Շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք․ կկայանա Հուրի Մարգարեանի անհատական ցուցահանդեսը

https://eco.am/%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a4%d5%a5%d6%86%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1/

«Գիծն ահռելի ուժ ունի: Այն առավել արտահայտիչ է իր ամենախաղաղ վիճակում։ Այն խաղաղություն ստեղծելու կարողություն ունի նույնիսկ իր ամենադինամիկ և խառնաշփոթ վիճակում: Գիծն ունի մարդու հոգին մարմնավորելու զորություն և կարող է նրան իմաստալի ծեսում պարացնել»,- ասում է նկարչուհի Հուրի Մարգարեանը, ով իր հոգեվիճակը ներդնելով հենց այդ իմաստալից գծերի մեջ, Անտիկյան ցուցասրահի հետ ամբողջացրել ու  «ՎԻՇԱՊԱՊԱՐ» խորագրով անհատական ցուցահանդեսով, օգոստոսի 29-ին, Դալան ցուցասրահում, կներկայացնի արվեստասեր հանրությանը։

«Որպես արվեստագետ, այն նյութերը և ձևերը, որոնց հետ ես աշխատում եմ, կախված են իմ հոգեվիճակից և մտքի գործընթացից: Ես մշտապես պատերազմի մեջ եմ ինքս իմ հետ, զգում եմ, թե ինչպես եմ խեղդվում իմ սեփական մտքերում»,- ասում է նկարչուհին ու մանրամասնում․ «Իմ աշխատանքները կերպավորվում են իմ սեփական էքզիստենցիալ ցնցումներով, տրամադրության ծայրահեղ տատանումներով, ֆիզիկական և էմոցիոնալ ցավի, միայնության ու խոցելիության զգացումներով: Ուզում եմ, որ իմ անձնական անհանգստությունը ներկայանա հանդիսատեսի առջև, երբ նրանք տեսնեն և շփվեն գրոտեսկային, կենդանի և միևնույն ժամանակ անհոգի, այլակերպված էակների հետ. գուցե շատերը հարազատություն զգան»։

Ըստ Հուրիի, աշխատանքը բխում է իր սեփական անձից, որտեղ կա տառապանք, հուզումներ ու անհանգստություն, սակայն կողքից հայացքների համար՝ անտեսանելի ու կաղապարված։

«Սա իմ ներքին եսն է, որը կերպավորվել է տասնամյակների պայքարի ընթացքում առանց որևէ աջակցության դաշտի: Մենք շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք, և մենք դեֆորմացնում ենք այդ տարածքներում բնակվող մարդկանց։ Մենք, կարծես, ապացուցել ենք, որ ի վիճակի չենք համահունչ լինել աշխարհի հետ և համերաշխ մարդկային փոխազդեցությամբ բնակեցնել այն: Իմ աշխատանքը ոչ միայն իմ սեփական տանջանքների արտահայտումն է, այլ համատեքստից անկախ մարմնի և տարածության փոխհարաբերությունների հոդավորման փորձ: Այս հոդավորումները երաժշտականություն ունեն, որ ի հայտ է գալիս դիտորդի մասնակցության դեպքում»,- իր ստեղծագործություններն այսպես է նկարագրում նկարչուհին և պնդում․ «Այն ուժը, որով ես ճկում և ոլորում եմ մումիֆիկացման ընթացքում, կախված է իմ սևեռուն մտքերի ինտենսիվությունից, ինչը հանգեցնում է դեֆորմացիայի իրականացմանը: Մենք սուբյեկտիվորեն փոխակերպում, ձևավորում և նոր իմաստներ ենք տալիս՝ հիմնվելով մեր սեփական ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր փորձառությունների վրա»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով