Blog
In
other
ArLeAM-ը արևային և էներգախնայող տեխնոլոգիաներով և գերխնայող «Օպտիմում» միրգ-բանջարեղենի հայկական շարժական չորանոցի առաջին գնորդն է
Posted on 9 Մարտի, 2022

Ժամանակն է խնայել էներգիա.
ArLeAM-ը արևային և էներգախնայող տեխնոլոգիաներով և գերխնայող «Օպտիմում» միրգ-բանջարեղենի հայկական շարժական չորանոցի առաջին գնորդն է: Շարժական չորանոցն աննախադեպ է իր տեխնոլոգիական լուծումներով և իր բիզնես մոդելով, և ունի մեծ ներուժ հեղափոխելու չրագործության ոլորտը ոչ միայն Հայաաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Արևային էներգիայով աշխատող չրանոցի ձեռքբերումն ունի 3 կարևոր առանձնահատկություն՝ 1․ Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացում 2. հայկական արտադրանքի խրախուսում 3. կանաչ տեխնոլոգիաների օգտագործում արտադրության մեջ Առլեամ ընկերություը շարունակելու է խթանել նորարարարական և ստեղծագործ մտածողութունը՝ ի շահ երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում:
In
other , shrjaka-mijavayr
Ինչ ծառեր կտնկվեն Ծիծեռնակաբերդի տարածքի կանաչապատման ընթացքում․ մանրամասնում է դենդրոլոգը
Posted on 9 Մարտի, 2022

Ծիծեռնակաբերդում 3.5 հա տարածքում այս տարի նախատեսվում է տնկել 3 հազար թուփ, 2260 ծառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։ Ըստ նրա, Ծիծեռնակաբերդի տարածքում, նախատեսված է փուլային տարբերակով կանաչապատում իրականացնել 8.5 հա տարածքի վրա: 2022 թվականի համար կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն 3.5 հա տարածքում: Ծառերի ձեռք բերման համար հայտարարվել են գնումներ: Տնկումների գործընթացը չուշացնելու համար պատվիրվել են փակ արմատային համակարգով ծառեր: «Երևանում կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ այնպես անել, որ տնկարկները երկարատև ծաղկող լինեն: Այսինք՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն այգիներում ունենանք գույներ»,- լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՈԱԿ-ի դենդրոլոգը։ Բանախոսի փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում մի քանի կանաչ գոտիներում զգալի կանաչապատման աշխատանքներ է նախատեսել: «Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է տնկել 4 հազար ծառ և 75 հազար թուփ: Ծիծեռնակաբերդի տարածքում նախատեսված կանաչապատումը խոշոր ծրագրերից է։ Քանի որ այնտեղ արդեն կանաչապատ տարածքներ կան, հետևաբար նոր տարածքի կանաչապատման մոտեցումներն այնպես է ընտրված, որ համահունչ լինի եղածներին: Կանաչապատման համար մենք ընտրել ենք և՛ պտղատու, և՛ դեկորատիվ տեսակներ»,- շեշտեց Ա․ Գրիգորյանն ու մանրամասնեց․ «Ծիծեռնակաբերդում նախատեսվում է տնկել նշենի, սալորենի, ծիրանենի, հացենի և այլն: Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսվում է տնկել սոսի, որը մեծ սաղարթ ունի և կապահովի անհրաժեշտ պաշտպանություն շոգի ժամանակ»: Բանախոսի դիտարկմամբ տարածքի հողն այնքան էլ բերրի չէ․ «Ասեմ, որ այնտեղ կիսաանապատային հողեր են, խնդիրը լուծելու համար դիմել ենք Կոտայքի մարզին, որպեսզի օգնեն այդ հարցում»։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներն այս տարի չեն ավարտվի միայն Ծիծեռնակաբերդի տարածքով։ Նախատեսված է հաջորդ կանաչապատման ծրագիրն իրականացնել Շենգավիթ վարչական շրջանում՝ 0.5 հա տարածք ունեցող Արագածի պուրակում․ «Այդ տարածքում ևս բարեկարգման, կանաչապատման զգալի աշխատանքներ են նախատեսված: Տնկվելու է նշենի, սոսի, ծիրանենի, կեչի, սոճի, հուդայածառ և այլն: Լինելու են անհրաժեշտ ենթակառուցվածքները հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարվա աշնանը»,- վստահեցրեց Ա․ Գրիգորյանը: ՀՈԱԿ-ը նախատեսում է նաև ավարտին հասցնել Սարալանջի հատվածի կանաչապատման աշխատանքները, որը սկսվել էր դեռևս անցյալ տարվա աշնանը։ Սակայն, ինչպես պնդեց դենդրոլոգը, հողն այստեղ ևս բարենպաստ չէ․ «Քարքարոտ, հումուսից զերծ տարածք է: Չնայած դժվարություններին, մոտ 1,8 հա-ից 0,5 հա-ի կանաչապտումն արդեն արված է: Ոռոգման համակարգի խնդիրը ևս լուծված է, որի արդյունքները համաքաղաքացիների համար տեսանելի կլինեն ծաղկման շրջանում»,- վստահեցրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։
In
other , eco-dexatun
Ինչ հիվանդություններ է առաջացնում սննդակարգում աղի քանակի գերազանցումը
Posted on 9 Մարտի, 2022

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղաման դնելը կարգելվի։ Նախագծի հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է։ Ըստ այդ նախագծի, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով։ «Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը»,- այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Ըստ հաղորդագության, 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացությունը կազմում է շուրջ 70%․ 1․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), 2․չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), 3․շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) 4․ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ) Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով․ 1․ ծխախոտի օգտագործում, 2․ անառողջ սննդակարգ, 3․ կերակրի աղի չարաշահում, 4․ ալկոհոլի օգտագործում, 5․ֆիզիկական թերակտիվություն և այլն։ Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է․ 1․ զարկերակային հիպերտենզիայի, 2․ կաթվածների առաջացման, 3․ երիկամների ֆունկցիայի խանգարման, 4․ ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով․ 1․ չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սնունդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), 2․ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: 3․ Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: 4․ Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը: Սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է - սրտանոթային հիվանդությունների՝ հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների - երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար:
In
other , eco-kosmetika , eco-mshakuyt
Երևանում ե՞րբ կմեկնարկի գարնանային սանիտարական էտը
Posted on 9 Մարտի, 2022

Հաջորդ շաբաթվանից կմեկնարկի գարնանային սանիտարական էտը։ Այդ մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Հրավիրած խորհրդակցության ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը, ստորաբաժանումների ղեկավարների և մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք պետք է աշխատանքներն իրականացնելու համար ապահովեն տեխնիկական միջոցներ (ավտոաշտարակ, ինքնաթափ) քննարկվել է էտման շրջանը ճիշտ ու գրագետ կազմակերպելու ուղղությունը։ Օրակարգում գործի անխափան ու արդյունավետ կազմակերպումն է եղել, որի համար կազմվել է աշխատանքային պլան։ Հաշվի առնելով աշնան փորձը՝ մասնակիցները համաձայնեցրել են կողմերի պարտականություններն ու վստահեցրել, որ երկկողմանի կարվի առավելագույնը՝ պլանավորված աշխատանքներն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, գարնանային սանիտարական էտը Երևանում կմեկնարկի մարտի 15-ից և կտևի մեկ ամիս։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ ժամկետը կերկարաձգվի։
In
other , shrjaka-mijavayr
PROFAL GROUP-ը Հայաստանում կանաչապատման նոր մշակույթ է ձևավորում
Posted on 9 Մարտի, 2022

ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներն օրեցօր զարգանում ու փոխակերպվում են, բայց դրանցում կանաչապատման տարրը շարունակում է լինել առաջնային և ակտուալ բաղադրիչ։ Թեև ամբողջ աշխարհում ժամանակակից միտումները թելադրում են, որ կանաչ տարածքները պետք է գերակշիռ մաս կազմեն, այդուհանդերձ, Հայաստանում այս մշակույթը դեռևս զարգացման ճանապարհին է։
Սկիզբ դնել կանաչապատման նոր մշակույթի և ավանդույթների. այս նպատակով ու առաքելությամբ Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը կանաչապատումն ու լանդշաֆտային դիզայնը զարգացնում է որպես գործունեության առանձին ուղղություն։
PROFAL-ը վերջերս բարեկարգել ու կանաչապատել է Երևանի Բրազիլիայի հրապարակը։ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող, Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների հատման վայրում՝ շրջանաձև երթևեկության խաչմերուկում գտնվող Երևանի Բրազիլիայի հրապարակը PROFAL GROUP-ի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ այսուհետ կանաչապատ ու ծաղկաշատ կլինի։
«Քաղաքային միջավայրի կանաչապատումը գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում է պահանջում»,- Eco.am-ի հետ զրույցում նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու հավելել, որ մայրաքաղաքում ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, բայց այսօր մեր երկրում կանաչապատման մշակույթը բացակայում է.
«Արդյունքում, կանաչապատված շատ տարածքներ կարճ ժամանակ անց կրկին ամայանում են։ Հենց այդ տարածքներից մեկն էլ մեր մայրաքաղաքի բավականին բանուկ և երթևեկելի հատված հանդիսացող Բրազիլիայի հրապարակն էր, որն ուներ բարեկարգման կարիք։ Ինչ խոսք, մշտապես խնամված, կանաչապատ շրջանաձև փոքր հրապարակները քաղաքին լրացուցիչ գրավչություն են հաղորդում: Այդ իսկ պատճառով էլ որոշեցինք գեղեցիկ նվեր անել մեր մայրաքաղաքին»։ Տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն իրականացնելիս Ընկերությունը Բրազիլիայի հրապարակի մոտ 400 քմ․ տարածքում տնկել է շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր, օրինակ՝ դրախտավարդ, թանթռնիկ, գիհի, թույա և այլն։
Օգտագործվել են Երևան քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր, ինչպես նաև ներդրվել է կաթիլային ոռոգման ժամանակակից համակարգ։ Իսկ արդեն բարեկարգված և կանաչապատված այգու խնամքն ու սպասարկումը ստանձնել է PROFAL-ի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ թիմը։
«Երբ նախագիծը քննարկում էինք մեր լանդշաֆտային ճարտարապետի հետ, որոշեցինք սկզբունքորեն օգտագործել բացառապես բազմամյա բուսատեսակներ: Ճիշտ է միամյա ծաղիկներն ավելի մատչելի են, բայց ամեն տարի պետք է քանդել և նորերը տնկել, մինչդեռ բազմամյա ծաղիկների դեպքում մեկ տարի հետո թուփն ավելի է փարթամանում, և ունենում ենք կանաչով ավելի հագեցած ու գեղեցիկ անկյուն»,- պատմում է Է․Ավետիսյանը:
Ի դեպ՝ Բրազիլիայի հրապարակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն իրականացնելու համար PROFAL ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհակալագրի է արժանացել։
Ընկերության կանաչ ու բարեկարգ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում։ Շուտով PROFAL GROUP-ը գործարկելու է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նոր նախագիծը՝ Օ2 Gardens-ը:
O2 Gardens-ը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, ներկայանում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթով և առաջարկում լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ. խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումների առաջարկում և իրականացնում, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, հետագա խնամք և սպասարկում, այգեգործական մի շարք այլ ծառայություններ:
Բուսաբանական այգու կոնցեպտով O2 Gardens-ն ունենալու է երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանից համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ։
O2 Gardens-ին իր դռները կբացի այս տարի գարնանը։
In
other , shrjaka-mijavayr
«Ջերմոցային տնտեսությունները վատ վիճակում կհայտնվեն»․ Ջերմոցային ասոցիացիայի նախագահ
Posted on 6 Մարտի, 2022

«Ապրիլի 1-ից գազի գնի թանկացումն անխտիր իր բացասական ազդեցությունն է ունենալու ջերմոցային շատ տնտեսությունների վրա, որի արդյունքում էլ վատ վիճակում են հայտնվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։ Բանախոսին անհանգստացնում է այն փաստը, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, Հայաստան կներմուծվի մեծ քանակությամբ էժան գյուղմթերք, ինչի արդյունքում տեղի արտադրողները կդառնան անմրցունակ․ «Պետք է զարկ տալ տեղական արտադրանքին: Արտադրանքը որակյալ կլինի միայն այն դեպքում, եթե տեղական սորտեր աճեցնենք: Հիմա դրսի սորտեր են՝ հոլանդական, իսրայելական: Բերքատվությունը պետք է մի քիչ բարձր լինի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- շեշտում է Պ․Գևորգյանը։ Հայաստանի Ջերմոցային ասոցիացիացիան, ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ պատրաստվում են, մի քանի առաջարկներով օրերս հանդիպել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին: «Քննարկելու ենք տեղական սորտերի ու գազի գնի հարցը: Բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքների մաքսատուրքերը, սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։ Ուզում ենք նաև մշակաբույսերը փոխել, թանկ մշակաբույսեր մշակել, այլապես ստացվում է, որ շահույթի միայն 70 տոկոսը վառելիքի գինն է»,- ասաց Պողոս Գևորգյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ն 143.7 դրամ սակագնով։
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում շեշտակի ավելացել են էլեկտրոմոբիլների ներկրումն ու շահագործումը
Posted on 6 Մարտի, 2022

Մեր երկրում շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով, վերջին հինգ տարիներին, Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։ Արդյունքում, վերջին տարիներին, մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ և շեշտակի ավելացել է և՛ ներկրումը և շահագործումը: Նախորդ տարվա՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Վերջին 5 տարիներին որքան էլեկտրոմոբիլ է ներկրվել Հայաստան 1․ Մինչև արտոնության սահմանումը, 2017-2018 թվականներին Հայաստան է ներկրվել ընդամենը 42 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, 2․ 2019 թվականին՝ 668 տրանսպորտային միջոց, 3․ 2020 թվականին՝ 2155 տրանսպորտային միջոց, 4․ 2021 թվականին՝ 6645 տրանսպորտային միջոց։ Ինչի շնորհիվ Հայաստանում աճեց էլեկտրոմոբիլների թիվը 1․Ներկայումս հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան։ Դրանցից 25-ը հայտնվել են «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և գործում են անվճար։ 2․ Մշակվել է Հայաստանում լիցքավորման կայանների տեղակայման քարտեզ՝ Plug.am ծրագրի շրջանակում, ինչը վարորդներին հնարավորություն է տալիս օնլայն արագ գտնել մոտակա լցակայանը։ 3․ Երևանի ավագանու որոշմամբ, բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող ավտոմեքենաների սեփականատերերը, 2021 թվականին ազատվել են կայանատեղերի համար սահմանված վճարից։ 4․ 2021-2022 թվականներին, միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկվել է էլեկտրոմոբիլների սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների որակյալ սպասարկումն ապահովելու համար։ Ինչու գնել էլեկտրոմոբիլ 1․ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները նվազեցնում են շրջակա միջավայրի և մթնոլորտային օդի աղտոտվածությունը։ Ըստ փորձագետների, էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը տարեկան միջինում ապահովում է 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում: 2. Զրոյական մաքսատուրք և ԱԱՀ։ 2019 թվականին հարկային օրենսգրքում Ազգային ժողովի կողմից ընդունված լրացման արդյունքում, էլեկտրամոբիլների ներմուծումը և օտարումը ազատվել է ավելացված արժեքի հարկից, իսկ 2020-ին ԵՏՄ երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, զրոյացվել են էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը: Արտոնությունների շնորհիվ էլեկտրամոբիլների սեփականատերերը խնայել են ներկրվող մեքենայի արժեքի 35 %-ի չափով՝ 20% ԱԱՀ, 15% մաքսատուրք: 3․ Էլեկտրոմոբիլներն ավելի մատչելի են «վառելիքի» տեսանկյունից՝ մոտ 10 անգամ ավելի էժան են։ 4․ Բացի քիչ ծախսատար լինելուց, էլեկտրոմոբիլները վարելիս անաղմուկ են և անհարմարություն չեն պատճառում և՛ ուղևորներին, և՛ վարողին, և՛ շրջապատին։ Ի դեպ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Իսկ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը։
In
other , eco-dexatun
«Կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն»․ գերմանացի գիտնական
Posted on 6 Մարտի, 2022

Լայբնիցի Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ձկնորսության ինստիտուտի գերմանացի գիտնականները, հինգ ամիս տևած գիտական փորձարկումների արդյունքում, մոլորակը ծառի օգնությամբ մաքրելու միջոց են հայտնաբերել։ Փորձարկումների ընթացքում գիտնականները 5-ից 50 միկրոմետր չափի միկրոպլաստիկ մասնիկները խոնավացրել են լյումինեսցենտային ներկով, ապա դրանք լցրել են հողով տարաների մեջ և այնտեղ տեղադրել կեչու սածիլներ։ Հինգ ամիս տևած գիտական փորձարկումների ընթացքում բույսը մեծացել է և դրա արմատային համակարգը կլանել է միկրոմասնիկների 5-17 տոկոսը: «Նախնական հետազոտությունն ապացուցում է, որ կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն: Հավանաբար, նրանց օգնությամբ կարող ենք բարելավել հողի և ջրի որակը»,- ասել է փորձարկամն հեղինակ Քեթ Օսթինը: Կարևոր է իմանալ Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում։ Հայաստանում հանդիպում է 3 տեսակ՝ ելունդավոր, թավոտ և Լիտվինովի։ Հիմնականում աճում են վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ։ Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվը մոտ 100 է։ Կեչու պտուղը պարունակում է․ 1․ աղանյութեր 2․եթերայուղեր 3․ճարպեր 4․ C վիտամին։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես․ 1․ լեղամուղ 2․ճիճվամուղ 3․ վերքերն ապաքինող միջոց։ Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին։ Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %։ Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ։ Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ։ Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր։ Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր։ Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս։ Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը։ Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կա
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են ուտելի և դեղասնկերի կենսատեխնոլոգիական կիրառման հեռանկարները
Posted on 5 Մարտի, 2022

ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրվում են Հայաստանի ագարիկոմիցետային ուտելի սնկերի և դեղասնկերի ռեսուրսային ներուժն ու կենսատեխնոլոգիական կիրառման հեռանկարները։ ԵՊՀ գիտնականների հետազոտությունն ուղղված է սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում մի շարք հիմնարար ու կիրառական խնդիրների լուծմանը: Սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ ու արդյունավետ են քաղցկեղի, իմունային և այլ հիվանդությունների թերապիայում: «Ագարիկոմիցետային սնկերը հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի են ոչ միայն իրենց բարձր սննդային և համային արժեքներով, այլև դեղաբանական հատկություններով»,- ասում է թեմայի գիտական ղեկավար, ԵՊՀ կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր, կ.գ.դ. Սուսաննա Բադալյանը և հավելում․ «Գիտական տվյալները վկայում են, որ այս սնկերը զանազան կենսաակտիվ միացությունների և ֆերմենտների աղբյուր են, որոնք օժտված են դեղաբանական (հակաուռուցքային, իմունախթանիչ, հակաօքսիդանտային, հակամիկրոբային, նեյրոպաշտպան, կարդիոպաշտպան և այլն) հատկություններով»: Ավանդական բժշկության բազմադարյա փորձը և ժամանակակից կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ և արդյունավետ են քաղցկեղի, իմունային և բորբոքային հիվանդությունների թերապիայում: Դրանք կանխարգելում են նաև վարակների, այդ թվում՝ «COVID-19»-ի ախտանշանները, նպաստում հիվանդի կյանքի որակի բարելավմանը: Ուսումնասիրության արդյունքները կիրառվելու են սննդի, գյուղատնտեսության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում: [gallery columns="2" link="file" ids="7133,7134"] «ԵՊՀ-ում ստեղծված ուտելի սնկերի և դեղասնկերի 180 տեսակի 580 շտամների գենետիկորեն նույնականացված մաքուր կուլտուրաների մասնագիտացված հավաքածուի, ինչպես նաև էթնոսնկաբանական տվյալների բազայի համալրումը կշարունակի խթանել Հայաստանում սնկերի կենսաբանության, գենետիկայի, մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի, էկոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հետազոտությունները, իսկ պտղամարմինների արհեստական աճեցումը կնպաստի սնկային գենետիկական ռեսուրսների պահպանմանը»,- ասաց ծրագրի ղեկավարը: Մոլեկուլային կարգաբանության մեթոդներով առաջին անգամ Հայաստանի տարածքում նկարագրվել է մակրոմիցետների 14 նոր տեսակ: Դրանցից չորսը պատկանում են ագարիկոմիցետայիններին: Ակնկալվում է նաև արժեքավոր ուտելի դեղասնկերի նոր տեսակների բացահայտում: Ուսումնասիրությունն իրականացնող գիտական խմբում ընդգրկված են կենսաբանության գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Նարինե Ղարիբյանը, բժշկագիտության թեկնածու, գիտաշխատող Անուշ Բարխուդարյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Տաթև Մկրտչյանը:
In
other , shrjaka-mijavayr
Անտարկտիդայում բույսերի աճն արագացել է
Posted on 5 Մարտի, 2022



