Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հաճախակի օդափոխեք փակ տարածքները․ ինչպես սկսել նոր ուսումնական տարին

Հաճախակի օդափոխեք փակ տարածքները․ ինչպես սկսել նոր ուսումնական տարին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չմոռանալ հակահամաճարակային կանոնների պահպանման մասին։ Քանի որ․ 1․մարդկային շփումները, կուտակումները, 2․ կազմակերպվոող զանգվածային միջոցառումները, 3․ գերծանրաբեռնված հասարակական տրանսպորտը, որում անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն, հղի են վարակի արագ տարածման հնարավորություններով։ Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտ է լինել առավել զգոն և ուսումնական հաստատությունում հետևել հակահամաճարակային կանոններին. 1․ պահպանել սոցիալական հեռավորություն, 2․ կրել դիմակ, 3․ հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, իսկ անհնարինության դեպքում ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, 4․ պատվաստվել COVID-19-ի դեմ՝ այդ թվում նաև բուստեր դեղաչափով, 5․ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների նպատակով: Դպրոցներում ՝ 1․ մեծացնել նստարանների միջև հեռավորությունը, 2․բացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին), 3․ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները, 4․ հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Արագիլների աղտոտումը բնապահպանական խնդրի արդյունք է

Արագիլների աղտոտումը բնապահպանական խնդրի արդյունք է
 Eco.am սոցիալական հարթակը մի քանի անգամ անդրադարձել է, որ սպիտակ արագիլների մոնիթորինգի ցանցը Երևանի հարակից՝ Արարատի և Արմավիրի համայնքներից հայտնաբերում և հավաքում է չթռչող արագիլներին, իսկ ծրագրին միացած կամավորները տեղափոխում են թռչուններին Քանաքեռ-Զեյթունում գտնվող առանձնացված փոքր այգի, որտեղ մաքրում, խնամում և հետո կրկին բաց են թողնում հատուկ տարածքներ: «Բրդլինքս Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հետ արդեն մի քանի տարի զբաղվում է բնապահպանական՝ սպիտակ, աղտոտված արագիլների խնդրով: Մասնագետները ենթադրում են, որ պատճառը ջրային և ցամաքային տարածքների աղտոտումն է սննդային յուղ և ձեթ պարունակող թափոններով: Ծնողները կերակրում են ձագերին նման նյութերով՝ աղտոտելով նաև փետուրները, ինչի պատճառով թռչունների ձագերը չեն կարողանում թռչել և չվել: Բնապահպանների կարծիքով խնդրի լուծումը արտադրական թափոնների կառավարումն է: Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական-կրթական ծրագրի նախաձեռնող խմբի անդամների հետ արդեն հանդիպել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: Ծանոթանալով խնդրին՝ քննարկվել են համայնքի հնարավոր աջակցության ուղղությունները:

9 կանոն աղիքային վարակներից խուսափելու համար

9 կանոն աղիքային վարակներից խուսափելու համար
«Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում»,- այդ մասին ահազանգում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Ըստ կենտրոնի, հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են՝ 1․ սննդամթերքի պատրաստաման, 2․ սննդամթերքի պահպանման կանոնների, 3․ սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել «Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից շեշտելով, որ միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար: Որոնք են աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկման պատճառները 1․Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: 2․Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: 3․ Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ: Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝ 1․ լուծ, 2․թուլություն, 3․սրտխառնոց, 4․փսխում։ Այս ախտանշանները կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ: Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է1․դիմել բժշկի, 2․չզբաղվել ինքնաբուժմամբ, 3․խուսափել հակաբիոտիկներ անհարկի օգտագործելուց: Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը: Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է. 1․միրգը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո, 2․ սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, 3․ գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք, 4․ չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք, 5․ սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել, հետագայում դրանք պահել փակ տարաներում և սառնարանում, 6․հում և եփած սննդամթերքը պահել առանձին, 7․ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, իսկ անհնարինության դեպքում՝ ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, 8․չօգտագործել կասկածելի ջուր, խմելու ջրի որակի փոփոխությունների (համը և հոտը փոխված, պղտոր) դեպքում ահազանգել ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությանը, 9․ արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:

