Blog
In
other , shrjaka-mijavayr
Անպիտան իրերից խելացի թափոնաման․ «Կափարիչն աղբ չէ՛» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում
Posted on 21 Հունվարի, 2022

Դեռևս նախորդ տարվա ավարտին «Էկո-աղբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Կափարիչն աղբ չէ» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մեկնարկած ծրագրին մասնակցում է 18 դպրոց՝ ՀՀ մարզերից։ Նրանցից պահանջվել է, մինչև ուսումնական տարվա ավարտը, հավաքագրել իրենց սպառումից գոյացած պլաստիկ կափարիչները, որոնք կտեղափոխվեն համապատասխան գործարան, իսկ գոյացած գումարը, կտրամադրվի դպրոցներին՝ կարիքների լուծման նպատակով։
Ըստ ծրագրի, երկամսյակի ընթացքում աշակերտները, «Teach For Armenia/Դասավանդի՛ր, Հայաստան»-ի իրենց առաջնորդների օգնությամբ, կկշռեն կափարիչները։ Երկամսյակի ընթացքում ամենաշատ կափարիչներ հավաքած առաջին երեք դպրոցները կստանան պատվոգրեր, իսկ նրանց գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ:
Օրերս ամփոփվել է «Կափարիչն աղբ չէ՛» ծրագրի շրջանակներում իրականացված «Խելացի թափոնաման» մրցույթի մասնակիցների աշխատանքները, որին մասնակցել է 135 աշակերտ՝ ՀՀ 4 մարզի 12 դպրոցից: Մրցույթի առաջադրանքն էր՝ պատրաստել թափոնաման՝ նախատեսված պլաստիկե կափարիչների համար՝ անպիտան իրերին երկրորդ կյանք տալու միջոցով, և տեղադրվեր դպրոցում ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Կազմակերպիչները խոստովանում են, որ հաղթողների ընտրությունը բավականին բարդ է եղել, քանի որ բոլոր թափոնամաններն ի ցույց են դրել աշակերտների ստեղծարարությունը: Արդյունքում, հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Սիս գյուղի մասնակից 5-7-րդ դասարանի 10 աշակերտ և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ՝ Անահիտ Վահանյանը: Նրանք պատրաստած բարի և դրական թափոնամանը, որը բավականին տարողունակ է, կառուցվածքը թույլ է տալիս տարանջատել կափարիչներն ըստ գույների: Թափոնամանն արդեն իսկ տեղադրվել է դպրոցում՝ «Կափարիչն աղբ չէ՛» վերտառությամբ պաստառի ուղեկցությամբ:
In
other , eco-aprelakerp
Դահուկային սպորտ․ ձմեռային էկո ապրելակերպ
Posted on 21 Հունվարի, 2022

Հանրության որոշ զանգվածների մոտ թյուր կարծիք է ձևավորված, թե ձմռանը պետք է մոռանալ առողջ ապրելակերպի մասին։ Հակառակ այս կարծրատիպին, մասնագետները պնդում են, որ ձմեռը սպորտով զբաղվելու ամենաառողջարար շրջանն է։
Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է, եկեք ձերբազատվենք տարեմուտի տոնական օրերին ճախ սեղանների հետևանքով կուտակած ավելորդ քաշից ու շարունակենք մեր առողջ և սպորտային կյանքը՝ նաև ձմռանը։
Անկախ ընտրած սպորտաձևից, միայն բնության հետ շփվումը, բնության գրկում պարզապես քայլելը և մաքուր օդ շնչելը արդեն իսկ բավական է։
Ձմեռային սպորտաձևերից ամենատարածվածը Դահուկային սպորտաձևն է, որի մասին էլ կխոսենք այսօր ։
Դահուկային սպորտաձևն ու առողջությունը
Բժշկական ցուցումների դեպքում դահուկներով զբոսանքները կիրառվում են որպես բուժական ֆիզկուլտուրայի ձև։ Դահուկային սպորտի պարապմունքների ժամանակ ընդհանուր ռեժիմը և բեռնվածությունը պետք է համապատասխանեն պարապողների
- տարիքին
- սեռին
- առողջ վիճակին
- ֆիզիկական պատրաստվածությանը։
Դահուկային սպորտը լայնորեն կիրառվում է երեխաների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակության, տարբեր տարիքի մարդկանց անհատ պարապմունքների ժամանակ։
Դահուկներով սահելիս գործի են դրվում տարբեր մկանախմբեր, որը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում շնչառության և արյան շրջանառության օրգանների գործունեությունը։
Դահուկային սպորտի պարապմունքներն անցկացվում են մաքուր օդում, բարերար են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
Ամրապնդում են․
1․ նյարդային համակարգը,
2․նպաստում են օրգանիզմի կոփմանը,
3․ նպաստում են ֆիզիկական տոկունության զարգացմանը։
Խիստ կտրտված տեղանքով դահուկներով տեղաշարժվելը, ինչպես նաև լեռնադահուկային սպորտն ու դահուկացատկերը զարգացնում են հիմնականում շարժումների համաձայնեցումը, արագ շարժող, հակազդեցությունը, հավասարակշռության զգացումը, վճռականությունը։
Դահուկաքայլքի ժամանակ օրգանիզմի բեռնվածությունը պայմանավորված է․
1․ մրցատարածության հեռավորությամբ,
2․տեղանքի ռելիեֆով,
3․եղանակի և շարժման արագությամբ։
Վնասվածքների կանխարգելման համար կարևոր է լեռնադահուկային ձևի և ցատկերի սովորեցնելու խիստ հաջորդականություն։ Անհրաժեշտ է նաև կանխել ցրտահարությունը և մաշկի հարուկները։
Դահուկային սպորտն առանց ձյան
Վերջին շրջանում անվավոր դահուկների օգտագործումը հնարավորություն է տալիս առողջարար մարզումներ ու մրցումներ կազմակերպել ասֆալտապատ ավտոճանապարհներին և հատուկ այդ նպատակով հարմարեցված հրապարակներում։
Երբ է սկիզբ առել այս սպորտաձևը
Դահուկային սպորտաձևի առաջին մրցումներն անցկացվել են 1767 թվականին՝ Նորվեգիայում։ Այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ ստեղծվեցին դահուկային սպորտի ազգային ակումբները․
1․ Նորվեգիայում՝ 1874 թվական,
2․ Ֆինլանդիայում՝ 1886 թվական,
3․Գերմանիայում՝ 1891 թվական,
4․ Պետերբուրգում՝ 1894 թվական,
5․1905 թվականին հիմնվել է Միջին Եվրոպական դահուկային միությունը,
6․ 1924 թվականին՝ Միջազգային դահուկային ֆեդերացիան։
Դահուկային սպորտի միջազգային խոշորագույն մրցումներն են՝ ձմեռային օլիմպիական խաղերը, որն անցկացվում է 1924 թվականից և աշխարհի առաջնության մրցումները՝ 1929 թվականից։
In
other , shrjaka-mijavayr
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում
Posted on 21 Հունվարի, 2022

Սևանա լճի մակարդակը հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.40մ (16.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից (HMC): Արփա-Սևան ջրատարով հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.715մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 16-ը ներառյալ՝ 4.681մլն. մ³: Ջրամբարների լցվածությունը, հունվարի 11-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ․ 1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 18.8 մլն. մ³-ով, 2․Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն. մ³-ով, 3․Մարմարիկի ջրամբարում` 0.01 մլն. մ³-ով, 4․Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.10 մլն. մ³-ով, 5․ Ազատի ջրամբարում՝ 0.20 մլն. մ³-ով ավելի է:
In
other , eco-dexatun
Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-րդ երեխան ունենալ․գինեկոլոգ
Posted on 21 Հունվարի, 2022

«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն ու արձանագրեց, որ այդ առումով նախորդ տարին բավական բարենպաստ է եղել: «Ծրագրի մեկնարկին՝ 2020 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թվականին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք։ 2022-ին ֆինանսավորումը նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը»,- տեղեկացրեց բանախոսը: «Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»,- հանդիպմանն ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն ու ցավով արձանագրեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը ցածր է, կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ: Ըստ նրա․ «Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-դ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի։ Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում»: Անդրադառնալով «Անպտղության հաղթահարման ծրագրին» նշեց, որ ցանկալի կլիներ բոլոր խմբի շահառուների համար տարիքային շեմը 35-ից բարձրացվեր․ «Կարելի է մինչև 38 տարեկան կանանց հնարավորություն տալ ընդգրկվել այս ծրագրում»: Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս կարող են ծրագրից օգտվել մինչև 42 տարին լրանալը:
In
other , shrjaka-mijavayr
Ձմռան սպիտակ հեքիաթի օգուտն ու վնասը՝ բնության համար
Posted on 21 Հունվարի, 2022

Առաջիկա օրերին օդերևութաբանները Հայաստանում կանխատեսում են 0-ից ցածր ջերմաստիճան՝ մինչև -15 աստիճան։ Օդերևութաբանները, այգեգործները պնդում են, որ, գարնանը, բնության զարթոնքի համար, առավել նպաստավոր է ձյունը, քան՝ սառնամանիքը։ Ինչ խոսք, մարդկության համար ձյունն ու սառնամանիքը իրենց հետ բերում են անհարմարություններ՝ պատահարներ, ցրտահարություն և այլն, բայց դրանք ժամանակավոր են։ Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել ու ներկայացնում է ձմռան սպիտակ հեքիաթի օգտակար ու վնասակար կողմերը՝ բնության համար։ Այսպիսով․ թեպետ ձյունն իր ծանրությամբ կարող է վնասել բույսերին, բայց այն նաև շատ օգտակար գործ է անում: 1․ Ձյան ծածկույթը հիանալի պաշտպանիչ շերտ է, առանց որի ցուրտ ջերմաստիճանը կարող է խորը սառեցնել հողը, ինչն էլ վնասում է թփերի և ծառերի արմատային համակարգերը: Բույսերի բջիջներում պարունակվող ջուրը կարող է սառչել՝ վնասելով բջիջների պատերը։ Բույսերը կարող են սևանալ կամ կիսաթափանցիկ տեսք ունենալ: 2․Ձյան ծածկույթը նաև պաշտպանում է բույսերը ձմեռային դաժան, չորացող քամիներից: Այն նաև հիանալի պաշտպանիչ է բեռնարկղերում գտնվող բույսերի համար: 3․Ձյան շերտը պաշտպանում է նաև ծառերի և թփերի արմատային համակարգը, ապահովում է հողի հետագա խոնավությունը: 4․ Որոշ բույսեր իրականում ցուրտ ժամանակաշրջանի կարիք ունեն, օրինակ՝ սիզախոտի համար ձյան շերտը նպաստավոր է: Հատկապես նոր ծլած սիզախոտը, երբ մնում է ձյան տակ, ցրտահարությունից պաշտպանվում է: Գարնանն այն շարունակում է ակտիվ «աշխատել»: Դա վերաբերում է նաև բազմամյա ծաղիկներին: Ձյունը «յուրահատուկ ջերմոց» է դառնում ծաղիկների համար: Գարնան բացվելուն պես, դրանք նորից թարմ ու գեղեցիկ տեսք են ունենում: Ասում են, որ վարդերն ավելի լավ են ծաղկում ծանր ձմռանից հետո, իսկ խնձորներն ու տանձերը ավելի շատ պտուղներ են տալիս: Ձյունն ու հողը Թեյլորի այգեգործության հանրագիտարանում ձյունը կոչվում է «աղքատ մարդու պարարտանյութ»: Երբ այն ընկնում է մթնոլորտով, ազոտը և ծծումբը միանում են փաթիլներին: Երբ ձյունը հալվում է, այդ տարրերն ներծծվում են հողի մեջ և կլանում բույսերը։ Ազոտը անհրաժեշտ է բույսերի աճի համար: Ձյունը օգնում է պահպանել խոնավությունը հողում ձմռանը և ջուր է մատակարարում հողին, երբ այն հալվում է գարնանը: Սա դանդաղորեն ջրում է բազմամյա բույսերը: Սառեցման և հալեցման գործընթացը բարելավում է հողի կառուցվածքը: Այն ավելի է թեթևացնում հողը և հեշտացնում է բույսերի արմատավորումը՝ առաջացնելով արտադրողականության բարձրացում: Ձյան վնասակար կողմը Ձյունառատ եղանակը ունենում է իր բացասական, երբեմն նաև անդառնալի հետևանքները՝ բնության համար։ 1․ Ծառերի ճյուղերի վրա առատ ձյան ծանրությունը կարող է ճեղքել կամ կոտրել դրանք, ինչն էլ հնարավոր է հանգեցնի բույսերի անկման կամ արմատախիլ անելուն։ 2․ Ձնհալը և նորից սառչելը բույսերի և ծառերի վրա կարող է առաջացնել սառույցի կուտակում, ինչը կարող է նաև վնաս պատճառել: 3․Ձմեռը ծանր է մշտադալար բույսերի, հատկապես լայնատերև տեսակների համար: Նրանք արդեն դժվարությամբ են ջուր հանում սառած հողից, բայց, երբ արևի լույսը արտացոլվում է ձյան վրա, տերևներից էլ ավելի շատ խոնավություն է դուրս գալիս: 4․ Ուշ ձյունը կարող է ծանր լինել այն բույսերի համար, որոնք վաղ են ծաղկում, թեև նրանցից շատերը բավականին կոշտ են և շատ լավ կդիմակայեն ձմռանը: Ի դեպ Խորհուրդ չի տրվում սառը եղանակին էտել ծառը, բայց եթե առատ ձյան ծանրությունից կոտրել է ծառի ճյուղը և ստիպված եք այն կտրել, ապա հիշե՛ք, որ այն ավելի վտանգավոր կարող է դառնալ, քան կտրված մասի թեկուզ 10 սմ ցրտահարումը: Ձյունը որպես բնության գեղեցկություն Ինչևէ, եկեք չժխտենք ձյունածածկ այգու գեղեցկությունը: Ճապոնացիները ձյունը համարում են իրենց այգու ցուցադրության կարևոր մասը: Նրանք օգտագործում են հատուկ ձյուն դիտելու լապտերներ, որոնք տեղադրված են այգիների շուրջը՝ էքսկուրսիաների համար: Նրանք ձյան փաթիլներին, որոնք զարդարում են ծառի ճյուղերը, անվանում են սեկկա կամ ձյան ծաղկում։ Կախարդական է, երբ կանգնած եք ու ձեր շուրջը թափվում է փափուկ ու մեծ փաթիլներով ձյունը, երբ ամեն ինչ պատված է ձյունով, լանդշաֆտը խաղաղ է ու անշարժ, ձյունը փայլում է, և ամեն ինչ սպիտակ է ու մաքուր: Ինչևէ, ձյունն առաջարկում է ընդմիջում այգեգործական գործերից: Ժամանակն է ծածկվել տաք ծածկոցով, վերցնել մի բաժակ տաք շոկոլադ և մի քանի լավ բույսերի կատալոգներ և սկսեք պլանավորել գարունը:
In
other , eco-mshakuyt
Musk Factor գիտաֆանտաստիկ ֆիլմը նկարահանվում է հայազգի գիտնականի խորհրդատվությամբ
Posted on 20 Հունվարի, 2022

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, ով աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։ Դոկտոր Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, ով աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հարցում։ Վերջինս որպես գիտական խորհրդատու միացել է Musk Factor-ի թիմին։ «Բազմասերիանոց ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2032 թվականին, և ես պետք է Musk Factor-ի թիմին օգնեմ խորհրդատվությամբ այն առումով, թե ուր կարող են հասած լինել տիեզերական տեխնոլոգիաները և թե ինչպես կաշխատեն ապագայում։ Հետաքրքիր թեմա է, իսկ ֆիլմը մեզ փորձում է զգուշացնել ապագայի հետաքրքիր տեխնոլոգիաների և դրանց ազդեցության հետևանքների մասին՝ երգիծանքի տեսքով»,-նշում է հայազգի գիտնականը։ Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն էլ ընդգծում է՝ Musk Factor-ի տիեզերքում ներկայացված թեորիաները գիտական ֆանտաստիկայի ժանրից են։ Օրինակ, ֆիլմում հարցականի տակ է դրվում Էնշտեյնի հավանականության տեսությունը և հարց է առաջանում՝ արդյոք հնարավո՞ր է գերազանցել լույսի արագությունը 299 792 458 մ / վ-ից, որպեսզի պատումն առաջ ընթանա և հնարավոր լինի ստեղծել բոլորովին նոր տեխնոլոգիաներ։ Դոկտոր Խրլոփյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Նա աջակցություն է ցուցաբերում այնպիսի ստարտափների, որոնք արագ աճում են և դիտարկում են առաջադեմ տեխնոլոգիաները:
In
other
Ինչու են ռուսները սուզվում սառցաջրում
Posted on 20 Հունվարի, 2022

Ռուս ուղղափառ եկեղեցին, յուրաքանչյուր տարվա հունվարի 19-ին նշում է Տիրոջ մկրտությունը (հուլյան օրացույցային հունվարի 6-ը համապատասխանում է գրիգորյան օրացույցով 19-ին): Ռուս ժողովուրդը այս տոնին առանձնահատուկ տեղ է տալիս սառցաջրում սուզվելը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Մկրտության գլխավոր ավանդույթը մեծ ջրօրհնեքն է, որը կատարում են տոնի նախօրեին՝ մկրտության ճրագալույցին: Այդ օրը հոգևորականները եկեղեցու տակառներում օրհնում են ջուրը, իսկ հունվարի 19-ին յուրաքանչյուր մոտակա ջրամբարում սառույցի մեջ հատուկ կտրում են խաչի տեսքով ավազան, իսկ կողքին դնում են փայտե խաչ՝ սառցե աղավնիով (Սուրբ Հոգու նշանն է): Տիրոջ մկրտության պատարագից հետո՝ բոլորը խաչակրաց քայլերթով գնում են դեպի ջրամբարը, Տեր հայրն աղոթք է անում, դրանից հետո՝ գետից սուրբ ջուր են վերցնում, ոմանք տանում են ջուրը իրենց հետ, ոմանք ցողվում ջրով հենց նույն տեղում, կան նաեւ մարդիկ, ովքեր լողանում են սառցաջրում: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն տարի այս տոնին հատուկ արարողակարգով պարտադիր սուզվում է սառցաջրում, սակայն այս տարի որոշել է զերծ մնալ։ «Համաճարակաբանական պայմաններից ելնելով այս տարի նախագահը նախընտրեց ականջալուր լինել եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդներին և չսուզվել սառցաջրում»,- այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մինչ միջազգային մամուլն ու հասարակությունը կքննարկի ՌԴ նախագահի սառցաջրում չսուզվելու թեման, Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել է, թե ինչու են ռուսները սուզվում սառցաջրում և այդ երևույթն ինչ ազդեցություն ունի առողջության վրա։ Ինչ խորհուրդ ունի սառցաջրում սուզվելը Մկրտության ժամանակ սուզվելը ժողովրդական սովորույթ է: Հին Ռուսաստանում մարդիկ հավատում էին, որ եթե սուզվեն ավազանի մեջ մկրտության ժանանակ, ապա կարելի է մաքրվել մեղքերից և պաշտպանել մարմինը հիվանդություններից ամբողջ տարի: Եկեղեցու ուսմունքի հետ այն ոչ մի կապ չունի: Եկեղեցին երբեք չի պահանջել հավատացյալներից սուզվել այդ ցրտին: Բայց մեր օրերում որոշ մարդիկ սուզվում են էքստրիմալ զգացողությունների համար, թռչում են սառցաջրի մեջ՝ գրազով կամ հետաքրքրության համար: Իսկ շատերը հավատում են, որ սառցաջրում այդ օրը սուզվելը կօգնի մաքրել հոգին մեղքերից, իսկ մարմինը՝ հիվանդություններից: Բժիշկները առողջության համար վտանգավոր են համարում Երևույթի մասին բժիշկներն այլ կարծիք ունեն: Նրանք պնդում են, որ որոշ քաղաքացիների համար սառցաջրում լողալը վտանգավոր է, եթե կան ծանր խրոնիկ հիվանդություններ, ապա սուզվելուց լավ կլինի հրաժարվել: Առողջ մարդիկ ևս պետք է շատ զգույշ մոտենան այդ հարցին և ուշադիր հետևեն կանոններին: Կանոն 1 Մեծ ցանկության դեպքում կարող եք լողալ միայն ափի մոտակայքում գտնվող հատուկ սարքավորված սառցե ջրերի մեջ, լավ կլինի բժիշկների և փրկարարների վերահսկողության ներքո: Կանոն 2 Անպայման սնվեք՝ սառցե «լոգանքի» գնալուց առաջ։ Մինչև սուզվելը մի փոքր տաքացեք: Կանոն 3 Սառցե ավազանին պետք է մոտենալ հարմարավետ, չսայթաքող և հեշտությամբ շարժվող կոշիկներով: Կանոն 4 Մինչ սուզվելը արգելվում է ալկոհոլ խմել, իսկ լողալուց հետո՝ խրախուսվում է։ Կանոն 5 Ոչ մի դեպքում չպետք է սուզվել գլխով, որպեսզի խուսափեք հիպոթերմայից և ուղեղի անոթների հնարավոր կտրուկ նեղացումից, որն իր հերթին կունենա անդառնալի հետևանքներ։ Կանոն 6 Հիպոթերմիությունից խուսափելու համար մեկ րոպեից ավելի մի մնացեք ջրում: Կանոն 7 Սուզվելիս հատկապես պետք է զգույշ լինեն սրտանոթային, թոքային և այլ հիվանդություններ ունեցող մարդիկ: Մկրտության լողանալուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժիշկների հետ: Հիշեք, որ մկրտության լոգանքները կամընտիր են, և եկեղեցին առողջության հաշվին չի օրհնում «բաղնիքը»: Կանոն 8 Լողալուց հետո հարկավոր է անմիջապես չորանալ և տաք հագուստ հագնել:
In
other , shrjaka-mijavayr
Ժայռոտ ու ամայի տարածքից` բարեկարգ այգի․ «ArLeAM» ինտենսիվ այգիները փոփոխել են տարածաշրջանի էկո համակարգը
Posted on 14 Հունվարի, 2022

Հայաստանյան գյուտատնտեսության ոլորտում ավանդական այգիներին փոխարինելու են գալիս ժամանակակից ինտենսիվ այգիները։ Թեպետ դրանք նորություն չեն աշխարհում, սակայն մեր երկրում ինտենսիվ այգիներ սկսել են հիմնվել վերջին տարիներին։ Իր տեսակի մեջ եզակի «ArLeAM» գյուղատնտեսական հոլդինգը 4 տարի առաջ՝ 2017 թվականին, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, ժայռոտ ու ամայի տարածքում, հիմնեց ինտենսիվ այգիներ։ Կարճ ժամանակի ընթացքում ընկերության այգիներն ընդլայնվելով այսօր արդեն դարձել են Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն մրգատու այգիներից մեկը։ Eco.am մեդիա հարթակը, «ArLeAM» ընկերության գյուղատնտեսության բաժնի տնօրեն Փայլակ Փիլիպոսյանի հետ զրույցում փորձեց պարզել ավանդական և ինտենիսվ այգիների տարբերությունն ու նպաստավորությունը՝ և՛ շրջակա միջավայրի, և՛ Հայաստանի գյուղատնտեսության համար։ - Աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ինտենսիվ այգիներ կան դեռևս 1940-50-ական թվականներից։ Հայաստանում դրանք ի հայտ են եկել վերջին 10-15 տարիներին, առնվազն՝ վերջին 3 տարում մեծ տեմպերով աճում է ինտենսիվ այգիների քանակը, ինքը գովելի է։ Համոզված եմ, որ առաջիկա տասը տարում թռիչքաձև աճ ենք գրանցելու այս ոլորտում։ - Փայլակ, նախ ընթերցողի համար փորձենք պարզել, թե ի՞նչ է նշանակում ինտենսիվ այգի։ - Նշանակում է ինտենսիվ տունկ, այսինքն՝ մի հեկտար տարածքի վրա ավելի ինտենսիվ կերպով են ծառերը տնկվում։ Եթե ավանդական այգու դեպքում ծառերը տնկվում են 2-5 մետր հեռավորությամբ, ապա ինտենսիվ այգիների դեպքում՝ 80 սմ-ից 1 մետր հեռավորության վրա։ Իսկ գերինտենսիվ այգիների դեպքում ծառերը տնկվում են 60-70 սմ հեռավորության վրա։ Ստացվում է, որ մի հեկտարի վրա տնկվում է 3000-ից մինչև 4200 ծառ։ Ինտենսիվ այգու բաղադրիչ մասեր են նաև բետոնե սյուներ։ Քանի որ ծառերը շատ չեն մեծանում, բայց շատ բերք են տալիս, ծառերի հետ տնկվում են շպալերաներ, դրանց վրա անցկացվում են մետաղյա լարեր, որոնցով էլ կապվում են ծառերը՝ բերքի ծանրությանը դիմանալու համար։ Ինտենսիվ այգու կոմպլեքսն իր մեջ ներառում է նաև կարկտապաշտպան ցանց և կաթիլային ոռոգման համակարգ։ Դրա համար և՛ ցանցը, և՛ ոռոգման համակարգը նույնպես ամրացվում են շպալերային։ - Ծառերն այդքան մոտ տնկվելով միմյանց չե՞ն խանգարում՝ և՛ հողում արմատների և՛ արդեն ճյուղերի աճի դեպքում։ - Ինտենսիվ այգու բոլոր ծառերը տնկվում են հատուկ պատվաստակալի վրա, որոնք չեն ունենում հզոր արմատային համակարգ։ Այս տեսակները ավանդական ծառերի նման չեն մեծանում։ Մենք թողնում ենք, որ մինչև 4 մետր բարձրություն ունենան և էտի ճիշտ տեսակով այնպես ենք անում, որ ծառը շատ չմեծանա, մեծ ճյուղեր չլինեն, բայց միևնույն ժամանակ բերքի կորուս չունենանք։ Ինտենսիվ խնձորի այգում, կախված տեսակներից, տնկվելուց հետո պետք է մեկ հեկտարից գոնե 5-րդ տարում 50 տոննա բերք ստացվի, իսկ լավագույնս կառավարելու դեպքում՝ մինչև 70 տոննա։ Օրինակ, այս տարի՝ 4-րդ տարում, Գոլդեն Դելիշես սորտի մեկ հեկտարից ունեցել ենք 61 տոննա բերք, որը գերազանց ցուցանիշ է։ Մենք ունենք 2․5 տարվա և 4 տարվա ծառեր, որոնք գերազանց ցուցանիշներ են տալիս։ - Բացի ծառերն իրար մոտ տնկելուց, ինչո՞վ է տարբերվում ինտենսիվ այգին ավանդականից։ - Ինտենսիվ այգու սպասարկումն ավելի հեշտ է՝ ավտոմատացված։ Նախ բերքահավաքն իրականացվում է տեխնիկայի միջոցով, այստեղ ավանդականի նման ծառ բարձրանալու, դույլերով բերքը հավաքելու անհրաժեշտությունը չկա, ամբողջը տեղի է ունենում տեխնիկայի միջոցով։ Ինտենսիվ այգիները դրական են նաև նրանով, որ ծառի արմատը կես մետրից ավել չի աճում։ Մենք պարարտացնում ենք հողը և՛ էկոլոգիական թռչնաղբով ու գոմաղբով, և՛ ազատական պարարտանյութերով, որպեսզի լավ բերք ստանանք ։ Այգում անցկացվում են նաև բուժման միջոցառումներ, որոնք և՛ ինտենսիվ, և՛ ավանդական գյուղատնտեսության մեջ պարտադիր են։ Դրանք նյութեր են, որոնց չօգտագործման դեպքում միջատները կվնասեն ամբողջ բերքը։ Որևէ վնասակար նյութեր չենք օգտագործում, դրա ապացույցն այն է, որ ինքներս էլ ամեն օր ուտում ենք մեր բերքից։ [gallery link="file" columns="4" ids="6991,6990,6989,6988,6987,6981,6982,6983,6984,6985,6986,6980,6979,6978,6977,6976,6975,6974,6969,6970"] - Այսինքն, այստե՞ղ էլ մարդուն փոխարինում է տեխնիկան։ - Ոչ, օրինակ, խնձորի բերքահավաքի ընթացքում 50 հոգուց ավելի մարդ է աշխատում, իսկ ծիրանի բերքահավաքին մինչև 100 հոգի։ Այստեղ տեխնիկան ավելի ճշգրիտ է անում իր գործը, բայց մարդու փոխարեն չի հավաքում, այլ օգնում է, որ ավելի հեշտ ու արագ հավաքենք։ Ավանդական այգում մեկը բարձրանում է ծառին, իսկ մյուսը ներքևում պահում է դույլը, որ հավաքեն բերքը, որից հետո դույլերը դատարկում են արկղերի մեջ։ Այս ընթացքում բերքը վնասվում է, ինչն էլ ամենամեծ խնդիրն է։ Ինտենսիվ այգու դեպքում ողջ բերքահավաքը կատարվում է տեխնիկայի միջոցով՝ կոնտեյներն անցնում է, իսկ մարդիկ հավաքում են բերքն ու միանգամից լցնում մեջը։ Ընդհանրապես կա սկզբունք, որ հավաքելիս խնձորին պետք է դիպչեն 2 անգամ, 3-րդը պետք է լինի ուտողը։ - Այդ ինչպե՞ս։ - Առաջին անգամ բերքին դիպչում է ծառից քաղողը, իսկ երկրորդ անգամ՝ արդեն պետք է լինի արկղի մեջ տեղադրողը։ Ծառից քաղելուց հետո կոնտեյները տեխնիկայի միջոցով դաշտից գալիս ու պահպանվում է սառնարանում։ Ծիրանի դեպքում պրոցեսն ավելի արագ է լինում, քանի որ այն պահպանման ժամկետ չունի։ Ծիրանն ամենաշատը կարելի է պահել տասը օր։ Ընդ որում, հավաքելուց հետո ծիրանը պետք է վերջնական սպառման արկղում տեղադրվի ամենաուշը 24 ժամվա ընթացքում։ - Հիմնականում «ArLeAM»-ն իր ինտենսիվ այգիներից ի՞նչ բերք է ստանում։ - 4 տեսակի խնձոր, 4 տեսակի ծիրան և 2 տեսակի տանձ։ Մեր ծիրանի սորտերը իտալական են՝ Օրանժ Ռուբիս, Ֆառալյա, Նելսոն, Լունաֆուլ։ Այս սորտերը ենթակա են երկար փոխադրման և ինչ-որ ժամանակ նաև անգամ սառնարանում պահելու։ Մեր այգիներում աճում են Գալա, Գոլդեն Դիլիշս, Գրեննի Սմիթ և Ռեդ Դիլիշս տեսակի խնձորները։ Գալա տեսակն ավելի քաղցր խնձոր նախընտրողների համար է։ Գալայի քաղցրությունը հասնում է մինչև 14-16 brix: Հասունանում է ամենասկզբում՝ օգոստոսի կեսից արդեն հավաքում ենք։ Գոլդենը բոլորի կողմից սիրված տեսակ է։ Մեր տարածքի նպաստավոր դիրքի և արևի շնորհիվ մեր Գոլդենը նորմայից շատ է քաղցրանում՝ մինչև 14 brix: Գրենին տարբերվում է իր դիետիկությամբ և առողջարար հատկանիշներով։ Այն օգտակար է մարսողության ու արյան ճնշման կարգավորման համար։ Ընդհանրապես, խորհուրդ է տրվում ճաշելուց հետո մեկ միջին չափի Գրեննի ուտել։ - Փայլակ, ինչպե՞ս է որոշվում, որ օրինակ խնձորն արդեն հասունացել է ու բերքահավաքի ժամանակն է։ - Բերքահավաքից առաջ հատուկ տեխնոլոգիական միջոցներով և յոդի լուծույթով ստուգում ենք խնձորի հասունությունը։ Պրոցեսն իրականացնում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի ամենաճիշտ պահին հավաքենք խնձորը, որպեսզի պահպանվեն և՛ համային և գունային հատկանիշները, և կարողանանք երկար պահպանել բերքը։ Օրինակ, խնձորը կարելի է պահել մինչև մեկ տարի։ - Ինչպես տեղեկացանք, նաև տանձի այգիներ ունեք։ - Հայաստանում շատ քիչ կա տանձի ինտենսիվ այգի, քանի որ մեր երկրի պայմաններում դա շատ ռիսկային է։ Աշխարհում տանձի ամենապահանջված սորտը Կոնֆերենսն է։ Մեր այգում ունենք 2 տեսակ՝ Կոնֆերենս և Վիլյամս, որոնցից, հուսով ենք, կստանանք լավ արդյունք։ Այգին այս տարի ենք տնկել, դեռ բերք չի տվել։ Չեմ բացառում նաև, որ առաջիկայում մրգերի այգում տեսականին կընդլայնվի։ Ի դեպ, ասեմ, որ տանձի այգին հիմնելիս անգամ ժայռեր են պայթեցվել։ Եթե տեսնեիք այս գեղեցիկ այգու փոխարեն ինչ մեծ քարերով անապատ էր, կզարմանայիք։ Տարածքում անգամ ոտքով քայլել հնարավոր չէր։ Ամբողջը քարհանվել է, տնկվել է 45 հեկտար կանաչ ու գեղեցիկ այգի։ Համոզված եմ, որ եթե մեր տարածքում ավելանա 3 նման այգի, հնարավոր է՝ տարածաշրջանի էկո համակարգը լուրջ փոփոխությունների ենթարկվի։ Այգում բազմաթիվ թռչուններ կան, անգամ ձվադրում են և մեր այգուն էլ վնաս չեն հասցնում։
In
eco-mshakuyt
Հայաստանը կմասնակցի՞ «Miss Eco International» գեղեցկության մրցույթին
Posted on 14 Հունվարի, 2022

Արդեն 7-րդ անգամ Եգիպտոսում կանցկացվի «Miss Eco International» գեղեցկության ամենամյա մրցույթը, որն այս տարի կընթանա մարտի 7-18-ը։ Մրցույթն այս տարի կկայանա Եգիպտոսի Ջոլի Վիլ Քինգս կղզում։ Հայաստանն այս տարի մրցույթին կմասնակցի 1-ին անգամ, շուտով տեղի կունենա հայաստանյան ընտրությունը, որի համար արդեն քասթինգ է հայտարարված։ Մինչ հայտնի կդառնա հայաստանյան պատվիրակի անունը, «Miss Eco International 2022»-ին մի քանի երկրներ, այդ թվում Բելգիան, Կոստա Ռիկան, Նիգերիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգներ արդեն հաստատել են իրենց թեկնածուների անունները։ Այս տարի գրեթե երկու շաբաթ, «Miss Eco» միջազգային տիտղոսի և թագի համար կպայքարի 55 երկիր։ «Miss Eco International» ամենամյա գեղեցկության մրցույթը, որը տեղի է ունենում Եգիպտոսում, պատկանում է Ecospire Co.-ին, որը պաշտոնապես գրանցված է Եգիպտոսի մշակույթի նախարարությունում՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ից: Մրցույթի նպատակն է խթանել էկոտուրիզմը և շրջակա միջավայրի իրազեկումը։ Մրցույթն անցկացվում է LTCPUN-ի և IIMSAM-ի և ՄԱԿ-ի և Եգիպտոսի զբոսաշրջության իշխանությունների հովանու ներքո: Հաղթողն ինքնաբերաբար դառնում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ օգնելու մոլորակին և խթանելու էկո-տուրիզմն ամբողջ աշխարհում։ Ի սկզբանե, գեղեցկության մրցույթը կոչվել է «Միսս Էկո թագուհի», սակայն, Սլովենիայից Պատրիսիա Պեկլարը որպես անդրանիկ տիտղոսակիր թագադրվելուց հետո, փոխում է անունը՝ դառնալով «Միսս Էկո Տիեզերք»։ Իսկ հաջորդ տարի՝ 2016-ին Կոստա Ռիկայից Նատալյա Կարվախալն արդեն թագադրվեց «Միսս Էկո Տիեզերք»։ 2017 թվականից արդեն գեղեցկության մրցույթն ընթանում է «Miss Eco International» անվանումով, որի առաջին հաղթողը դարձել է կանադացի Էմբեր Բերնաչին։ Վերջինս, մեկ տարի անց՝ 2018-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում թագադրեց իր իրավահաջորդ ֆիլիպինցի Սինտիա Թոմալլանին։ 2019 թվականին Թոմալլան վերադարձավ Կահիրե, որպես իրավահաջորդ և թագադրեց պերուացի Ռաշիա Սուհեյն Չիպրիանի Նորիեգային։ Սակայն, վերջինս հետագայում գահընկեց արվեց, իսկ նրա տեղը զբաղեցրեց մալայզիացի Էմի Նուրտինիե Աբդուլ Ազիզը, ով սկզբում չորրորդ փոխչեմպիոնն էր։ 2020 թվականին, նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պատճառով, Նուրթինին չթագադրեց իր իրավահաջորդին, սակայն, թագադրեց «Miss Eco International 2021»-ի հաղթող հարավաֆրիկացի Գիզել Մենդի Ուիսին։ Վերջինս էլ կթագադրի մրցույթի այս տարվա հաղթողին։
In
eco-tourism
Արտանիշ լեռ․ Ձմեռային էկո տուրիզմ
Posted on 14 Հունվարի, 2022





