PROFAL GROUP-ը Հայաստանում կանաչապատման նոր մշակույթ է ձևավորում

https://eco.am/profal-group-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d5%b7%d5%a1/

ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներն օրեցօր զարգանում ու փոխակերպվում են, բայց դրանցում կանաչապատման տարրը շարունակում է լինել առաջնային և ակտուալ բաղադրիչ։ Թեև ամբողջ աշխարհում ժամանակակից միտումները թելադրում են, որ կանաչ տարածքները պետք է գերակշիռ մաս կազմեն, այդուհանդերձ, Հայաստանում այս մշակույթը դեռևս զարգացման ճանապարհին է։

Սկիզբ դնել կանաչապատման նոր մշակույթի և ավանդույթների. այս նպատակով ու առաքելությամբ Հայաստանում  ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը կանաչապատումն ու լանդշաֆտային դիզայնը զարգացնում է որպես գործունեության առանձին ուղղություն։

PROFAL-ը վերջերս բարեկարգել ու կանաչապատել է Երևանի Բրազիլիայի հրապարակը։ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող, Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների հատման վայրում՝ շրջանաձև երթևեկության խաչմերուկում գտնվող Երևանի Բրազիլիայի հրապարակը PROFAL GROUP-ի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ այսուհետ կանաչապատ ու ծաղկաշատ կլինի։

«Քաղաքային միջավայրի կանաչապատումը գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում է պահանջում»,-  Eco.am-ի հետ զրույցում նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն  Էդգար Ավետիսյանն ու հավելել, որ մայրաքաղաքում ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, բայց այսօր մեր երկրում կանաչապատման մշակույթը բացակայում է.

«Արդյունքում, կանաչապատված շատ տարածքներ կարճ ժամանակ անց կրկին ամայանում են։ Հենց այդ տարածքներից մեկն էլ մեր մայրաքաղաքի բավականին բանուկ և երթևեկելի հատված հանդիսացող Բրազիլիայի հրապարակն էր, որն ուներ բարեկարգման կարիք։ Ինչ խոսք, մշտապես խնամված, կանաչապատ շրջանաձև փոքր հրապարակները քաղաքին լրացուցիչ գրավչություն են հաղորդում: Այդ իսկ պատճառով էլ որոշեցինք գեղեցիկ նվեր անել մեր մայրաքաղաքին»։ Տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն իրականացնելիս Ընկերությունը Բրազիլիայի հրապարակի մոտ 400 քմ․ տարածքում տնկել է  շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր, օրինակ՝ դրախտավարդ, թանթռնիկ, գիհի, թույա և այլն։

Օգտագործվել են Երևան քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր, ինչպես նաև ներդրվել է կաթիլային ոռոգման ժամանակակից համակարգ։ Իսկ արդեն բարեկարգված և կանաչապատված այգու խնամքն ու սպասարկումը ստանձնել է  PROFAL-ի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ թիմը։

«Երբ նախագիծը քննարկում էինք մեր լանդշաֆտային ճարտարապետի հետ, որոշեցինք սկզբունքորեն օգտագործել բացառապես բազմամյա բուսատեսակներ: Ճիշտ է միամյա ծաղիկներն ավելի մատչելի են, բայց ամեն տարի պետք է քանդել և նորերը տնկել, մինչդեռ բազմամյա ծաղիկների դեպքում մեկ տարի հետո թուփն ավելի է փարթամանում, և ունենում ենք կանաչով ավելի հագեցած ու գեղեցիկ անկյուն»,- պատմում է Է․Ավետիսյանը:

Ի դեպ՝ Բրազիլիայի հրապարակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն իրականացնելու համար PROFAL ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհակալագրի է արժանացել։

Ընկերության կանաչ ու բարեկարգ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում։ Շուտով PROFAL GROUP-ը գործարկելու է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նոր նախագիծը՝ Օ2 Gardens-ը:

O2 Gardens-ը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, ներկայանում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթով և առաջարկում լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ. խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումների առաջարկում և իրականացնում, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, հետագա խնամք և սպասարկում, այգեգործական մի շարք այլ ծառայություններ:

Բուսաբանական այգու կոնցեպտով O2 Gardens-ն ունենալու է երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանից համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ։

O2 Gardens-ին իր դռները կբացի այս տարի գարնանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։