Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7․2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ 1․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում
2․հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում
3․ այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում
4․ վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում
5․ ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։
Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11․8 մլն դոլար, որից 3․2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։
ՀՀ կառավարությունը 1․6 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։
«Վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև:
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Գյումրի, Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։






Թողնել մեկնաբանություն