ԵՊՀ-ում բացվեց «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա ամառային դպրոցը

ԵՊՀ-ում բացվեց «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա ամառային դպրոցը
«Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարան են ժամանել Վառնայի կառավարման ինստիտուտի (Բուլղարիա), Սալոնիկի համալսարանի (Հունաստան), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնի (Վրաստան) ներկայացուցիչներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երեք ուսանողներ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում մեկնել էին Հունաստան, Բուլղարիա և Վրաստան՝ ուսումնասիրելու այդ երկրների փորձառությունը: Այժմ հիշյալ երկրներից մասնակիցներ են ժամանել Հայաստան՝ Երևանի պետական համալսարան՝ կատարելու ուսումնասիրություններ՝ Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության վերաբերյալ, լսելու դասախոսություններ և զարգացնելու գործնական գիտելիքները: Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցների համար այսօր կազմակերպվեց ճանաչողական այց, որի ընթացքում ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը ներկայացրեց համալսարանը և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Կարևորելով ուսանողների մասնակցությունը այսօրինակ նախագծերին՝ ամբիոնի վարիչը նշեց. ««Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին մասնակցում են ԵՊՀ այն ուսանողները, որոնք աշխատում են զբոսաշրջային ձեռնարկություններում, որպեսզի էլ ավելի զարգացնեն իրենց և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքները: Մենք այսօր սկսում ենք Հայաստան այցելած հյուրերին փոխանցել տեսական գիտելիքներ, վաղը կկազմակերպենք էքսկուրսիաներ, իսկ ամառային դպրոցի երրորդ օրը կիրականացնենք ամփոփում՝ հասկանալու, թե ինչ ենք սովորել»: Ս. Սուվարյանն ընդգծեց նախագիծի կարևորությունը թե՛ Հայաստանում զբոսաշրջային ոլորտի զարգացման և թե՛ ԵՊՀ ուսանողների գործնական գիտելիքների ամրապնդման տեսանկյունից՝ միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին ծանոթանալու էական նշանակությանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Մարիամ Տաշյանը, որը ծրագրի շրջանակում մեկնել էր Վրաստան և Բուլղարիա՝ ուսումնասիրելու այդ երկրների փորձն ու մշակույթը, մեզ հետ զրույցում ասաց․ «Ուսանողի համար սա լավագույն հնարավորություններից էր, քանի որ ոչ միայն շրջագայեցի, ծանոթացա օտարերկրյա մշակութային արժեքներին, այլև կիրառեցի համալսարանում ստացած գիտելիքներս, զուգահեռներ անցկացրի հայկական մշակույթի հետ և վերադարձա նոր գիտելիքներով»։  Բուլղարիայից ժամանած մասնակցներից Սվետա Պանովան մեզ հետ զրույցում պատմեց․ «Մեզ արդեն ծանոթացրել են համալսարանի ֆակուլտետներին այստեղ ինձ ամեն ինչ շատ դուր է գալիս՝ և՛ համալսարանի շենքերի արտաքին տեսքը, և՛ լսարանները, և՛ մաքրությունը։ Շատ կցանկանամ ապագայում կրթությունս շարունակել ԵՊՀ-ում»: Նշենք, որ դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համատեղ ջանքերով։ «PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի կայուն զարգացման ուղի։ Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Վառնայի կառավարման համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Սալոնիկի համալսարանի համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ։ Նախաձեռնության մասն են նաև Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):

Ինչպես արջի քոթոթը փրկվեց որսագողերից. Տեսանյութ

Ինչպես արջի քոթոթը փրկվեց որսագողերից. Տեսանյութ
Օգոստոսի 28-ին, ժամը 10:15 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) ահազանգ ստացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և Վայոց ձորի բնապահպանական տեսչական մարմնից առ այն, որ արջի ճիչեր են լսվում Վայոց ձորի Եղեգիս համայնքում և, ըստ նախնական տվյալների, արջը հայտնվել էր թակարդի մեջ։ Անհապաղ միջոցներ ձեռնարկվեցին, հիմնադրամի յոթ աշխատակիցներ եղան դեպքի վայրում, որտեղ աշխատակիցներին միացան ԱԻՆ-ի փրկարարար ծառայության, Տեսչական մարմնի, ոստիկանության աշխատակիցները։ Արջի 7 ամսական քոթոթը խեղդվում էր պարանոցի շրջանում փաթաթված մալուխի հետևանքով: Նույն տարածքում հայտնաբերվեցին 5 այլ տարբեր տրամաչափերի մալուխներ տեղադրված որսագողերի կողմից: Նախնական դրոնով զննում իրականացնելուց և քնեցնելուց հետո՝ արջին տեղափոխել են ապահով տեղամաս: Հետսրսկումից անմիջապես 5 րոպե հետո քոթոթը վազեց սարն ի վեր: «7-8 ամսական արջուկ էր, արվել է նաև կատաղության դեմ պատվաստում։ Չնայած արգելքին՝ այս տարածքում իրականացվում է ապօրինի որս։ Պետք է ասեմ, որ նույն կիրճում արջի սպանության 3-4 տարբեր դեպքեր են եղե միայն վերջին 2 տարիներին, ինչը չափազանց մտահոգիչ է։ Ուրախ եմ, որ կարողացանք փրկել այս քոթոթին»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․  

«Sensor»-ը չի խաթարի Պարիս Հերունու աստղադիտարանի էկո համակարգը․ վստահեցնում են փառատոնի կազմակերպիչները

«Sensor»-ը չի խաթարի Պարիս Հերունու աստղադիտարանի էկո համակարգը․ վստահեցնում են փառատոնի կազմակերպիչները
Սեպտեմբերի 10-ից 12-ը Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում, «Sensor» երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի կազմակերպիչները մշակութային իսկական եռուզեռ են խոստանում։ Արագածոտնի մարզի Օրգով համայնքում գտնվող Պ. Հերունու աստղադիտարանի տարածքում փառատոնի ընթացքում պատրաստվում են հյուրընկալել աշխարհահռչակ արտիստներ շուրջ 15 երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, ԱՄԷ-ից եւ նույնիսկ Թուրքիայից: Իսկ Հայաստանից փառատոնին կներկայանա «ԹմբաԹա» հայտնի երաժշտական խումբը: Ըստ կազմակերպիչների, նախատեսում են ընդհանուր առմամբ փառատոնին աստղադիտարանի տարածքում հյուրընկալել ավելի քան 80 արտիստ և շուրջ 3500 հանդիսատես։ Մինչ փառատոնի կազմակերպիչները ներկայացնում էին, իսկ հայկական մեդիադաշտը տարածում էր սպասվելիք իրադարձությունը, որպես մասշտաբային առաջին մեծ նախագիծ, տարածվեց հակառակ տեսակետը՝ Պ․ Հերունու ժառանգների կողմից։ Նրանց միացան նաև գիտական ու բնապահպանական ոլորտի անհատներ ու քաղաքացիներ, պնդելով այն տեսակետը, թե փառատոնը կվնասի աստղադիտարանի տարածքը և գիտական և բնապահպանական տեսանկյունից։ Օրերս կազմակերպիչները լրագրողական շրջայց էին կազմակերպել, որին ներկա էր նաև Eco.am սոցիալական հարթակը։ Մեզ հետ զրույցում փառատոնի հայ և ռուս կազմակերպիչները վստահեցրին, որ իրենց կաղմից կազմակերպված եռօրյա փառատոնը չի վնասի գիտությանը, և չի խաթարի աստղադիտարանի էկոհամակարգը։ Ինչպես փառատոնի համակազմակերպիչ Նատաշա Աբելը պնդեց՝ արվեստը եկել է ոչ թե վնասելու, այլ փրկելու գիտությանը․ «Հենց տարածքի առանձնահատկություններից ելնելով` որոշվեց փառատոնի մի փոքր տիեզերական, գիտաֆանտաստիկ թեմատիկան և անվանումը: Լինելու են էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական խմբերի կենդանի կատարումներ, նկարիչներն աշխատելու են մեդիա, լուսային ինտերակտիվ ինստալյացիաների ժանրում: Ընտրեցինք արտիստների և նկարիչների, որ այդ ամենը մեկ ընդհանուր համակարգի մեջ լինեն»: Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը,Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ: Իսկ Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը կլինեն ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում: Փառատոնի կազմակերպիչները, ընդամենը 3 օրվա համար վերականգնում ու բարեկարգում են տարածքը՝ չվնասելով տարածքում գտնվող կարևոր նշանակության օբյեկտները: Ընդհակառակը, վերանորոգում են տարածքում եղած ենթակառույցները, տանիքները, տնակները, կառուցում ոչ ժամանակավոր բեմահարթակներ, ապահովում լուսավորությամբ: Փառատոնի օրերին  Երևանից դեպի Օրգով՝ աստղադիտարանի տարածք և հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային ուղերթներով: Հանդիսատեսը ոչ միայն կվայելի լավ երաժշտություն և կհիանան Հերունու գիտական միջավայրը տեսնելով, այլեւ կունենան վրանային հանգիստ անցկացնելու և, իհարկե, սնվելու հնարավորություն՝ սննդի վճարովի կետերից: Ընդ որում՝ մի հատված էլ փառատոնային տարածքում կոչվելու է Արցախ, որտեղ տեղահանված արցախցիները հնարավորություն կունենան արցախյան բարիքներ վաճառել այցելուներին, որի գումարն ամբողջովին մնալու է հենց իրենց: Ըստ փառատոնի համակազմակերպիչ, «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ Լևոն Հունանյանի, իրենց ջանքերի շնորհիվ տարածքում այնպիսի լավ պայմաններ են ստեղծվել, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում կկարողանան էլ ավելի մեծ սիրով իրենց գործն անել․ «Երբ մեր լավ ընկերներին ներկայացրինք, որ Արագածի լանջին այսպիսի մի հետաքրքիր տեղանք կա, նրանց հետաքրքրեց և տարբեր ժամանակահատվածներում այստեղ ուսումնասիրել, հետազոտել և հասկացել ենք, որ հնարավոր է այստեղ լինի նման փառատոն: Ապահովելու ենք ինչպես տարածքի կարևոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ կլինեն հսկիչներ, որոնք մարդկանց տեղաշարժին կհետեւեն: Այս առումով համագործակցում ենք ԱԻՆ-ի հետ, որպեսզի փառատոնի օրերին այստեղ լինեն փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ եւ լեռնագնացներ: Ասեմ, որ այս օրերին վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում», - ներկայացրեց Լ․ Հունանյանը, պնդելով, որ աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու՝ ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար: Ի դեպ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։ Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։ Նշենք, որ աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, իսկ փառատոնի երաժշտական չորս բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։

Շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք․ կկայանա Հուրի Մարգարեանի անհատական ցուցահանդեսը

Շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք․ կկայանա Հուրի Մարգարեանի անհատական ցուցահանդեսը
«Գիծն ահռելի ուժ ունի: Այն առավել արտահայտիչ է իր ամենախաղաղ վիճակում։ Այն խաղաղություն ստեղծելու կարողություն ունի նույնիսկ իր ամենադինամիկ և խառնաշփոթ վիճակում: Գիծն ունի մարդու հոգին մարմնավորելու զորություն և կարող է նրան իմաստալի ծեսում պարացնել»,- ասում է նկարչուհի Հուրի Մարգարեանը, ով իր հոգեվիճակը ներդնելով հենց այդ իմաստալից գծերի մեջ, Անտիկյան ցուցասրահի հետ ամբողջացրել ու  «ՎԻՇԱՊԱՊԱՐ» խորագրով անհատական ցուցահանդեսով, օգոստոսի 29-ին, Դալան ցուցասրահում, կներկայացնի արվեստասեր հանրությանը։ «Որպես արվեստագետ, այն նյութերը և ձևերը, որոնց հետ ես աշխատում եմ, կախված են իմ հոգեվիճակից և մտքի գործընթացից: Ես մշտապես պատերազմի մեջ եմ ինքս իմ հետ, զգում եմ, թե ինչպես եմ խեղդվում իմ սեփական մտքերում»,- ասում է նկարչուհին ու մանրամասնում․ «Իմ աշխատանքները կերպավորվում են իմ սեփական էքզիստենցիալ ցնցումներով, տրամադրության ծայրահեղ տատանումներով, ֆիզիկական և էմոցիոնալ ցավի, միայնության ու խոցելիության զգացումներով: Ուզում եմ, որ իմ անձնական անհանգստությունը ներկայանա հանդիսատեսի առջև, երբ նրանք տեսնեն և շփվեն գրոտեսկային, կենդանի և միևնույն ժամանակ անհոգի, այլակերպված էակների հետ. գուցե շատերը հարազատություն զգան»։ Ըստ Հուրիի, աշխատանքը բխում է իր սեփական անձից, որտեղ կա տառապանք, հուզումներ ու անհանգստություն, սակայն կողքից հայացքների համար՝ անտեսանելի ու կաղապարված։ «Սա իմ ներքին եսն է, որը կերպավորվել է տասնամյակների պայքարի ընթացքում առանց որևէ աջակցության դաշտի: Մենք շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք, և մենք դեֆորմացնում ենք այդ տարածքներում բնակվող մարդկանց։ Մենք, կարծես, ապացուցել ենք, որ ի վիճակի չենք համահունչ լինել աշխարհի հետ և համերաշխ մարդկային փոխազդեցությամբ բնակեցնել այն: Իմ աշխատանքը ոչ միայն իմ սեփական տանջանքների արտահայտումն է, այլ համատեքստից անկախ մարմնի և տարածության փոխհարաբերությունների հոդավորման փորձ: Այս հոդավորումները երաժշտականություն ունեն, որ ի հայտ է գալիս դիտորդի մասնակցության դեպքում»,- իր ստեղծագործություններն այսպես է նկարագրում նկարչուհին և պնդում․ «Այն ուժը, որով ես ճկում և ոլորում եմ մումիֆիկացման ընթացքում, կախված է իմ սևեռուն մտքերի ինտենսիվությունից, ինչը հանգեցնում է դեֆորմացիայի իրականացմանը: Մենք սուբյեկտիվորեն փոխակերպում, ձևավորում և նոր իմաստներ ենք տալիս՝ հիմնվելով մեր սեփական ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր փորձառությունների վրա»:

Սևանա լիճն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը․ Սևանա լճի օրը կնշվի օգոստոսի 28-ին

Սևանա լիճն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը․ Սևանա լճի օրը կնշվի օգոստոսի 28-ին
Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այս տարի Սևանա լճի օրը կնշվի այս կիրակի՝ օգոստոսի 28-ին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հորդորում․ «Ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, մենք ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ կփրկենք Սևանը»։ Մանրամասները՝ տեսանյութում

Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողը տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերել

Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողը տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերել
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։ «Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում է վայրի տանձենիների հարուստ տեսակային բազմազանությամբ: Այստեղ իրականացվել է հազվագյուտ և անհետացող տանձենիների ուսումնասիրություն։ Եղեգիս գետի կիրճում՝ Վարդահովիտ գյուղի շրջակայքում, հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ։  Հավաքվել է հերբարիումի նյութ, ուսումնասիրվել են ներտեսակային փոփոխականության առանձնահատկությունները՝ օգտագործելով տերևների, ծաղիկների, պտուղների կառուցվածքի մորֆոլոգիական առանձնահատկությունները», - ասաց  ուսումնասիրությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի կուրատոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը: Ըստ նրա, վայրի տանձենիների (Pyrus L.) ուսումնասիրությունը Բուսաբանության ինստիտուտի գիտական ​​առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Հայաստանը Pyrus L. ցեղի հարուստ բազմազանության կենտրոնն է։ «Երևանի բուսաբանական այգում վայրի տանձենիների հավաքածուն ունի գիտական, բնապահպանական և կրթական արժեք։ Այժմ մեր  հավաքածուն ներառում է 20 տեսակ»- ասաց  Ժանետա Հակոբյանը,՝ թվելով դրանք՝ P. caucasica Fed., Pyrus browiczii Mulk., P. caucasica Fed., P. communis L., P. daralaghezii Mulk., P. elata Rubtzov, P.  fedorovii Kuth., P. georgica Kuth., P. gergerana Gladkova, P. hyrcana Fed. var. yeghegisii Akopian, P. medvedevii Rubtzov, P. megrica Gladkova, P. oxyprion Woronow, P. pseudosyriaca Gladkova, P. sosnovskyi Fed., P. syriaca Pall., P. takhtadzhianii Fed., P. tamamschjanae Fed., P. theodorovii Mulk., P. turcomanica Maleev, P. zangezura Maleev»: Հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակվել է հոդված՝ Akopian J. A. 2021. A new variety of Pyrus hyrcana Fed. (Rosaceae) from Vayots Dzor province of Armenia // Takhtajania, 7: 4-11 (in English). https://takhtajania.am. Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։ «Հոդվածը տեղադրվել է Researchgate-ում, ստացել առաջարկություններ օտարերկրյա հետազոտողների կողմից և մեջբերվել նրանց կողմից»,- ուրախությամբ շեշտեց Ժանետա Հակոբյանը: Հետազոտությունն իրականացվել է BGCI/ArbNet-ի և Arnold Arboretum գործընկեր կազմակերպության (ԱՄՆ, Բոստոն) աջակցությամբ՝ «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:

Ինչպես ծովափում պաշտպանվել արևային այրվածքներից․ 9 խորհուրդ

Ինչպես ծովափում պաշտպանվել արևային այրվածքներից․ 9 խորհուրդ
Սարերով ու ժայռերով շրջապատված Հայաստանի բնակիչներս ծարավ լինելով Ծովափնյա հանգստին, սեզոնը մեկնարկելուն պես, փնտրում ենք մեր դրամապանակի կարողությանը համապատասխան և հասանելի ծովափնյա հանգստի գոտիներ։ Երբ արդեն ամեն ինչ կազմակերպված է ու պատրաստ եք մեկնելու, լավ կլինի մեկ անգամ ևս ստուգեք ճամպրուկի պարունակությունը, թե արդյո՞ք չեք մոռացել ծովափնայ հանգստի համար անհրաժեշտ իրերն ու պարագաները։ Առաջին հերթին պետք է կարևորություն տաք խնամքի պարագաներին՝ արևից մաշկը պաշտպանելու համար։ Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել մի քանի խորհուրդների, քանի որ, որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Դրա համար, պետք չէ շտապել ու առանց արևապաշտպան քսուքի նետվել ծովը: Արագ ստացված արևայրուքը կարող է պարզապես այրվածքներ առաջացնել։ Նախ․ 1․Ծովափում գտնվելու առաջին օրը, արևի տակ բավական է լինել 10-15 րոպե, առավոտյան և երեկոյան ժամերին: Օրվա մնացած ժամերին պետք է ստվերի տակ լինել: Ամեն օր կարելի է ավելացնել ժամանակը 5-7 րոպեով: 2․ Արևի տակ գտնվելիս պետք է պաշտպանել գլուխը՝ գլխարկի միջոցով, իսկ աչքերը՝ ակնոց կրելով: 3․Արևայրուք ընդունելուց առաջ պարտադիր է արևապաշտպան քսուքներ օգտագործելը՝ արևի տակ հայտնվելուց 10 րոպե առաջ: 4․ Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Տաքանալուց հետո մի շտապեք ջուրը նետվել. մի քիչ մնացեք ստվերում, որպեսզի իջեցնեք ջերմաստիճանի կոնտրաստից առաջացած սթրեսը: Լողանալուց հետո սրբվեք սրբիչով: 5․ Լողափին արևի տակ գտնվելու հարմար ժամանակը առավոտյան մինչև 11։00-ն է, իսկ երեկոյան՝ 16։00-ից հետո: Ամենավտանգավորը ժամանակահտվածը՝ 12։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածն է: 6․ Խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել սոված կամ կուշտ: Ցանկալի է սնվել լողափ գնալուց 1-1,5 ժամ առաջ: 7․Արևի տակ մնալու ժամանակ փորձեք շատ ջուր խմել: 8․ Իսկ գեղեցիկ արևայրուքի համար խորհուրդ է տրվում խմել ծիրանի և գազարի հյութեր: 9․ Արևայրուքից հետո խորհուրդ է տրվում զով ցնցուղ ընդունել և խոնավացնող կամ սնուցող քսուք օգտագործել։ Արևայրուքից մնացած այրվածքներ և պիգմենտային հետքեր Այնուամենայնիվ, ինչ անել, եթե արդեն ունեք այրվածքներ ու պիգմենտային հետքեր։ Մաշկաբանները պնդում են, որ արևայրուքից ստացած այրվաքներն իսկապես վտանգավոր են մաշկի համար, սակայն, ժամանակին ու ճիշտ խնամքի, հատկապես մասնագետի ճիշտ խորհրդատվության դեպքում կարող եք հաղթահարել վտանգները։ 1 Նախ, եթե անհաջող արևայրուքից պիգմենտային հետքեր եք նկատում մաշկին, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այլ անպայման դիմեք մասնագետին: 2․Արդյո՞ք այդ հետքերը ժամանակի ընթացքում իրենք իրենց կանցնեն, թե հարկավոր է միջամտություն, տանջող հարցին պետք է համբերատար սպասել առավելագույնը 1 ամիս։ Սակայն, այդ ընթացքում մաշկն ամենօրյա խնամիք կարիք ունի։ Դրա համար պետք է մաշկին խոնավություն ապահովել, որպեսզի մեռած բջիջներից ազատվելու ու ստանա։ 3․Այրված, ջրազրկված մաշկը սկսում է շերտազատվել, դրա համար կարևոր է, որ այդ ընթացքում արևապաշտպան քսուքները մշտապես օգտագործեք։ Ըստ մաշկաբանների, մեռած շերտը հեռանալուց հետո նրա տակ մնում է անպաշտպան մաշկ, որը նույնպես ենթակա է արևի ճառագայթների բացասական ներգործությանը: 4․ Մաշկի մեռած շերտը կարելի է հեռացնել մեխանիկական միջամտությամբ՝ձեռքով, սկրաբով, եթե ճիշտ կազմակերպեք խնամքը՝ արևապաշտպան և խոնավացնող քսուքներով: 5․ Խոնավացման համար քսուքներ կարող եք ձեռք բերել դեղատնից, բայց օգտակար են նաև տնական միջոցները՝ մածուն, մաղադանոսի, կիտրոնի հյութ, ելակ, հաղարջ։ Ի դեպ, տնական միջոցներն օգտագործելուց առաջ համոզվեք, արդյո՞ք նշված մթերքներից ալերգիա չունեք:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել