Blog
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
Սևանա լճի ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր
Posted on 24 Հոկտեմբերի, 2022

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։ Այդ մասին Eco.amսոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ ԳԱԱ-ից։ «Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես և կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը և ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր և վերականգնվող ռեսուրսներից մեկն է»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը: Ըստ նրա Սևանա լճի քաղցրահամ ջրի նմուշների ընդհանուր մանրէաբանական վերլուծության արդյունքում հայտնաբերել են ալգոլոգիապես մաքուր ցիանոբակտերիալ կուլտուրաների գերիշխող տեսակներ՝ Microcystis sp. Pc-001 և Pc-002, Anabaena sp. Pc-004 և Pc-007, Synechococcus sp. Pc-003, Phormidium sp. Pc-005 և Oscillatoria sp. Pc-006: Գազահեղուկային քրոմատոգրաֆիկ մեթոդներով բացահայտվել է սինթեզվող լիպիդների ճարպաթթվային բաղադրությունը: Ուսումնասիրության արդյունքում մեկուսացված ցիանոբակտերիաների տեսակներ․ ա - Anabaena sp., բ - Microcystis sp., գ - Oscillatoria sp., դ - Synechococcus sp., ե - Phormidium sp. «Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի և մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում, դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16,89% և 22,28%: Բացի դրանից, այդ շտամի մոտ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17,99%), ստեարինաթթու (7,01%) և մոնոենային դոկոզադիենաթթու (6,25%) գործնականում հագեցած և չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ (46,55%/46,52%): Մեր կողմից ցույց է տրվել, որ ուսումնասիրված ցիանոբակտերիաների լիպիդները սովորաբար պարունակում են ճարպաթթուներ, որոնց շղթայի երկարությունը չի գերազանցում 18 ածխածնի ատոմը, բացառությամբ Microcystis sp Pc-001 շտամի, որը սինթեզում է բավական մեծ քանակությամբ դոկոզադիենաթթու C22:2n6 (6,25%)։ Կարելի է եզրակացնել, որ ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր»,- ասաց Վիգեն Գոգինյանը: Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ և մեծ քանակությամբ։ «Այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն և արտադրական ցածր ինքնարժեք։ Բնության մեջ ցիանոբակտերիաները միշտ հանդիպում են այլ բակտերիաների հետ համակեցության ձևով, և դա հնարավորություն է տալիս ստեղծելու արհեստական ասոցիացիաներ, որոնք օժտված կլինեն օգտակար և ցանկալի կենսաբանական հատկություններով»,- նշեց Վիգեն Գոգինյանը: Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող Լուսինե Սաղաթելյանը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Մաքրապատում»՝ Վանաձորի բուսաբանական այգում
Posted on 21 Հոկտեմբերի, 2022

«Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ն, «Էկո աղբ» ՀԿ-ն և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համատեղ հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 11։00-14։00 կազմակերպում են «մաքրապատում»՝ Վանաձորի բուսաբանական այգու և հարակից տարածքում։ Մաքրության օրը Վանաձորի բուսաբանական այգում իրականացվելու է «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից։ Եթե ունեք ժամանակ և հնարավորություն, կարող եք միանալ այս նախաձեռնությանը։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ նախաձեռնությանը մասնակցել ցանկացողներին կապահովեն բոլոր անհրաժեշտ պարագաներով։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը» մշակվեց միջազգային և տեղական փորձագետների կողմից
Posted on 21 Հոկտեմբերի, 2022

