«Կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը» մշակվեց միջազգային և տեղական փորձագետների կողմից

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84/

 «Կարծում եմ  «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագիրը էական դերակատարում ունեցավ Հայաստանի Հանրապետության կլիմայական օրակարգի շուրջ մասնավոր հատվածի մոբիլիզացման գործում՝ ապահովելով ծրագրային հայտով նախատեսված արդյունքներ ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ»,- «ՀՀ կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ, առցանց ողջունելով մանսակիցներին, ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Ներկա լինելով սեմինար-քննարկմանը, Eco.am սոցիալական հարթակն արձանագրեց, որ ծրագրի հիմնական նպատակն է կանաչ ֆինանսավորման ոլորտում ՀՀ-ում բարձրացնել փորձն ու  կարողությունները:

«Կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզի ներկայացումը ևս մեկ կարևոր քայլ է կանաչ ֆինանսավորման մեխանիզմների ու գործիքների, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և վերջինիս տեղայնացման հնարավորությունները բացահայտելու գործընթացում»,- սեմինար քննարման ժամանակ արձանագրեց նախարարի տեղակալ Գ․Գաբրիելյանը և հավելեց․ «Լավագույն արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ միավորելով գործընկերների ներուժը, ռեսուրսները և գիտելիքները»։

 

Հանդիպմանը եկույցով հանդես եկավ  «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը՝ ներկայացնելով «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու փաստացի արդյունքները։

Հանդիպման ընթացքում միջազգային և տեղական փորձագետները՝ Անդրեաս Բիեռմանն (բրիտանական Globalfields ընկերության զարգացման տնօրեն) ու Տիգրան Սուքիասյանը (ավագ խորհրդատու, կլիմայական փորձագետ), ներկայացրին  ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը»։ Ըստ որի, իրականցված աշխատանքները ներառում են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու ՀՀ-ում վերջիններիս տեղայնացման առաջարկները։ Այն ներկայացնում է ռազմավարական քայլեր՝ կանաչ ֆինանսավորման  փորձը  և կիրառումը  ֆինանսական շուկաներում խթանելու, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում մասնավոր և հանրային կապիտալը դեպի «կանաչ» ծրագրեր ուղղելու համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը` որպես Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազոր մարմին, կարևորում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացումը։  Նշված ծրագրերը հնարավորություն են ընձեռում զարգացնել և ամրապնդել ազգային կարողությունները, որոնք էական դերակատարում ունեն Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործում։

«Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մայիսի 15-ին: Ծրագիրը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն իրականացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով