«Այդ առավոտյան մի տուփ ծխախոտը ճմրթեցի ու դեն նետեցի»․ Սուրեն Առուստամյանի առողջ ապրելու բանաձևը

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%a4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%b8%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d6%83-%d5%ae%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%d5%a8-%d5%b3%d5%b4%d6%80%d5%a9%d5%a5%d6%81/

«Առողջ ապրելակերպի համար պետք է ունենալ առողջ հոգեբանություն և առողջ ուղեղ»,- Eco.am-ի հետ զրույցում ասում է հեռուստահաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանն, ով տասը տարի առաջ, մեկ օրվա ընթացքում, փոխեց ապրելակերպն ու ընտրեց առողջ ապրելու ուղին։

-Մի գեղեցիկ օր, միացրեցի հեռուստացույցն ու հայկական հեռուստասերիալներից մեկում տեսա, որ շատ նիհար ինչ-որ մեկը՝ մոտ 60 կգ, աչքերի տակ սևացած ու փոս ընկած, այս ու այն կողմ է գնում․․․ հասկացա, որ դա ես եմ ու վախեցա ինձնից։ Որոշեցի, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ հեռուստատեսության ոլորտի մարդ եմ, պետք է ուշադրություն դարձնեմ իմ արտաքին տեսքին ու առողջությանը։ Մենք հաճախ ենք զմայլվում հոլիվուդյան ֆիլմերի դերասանների արտաքինով, թե վա՜յ, տեսեք նրանց դերասաններն ինչ անթերի արտաքին ունեն, իսկ մենք՝ ոչ։ Մտածեցի, իսկ ինչո՞ւ մենք չունենք, ու անմիջապես մտքիս եկավ այն, թե ինչո՞ւ ես չլինեմ այդ մեկը՝ հայկական կինոինդուստրիայում և հեռուստատեսությունում։

Հենց այդ առավոտյան մի տուփ ծխախոտը ճմրթեցի ու դեն նետեցի, հետո նույն օրը գնեցի մարզասրահի աբոնեմենտ և բարի գալուստ առողջ ապրելակերպ։ Այդ օրվանից մինչև այսօր ինտենսիվ մարզվում եմ՝ հաշվի չառնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ անձրև, ձյուն, փոթորիկ, թե՝ քամի։ Անգամ Հայաստանից դուրս գտնվելու ընթացքում փնտրում եմ մարզասրահ, կամ՝ թեկուզ, եթե բակերում կան տեղադրված հարմար մարզասարքեր, անպայման մարզվում եմ։

-Այսինքն, կամաց-կամաց այն դարձավ ապրելակե՞րպ։

– Այո, այնպես ինչպես առավոտյան արթնանալիս լվացվում ես ու ատամներդ լվացնում։ Դա հո չե՞ս ծրագրավորում, ինքնստինքյան ստացվում է, քանի որ դա քո ապրելակերպն է։ Դրան գումարած, երբ արդյունքը տեսնում ես հայելու մեջ, կամ լսում դրական արձագանքներ, դա քեզ համար դառնում է մոտիվացիա։ Կլիմայական ու աշխարհագրական դիրքից ելնելով, մեր բիոլոգիան այնպիսին է, որ հայ տղամարդիկ «փոր» ունենալու հակում ունեն, ինչպես և վրացիները։ Մենք հաց ու խմոր շատ ենք սիրում ուտել ու եթե մեզ չհետևենք, ապա 30 տարեկանից հետո, ձեռք ենք բերում «փոր»։ Այնպես որ, բոլորին խորհուրդ եմ տալիս մարզվել ու միմիայն մարզվել, դա շատ կարևոր է ու առողջարար։ Երբ մարդիկ քեզ նայում են ոչ թե նրա համար, որ ճանաչում են, որպես էկրանի մարդ, այլ, քանի որ ունես գեղեցիկ մարմին, ինչու ոչ, չեմ թաքցնի, հաճելի է։

– Սուրեն, շատերի համար առողջ ապրելակերպը սկսվում և ավարտվում է միայն մարզադահլիճ գնալով, ո՞րն է Ձեր տեսակետը։

– Ոչ, դա սխալ մոտեցում է։ Առողջ ապրելակերպը սպորտ-դահլիճ հաճախելուն զուգահեռ կանոնավոր սննդակարգ պահպանելն է։ Առողջ ապրելակերպի համար պետք է ունենալ առողջ հոգեբանություն և առողջ ուղեղ՝ գիրք կարդալով։ Ես որքան հաճախ գնում եմ մարզասրահ, նույնքան էլ գիրք եմ կարդում։ Ուղեղդ պայծառ է լինում, գիտակցությունդ ավելի արագ է աշխատում։ Զուր չի ասված՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի։ Հոգին նաև ուղեղն է ու գիտելիքների պաշարը։ Բնականաբար, առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ է նաև ճիշտ ու ժամանակին քնելը։ Փորձե՛ք գոնե օրվա ընթացքում քնել՝ նյարդերը մի քիչ հանգիստ պահելու համար։

– Ի՞նչ է նշանակում ճիշտ քնել, այսինքն՝ քնելու համար կա սահմանված ժա՞մ։

– Ընդհանրապես, ասում են մարդը պետք է քնի առավելագույնը 8 ժամ։ Բայց, իմ պարագայում մի քիչ ավել է ստացվում։ Թեպետ, քնկոտ չեմ, առավոտյան 7-ից աչքերս բացվում են, լինի ձմեռ, թե՝ ամառ։ Ասեմ նաև, որ անքնությամբ էլ չեմ տառապում, քունս տարավ՝ կքնեմ, թեկուզ մի ժամ։ Օրինակ, եթե պիտի մեկնեմ երկրից ու հանկարծ մեկ ժամ եմ քնել, ես չեմ նեղվում, զգում եմ, որ իմ «լիմիտն» ունեմ։ Իհարկե,  դրան նպաստում է իմ սպորտով զբաղվելը, չծխելը, որ քնիս ռեժիմը խախտվելու դեպքում կատաստրոֆիկ ազդեցություններ չեմ ունենում (Ծիծաղում է,-հեղ)։

– Օրինակ, մարդիկ կան, որ ջրային դիետաներ են անում, կամ ջուր խմելու չափաբաժին ունեն, իսկ Դո՞ւք։

– Ես հիվանդագին չեմ հետևում ո՛չ սննդին, ո՛չ ջրային ածխածիններին, թթվածիններին, օքսիդներին և այլն (Ծիծաղում է,-հեղ), աշխատում եմ ուտել այն, ինչ ուզում եմ։ Այդ հարցում ինձ համար մի փոքր հեշտ է, քանի որ ինքս մսակեր չեմ։ Սիրում եմ միայն սպիտակ միս՝ թրջնամիս, ձուկ։ Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ սեփական փորձից՝ կերեք ինչ ուզում եք։ Բայց, ցանկացած մարդ ինդիվիդուալ է ու գուցե իմ կիրառած ձևն ինձ համար նպաստավոր լինի, բայց մյուսի համար՝ վատ անդրադառնա։ Օրինակ, շատերը երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չեն ուտում, իսկ ես, ոչ թե չեմ ուտում, այլ աշխատում եմ շատ չուտել։ Երբ ինձ հարցնում են, խորհուրդ եմ տալիս ուտել ամեն ինչ՝ օրվա ընթացքում, քիչ-քիչ այլ ոչ թե միանգամից ու շատ։ Այդպես սխալ է, օրգանիզմը միանգամից շոկի է ենթարկվում ու բացասական ազդեցություն ունենում առողջության վրա։ Երբեք չեմ սահմանափակում ինձ, ամռանը պաղպաղակ էլ եմ ուտում, ջուր էլ եմ շատ խմում, ընդ որում, ամառ թե ձմեռ, սառույցով ջուր եմ խմում։

– Սուրեն, որդիդ՝ Հայկը, արդեն 15 տարեկան է, նրան է՞լ ես «վարակել» առողջ ապրելակերպով։

– Ցավոք, այսօրվա սերունդն ապրում է թվային աշխարհում։ Ինչ-որ հարցերում փորձում եմ Հայկին մաքսիմալ խորհուրդներ տալ։ Նույնիսկ, կորոնավիրուսային այն պարապուրդի ժամանակ, երբ ոչինչ չկար անելու, նրան էլ էի հետս տանում մարզասրահ, բայց հետո հասկացա, որ ցանկություն չունի, իսկ եթե մարզվում ես քո կամքին հակառակ՝ չուզենալով, արդյունքի չես հասնում։ Այդպես, խորհուրդ տվեցի, որ գոնե միայն լողի գնա։

Ի դեպ, որդուս հասկանում եմ, քանի որ նրա տարիքում ես էլ մարզվել չեմ սիրել, միայն 29 տարեկանում եկա այդ գիտակցության, որ այն անհրաժեշտ է։ Այդ տարիքում հետաքրքրությունները, մտածելակերպն ուրիշ է։ Այ, հիմա, երբ կամաց-կամաց հայտնվի հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, կսկսի իրեն «կարգի բերել»՝ սանրվածքին, ֆիզիկական կառուցվածքին ուշադրություն դարձնել։ Կգա այն գիտակցությանը, որ ինքն անձամբ կուզենա գալ մարզադահլիճ։

Իսկ դստեր՝ Արևիկի օրակարգում առողջ ապրելակերպն ինչպե՞ս է դրսևորվում։

– Արևիկը մի կրակ է, նա այնքան էներգիայով ու շարժուն է, որ հարկավոր չէ սպորտով զբաղվել։ Բայց, պարարվեստն ավելի շատ է հետաքրքրում նրան, իսկ երեխաների սննդակարգով շատ ուշադիր է կինս՝ Լիլիթը։ Ես, որպես հայրիկ, մեկ-մեկ չեմ կարողանում մերժել նրանց ցանկությունները ու օրինակ, կարող եմ չիպս,  գազավորված ըմպելիքներ գնել։ Այնպես որ տան առողջ սնունդը մայրիկի վերահսկողության տակ է։

– Ասում են, որքան մեծանում ես, այնքան դեպի բնությունն ես ձգտում։

-Համամիտ եմ, կա նման բան, բայց ես աղմկոտ քաղաքն եմ սիրում, մեգապոլիսներ եմ սիրում, որտեղ բոլորը վազում են, ինչ-որ տեղ են շտապում։ Բնության գրկում առաջին օրն ինձ շատ լավ եմ զգում, երկրորդ օրը՝ մի կերպ, իսկ 3-րդ օրը՝ չեմ դիմանում այդ լռությանը, պիտի հաստատ հետ վերադառնամ դեպի քաղաք։

– Այսօր շատերն իրենց բնության պահապաններ են համարում, իսկ Դո՞ւք։

– Կարծում եմ, իր քաղաքը սիրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է բնապահպան լինի։ Օրինակ, ինչ-որ բան գնելիս, երբ պահանջում ենք, որ մեզ ՀԴՄ կտրոն տան, դա արդեն դեմ է բնապահպանական բոլոր օրենքներին, քանի որ թուղթ ենք պահանջում, որը ստեղծվել է ծառից։ Հաջորդ այդ թղթի համար պիտի ծառ կտրվի, որ թուղթ ստանան։ Վերջին տարիներին ինձ մոտ մի սովորություն եմ հայտնաբերել, աշխատում եմ մաստակս չգցել գետնին։ Կարդացել եմ, որ աշխարհում շատ թռչյուններ սատկում են մաստակից։ Թռչյունը մաստակը համարում է կեր, կտցահարելիս այն փաթաթվում է կտուցի վրա, հետևաբար չի կարողանում բացել կտուցն ու սատկում է։ Երբ ես այդ մասին իմացա, արդեն ինձ մոտ սովորություն դարձավ, որ ծամոնը պիտի գցել միայն աղբարկղը։

Գիտեք, հաճախ եմ բնությունը պահպանելու մասին զրուցում, բացատրում երեխաներիս, որ չի կարելի աղտոտել, չի կարելի անտեղի  ծաղիկ քաղել, ծառից ճյուղ պոկել, ծորակը բաց թողնել, որ անտեղի ջուր հոսի․․․ Մի խոսքով, մանրուքներ են, որոնք խնայողություն են ու դաստիարակում են։ Պատկերացրեք,  որ աշխարհում 7-9 միլիարդ մարդ այդպես մտածի, հաստատ մենք այսօր մաքուր օդ կշնչենք։

-Որքան գիտեմ նոր բնակարան եք գնել, ինչպե՞ս եք փորձել էկո միջավայր ստեղծել տանը։

– Մանկուց սիրել եմ ու պահում էի սենյակային բույսեր, բայց, երբ առանձնացա ու տեղափոխվեցի այլ բնակարան, դրանք մնացին հայրական տանը։ Հիմա նորից ժամանակ եմ տրամադրում, արդեն ունեմ որոշակի բույսեր, մասնավորապես վարդեր են՝ բավականին փարթամ ու գեղեցիկ։ Նոր բնակարանս դեռ կառուցման պրոցեսում է, ներսի հարդարման աշխատանքները դեռ չեն սկսվել, որ իմանամ, թե որտեղ ինչ ու ինչպես եմ անելու։ Բայց, բնակարանիս կանաչ հատվածը հաստատ ապահովելու եմ սենյակային բույսերով, քանի որ գտնում եմ, որ բացի տան անդամներից տանը պետք է նաև բնություն լինի՝ շնչող ճյուղ, ծառ։ Սենյակային բույսերը դրական էներգիա են տալիս, այն քեզ  բերում է հոգեկան խաղաղության։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով