԻՈ, ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ, ՕՐԳԱՆԻԿ և այլ համանման բառերը հոմանիշներ են մեզ քաջ հայտնի  «ՕՐԳԱՆԱԿԱՆ» բառին։ Դրանց կիրառումը հաստատված է, թե միջազգային և թե Հայաստանի Հանրապետության օրենքներով, և վերաբերվում է գյուղատնտեսական և սննդի օրգանական մեթոդով արտադրությանը։

ՀՀ -ում պաշտոնական տերմինը «ՕՐԳԱՆԱԿԱՆ»-ն է։

Ինչպե՞ս տարբերել  կեղծիքը իրականից՝

1․ Օրգանական արտադրանքը պարտադիր պետք է լինի ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ  համապատասխան մարմնի կողմից։ Սպառողը իրավասու է պահանջել  սերտիֆիկատի առկայությունը յուրաքանչյուր վաճառքի կետում։ Դրա բացակայությունը արդեն իսկ առիթ է ահազանգելու։

2.Կախված, թե որ շուկայի համար է սերտիֆիկացված արտադրանքը, այն պետք է կրի Օրգանական նշան: Եթե հայկական արտադրության օրգանական արտադրանք եք ման գալիս, ապա ճանաչեք մեր Ազգային Նշանը (նշանները տես նկարներում)։

3.Օրգանական արտադրանքը պարտադիր պետք է ունենա հղում սերտիֆիկացնող մարմնի վրա։ Դա կարող է լինել սերտիֆիկացնող մարմնի անվանումը և կոնտակտային տվյալները կամ սերտիֆիկացնող մարմնի կոդը (Տես նկարներում)։ Սպառողը միշտ իրավասու է սերտիֆիկացնող մարմնից տեղեկատվություն պահանջել իր կողմից սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ։ Բոլոր օրգանական սերտիֆիկացնող մարմինները տեղադրում են այդ տեղեկատվությունը հանրային՝ իրենց կայք էջերում։

Հարգելի սպառողներ, տարբերակեք իրական սերտիֆիկացված արտադրանքը կեղծիքից։

[gallery columns="4" link="none" ids="3923,3924,3925,3926"]

ՕՐԳԱՆԱԿԱՆ  նշանակում է արտադրանք, որը համապատսխանում է մի շարք արտադրական նորմատիվերի, որոնցից են՝

սինթետիկ պարարտանյութերի բացառությունը և դրանց փոխարինում բնական պարարտանյութերով

կայուն պեստիցիդների բացառությունը

սինթետիկ կոնսերվատների բացառումը

արտադրանքի հետագծելիությունը  ընհուպ մինչև արտադրական հողակտոր և այլ։

Բոլոր կիրառած նյութերը և արտադրական մեթոդները չպետք է վնասեն շրջակա միջավայրին և մարդու առողջությանը։

Եկեք պայքարենք միասին եւ ապրենք ազնիվ եւ առողջ։»

Սահմանվել են սոցիալական նպատակներով որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները

Սահմանվել են սոցիալական նպատակներով որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին  հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները. Կարմրախայտ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը  1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի Ծիածանափայլ ֆորել - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ Կովկասյան թեփուղ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի Սպիտակ ամուր - 2021թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի Սև ամուր  -  2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի Կուրի կողակ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի Կուրի բեղաձուկ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի Ճանար - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի Արևելյան տառեխիկ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի Ծածան - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի Սպիտակ հաստաճակատ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի Խայտաբղետ հաստաճակատ  - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի Արծաթափայլ կարաս - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի Բրամ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի Լոքո - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի Խեցգետին - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։ Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը

Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում  շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։ Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր  նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։ Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել են այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը. շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով  կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները։

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը. LIVE

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը. LIVE

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ֆեյսբուքյան հարթակը այսօր ներկայացրեց  «Էկոգլոբ» օրգանական սերտիֆիկացման ընկերության ղեկավարի կողմից անցկացվող առցանց հանդիպումը:

«Էկոգլոբ»-ը հանդիսանում է միջազգային սերտիֆիկացնող և հսկող մարմին, համապատասխան ISO 17065 պահանջների:

Ընկերությունը խթանում է տեղական և միջազգային շուկաների հասանելիությունը: Այն տրամադրում է մի շարք սննդի սերտիֆիկացման ստանդարտների համապատասխան ծառայություններ, ինչպիսիք են միջազգային օրգանական և կայուն սննդի արտադրության ստանդարտները:

     

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր զեկույցն անդրադառնում է նաև Ամուլսարի խնդրին

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր զեկույցն անդրադառնում է նաև Ամուլսարի խնդրին
«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է նոր զեկույց Եվրոպայի «Կանաչ գործարք» (Green Deal) պլանի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ «Կանաչ գործարք»-ում նշվող հումքի ձեռքբերումը չպետք է իրականացվի աշխատողների, տեղական համայնքների և բնության հաշվին: Զեկույցում օրինակներից մեկը Հայաստանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի մասին է: Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը միտված է՝ խթանելու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, անցնելու մաքուր, շրջանաձև տնտեսության, վերականգնելու կենսաբազմազանությունը և կրճատելու աղտոտվածությունը: Այն միտված է նաև նվազեցնելու ջերմոզային գազերի արտանետումները և հասնելու կայուն զարգացման նպատակներին: «CEE Bankwatch Network»-ն իր «Հում գործարք. Արդյո՞ք ԵՄ զարգացման նոր մոդելը նշանակում է ավելի շատ նույն քայքայիչ հանքարդյունաբերությունը» զեկույցի վերաբերյալ տարածած մամլո հաղորդագրությունում նշում է, որ Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը նախատեսում է ավելացնել հանքարդյունաբերության հումքը` մաքուր էներգիայի, վերականգնվող աղբյուրների և բարձր տեխնոլոգիական այլ լուծումների պահանջարկը բավարարելու համար, որոնք ԵՄ կանաչ զարգացման օրակարգի առաջնային կետում են: «Եվրահանձնաժողովը նախանշել է տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հետ կապված հումք ապահովելու լայնածավալ ծրագրեր, սակայն քիչ է նշում դրանց արդյունահանման հետ կապված ռիսկերի արդյունավետ լուծման մասին: Օրինակ, ԵՄ նախահաշվարկի համաձայն՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցների և էներգիայի կուտակման համար 2030 թ-ին անհրաժեշտ կլինի մինչև 18 անգամ ավելի շատ լիթիում (Li) և հինգ անգամ ավելի շատ կոբալտ (Co), իսկ 2050 թվականին` գրեթե 60 անգամ ավելի շատ լիթիում և 15 անգամ ավելի շատ կոբալտ»,- մասնավորապես նշված է «CEE Bankwatch Network»-ի հաղորդագրության մեջ: «CEE Bankwatch Network»ի զեկույցը նկարագրում է շրջակա միջավայրի ոչնչացման դեպքերը, վատ աշխատանքային պայմանները և հասարակության բավարար մասնակցության պակասը մետաղի արդյունահանման և ձուլման գործառնությունների պլանավորման և իրականացման ընթացքում, որոնց հաճախ աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը՝ իրենց ներդրումների միջոցով: Ամուլսարի վերաբերյալ զեկույցում նշված է. «Ոսկու հանքը Հայաստանում վտանգում է Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված առաջավոր ասիական ընձառյուծի բնակմիջավայրը Ամուլսարի ոսկու հանքի դեպքը լեռնահանքային արդյունաբերության դեպքերին հատուկ օրինակներից մեկն է. մետաղի արդյունահանումը հսկայական վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության համար, և հաճախ համայնքներն են պայքարում բնությունը պաշտպանելու համար: Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ սիրված Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչ հեռու: Ամուլսար լեռը սնում է խոշոր գետերը երկրի մի շարք շատ կարևոր ջրային ավազանների համար: Կանադական «Lydian International» ընկերությունը նախատեսում էր ոսկու բացհանք շահագործել, որը, ինչպես ակնկալվում  է, կազդի ոչ միայն ջրի աղբյուրների և օդի որակի, այնպես էլ նաև այս արժեքավոր բնական տարածաշրջանում գտնվող վայրի կենդանական աշխարհի վրա: Ընկերությունն աջակցություն է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) (2009 և 2017 թթ.) և Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) (վերջինս 2017թ. դուրս է եկել նախագծից): «Lydian»-ն ի սկզբանե նախատեսում էր օգտագործել արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիա, որը հայտնի է որպես ցիանիդային տարրալվացում, ինչն անհանգստացրել է հարակից համայնքներին տվյալ տեխնոլոգիայի հավանական վտանգավոր ազդեցությունների պատճառով: Տեղի բնակիչները, ովքեր իրենց ապրուստը վաստակում են, մշակելով ծիրանի այգիներ, հավաքելով վայրի բույսեր, բազմացնելով կենդանիներ և ձկներ, 2018թ. փակել են հանքավայրի ենթակառուցվածքներ տանող մուտքը: 2020թ. ամռանը ընկերությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ ճանապարհային շրջափակումը ճեղքելու համար, ահաբեկեց և վարկաբեկեց տեղի համայնքի անդամներին, ցուցարարներին և ակտիվիստներին՝ դատական գործեր սկսելու միջոցով: Անկախ փորձագետները, օրինակ՝ WWF  Հայաստանի և Վայրի բնության բալկանյան միության (Բուլղարիա) փորձագետները պնդում են, որ ծրագրի հաստատումը խախտում է Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի մասին օրենքները, քանի որ ներդրումների իրականացումը կհանգեցնի ոչնչացման եզրին գտնվող մի շարք տեսակների թվաքանակի կրճատմանը (ինչպես դասակարգված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում): Հանքը նաև հակասում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիային, որը հայտնի է Բեռնի կոնվենցիա անվամբ: Բույսերի և կենդանիների վայրի տեսակների պաշտպանությունը ներառում է վտանգված տեսակների, ինչպես նաև նրանց բնակմիջավայրերի պաշտպանությունը: Այս բնակմիջավայրերը պաշտպանված են «ԷՄԵՐԱԼԴ ցանց» անվամբ տարածքների ցանցում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է ոչնչացնել «ԷՄԵՐԱԼԴ ցանց»-ի երեք տեղանք, 11 հատուկ բնակմիջավայր և 76 պահպանվող ցեղատեսակ: Առաջավոր ասիական ընձառյուծը՝ Կովկասի ամենախոշոր կատվազգին, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում վտանգված տեսակների շարքում է: Հաշվարկված է, որ այս տեսակից միայն 10 առանձնյակ է ապրում Հայաստանում, որոնք շարժվում են միգրացիոն երկու միջանցքով: Միջանցքներից մեկը հատում է հանքի տարածքը: Հանքի մշտադիտարկման գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունները բողոք են ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն` Հայաստանի կառավարության դեմ: Բողոքի մեջ ՀՀ կառավարությունը մեղադրվում է Բեռնի կոնվենցիային համապատասխան էկոլոգիապես արժեքավոր տարածքներում ներդրումների և պահպանվող ցեղատեսակների և բնակմիջավայրերի գնահատման ընթացակարգերը չիրականացնելու մեջ»: CEE Bankwatch Network»-ի զեկույցը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում նախագծել հստակ տեսլական և հատկացնել միջոցներ հումքի արդյունահանման հետ կապված խնդիրները հաղթահարելու համար: ԵՄ-ն պետք է ձեռնարկի հետևյալ գործողությունները` իր զարգացման նոր մոդելի կայունությունը ապահովելու համար. Ռեսուրսների օգտագործման կրճատում` որպես նոր հանրային ֆինանսավորվող ցանկացած ծրագրի հիմքում ընկած սկզբունք Առավել քիչ շահագործող և թույնից զերծ տեխնոլոգիաների կիրառում Հին լեռնահանքային տեղանքների վերականգնում Հանքարդյունաբերական նախագծերի համար բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքների խիստ և արդյունավետ վերահսկողություն Հանքերից և հարակից օբյեկտներից տուժած համայնքների խոսքի իրավունք: Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով: Աղբյուրը՝ Ecolur

Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրվա ընթացքում

Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրվա ընթացքում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 15-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, 20-ի ցերեկը   առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝  լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը  փետրվարի 18-20-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-ի և 20-ի  ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝  թաց ձյուն:

ՀՀ ՇՄ նախարարը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ՇՄ նախարարը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է երկու երկրների միջև երկարամյա ռազմավարական հարաբերություններից ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պետական կառավարման ոլորտում, ապա ներկայացրել է հետպատերազմյան այս շրջանում համագործակցության ռազմավարական ուղղությունների նոր օրակարգ առաջադրելու և առաջնահերթությունները վերանայելու  կարևորությունը։ Նախարարը շեշտել է, որ գործողությունները պետք է ուղղված լինեն 44-օրյա պատերազմի հետևանքների գույքագրմանը, մեղմմանն ու հաղթահարմանը։ Պարոն Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ իրենք շահագրգիռ են ընդլայնել գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։ Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները հիմնականում զարգանում են գլոբալ և տարածաշրջանային միջազգային բնապահպանական կոնվենցիաների և միջազգային գործընթացների շրջանակներում, ինչպես նաև՝ ՀՀ և ՌԴ-ի միջև  տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովների նիստերի որոշումների հիման վրա։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փոխգործակցության առավել մանրամասն ճանապարհային քարտեզ կազմելու, երկու երկրների գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցությունը  խթանելու և նոր մակարդակի վրա դնելու  նպատակով Հայաստան է հրավիրել  Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար իր գործընկերոջը և այդ հարցում ակնկալում է դեսպանի գործուն աջակցությունը։ Կողմերը քննարկել են  2016 թվականին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի  բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության միջև  շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիրը։ Նախարարը փաստել է, որ հուշագրի կետերը ժամանակակից մարտահրավերներին առավել համապատասխան դարձնելու կարիք կա։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նախարարության կողմից իրականացվող «10 միլիոն» լայնածավալ ծառատունկի նախագծի և անտառկառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների վրա՝ ակնկալելով հետագա առավել խորացված փոխգործակցություն՝ առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։ Ամփոփելով հանդիպումը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝  համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ  նախանշելով հայ–ռուսական  ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների և մասնավորապես՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ռեսուրսների արդյունավետ կիրառման համատեքստում։

Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը

Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։ Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է  Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։ «Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն: Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով  լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը»,-նշել է նախարարը։ Ապամոնտաժման աշխատանքները  շարունակական բնույթ են կրելու։

Այսօր Տրնդեզի օրն է

Այսօր Տրնդեզի օրն է
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ: Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տրնդեզի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:   Տրնդեզի առաջին ծեսը կրակ վառելն է Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով` իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տրնդեզի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Տրնդեզի ծուխը Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի: Տրնդեզի խարույկի մոխիրը Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները: Տրնդեզի խոհանոց Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր: Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին: Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Երեւանում երկրաշարժը զգացվել է` 5-6 բալ ուժգնությամբ. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. ԱԻՆ

Երեւանում երկրաշարժը զգացվել է` 5-6 բալ ուժգնությամբ. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. ԱԻՆ
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան`  Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։ Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ: