Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

 «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց»․ իրազեկման ակցիա՝ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների համար

 «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց»․ իրազեկման ակցիա՝ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների համար
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով միջոցառմանն արձանագրեց, որ այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես եկան թատերական մնջախաղով՝ ներկայացնելով թմրամոլության, հոգեորսության, բուլինգի, անառողջ սննդի, ֆիզիկական պասիվության, լսողության պահպանման խնդրի վտանգները՝ առաջարկելով այդ արատների դեմ պայքարի տարբերակներ։ Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը կարևորելով երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը հատկապես առանձնահատուկ կարիքներով երիտասարդների շրջանում նշեց․ «Իրազեկվածության բարձացումը խթանում է առողջ ապրելակերպի՝ որպես կենսակերպի, ընկալումը։ Սա ապրելու և առօրյայի գիտակից մոտեցում է, որի հիմքերը դրվում են դեռևս մանկապարտեզում։ Ուստի պետք է կարողանանք ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ մանկուց կսկսի հոգ տանել իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին և որոշակի գիտելիքների տիրապետելով՝ կվարի առողջ կենսակերպ և կունենա դրան միտված ընդունելի վարքագիծ»։ Ըստ ծրագրի ղեկավար Լուսինե Բաբայանի՝ հանրապետության այլ դպրոցների հետ ևս լինելու է շարունակական համագործակցություն, որը ներառականության առումով կնպաստի լսողության խնդիրներով երեխաների՝ հանրային կյանքում առավել լայն ընդգրկմանը։ Ներկաներից Շուշանիկ Դումիկյանի կարծիքով՝ մնջախաղի բեմականացումը շատ հուզիչ էր, ու ցանկալի կլիներ, որ իրազեկված երիտասարդների շրջանակը ընդլայնվեր։ Մասնակիցներից Բելլան պատմեց, որ նա բազմաթիվ խնդիրների մասին իրազեկված չի եղել «Իմ աչքերը բացվեցին, ես հասկացա, որ կան շատ խնդիրներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Օրինակ՝ բուլինգից պաշտպանվելու համար պետք է մեկս մյուսին օգնենք, միմյանց աջակցենք, որ կարողանանք շրջանցել այդ չարիքը»։ Երիտասարդների հետ աշխատած փորձագետները նշեցին, որ խտրականության, թմրամոլության ու ծխելու վնասակարության մասին պետք է հնարավորինս շատ իրազեկել երիտասարդներին, որպեսզի նրանք երբեք տուրք չտան այդ արատավոր երևույթներին։ Միջոցառման ավարտին մասնակից երիտասարդները «Նարեկացի արվեստի միության» կողմից ստացան անակնկալ նվերներ։

Ո՞ր 6 թռչնատեսակներն են հավակնում դառնալ «Տարվա թռչուն-2023» անվանակարգի հաղթող

Ո՞ր 6 թռչնատեսակներն են հավակնում դառնալ «Տարվա թռչուն-2023» անվանակարգի հաղթող
Հայաստանի բնության և կենսաբազմազանության պահպանման միությունը (Nature and biodiversity conservation union Armenia) 2023 թվականի խորհրդանիշ թռչնատեսակին ընտրելու համար նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Միությունը հանրությանն առաջարկում է քվեարկությամբ դառնալ կոլեկտիվ բնապահպանության մի մասը և խոստանում ողջ 2023-ի ընթացքում կազմակերպել ընտրված թռչնատեսակի մասին հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող զանազան էկոկրթական միջոցառումներ 2023 թվականի տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանալու է 6 հետևյալ թռչնատեսակների միջև՝ 1․ Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina) 2․ Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus) 3․ Քարարծիվ (Aquila chrysaetos) 4․ Սովորական կիվիվ (Vanellus vanellus) 5․ Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus) 6․ Կանաչ մեղվակեր (Merops persicus) «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 10-ը, որից հետո իրականացվելու է արդյունքներ ամփոփում և հայտարարվելու 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Քվեարկելու համար սեղմեք այստեղ  

Որքան ծառ է տնկվել համապետական ծառատունկի ընթացքում

Որքան ծառ է տնկվել համապետական ծառատունկի ընթացքում
Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկեց համապետական ծառատունկը, որի ընթացքում հանրապետության տարածքում իրականացվեց շուրջ 130 հա ծառատունկ՝ տնկվեց 451 000 տնկանյութ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին տրամադրվել են տնկիներ և համապատասխան պարագաներ, ինչպես նաև նախանշվել են այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացված համապետական ծառատունկի շրջանակում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ,  ծառատունկի աշխատանքներ իրականացվել են նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Իսկ ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։   Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝ 1․ սոճի, 2․ հացենի, 3․ թեղի, 4․ խնձորենի, 5․ թխկի, 6․ կաղնի, 7․ կեչի, 8․ արջատխիլ: Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերում: Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության  Անտառային կոմիտեի  «Հայանտառ» ՊՈԱԿ –ի՝ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 4000 կաղնի, 2000 հացենի, 1000 թխկի, 500 խնձորենի: «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության տարածքում տնկվել է շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝  սոճի, հացենի, թեղի, խնձորենի: «Սևան»  ազգային պարկի»  տարածքում համապետական ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 170 բարդի: «Դիլիջան»  ազգային պարկի» տարածքում տնկվել են սոճու տնկիներ: «Արփի լիճ» ազգային պարկի» տարածքում տնկվել է 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա, 25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ սահմանապահ Ներքին Հանդ համայնքում գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվել է Արևելյան սոսիներ։ Ծառատնկման համար օգտագործվել են «Սոսու պուրակ» արգելավայրում գործող տնկարանում աճեցվող ծառերը։ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 5000 հատ թեղի և 1000 հատ խնձորենի: «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է ընդհանուր թվով 13000 հացենի, սոճի, խնձորենի: Կլիմայական օրակարգում այս  ծառատունկով Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու միասնական տեսլականին:

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկեց «Ցավում եմ» Կաննի մրցանակակիր ֆիլմով

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկեց «Ցավում եմ» Կաննի մրցանակակիր ֆիլմով
Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը։ Միջոցառման բացմանն ելույթներով հանդես եկան «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, փառատոնի հիմնադիր և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։ Փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն իր բացման խոսքում նշեց, որ 11-րդ «Արևորդին» թիրախավորում է ներկայիս, թերևս, ամենաակտուալ բնապահպանական մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, որը մինչ օրս շատերի համար կա՛մ չափազանց դժվար ըմբռնելի է, կա՛մ այնքան վերացական, որ հեշտությամբ անտեսվում է։ Նա շեշտեց․ «Ցուցադրվող ֆիլմերը փորձ են հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար»։  Սոնա Քալանթարյանը նաև հավելեց, որ փառատոնը հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ աջակից կազմակերպությունների շնորհիվ, որոնց թվում են ԱՄՆ Անտառային ծառայությունը, Վիվա-ՄՏՍ-ը և այլն։ ԱՄՆ Անտառային ծառայությունինց, թեև չէին կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել բացման արարողությանը, իրենց խոսքն են հղել՝ շեշտելով միջոցառման կարևորությունը․ «ԱՄՆ Անտառային Ծառայությունը հպարտ է աջակցելու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին։ Այս շարունակական համագործակցությունը ուղղակիորեն նպաստում է Ծառայության առաքելությանը միջազգային մասշտաբով պահպանելու անտառների և խոտածածկ տարածքների կենսունակությունը, բազմազանությունը և ինքնարտադրողականությունը: Ուրախ ենք շեշտել, որ փառատոնի այս տարվա թեման՝ կլիմայի փոփոխությունն է, քանի որ այն կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ մեր մոլորակի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կայունության վրա»: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքերով․ «Վերջին երեք տարիների ընթացքում փառատոնը ապրել է բավականին բարդ շրջան՝ առերեսվելով այնպիսի հանգամանքների, ինչպիսիք էին Քովիդ 19 համաճարակը, երկրում պատերազմական իրողությունը և անկայուն սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ փառատոնը կարողացել է կանգուն մնալ ու զարգանալ, ինչը մեծ չափով հնարավոր եղավ փառատոնի տնօրենի նվիրվածության, ջանքերի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ»։ Նա նաև նշեց, որ հաջորդ տարի հիմնադրամի Հայաստանում գործունեության 20-ամյակին նվիրված փառատոնը կներկայանա ավելի ընդլայնված ծրագրով, ավելի շատ ֆիլմերով ու միջոցառումներով։ Մեկնարկի պաշտոնական մասի ավարտին ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ով իր հայերենով անակնկալ հուզական ելույթով տպավորեց ներկաներին։ Կարևորելով կլիմայի փոփոխության վերաբեյալ փառատոնի լուսավորչական-կրթական գործոնը, դեսպանը փաստեց, որ Նիդերլանդները, որպես ծովի մակարդակից ամենացած գտնվող երկրներից մեկը, առաջիններից է զգալու գլոբալ տաքացման անդառնալի ազդեցությունը։ Այս էկոլոգիական աղետի արդիականության համատեքստում, նա Հայաստանի և Նիդերլանդների աշխարհագրական դիրքերի տեսանելի համեմատություն ներկայացրեց և հավելեց, որ «Համաշխարհային այս կատակլիզմը նույնքան վտանգավոր և տագնապալի է երկրագնդի բոլոր հատվածների ու կետերի համար՝ անկախ իրենց տեղայնությունից»։ Դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ ընդգծեց, որ փառատոնը մեկնարկում է Նիդերլանդների հետ համատեղ արտադրության ֆիլմով։ Փառատոնի բացմանը ցուցադրվեցին մրցութային ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև ներկայացվեց ժյուրիի ամբողջական կազմը և մրցանակները, ինչին հաջորդեց Ժաո Լիենգի «Ցավում եմ»` Կաննի, Գուանչժոուի և այլ հայտնի միջազգային կինոփառատոնների պատվավոր հաղթող-մրցանակակիր ֆիլմի ցուցադրությունը։ Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը ցուցադրվելու են վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմ՝ աշխարհի տարբեր անկյուններից։   Հանդիսատեսին բեմից իրենց երաժշտական ողջույնը հնչեցրին նաև «Working People» խմբի երաժիշտները, որոնք ջերմ և անմիջական ​​ընթացք հաղորդեցին միջոցառմանը:«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի նոյեմբերի 4-8 ցուցադրվող ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին։ Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։ Հիմնադրման պահից «Արևորդի»-ն միավորել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

«Պարող անտառ»․ բնության հրաշքները

«Պարող անտառ»․ բնության հրաշքները
«Պարող անտառը» կամ «հարբած անտառը» գտնվում է Կալինինգրադի մարզում՝ Կուրշի ազգային զբոսայգում (Куршская коса): Այս մասին անդրադառնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ու մանրամասնում, որ «Պարող անտառը» շատ յուրահատուկ ու զարմանալի երևույթ է, քանի որ այստեղ աճող սոճիները թեքված են ամենաարտասովոր կորագծերով։ Այս յուրահատուկ անտառը տնկվել է 1960-ական թվականներին: Ամբողջ անտառում սոճիներն ունեն սովորական տեսք, և միայն մի փոքր հատվածում ծառերի բները գալարվում են՝ ստեղծելով ամենատարբեր օղակներ: Հետաքրքրական է այն փաստը, որ գոյություն ունի հստակ սահման սովորական ծառերի և ոլորվածների միջև։ Կան ենթադրություններ, որ թեքվելու պատճառ կարող են լինել գենետիկական առանձնահատկությունները` բնության զանազան երևույթները, վարակների ազդեցությունը, վնասատու միջատները կամ այդ վայրի վրա ազդող յուրահատուկ տիեզերական էներգիան: Անտառում տիրում է քար լռություն, նույնիսկ թռչունների ձայներ չեն լսվում, չեն հանդիպում կենդանիներ: Այն մարդիկ, ովքեր հասնում են մինչև կենտրոն, ունենում են ուժեղ գլխացավ։ Թե ինչո՞ւ են այդ վայրում ծառերն աճում նման հետաքրքիր ձևով՝ մինչ օրս գիտությանը հայտնի չէ:

«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով տեղի կունենա նկարչական մրցույթ

«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով տեղի կունենա նկարչական մրցույթ
Նոյեմբերի 21-25-ը կայանալիք ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո, Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ: Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից, դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը: Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցութային աշխատանքները համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. 1․ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, 2․ էներգախնայողություն, 3․ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, 4․ կանաչ զարգացում, 5․  կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն: Մրցույթի պայմանները. 1․ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ): 2․ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք: 3․  Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն): 4․ Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tatevik.harutyunyan@eumayors.eu կամ artem.kharazyan@eumayors.eu էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը , նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը: 5․  Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը: 6․  Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին: 7․  Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով: Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը: Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների բովանդակալիցությունը և համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական ​​մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը): Մրցույթի կազմակերպիչները հորդորում են բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում կցուցադրվի 30 ֆիլմ

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում կցուցադրվի 30 ֆիլմ
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից Փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը ներկայացրեց փառատոնի ծրագիրը, մրցութային ֆիլմերն ու անվանակարգերը, փառատոնի գաղափարախոսությունն ու առաքելությունը։ «Բոլոր ընտրված ֆիլմերն այս կամ այն կերպ անդրադառնում են փառատոնի հիմնական թեմային՝ կլիմայի փոփոխությանը, որը լայնածավալ իրազեկում ու հրատապ լուծումներ պահանջող գլոբալ բնապահպանական խնդիր է։ Փառատոնը կոչված է ապահովել այս կարևոր խնդրի շուրջ հանրության իրազեկման մակարդակի բարձրացունը և արդյունավետ երկխոսության սկիզբ դնել»,-ասաց Սոնա Քալանթարյանը։ Փառատոնի տնօրենը հավելեց, որ բուն ծրագրից բացի՝ նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն ՀՀ տարբեր մարզերում։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին։ Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։  «Ցավոք, բնապահպանական խնդիրները միշտ չէ, որ մեր երկրում մեծ ուշադրության են արժանանում։ Դրա մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ փառատոնի անցկացման 16 տարիների ընթացքում այն պետական որևէ աջակցության չի արժանացել, փառատոնն էլ ավելի հայտնի է արտերկրում, քան Հայաստանում։ Սակայն հիմնադրամն ի զորու է շարունակել իր գործունեությունը և ամեն կերպ աջակցել փառատոնի կայացմանն ու ընդլայմանը»,-նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Խաչատրյանը հավելեց, որ հաջորդ տարի հիմնադրամը նշելու է Հայաստանում իր գործունեության 20-ամյակը, որի շրջանակում փառատոնը կներկայանա ընդլայնված ծրագրերով ու միջոցառումներով։ Փառատոնի այս տարվա ծրագրի հավելվածներից մեկն է նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը: Փառատոնի շրջանակներում մեկնարկվող այս նախագծի մասին ազդարարեցին «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ի տնօրեն Եվա Մարտիրոսյանը և նախագծի աջակից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը։ «Կլիմայական լրագրությունն այժմ գլոբալ թրենդ է ողջ աշխարհում, սակայն Հայաստանում այն դեռևս նորույթ է։ Ընդհանրապես՝ բնապահպանական լրագրությունը մեր երկում բավականին սահմանափակ է և ոչ խորքային։ Զուգահեռելով բնապահպանությունն ու լրագրությունը՝ թիրախավորել ենք լրագրությամբ զբաղվող ու հետաքրքվող երիտասարդների։ Ծրագրում ներգրավված են մեդիա և բնապահպանական ոլորտների առաջատար մասնագետներ, որոնք 4 օրվա ընթացքում իրենց գիտելիքը, հմտություններն ու փորձը կիսելու են դպրոցի մասնակիցների հետ», - ասաց Եվա Մարտիրոսյանը։ Շուշանա Սիրականյանն էլ իր խոսքում հատուկ կարևորեց «կանաչ» թեմաներ լուսաբանող արհեստավարժ լրագրողներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա․ «Այդ երիտասարդները նաև որոշակի չափով վերահսկողական գործառույթ կարող են իրականացնել թե՛ մեր պետության, թե՛ մեր՝ որպես հասարակության էկո-վարքագծի դրսևորումների հանդեպ»։  «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։ Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։ 2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

Ո՞ր թվականներին է նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ դիտվել

Ո՞ր թվականներին է նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ դիտվել
Նոյեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և, հետևաբար,  փոքրանում է ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է և հանրապետությունում միջինը տատանվում 5-6 օրվա սահմաններում: Հարավային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքերի թիվը հոկտեմբերի համեմատ շարունակվում է կրճատվել, փոխարենն ավելանում են հյուսիսային լայնություններից եկող ցուրտ օդային հոսանքների ներխուժումները։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին  ջերմաստիճանը +1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը։ Առաջին  տասնօրյակի միջին ջերմաստիճանը +4°C է, Երկորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը՝ արդեն բացասական` -0.5°C, Երրրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ․ նոյեմբերի 17-ին՝ -15°C: Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998 թվականներին, իսկ 1948, 1973, 1978, 1996, 2001 թվականներին գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, նույնիսկ հովտային շրջաններում գրանցվել է -6…-12°C ցուրտ: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2016 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ՝ 1996, 2010 թվականները, երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ, ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը։ Միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վ, իսկ առավելագույնը` 20-30մ/վ: Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը։

Որ մթերքներն են երկաթ պարունակում․ խորհուրդ է տալիս բժիշկ-դիետոլոգը

Որ մթերքներն են երկաթ պարունակում․ խորհուրդ է տալիս բժիշկ-դիետոլոգը
«Երկաթը անհրաժեշտ է արյան մեջ կարմիր գնդիկների ստեղծման համար, որոնք իրենց հերթին մատակարարում են թթվածինը ամբողջ մարմնում: Երկաթի պակասը կարող է բերել անեմիայի, որի պատճառով կարող է առաջանալ հոգնածություն, թուլություն, հևոց, մազաթափություն»,- ասում է բժիշկ-դիետոլոգ՝ Լիդիա Այվազյանը։ Ըստ նրա, Եթե կա արյան անալիզով հաստատված երկաթի դեֆիցիտ կամ երկաթ դեֆիցիտային անեմիա, բուժումը պարտադիր դեղորայքային է․ «Իսկ սնունդը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկական երկաթի դեֆիցիտ, որպեսզի պահպանվի երկաթի նորմալ մակարդակը»,- խորհուրդ է տալիս բժիշկ-դիետոլոգը և թվարկում երկաթի բարձր պարունակությամբ մթերքները․ 1․Լյարդ (100 գր տավարի լյարդում՝ 17.9 մգ երկաթ) 2․ Կարմիր միս (100 գր տավարի մսում՝ 2.6 մգ երկաթ) 3․ Ձկնամթերք, հատկապես ոստրե, ութոտնուկ (100 գր ոստրե՝ 7 մգ երկաթ, 100 գր իշխան՝ 0.3 մգ) 4 Թռչնամիս (100 գր հավի մսում՝ 1.3 մգ երկաթ) 5․ Լոբազգիներ (100 գր կարմիր հատիկավոր լոբում՝ 5.1 մգ երկաթ) 6․ Չարազեղեն (100 գր հնդկական պոպոքում՝ 6.7 մգ երկաթ) 7․ Չորացրած մրգեր (100 գր ծիրանի չրում՝ 2.7 մգ երկաթ) 8․ Մուգ կանաչ բանջարեղեն, օր.՝ սպանախ, հազար (100 գր սպանախում՝ 2.7 մգ երկաթ) 9․ Սև դառը շոկոլադ, կակաոյի 45%-ից բարձր պարունակությամբ (30 գր սև շոկոլադում՝ 2 մգ երկաթ) Հարկ է նշել, որ կա երկաթի երկու հիմնական տեսակ՝ հեմային և ոչ հեմային: Հեմային երկաթ պարունակվում է կենդանական ծագման սննդում (մսամթերք, ձկնամթերք) և ավելի լավ է յուրացվում օրգանիզմում: Ոչ հեմային երկաթը պարունակվում է բուսական ծագման մթերքներում (լոբազգիներ, մուգ կանաչ բանջարեղեն և այլն) և ավելի դժվարությամբ են յուրացվում: Սրա պատճառով անհրաժեշտ է ոչ հեմային երկաթ պարունակող մթերքներ ավելի շատ օգտագործել նույն քանակի երկաթ ստանալու համար, ինչպես նաև ուտել վիտամին C պարունակող մթերքների հետ: Վերջինս նպաստում է երկաթի յուրացմանը: Լրացուցիչ ինֆորմացիա երկաթ դեֆիցատիցային անեմիայի ունեցողներին՝ 1․ բուժման ընթացքը երկարատև է՝ 2-6 ամիս 2․ բուժման ցուցիչ է՝ ֆերրիտինի ցուցանիշի նորմավորում 3․ երկաթը լավ է ներծծում ՝ Վիտամին Ց-ի, միսի, ձկան հետ համատեղ, Վատ է ներծծվում՝ ֆիտատների, կալցիումի հետ 4․ երկաթի պրեպարատները պետք է ընդունել կալցիում պարունակող մթերքներից, ըմպելիքներից /կաթ/կաթնամթեք/, հավելումներից, թեյից, սուրճից, ձվից, շիլաներից առանձին: ԿԱՐԵՎՈՐ՝ Երկաթի դեղամիջոցներ անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի ցուցումով: Երկաթի գերդոզավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, հատկապես երեխաների մոտ

Քաղաքացին կտուգանվի 50.000 դրամով՝ սեփական հողամասի խոզաններն այրելու համար

Քաղաքացին կտուգանվի 50.000 դրամով՝ սեփական հողամասի խոզաններն այրելու համար
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Վերահսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։