«Կարծում եմ «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագիրը էական դերակատարում ունեցավ Հայաստանի Հանրապետության կլիմայական օրակարգի շուրջ մասնավոր հատվածի մոբիլիզացման գործում՝ ապահովելով ծրագրային հայտով նախատեսված արդյունքներ ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ»,- «ՀՀ կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ, առցանց ողջունելով մանսակիցներին, ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Ներկա լինելով սեմինար-քննարկմանը, Eco.am սոցիալական հարթակն արձանագրեց, որ ծրագրի հիմնական նպատակն է կանաչ ֆինանսավորման ոլորտում ՀՀ-ում բարձրացնել փորձն ու կարողությունները:
«Կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզի ներկայացումը ևս մեկ կարևոր քայլ է կանաչ ֆինանսավորման մեխանիզմների ու գործիքների, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և վերջինիս տեղայնացման հնարավորությունները բացահայտելու գործընթացում»,- սեմինար քննարման ժամանակ արձանագրեց նախարարի տեղակալ Գ․Գաբրիելյանը և հավելեց․ «Լավագույն արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ միավորելով գործընկերների ներուժը, ռեսուրսները և գիտելիքները»։
Հանդիպմանը եկույցով հանդես եկավ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը՝ ներկայացնելով «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու փաստացի արդյունքները։
Հանդիպման ընթացքում միջազգային և տեղական փորձագետները՝ Անդրեաս Բիեռմանն (բրիտանական Globalfields ընկերության զարգացման տնօրեն) ու Տիգրան Սուքիասյանը (ավագ խորհրդատու, կլիմայական փորձագետ), ներկայացրին ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը»։ Ըստ որի, իրականցված աշխատանքները ներառում են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու ՀՀ-ում վերջիններիս տեղայնացման առաջարկները։ Այն ներկայացնում է ռազմավարական քայլեր՝ կանաչ ֆինանսավորման փորձը և կիրառումը ֆինանսական շուկաներում խթանելու, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում մասնավոր և հանրային կապիտալը դեպի «կանաչ» ծրագրեր ուղղելու համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը` որպես Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազոր մարմին, կարևորում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Նշված ծրագրերը հնարավորություն են ընձեռում զարգացնել և ամրապնդել ազգային կարողությունները, որոնք էական դերակատարում ունեն Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործում։
«Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մայիսի 15-ին: Ծրագիրը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն իրականացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ:
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-dexatun
«Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի»․ ովքե՞ր արժանացան մրցանակների
Posted on 20 Հոկտեմբերի, 2022

Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ «ԷՅ ԷՅ ԴԻ» փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը: Օրեր առաջ կայացած «Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի» խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով: Կազմակերպչի՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով այս մրցանակաբաշխության նպատակը հանրությանը կրթելն է, առողջ կենսակերպին անցնելուն մոտիվացնելը: Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը: Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ՝ և՛ մարզասրահներ, և՛ սննդաբաններ: Բավական հետաքրքիր, եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում ֆիթբար ընկերությունը, որը «Առողջ սննդի ներմուծման ընկերություն» անվանակարգում մրցանակի արժանացավ: «Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի մատակարարման համար» մրցանակ տրվեց Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին: «Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ» անվանակարգում մրցանակի արժանացավ Nutlets Peanut Butter ընկերության հիմնադիր Հարություն Օհանյանը, բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար: Տանը չսնվելու սովորույթը և հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով: Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված է դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից: «Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու-սննդաբան» անվանակարգում մրցանակի արժանանացավ հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու-սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը։ Սեփական օրինակով շուրջ 30 կգ քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը արժանացավ «Տարվա սննդաբան» անվանակարգին։ «Ամենահոգատար մարզիչ-սննդաբան» անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ղալեչյանը իսկ «Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան» անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու Տաթևիկ Հակոբյանը: «Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ» անվանակարգում մրցանակ աստացավ Luckyfit centere-ի հիմնադիր Անահիտ Մկրտչյանը, իսկ «Տարվա մարզային պահանջարկված մարզիչ» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ մարզիչ Տիգրան Ասկարյանը: Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները: «Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար» անվանակարգում մրցանակ տրվեց Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային, «Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում»՝ Ellva Aesthetic Beauty Center-ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին, իսկ «Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ» անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի ծաղկման պատճառ դարձած Գավառագետի հունը մաքրվել է
Posted on 20 Հոկտեմբերի, 2022

Գավառագետի հունի մաքրման աշխատանքները, Արծվաքար թաղամասի եւ Նորատուս գյուղի հատվածներում, 4,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արդեն ավարտին են հասցվել։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Գավառի համայնքապետարանից, Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից հատկացված՝ շուրջ 50 միլիոն դրամի շրջանակներում: Գավառագետի այս հատվածներում վերջին 15 տարիների ընթացքում մաքրում չէր իրականացվել: Մաքրման աշխատանքներ իրականացնող Ներսես Օվչյանի հավաստմամբ՝ 4,2 կիլոմետրանոց հատվածում գետի հունը տիղմից մաքրվել է 1 մետր հաստությամբ, ինչի արդյունքում ոչ միայն հունն է խորացել եւ ջրի հոսքը կարգավորվել, այլ նաեւ գետի ափամերձ հատվածների բնակարանների նկուղային հարկերը եւ տնամերձ հողամասերն են ազատվել խոնավությունից կամ ճահճացման վտանգից։ Ի դեպ, բոլորովին վերջերս, Սևանի ջրհավաք ավազանում «Պոնտոս» ծրագրի շրջանակներում, իրականացված մեդիա տուրի ժամանակ Eco.am սոցիալական հարթակն արձանագրել էր, որ Գավառի և Մարտունու հատվածում Սևանա լճի պատկերն անմխիթար է՝ գետերի չափից շատ աղտոտված լինելու պատճառով։ «Լճի այն հատվածներում, որտեղ կան եղեգներ ու չկան հարակից բնակավայրեր, ջուրը զուլալ է, իսկ եթե կան բնակավայրեր՝ պատկերն այսպիսինն է։ Արդյունքում՝ այստեղից էլ սկսվում է լճի ծաղկումը»,- Գավառա գետի մոտ մեզ հետ զրույցում ցավալով արձանագրել էր «Պոնտոս» ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանչյանը։ Ըստ Գավառի համայնքապետարանի, Գավառագետից դուրս բերված Տիղմը եւ կենցաղային աղբը հիմնականում բեռնվել եւ տեղափոխվել են գործող աղբավայր, մեկ անգամ ևս բնակչությանը կոչ անելով Գավառագետը չաղտոտել կենցաղային աղբով:
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել՝ տեղումների քանակը․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ
Posted on 19 Հոկտեմբերի, 2022

Նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում տեղի կունենա COP27 կլիմայական համաժողովը։ Հոկտեմբերի 19-ից 21-ը, համաժողովին ընդառաջ Հայաստան են ժամանել Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop - Asia-Pacific and EE region)։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Աշխատաժողովի նպատակն է զարգացող երկրների մասնագետների կարողությունների ամրապնդումը, որը կօգնի հետևել Փարիզյան համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության դրույթների ըմբռնման և կիրառման համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացին։ «Մեր երկրի աշխարհագրական դիրքը, դեպի ծով ելքի բացակայությունը, լեռնային լանդշաֆտը, խոցելի էկոհամակարգերը, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումները, հանգեցրել են երկրի համար կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության հանդեպ ուշադրության մեծացման։ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ կլիմայական օրակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով»,- Հայաստան ժամանած պատվիրակներին ողջունելով ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իրականություն է, որի անմիջական ազդեցությունը նույնպես տեսանելի է։ Դա փաստում է նաև վիճակագրությունը․ Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել է տարեկան տեղումների քանակը։ Մենք նաև տեսնում ենք տարերային աղետների միջադեպերի ավելացում․ այս ռիսկը ուժգնանում է, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով այլ կառույցների հետ, կանգնած է ՀՀ Կառավարության կողքին և պատրաստ է ներդնել իր ջանքերը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Ըստ տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել Կոնվենցիայի քարտուղարությանը։ Հաշվետվությունները վերաբերել են՝ 1․ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրմանը, 2․ երկրում իրականացված մաղմման և հարմարվողականության միջոցառումներին, 3․ խոցելի ոլորտների հատկորոշմանը, 4․ կանխատեսումներին, 5․ քաղաքականության մշակմանը։ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունները և Ազգային հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ծրագիրը 2021-2025 թթ․ համար։ «Փարիզյան համաձայնագրից բխող ընդլայնված թափանցիկության շրջանակի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է, այն ներառված է Կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»,- աշխատաժողովին ընդգծել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճից վերցված ջրի նմուշները կհետազոտվեն Գերմանիայի
Posted on 18 Հոկտեմբերի, 2022

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ՝ 1․ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), 2․ մակերևութային 2 ջրհոսքից, 3․ Արփա-Սևան թունելից։ Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։ Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով:
In
other , shrjaka-mijavayr
Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ
Posted on 17 Հոկտեմբերի, 2022

2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։ Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը միշտ պահելու են պարկում: Նախատեսում են տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն:
In
other , shrjaka-mijavayr
Վարդահովիտում հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ հերթական հանրային լսումները տապալվեցին
Posted on 17 Հոկտեմբերի, 2022

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում նախատեսված բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ հանրային լսումները համայնքի ղեկավարի կողմից հայտարարվել են չկայացած։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Ըստ էության դժվար է հանրային լսում անվանել հավաքը, որի ընթացքում Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամի կողմից հնչեցված որևէ հարցի պատշաճ, կառուցողական և սպառիչ պատասխան չհնչեց «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից։ Այնուամենայնիվ, գերլարված մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում համայնքի դիրքորոշումը հստակ էր արտացոլված․ համայնքն ընտրում է իրական կայուն զարգացումն, այլ ո՛չ մահաբեր հանքարդյունաբերության թվացյալ «առավելությունները», որոնք շատ կարճ ժամանակահատվածում աղետի են վերածվելու ոչ միայն տեղի բացառիկ կենսաբազմազանության, այլև մարդկանց համար։ Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ կողմից հայցվող 94քկմ տարածքն ամբողջությամբ համընկնում է Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամի մասնավոր կերպով պահպանվող տարածքի հետ․ Վարդահովիտի վարչական տարածքից վարձակալած ավելի քան 5000հա տարածքում հիմնադրամը 2016թ․-ից իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն ուղիների պահպանության նախագիծը՝ մեկտեղելով այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված մի շարք այլ նախագծերի հետ, մասնավորապես՝ էկոգյուղերի ցանցի ստեղծմանը։ Պահպանության ենթակա տարածքն ունի բացառիկ կենսաբազմազանություն և հանդիսանում է կենդանական աշխարհի համար կարևոր միգրացիոն միջանցքի մի մասը։ Տարածքում հանդիպում են ՀՀ կարմիր գրքում գրանցված մի շարք կանթնասուններ, ինչպես՝ սիրիական գորշ արջ, եվրասիական ջրասամույր, հնդկական մացառախոզ, անտառակատու և այլն, թռչուններ՝ վայրի ձնահավ/ուլար, մորուքավոր անգղ, գիշանգղ, սև և սպիտակագլուխ անգղեր, քարարծիվ, օձակեր արծիվ, բվեճ և այլն։ Ինչպես նաև տարածքը հարուստ է բազմաթիվ միջազգային կարմիր գրքում գրանցված բուսատեսակներով, օրինակ՝ տանձենի Բռովիչի, տանձենի խառնված, Թրաշուշան հայաստանյան, Գազ թավոտ, Զանգակ ազգակից և այլն։ Ինչպես նաև, տվյալ տարածքը հարուստ է ջրաբանական տեսանկյունից, որտեղ ձևավորվել է բացառիկ խոնավ և գերխոնավ տարածքներ կարևոր վայրի կենդանիների համար։ «Եւս մեկ անգամ կոչ ենք անում, հորդորում ենք, խնդրում ենք մեր ընկերներին, գործընկերներին, բնությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին միանա՛լ խնդրի բարձրաձայնմանը, հայտնել իրենց դիրքորոշումը, մեր կողքին լինել՝ Հայաստանի կենսաբազմազանության այդ բացառիկ կտորը փրկելուն, համայնքների առողջ ու բարեկեցիկ ապագան չվտանգելուն ուղղված մեր ջանքերում»,-նշում են Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամից։ Վարդահովիտ բնակավայրի 5000հա տարածքը մասն է կազմում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան մասնավոր պահպանվող տարածքի։ ԿԿԱ ողջ տարածքը գրանցված է Պահպանվող տարածքների համաշխարհային ռեգիստրում (World Database of Protected Areas), Կենսաբազմազանության հիմնական տարածքների ազգային ռազմավարության պլանում (KBA)։ Համաձայն IUCN-ի պահպանվող տարածքների դասակարգման համակարգի՝ CWR-ը հմապատասխանում է 6-րդ կատեգորիային, իսկ 2019 թ-ին Վարդահովիտը ճանաչվել է «Կյանքի տարածք» (Territory of life), որպես համայնքահեն բնապահպանության ու կարևոր կենսաբազմազանության կենտրոն ողջ Հարավային Կովկասում։ FPWC-ն 2016 թ-ից ի վեր Վարդահովիտ համայնքում իրականացրել է համայնքային կյանքի զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների զարգացումից մինչև բարձրարժեք բուսատեսակների համայնքային այգու հիմնում, ծառատունկեր (41.000 ծառի և կտրոնների տնկում), մշակութային ու բնապահպանական միջոցառումների կազմակերպում՝ իրականացնելով արտաքին լուսավորության անցկացում ՝ 1.6 կմ երկարությամբ 45 ԼԷԴ լամպերով։
In
other , eco-dexatun
Վարակների կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը ձեռքերի հիգիենան է․ նշվեց ձեռքերը լվանալու համաշխարհային օրը
Posted on 17 Հոկտեմբերի, 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:
Ձեռքերը լվանալու համաշխարհային օրվան ընդառաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից մի շարք բժշկական կազմակերպություններում կազմակերպվել են ձեռքերի հիգիենայի վերաբերյալ քննարկումներ, տրամադրվել իրազեկման նյութեր՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ սևեռել հանրության ուշադրությունը հասարակ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա։




