Blog
In
other , shrjaka-mijavayr
Որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին․ պարզաբանում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը
Posted on 18 Փետրվարի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 3-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման 1-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում, 1-ը՝ արտադրություն, ծառայություններ, 1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։ Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 ՀՀ դրամ:
In
other , shrjaka-mijavayr
«Համատարած առողջական խնդիրները կարող է փոշուց լինել»
Posted on 18 Փետրվարի, 2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օրերս Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հունվարի 20-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի մասին տվյալներ էր հրապարակել, ըստ որի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Թույլատրելիի սահմանը գերազանցել է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Կենտրոնի բացատրությամբ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: «Աբովյան քաղաք կամ դեպի Արզնի գյուղ տանող ճանապարհին, եթե նկատել եք, սարերի գոյությունը հավասարվել է, այսինքն՝ ակտիվ քարհանման աշխատանքներ են կատարվում, և այդ ողջ փոշին գալիս ու լցվում է Երևանում։ Դրանից բացի նաև «Մաքուր երկաթի գործարան»-ն է աշխատում, որի փոշին հիմնականում Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում է տարածվում, դա արդեն ծանր մետաղներով փոշին է։ Գիշերը մթության մեջ փորձեք հեռախոսի լույսը վառել և կտեսնեք, թե որքան մանր փոշիներ կան օդում՝ նույնիսկ տեսանելիորեն»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ Նրա դիտարկմամբ, փոշու պարունակությունը թույլատրելիի սահմանը գերազանցելը անհետք չի անցնում մեր առողջության կողքով։ «Ընդհանրապես եվրոպացիներն իրենց հեռախոսներում բջջային հավելված ունեն, որով տեսնում են, թե որտեղ որքան է փոշու պարունակությունը և մասնիկների չափը, որը 2,5 միլիմետրը չպետք է գերազանցի։ Նրանք շատ հետևողական են այդ հարցում, բայց մեզ մոտ՝ Հայաստանում, չգիտես ինչու, անընդհատ գերազանցում է այդ թույլատրելին, ինչը վտանգավոր է շնչառական օրգանների համար։ Հատկապես այս կորոնավիրուսի շրջանում»,- ասում է Ն. Կիրակոսյանն ու զարմանքով արձանագրում. «Մեզ թունավորում են, շատերս մեզ վատ ենք զգում, բայց չենք հասկանում, թե ինչից է։ Կարծես գլոբալ խենթացում լինի՝ վիրուսների հետ կապված, հիմնարար գիտելիքներ ունեցողները մոռացել են բարձրաձայնել վարկածը, որ այդ համատարած առողջական խնդիրները կարող է փոշուց լինել, քանի որ այդ փոշո մեջ ծանր մետաղներ կան»։ Ըստ զրուցակցի, փոշու թույլատրելիի սահմանը կրկնակի է գերազանցվում ամռան ամիսներին, քանի որ մայրաքաղաքում ջրային և թթվածնային ռեսուրսները գնալով կրճատվել են. «Հայաստանը ջրային ռեսուրս չունի, որ օդը մաքրվի, մի հատ Գետառ ունեինք այն էլ՝ փակեցինք, գոնե ցայտաղբյուրներ պիտի լինեն։ Իսկ ծառերի մասին էլ խոսք չկա, ցավով պետք է ասեմ, որ մեր վերջին կանաչ տարածություններում, հատկապես Դալմայի այգում, այնքան արագ են կառուցվում բարձրահարկ շենքեր, իսկ փոխարենը մինչև նոր ծառեր տնկվեն, արդեն հարց է՝ մենք կապրե՞նք, թե՝ ոչ։ Առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին պետք է թթվածնով լցվի ոչ միայն թոքերը, այլ նաև գլխուղեղը, որ կարողանաք մտածել, որ քնկոտութուն չունենաք, որ չփռշտաք, որ շնչահեղձ չլինեք և այլ նման խնդիրներ չառաջանան»,- ցավով արձանագրեց «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենին Լևոն Օհանեսյանին և ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանին
Posted on 17 Փետրվարի, 2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանին։ Հանդիպմանը քննարկվել են բնապահպանական ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքերը և նոր ներդրումներ ներգրավելու հեռանկարները։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած ներդրումային ծրագրի առանցքում պետք է նախևառաջ լինեն բնապահպանական շահն ու գերակայությունները։ «Բնականաբար ներդրումները տնտեսական աճի նյութական հիմքն են և, դրանով իսկ, հասարակության բարեկեցության և աղքատության կրճատման կարևոր նախադրյալը, բայց շրջակա միջավայրի ոլորտում ներդրումները բացի տնտեսական և սոցիալական խնդիրներին լուծումներ առաջարկելը, պետք է ոլորտը կառավարող մարմնին օգնեն մեղմել բնության վրա ճնշումը՝ դա կլինի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, թե անտառահատումների ծավալների կրճատում»,-նշել է նախարարի տեղակալը։ Աննա Մազմանյանն այս համատեքստում կարևորել է կառույցների միջև գործողությունների համակցվածությունն ու փոխկապվածությունը և նշել, որ պետական կառույցներն իրենց քայլերով պետք է խթանեն պետության ներդրումային քաղաքականությանը։ «Մեր գորոծղությունների արդյունքում ներդրողը պետք է զգա, որ պետությունն իր գործընկերն է, ոչ թե դժվարություններ ստեղծողը»։ «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները ևս մեկ անգամ շեշտել են, որ ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նախապես հստակ հաշվի առնել նաև ոլորտային առանձնահատկությունները, որպեսզի հետագայում ներդրողները խնդիրների առջև չկանգնեն։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և աշխատանքային հանդիպումներն՝ ի նպաստ ոլորտի ներդրումային հնարավորությունների լիարժեք և բնապահպանակենտրոն իրացման։
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը
Posted on 15 Փետրվարի, 2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա.Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ.Գրիգորյանը և նախարարի խորհրդական Է.Հունանյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ «Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ Հայաստանի կառավարությունը չափազանց կարևորում է մեր երկրների միջև ջերմ և գործընկերային հարաբերությունները։ Խորհրդանշական եմ համարում նաև այն զուգադիպությունը, որ Դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո»,-նշել է նախարարը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կառավարության «10 մլն» ծառ նախաձեռնությանն առաջիններից արձագանքելու և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում լիտվական անտառ հիմնելու համար և տեղեկացրել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնամում և ամենայն հոգատարությամբ են վերաբերվում մեր երկրների բարեկամության խորհրդանիշ անտառին։ Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հղում անելով մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսության առկայությանը, պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս ջանքեր գործադրել ուղղված Շրջակա միջավայրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությանը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 2021 թվականից մեկնարկել է «Ապակե և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագիրը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Լիտվայի Հանրապետության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Թափոնների կայուն կառավարում. Լիտվայի փորձը և ԵՄ տեսլականը» խորագրով վեբինար, ինչպես նաև ՀՀ 5 ներկայացուցիչների (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ) մասնակցությամբ ուսուցողական այց է կայացել Լիտվա։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ապակյա և պլաստիկ տարաների դեպոզիտային (վերադարձման) համակարգի լիտվական առաջադեմ փորձին և ուսումնասիրել մոդելի ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։ «Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման աշխատանքները՝ որպես հանձնառություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման պարտավորությունը մինչև 2023թ. իրականացնելու համար կարևոր է օրենսդրական շրջանակի մշակումը։ Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը լիտվական կողմի հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. դեկտեմբերի պաշտոնապես դիմել է լիտվական կողմին՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման շրջանակներում օրենսդրական շրջանակի մշակման օժանդակության համար։Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում։ Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանի տեղադրումը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության կողմից: Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը առանձնակի շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի։
In
other , shrjaka-mijavayr
Ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որ կօգնեն բարելավելու ձեր կյանքը և կաջակցեն բնությանը
Posted on 15 Փետրվարի, 2022

Գտի՛ր, գնի՛ր կամ կարի՛ր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ՝ բանալիների հետ։ Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։ Ստեղծագործ եղի՛ր: Եթե թեյ, ուրեմն հրաժարվիր թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվի՛ր թեյի քամիչներից։ Եթե սուրճ, ուրեմն միայն բազմակի օգտագործման բաժակներով։ Հեղուկ օճառի փոխարեն՝ օգտագործի՛ր օճառի սալիկներ: Ամեն րոպե բաց ծորակից 4-8 լիտր ջուր է հոսում։ Ամեն անգամ ատամ լվանալիս մենք վատնում ենք մոտ 24 լիտր ջուր, եթե չենք փակում ծորակը։ Մի նոր ու բազմակի օգտագործման ջրի շիշ գնի՛ր։ Աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք այն պտուղները, որոնք այդքան էլ կատարյալ տեսք չունեն։ Տարեկան արտադրված մրգերի և բանջարեղենների կեսը վատնվում է։ Եկե՛ք քչացնենք այս թիվը։ Երեք մեծ տարա առանձնացրու՝ տանը հավաքվող թղթի, պլաստիկի ու ապակու համար։Կարևորը առաջին քայլն անելն է։ Քնելուց առաջ անջատի՛ր տան բոլոր սարքերը վարդակից։ Ջնջիր էլեկտրոնային հին նամակները և խնայի՛ր էներգիա։ Ստացված էլեկտրոնային նամակների 78 %-ը փոստաղբ (spam) է: Հաճախ ոտքով քայլի՛ր կամ էլ հեծանվով երթևեկիր։ Ասենք ՈՉ տրանսպորտին և մեքենային հնարավոր բոլոր դեպքերում։ Փորձի՛ր մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը։ Եվ վերջում․․․Յուրաքանչյուր մարդ պետք է իր կյաքնում գոնե մեկ ծառ տնկի ու խնամի այն։
In
other , shrjaka-mijavayr , eco-dexatun
Հայ ֆիզիկոսը դարձել է տիեզերաբանության մրցանակի հաղթող
Posted on 15 Փետրվարի, 2022

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։ Ինչպես տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանից, Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին տեղի մրցանակին Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար։ Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը, կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։ Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը: Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին: Այն տրվում է «տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը»:
In
shrjaka-mijavayr
Որքան ժամանակում են քայքայվում կենցաղում ամենակիրառելի առարկաներն ու նյութերը
Posted on 15 Փետրվարի, 2022

«Պահպանի՛ր շրջակա միջավայրը», «Տեսակավորի՛ր աղբը», «Մտածի՛ր բնության պահպանման մասին»․ այս արտահայտությունները վերջին տարիներին հաճախակի ենք լսում, սակայն դրանք ոչ բոլորի համար են առօրյա կյանքի մի մաս դարձել։ Դրա համար առնվազն պետք է էկոկրթված հասարակություն ունենալ, որի ուղղությամբ հատուկենտ քայլեր են կատարվում։ Երբեմն, հասարակությունն անգամ չգիտի էլ, թե ինչպես և ինչի համար տեսակավորի աղբը, կամ ինչ վնաս է պատճառում պլաստիկն ու ապակյա տարան՝ բնությանն ու շրջակա միջավայրին։ Eco.am սոցիալական հարթակը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք կօգնեն մեր ընթերցողներին լինել ավելի իրազեկ։ 1․ Ամեն օր մարդկությունը սպառում է բնական ռեսուրսների ահռելի քանակություն, որից միայն 6%-ն է վերածվում օգտակար արտադրանքի, մնացած 94%-ը թափոն է: 2․ Ըստ կանխատեսումների, 2050 թվականին թափոնների ծավալը մոլորակի վրա կաճի մինչև 70%, որի կեսը բաժին կընկնի Ասիային: 3․ 2025 թվականին քաղաքաբնակների թիվը կկազմի մոտ 4.3 միլիարդ, որոնք օրական կառաջացնեն մոտ 1.42 կգ կոշտ կենցաղային թափոն: Թափոնների քայքայման համար հարկավոր ժամանակը հստակ չէ, այն կախված է տվյալ նյութից։ Ստորև ներկայացնում ենք մեր կենցաղում ամենակիրառելի առարկաների ու նյութերի քայքայման ժամկետները։ 1․ Բուրդը քայքայվում է 1 տարում։ 2․ Ծառի ճյուղը 4 տարուց կորցնում է հետքը երկրի վրայից։ 3․Ներկված տախտակը տարրալուծվում է բնության մեջ 13 տարում։ 4․ Մետաղյա տարան քայքայվում է մոտ 500 տարում։ 5․ Պլաստիկե շիշը ավելի քան 500 տարի մնում է մոլորակի վրա։ 6․Ապակյա տարաները չեն քայքայվում։ 7․Թղթի քայքայման համար անհրաժեշտ է ընդամենը 1 ամիս
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Հայտնի է «Խելացի թափոնաման» մրցույթի երրորդ հաղթողը
Posted on 15 Փետրվարի, 2022

Օրերս ամփոփվել է «Կափարիչն աղբ չէ՛» ծրագրի շրջանակներում իրականացված «Խելացի թափոնաման» մրցույթի մասնակիցների աշխատանքները։ «Խելացի թափոնաման» մրցույթի երրորդ հաղթողը Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի հինգից տասնմեկերորդ դասարանի սաներն են՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ՝ Հերմինե Աբրահամյան: Երեխաներից յուրաքանչյուրը որոշել է իր անհատական մոտեցումը ցուցաբերել և յուրաքանչյուրն իր թափոնամանն է պատրաստել։ «Թափոնամանը պատրաստված է ստվարաթղթե արկղից, 4 զուգահեռանիստերին պատկերված են տարվա 4 եղանակները, որոնք զարդարված են թեմատիկ պատկերներով և երկիր մոլորակը պահպանելու, մարդու ու բնության անբաժանելի կապի մասին հայտնիների խոսքերով», նշում է մրցույթի երրորդ հաղթող 11-րդ դասարանի աշակերտ Սոնա Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ավարտին «Էկո-աղբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Կափարիչն աղբ չէ» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մեկնարկած ծրագրին մասնակցում է 18 դպրոց՝ ՀՀ մարզերից։ Նրանցից պահանջվել է, մինչև ուսումնական տարվա ավարտը, հավաքագրել իրենց սպառումից գոյացած պլաստիկ կափարիչները, որոնք կտեղափոխվեն համապատասխան գործարան, իսկ գոյացած գումարը, կտրամադրվի դպրոցներին՝ կարիքների լուծման նպատակով։ Ըստ ծրագրի, երկամսյակի ընթացքում աշակերտները, «Teach For Armenia/Դասավանդի՛ր, Հայաստան»-ի իրենց առաջնորդների օգնությամբ, կկշռեն կափարիչները։ Երկամսյակի ընթացքում ամենաշատ կափարիչներ հավաքած առաջին երեք դպրոցները կստանան պատվոգրեր, իսկ նրանց գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ:
In
other , shrjaka-mijavayr
Ինչ անել երկրաշարժի ժամանակ
Posted on 15 Փետրվարի, 2022

Ինչպես պաշտպանվել․ 5 կարևոր քայլ երկրաշարժի ժամանակ
Փետրվարի 13-ին Հայաստանում գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը: Ըստ նրա, հայ-վրացական սահմանին կիրակի գրանցված երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ և հավանական է, որ հեցնցումները տևեն մի փոքր ավելի:
«Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի օգոստոսին նույն վայրում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, որոնց թիվը 40-րդ օրն արդեն հասել էր 223-ի»,-նշել է Սոս Մարգարյանը:
Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով, փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը սովորական էր, սակայն, քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։
Խուճապի մատնվելու փոխարեն պետք է հաշված վայրկյանների ընթացքում արագ կողմնորոշվել ու գործի անցնել։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը, որով կարող եք առաջնորդվել երկրաշարժի ժամանակ։
Ա․ Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։
Բ․ Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։
Գ․ Հիշեք‚ ձեզ որոնում են և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։
1․ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
1․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚
- եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։
3․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚
4․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚
5․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚
6․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚
7․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚
8․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։
2․ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
1․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,
2․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։
3․ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում
Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։
Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։
4․ Եթե մետրոյում եք
Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։
Այդ դեպքում՝
1․ խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,
2․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,
3․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,
4․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։
Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։
5․ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
1․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։
2․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:
In
other , shrjaka-mijavayr
Կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Posted on 3 Փետրվարի, 2022

Կարևորելով պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են առկա ներուժն ամբողջությամբ և արդյունավետ իրացնելու հնարավորությունները և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները՝ հանուն Հայաստանի «կանաչ» ապագայի։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Ա. Մակարյանը հանդես է եկել «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» ծրագրի 2021 թվականին իրականացված գործողությունների և արդյունքների վերաբերյալ զեկույցով:
Ներկայացվել են ծրագրի աշխատանքների կատարման տարեկան ժամանակացույցում և գնումների պլանում առաջարկվող փոփոխությունները։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:



