Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը՝ #COP26-ը

Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը՝ #COP26-ը
Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրից։ Կմասնակցեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումը կլինի Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակից  պետությունների ղեկավարները, կլիմայի փոփոխության փորձագետները, երիտասարդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կքննարկեն կլիմայի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղման հնարավորությունները և  կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ցանկ կմշակեն: #COP26 ծրագիրը ներառում է հարյուրավոր հանդիպումներ, քննարկումներ, բաց և փակ միջոցառումներ։ Ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://unfccc-cop26.streamworld.de/program

«Ազնվականների» էտը Հանրապետության հրապարակում

«Ազնվականների» էտը Հանրապետության հրապարակում
Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար Կենտրոն վարչական շրջանում առավել ինտենսիվ աշխատում են հանգստյան օրերին։ Օրինակ՝  Հանրապետության հրապարակի գնդաձև թեղիներն էտվեցին այս շաբաթ-կիրակի: Երկար տարիներ քաղաքային թեղիները լիարժեք ու ճիշտ չէին խնամվել: Դրանք ազատվեցին չորուկներից: Ծառերն արդեն կթեթևանան, օդ կանցնի ծառերի միջով, սնկային հիվանդությունները զրոյի կհասցվեն….  բազմակողմանի բուժման աշխատանքներից հետո գարնանը հակասթրեսային միջոցներ կձեռնարկվեն, կպարարտացվեն և կենտրոնի կանաչ բնակիչները կառողջանան: Ի դեպ, այս թեղիները կես դարից ավելի տարիք ունեն ու այստեղ հայտնվել են ճարտարապետական կանոնների պահանջով։ Կանաչապատումը պետք է ամբողջացնի ճարտարապետական արժեք ունեցող կառույցների տեսքը: Մինչև 15 մ բարձրությամբ գնդաձև թեղիները Հանրապետության հրապարակում այդ խնդիրը լիարժեք լուծում են: Կամարներ ունեցող շենքերին ու հրապարակին համահունչ են հենց կլորավուն սաղարթ ունեցող բույսերը:

30 հազ. դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից. Լուսինե Ավետիսյան

30 հազ. դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից. Լուսինե Ավետիսյան
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն է։ [playlist tracklist="false" images="false" artists="false" ids="6585"] «Միայն մինչև 50 միկորն հաստության տոպրակներն են արգելվելու, դրանք այն տոպրակներն են, որոնցով սպառողը ապրանքը տուն է բերում։ Դրանից հաստ տոպրակների օգտագործումը արգելված չէ, որովհետև դրանք ենթակա են բազմակի օգտագործման։ Չեն արգելվելու նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք բռանկներ չունեն, սանիտարական նպատակով են օգտագործվում, օրինակ՝ բրինձ, ալյուր և այլ ապրանք փաթեթավորելու համար։ Նշեմ նաև, որ այս չափորոշիչները վերցրել ենք միջազգային փորձից»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։ Էկոլոգիական տեսանկյունից՝ վնասակար, մինչդեռ կենցաղում պոլիէթիլենային տոպրակները շատ սպառողներ համարում են հարմար և պիտանի։ Մեր հարցմանը մասնակիցներից մենկ ասում է՝ գործնականում դեռ չի պատկերացնում, թե ինչով են փոխարինվելու դրանք, բայց եթե առաջարկվի խելամիտ այլընտրանք, պատրաստ է վճարել: «Իհարկե, շրջակա միջավայրին պոլիէթիլենային տոպրակները վնաս են հասցնում, բայց դրանք հարմար են առօրյայում օգտագործելու համար։ Մարդիկ սովորել են դրան, և շատ կարևոր է, թե ինչ այլընտրանք է առաջարկվելու»։ Սոֆի Թովմասյանի կարծիքով էլ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը շատ ավելի խորքային խնդիր է։ Օրենքը թղթի վրա՝ մի բան է, կիրառումը կյանքում՝ մեկ այլ բան։ «Կարծում եմ, որ մինչ այս փոփոխության կիրառումը ունենք այլ խնդիր, այն է՝ մարդուն կրթելը ու թեմայի հետ ծանոթացնելը։ Ես ինքս արդեն 3 տարի է տեսակավորում եմ աղբը, և ցավալի է տեսնել, թե ինչպես է մարդը վարվում աղբի հետ։ Ես դրական եմ վերաբերվում այս փոփոխությանը, վաղ թե ուշ պիտի գայինք դրան, ուղղակի եթե մեր պետությունն ուզում է, որ այս փոփոխությունը շուտ կյանքի կոչվի, պետք է սկսի իրազեկել»,-ասում է Սոֆի Թովմասյանը։ Հայաստանում տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ է սպառվում։ Դրանց և՛ արտադրությունը, և՛ սպառումը վնաս են հասցնում  շրջակա միջավայրին, ասում է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները և էկո պայուսակները։ Օրենքի փոփոխությունը  պոլիէթիլենային տոպրակ արտադրողների սրտով չէ։ Կառավարությունը նրանց առաջարկել է անցնել կենսաքայքայվող հումքով արտադրության, արձագանք դեռ չկա։ «Հայաստաում կա մոտ 40 պոլիէթլիենային տոպրակ արտադրող։ Խոշոր արտադրողները 10-ն են, և այս օրենքն իրենց համար այդքան էլ ընդունելի չէ, որովհետև այն ծավալը արտադրանքի, որ ունեին, էլ չեն կարողանալու արտադրել։ Բայց մենք նրանց հետ քննարկումներ են ունեցել, առաջարկել ենք կենսաքայքայվող հումքով տոպրակներ արտադրել, և դրանց արտադրությունը  նոր սարքեր, նոր տեխնոլոգիաներ չի պահանջում, ուղղակի գինն է տոպրակի թանկանալու, ինչի կիրառելությունն էլ միայն ապագայում կարող ենք տեսնել»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։ 2022 հունվարի 1-ից առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակ օգտագործելու համար նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում՝ 30 հազար դրամի չափով։ Պոլիէթիլենային տոպրակներից հետո՝ հաջորդը Շրջակա միջավայրի նախարարության թիրախում մեկանգամյա օգտագործման պլաստիկ  սպասքն է։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար
Ի նշանավորումն Միացյալ Թագավորության և Իտալիայի կողմից Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համատեղ հյուրընկալման, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը  և Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն:

Առնետները Անգլիայում ինտերնետից զրկել են 2000 բաժանորդի

Առնետները Անգլիայում ինտերնետից զրկել են 2000 բաժանորդի
Անգլիական Դևոն քաղաքում մոտ 2000 բաժանորդ մնացել է առանց ինտերնետի: Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները: Առնետներն իրենց ճանապարհը բացելիս կրծել են կապի մալուխները: Այդ մասին հայտնում է բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել մասնագետները, սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ նրանք կկարողանան վերականգնել ինտերնետ կապը:

Կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը

Կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը
Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների և Էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների, ինչպես նաև գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«Եկեք այնպես անենք, որ այգին օրինակ դառնա աշխարհի համար»․ Գյումրիում մեկնարկել է Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները

«Եկեք այնպես անենք, որ այգին օրինակ դառնա աշխարհի համար»․ Գյումրիում մեկնարկել է Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները
Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7․2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ 1․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում 2․հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում 3․ այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում 4․ վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում 5․ ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։ Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11․8 մլն դոլար, որից 3․2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ ՀՀ կառավարությունը 1․6 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։ «Վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև: «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Գյումրի, Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։  

Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին

Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Կտրամադրվի ընդհանուր թվով 10 000 տնկի։ Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։ Հեռ.` 091 88 22 22, (+374 10) 65 02 70 Էլ. հասցե` hayk.aleqsanyan@env.am Ինչպե՞ս դիմե Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի` Մասնակիցների թիվ  Կազմակերպության կողմից գործընթացն համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ. համար, էլ.հասցե)  Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։

«Այդ առավոտյան մի տուփ ծխախոտը ճմրթեցի ու դեն նետեցի»․ Սուրեն Առուստամյանի առողջ ապրելու բանաձևը

«Այդ առավոտյան մի տուփ ծխախոտը ճմրթեցի ու դեն նետեցի»․ Սուրեն Առուստամյանի առողջ ապրելու բանաձևը
«Առողջ ապրելակերպի համար պետք է ունենալ առողջ հոգեբանություն և առողջ ուղեղ»,- Eco.am-ի հետ զրույցում ասում է հեռուստահաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանն, ով տասը տարի առաջ, մեկ օրվա ընթացքում, փոխեց ապրելակերպն ու ընտրեց առողջ ապրելու ուղին։ -Մի գեղեցիկ օր, միացրեցի հեռուստացույցն ու հայկական հեռուստասերիալներից մեկում տեսա, որ շատ նիհար ինչ-որ մեկը՝ մոտ 60 կգ, աչքերի տակ սևացած ու փոս ընկած, այս ու այն կողմ է գնում․․․ հասկացա, որ դա ես եմ ու վախեցա ինձնից։ Որոշեցի, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ հեռուստատեսության ոլորտի մարդ եմ, պետք է ուշադրություն դարձնեմ իմ արտաքին տեսքին ու առողջությանը։ Մենք հաճախ ենք զմայլվում հոլիվուդյան ֆիլմերի դերասանների արտաքինով, թե վա՜յ, տեսեք նրանց դերասաններն ինչ անթերի արտաքին ունեն, իսկ մենք՝ ոչ։ Մտածեցի, իսկ ինչո՞ւ մենք չունենք, ու անմիջապես մտքիս եկավ այն, թե ինչո՞ւ ես չլինեմ այդ մեկը՝ հայկական կինոինդուստրիայում և հեռուստատեսությունում։ Հենց այդ առավոտյան մի տուփ ծխախոտը ճմրթեցի ու դեն նետեցի, հետո նույն օրը գնեցի մարզասրահի աբոնեմենտ և բարի գալուստ առողջ ապրելակերպ։ Այդ օրվանից մինչև այսօր ինտենսիվ մարզվում եմ՝ հաշվի չառնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ անձրև, ձյուն, փոթորիկ, թե՝ քամի։ Անգամ Հայաստանից դուրս գտնվելու ընթացքում փնտրում եմ մարզասրահ, կամ՝ թեկուզ, եթե բակերում կան տեղադրված հարմար մարզասարքեր, անպայման մարզվում եմ։ -Այսինքն, կամաց-կամաց այն դարձավ ապրելակե՞րպ։ - Այո, այնպես ինչպես առավոտյան արթնանալիս լվացվում ես ու ատամներդ լվացնում։ Դա հո չե՞ս ծրագրավորում, ինքնստինքյան ստացվում է, քանի որ դա քո ապրելակերպն է։ Դրան գումարած, երբ արդյունքը տեսնում ես հայելու մեջ, կամ լսում դրական արձագանքներ, դա քեզ համար դառնում է մոտիվացիա։ Կլիմայական ու աշխարհագրական դիրքից ելնելով, մեր բիոլոգիան այնպիսին է, որ հայ տղամարդիկ «փոր» ունենալու հակում ունեն, ինչպես և վրացիները։ Մենք հաց ու խմոր շատ ենք սիրում ուտել ու եթե մեզ չհետևենք, ապա 30 տարեկանից հետո, ձեռք ենք բերում «փոր»։ Այնպես որ, բոլորին խորհուրդ եմ տալիս մարզվել ու միմիայն մարզվել, դա շատ կարևոր է ու առողջարար։ Երբ մարդիկ քեզ նայում են ոչ թե նրա համար, որ ճանաչում են, որպես էկրանի մարդ, այլ, քանի որ ունես գեղեցիկ մարմին, ինչու ոչ, չեմ թաքցնի, հաճելի է։ - Սուրեն, շատերի համար առողջ ապրելակերպը սկսվում և ավարտվում է միայն մարզադահլիճ գնալով, ո՞րն է Ձեր տեսակետը։ - Ոչ, դա սխալ մոտեցում է։ Առողջ ապրելակերպը սպորտ-դահլիճ հաճախելուն զուգահեռ կանոնավոր սննդակարգ պահպանելն է։ Առողջ ապրելակերպի համար պետք է ունենալ առողջ հոգեբանություն և առողջ ուղեղ՝ գիրք կարդալով։ Ես որքան հաճախ գնում եմ մարզասրահ, նույնքան էլ գիրք եմ կարդում։ Ուղեղդ պայծառ է լինում, գիտակցությունդ ավելի արագ է աշխատում։ Զուր չի ասված՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի։ Հոգին նաև ուղեղն է ու գիտելիքների պաշարը։ Բնականաբար, առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ է նաև ճիշտ ու ժամանակին քնելը։ Փորձե՛ք գոնե օրվա ընթացքում քնել՝ նյարդերը մի քիչ հանգիստ պահելու համար։ - Ի՞նչ է նշանակում ճիշտ քնել, այսինքն՝ քնելու համար կա սահմանված ժա՞մ։ - Ընդհանրապես, ասում են մարդը պետք է քնի առավելագույնը 8 ժամ։ Բայց, իմ պարագայում մի քիչ ավել է ստացվում։ Թեպետ, քնկոտ չեմ, առավոտյան 7-ից աչքերս բացվում են, լինի ձմեռ, թե՝ ամառ։ Ասեմ նաև, որ անքնությամբ էլ չեմ տառապում, քունս տարավ՝ կքնեմ, թեկուզ մի ժամ։ Օրինակ, եթե պիտի մեկնեմ երկրից ու հանկարծ մեկ ժամ եմ քնել, ես չեմ նեղվում, զգում եմ, որ իմ «լիմիտն» ունեմ։ Իհարկե,  դրան նպաստում է իմ սպորտով զբաղվելը, չծխելը, որ քնիս ռեժիմը խախտվելու դեպքում կատաստրոֆիկ ազդեցություններ չեմ ունենում (Ծիծաղում է,-հեղ)։ - Օրինակ, մարդիկ կան, որ ջրային դիետաներ են անում, կամ ջուր խմելու չափաբաժին ունեն, իսկ Դո՞ւք։ - Ես հիվանդագին չեմ հետևում ո՛չ սննդին, ո՛չ ջրային ածխածիններին, թթվածիններին, օքսիդներին և այլն (Ծիծաղում է,-հեղ), աշխատում եմ ուտել այն, ինչ ուզում եմ։ Այդ հարցում ինձ համար մի փոքր հեշտ է, քանի որ ինքս մսակեր չեմ։ Սիրում եմ միայն սպիտակ միս՝ թրջնամիս, ձուկ։ Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ սեփական փորձից՝ կերեք ինչ ուզում եք։ Բայց, ցանկացած մարդ ինդիվիդուալ է ու գուցե իմ կիրառած ձևն ինձ համար նպաստավոր լինի, բայց մյուսի համար՝ վատ անդրադառնա։ Օրինակ, շատերը երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չեն ուտում, իսկ ես, ոչ թե չեմ ուտում, այլ աշխատում եմ շատ չուտել։ Երբ ինձ հարցնում են, խորհուրդ եմ տալիս ուտել ամեն ինչ՝ օրվա ընթացքում, քիչ-քիչ այլ ոչ թե միանգամից ու շատ։ Այդպես սխալ է, օրգանիզմը միանգամից շոկի է ենթարկվում ու բացասական ազդեցություն ունենում առողջության վրա։ Երբեք չեմ սահմանափակում ինձ, ամռանը պաղպաղակ էլ եմ ուտում, ջուր էլ եմ շատ խմում, ընդ որում, ամառ թե ձմեռ, սառույցով ջուր եմ խմում։ - Սուրեն, որդիդ՝ Հայկը, արդեն 15 տարեկան է, նրան է՞լ ես «վարակել» առողջ ապրելակերպով։ - Ցավոք, այսօրվա սերունդն ապրում է թվային աշխարհում։ Ինչ-որ հարցերում փորձում եմ Հայկին մաքսիմալ խորհուրդներ տալ։ Նույնիսկ, կորոնավիրուսային այն պարապուրդի ժամանակ, երբ ոչինչ չկար անելու, նրան էլ էի հետս տանում մարզասրահ, բայց հետո հասկացա, որ ցանկություն չունի, իսկ եթե մարզվում ես քո կամքին հակառակ՝ չուզենալով, արդյունքի չես հասնում։ Այդպես, խորհուրդ տվեցի, որ գոնե միայն լողի գնա։ Ի դեպ, որդուս հասկանում եմ, քանի որ նրա տարիքում ես էլ մարզվել չեմ սիրել, միայն 29 տարեկանում եկա այդ գիտակցության, որ այն անհրաժեշտ է։ Այդ տարիքում հետաքրքրությունները, մտածելակերպն ուրիշ է։ Այ, հիմա, երբ կամաց-կամաց հայտնվի հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, կսկսի իրեն «կարգի բերել»՝ սանրվածքին, ֆիզիկական կառուցվածքին ուշադրություն դարձնել։ Կգա այն գիտակցությանը, որ ինքն անձամբ կուզենա գալ մարզադահլիճ։ -Իսկ դստեր՝ Արևիկի օրակարգում առողջ ապրելակերպն ինչպե՞ս է դրսևորվում։ - Արևիկը մի կրակ է, նա այնքան էներգիայով ու շարժուն է, որ հարկավոր չէ սպորտով զբաղվել։ Բայց, պարարվեստն ավելի շատ է հետաքրքրում նրան, իսկ երեխաների սննդակարգով շատ ուշադիր է կինս՝ Լիլիթը։ Ես, որպես հայրիկ, մեկ-մեկ չեմ կարողանում մերժել նրանց ցանկությունները ու օրինակ, կարող եմ չիպս,  գազավորված ըմպելիքներ գնել։ Այնպես որ տան առողջ սնունդը մայրիկի վերահսկողության տակ է։ - Ասում են, որքան մեծանում ես, այնքան դեպի բնությունն ես ձգտում։ -Համամիտ եմ, կա նման բան, բայց ես աղմկոտ քաղաքն եմ սիրում, մեգապոլիսներ եմ սիրում, որտեղ բոլորը վազում են, ինչ-որ տեղ են շտապում։ Բնության գրկում առաջին օրն ինձ շատ լավ եմ զգում, երկրորդ օրը՝ մի կերպ, իսկ 3-րդ օրը՝ չեմ դիմանում այդ լռությանը, պիտի հաստատ հետ վերադառնամ դեպի քաղաք։ - Այսօր շատերն իրենց բնության պահապաններ են համարում, իսկ Դո՞ւք։ - Կարծում եմ, իր քաղաքը սիրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է բնապահպան լինի։ Օրինակ, ինչ-որ բան գնելիս, երբ պահանջում ենք, որ մեզ ՀԴՄ կտրոն տան, դա արդեն դեմ է բնապահպանական բոլոր օրենքներին, քանի որ թուղթ ենք պահանջում, որը ստեղծվել է ծառից։ Հաջորդ այդ թղթի համար պիտի ծառ կտրվի, որ թուղթ ստանան։ Վերջին տարիներին ինձ մոտ մի սովորություն եմ հայտնաբերել, աշխատում եմ մաստակս չգցել գետնին։ Կարդացել եմ, որ աշխարհում շատ թռչյուններ սատկում են մաստակից։ Թռչյունը մաստակը համարում է կեր, կտցահարելիս այն փաթաթվում է կտուցի վրա, հետևաբար չի կարողանում բացել կտուցն ու սատկում է։ Երբ ես այդ մասին իմացա, արդեն ինձ մոտ սովորություն դարձավ, որ ծամոնը պիտի գցել միայն աղբարկղը։ Գիտեք, հաճախ եմ բնությունը պահպանելու մասին զրուցում, բացատրում երեխաներիս, որ չի կարելի աղտոտել, չի կարելի անտեղի  ծաղիկ քաղել, ծառից ճյուղ պոկել, ծորակը բաց թողնել, որ անտեղի ջուր հոսի․․․ Մի խոսքով, մանրուքներ են, որոնք խնայողություն են ու դաստիարակում են։ Պատկերացրեք,  որ աշխարհում 7-9 միլիարդ մարդ այդպես մտածի, հաստատ մենք այսօր մաքուր օդ կշնչենք։ -Որքան գիտեմ նոր բնակարան եք գնել, ինչպե՞ս եք փորձել էկո միջավայր ստեղծել տանը։ - Մանկուց սիրել եմ ու պահում էի սենյակային բույսեր, բայց, երբ առանձնացա ու տեղափոխվեցի այլ բնակարան, դրանք մնացին հայրական տանը։ Հիմա նորից ժամանակ եմ տրամադրում, արդեն ունեմ որոշակի բույսեր, մասնավորապես վարդեր են՝ բավականին փարթամ ու գեղեցիկ։ Նոր բնակարանս դեռ կառուցման պրոցեսում է, ներսի հարդարման աշխատանքները դեռ չեն սկսվել, որ իմանամ, թե որտեղ ինչ ու ինչպես եմ անելու։ Բայց, բնակարանիս կանաչ հատվածը հաստատ ապահովելու եմ սենյակային բույսերով, քանի որ գտնում եմ, որ բացի տան անդամներից տանը պետք է նաև բնություն լինի՝ շնչող ճյուղ, ծառ։ Սենյակային բույսերը դրական էներգիա են տալիս, այն քեզ  բերում է հոգեկան խաղաղության։  

«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Վանաձորում

«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Վանաձորում
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և  Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի  համատեղ ջանքերով հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընթացների 2-րդ փուլը: Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվեցին վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից, այդ թվում՝  հողմակայան, արևային ֆոտովոլտային կայաններ և այլն: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝   «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և Կենսաբազմազանության և քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն»  հիմնադրամի տնօրեն, ճարտարագիտական համալսարանի դասախոս Խաչիկ Սահակյանը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։ Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ,  ուսանողներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել