Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

15 խորհուրդ․ ինչպե՞ս խնամել տնային բույսերը

15 խորհուրդ․ ինչպե՞ս խնամել տնային բույսերը
Տնային բույսերը կարևոր դերակատարություն ունեն տան և՛ թթվածնի ապահովման, և՛ դեկորատիվ առումով էկո միջավայր ստեղծելու համար։ Սենյակային առողջ բույսեր ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս այն հաճախ ջրել՝ 1․խաշած բանջարեղենի ջրով, 2․բրնձի ջրով, 3․ձվի ջրով: Ըստ մասնագետների, այդ ջուրը հարուստ է հանքային նյութերով և կենսանյութերով, ինչի արդյունքում էլ այն դրական է ազդում բույսի աճի վրա: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր բույս անհատական և առանձնահատուկ մոտեցում է պահանջում, ուստի պետք բոլորին մոտենալ նույն կերպ՝ ջրել և մշակել մեխանիկորեն։ 1․Եթե սենյակային ծաղկի տերևներր դեղնել են հիմնամասից, ուրեմն նշանակում է, որ ամենահին արմատների մոտ առատ ջուր է հավաքվում։ 2․Ցողունի ամբողջ երկայնքով դեղնած տերեւները վկայում են բարձր խոնավության մասին։ 3․Եթե բույսի տերեւներր կծկվել են, թառամել, կախվել, չեն ձգվում դեպի լույսը, ուրեմն օդափոխությունը նորմալ չէ, արմատները դժվար են շնչում։ Դրա համար պետք է փխրեցնել հողը, որպեսզի հողի մակերեսին առաջացած սպիտակ հողակեղեւը բույսին չխանգարի շնչել։ 4․Եթե ծաղկի տերեւները պտտվում են դեպի վար, ուրեմն կարիք կա ջրելու, իսկ եթե ծաղկի տերեւների եզրերը չորանում են, փշրվում, ուրեմն անհրաժեշտ է ծաղկի մոտ տափակ ամանով ջուր դնել։ 5․Եթե բույսի տերեւների վրա անգույն բծեր են հայտնվել, տերեւները կորցրել են իրենց բնական գույնը եւ թափվում են, ուրեմն սենյակի օդը չափից ավելի չոր է։ 6․Պարտեզազգիներին պատկանող բույսերը ջրել այնքան ջրով, որ հողը չունենա ավելորդ խոնավություն։ 7․Ծաղիկները ջրելու անհրաժեշտության մասին կարելի է իմանալ ծայրը սրած փայտիկով։ Մտցնել փայտիկը մինչեւ թաղարի հատակը։ Եթե հանելուց հետո չոր է, վրան չկան հողի կոշտուկներ, ուրեմն պետք է ջրել։ 8․Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը ուղղել վերեւից որքան հնարավոր է թաղարի եզրերին մոտ, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն։ 9․Եթե երկար ժամանակ բացակայելու եք տնից, ծաղիկների մոտ, ծաղկամանից ավելի բարձր տեղ դույլով ջուր դրեք։ Մառլյայի մի ծայրը դնել դույլի, իսկ մյուսը` թաղարի մեջ։ Ջուրն աստիճանաբար կանցնի բույսին։ 10․Խոնարհվող բույսերը լվանալ պետք չէ, քանի որ դրանից կարող է առաջանալ սնկային հիվանդություն։ 11․ Բույսերը ջրել սենյակի ջերմաստիճանի ջրով, լավ կլինի ջրին ավելացնել մի քանի կաթիլ քացախ կամ կիտրոնահյութ։ 12 Բույսերի տերեւները անհրաժեշտ է երկու կողմից լվանալ հանքային ջրով։ 13․Խորհուրդ է տրվում ծաղիկները աճեցնել փայտյա թաղարների մեջ։ Պարբերաբար փխրեցնել թաղարի հողի վերին շերտը։ Անհրաժեշտության դեպքում հողին ավելացնել մաքուր ավազ կամ սոճու մանրացրած տերեւ։ 14․Պայծառ օրերին ծաղկող բույսերը հանել պատշգամբ, նրանք հավելյալ օդ եւ լույս ստանալով, ավելի արագ եւ առողջ կաճեն։ 15․Եթե հյուրասենյակում հաճախ են ծխում, ապա պետք է 5-8 կանաչ բույս դնել ծխախոտի ծխից ձերբազատվելու համար եւ աշխատեք հաճախակի խառնել հողը, որպեսզի թաղարի երեսին առաջացած բորբոսագույն հողը չխթանի բույսերի բնական աճին։

99 իրավախախտման դեպք՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում

99 իրավախախտման դեպք՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում։ Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ  33 ստուգումն իրականացել է ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։ Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%: Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։ Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ: 2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):

58  դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին

58  դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 58 դեպք։  Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է  210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 7.948.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 978.400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով հաշվարկվել է 337.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված  4 դեպքով հաշվարկվել է 90.810  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 900.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 2 դեպք: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  600.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է  2.633.803 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝  1.600.000 ՀՀ դրամի չափով, նաև 2-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 580.756  ՀՀ դրամի չափով։

Ինչպե՞ս ճիշտ խնամել ծառերը

Ինչպե՞ս ճիշտ խնամել ծառերը
Մի քանի շաբաթից այգեգործների համար կարևոր շրջան է սկսվում։  Ծառերի ճիշտ խնամքից է կախված տարվա բերքն ու ծառի երկարակեցությունը։ Իսկ առողջ ծառը շրջակա միջավայրի կարևոր բաղադրիչ է։ Eco.am  սոցիալական հարթակը ներկայացնում է «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության մշակած մի քանի կարևոր կետերը՝ 1․ Ինչպես ճիշտ խնամել ծառերը, 2․ Ինչպես ճիշտ խնամել պտղատու ծառերի տնկիները, 3․Ինչպե՞ս հոգ տանել պտղատու ծառերի տնկիների մասին։ Այսպիսով՝ Ծառը տնկելուց անմիջապես հետո մանրակրկիտ ջրեք: Ծառի անմիջապես ջրելն արմատներին կտրամադրի խոնավություն, որն անհրաժեշտ է աճելու համար: Պահպանե՛ք հողը խոնավ, եթե Ձեր ծառը 2 տարեկանից փոքր է: Ամեն անգամ, երբ հողը չոր տեսք ունի ջրե՛ք այն մոտ 30 վայրկյան: Երիտասարդ ծառերը շատ ջրի կարիք ունեն, որպեսզի  իրենց արմատները հողին ամրանան: Շատ մի՛ ջրեք ծառը, այլապես կարող եք արմատների փտում առաջացնել: Հողը պետք է լինի խոնավ, ոչ թաց: Ազատե՛ք ծառի տարածքը։ Ծառի շուրջ 3–10 ոտնաչափ (0,91–3,05 մ) տարածքից ազատե՛ք ցանկացած խոտ: Հեռացրե՛ք մեռած ճյուղերը ծառից ամբողջ տարվա ընթացքում: Մեռած ճյուղերի կանոնավոր էտումը Ձեր ծառին կտա առողջ տեսք: Խուսափեք ավելորդ էտումից, եթե ծառը 3 տարեկանից փոքր է։

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիներին պահելու օրենքի փոփոխված նոր նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիներին պահելու օրենքի փոփոխված նոր նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելու նպատակով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրենում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, որտեղ համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։ «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից: Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը, դա անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է: Սույն հրամանով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:

Ազոխի քարայրը հայտնվել է Ադրբեջանցիների թիրախում․ monumentwatch.org

Ազոխի քարայրը հայտնվել է Ադրբեջանցիների թիրախում․ monumentwatch.org
Ադրբեջանցի այսպես կոչված ինքնահռչակ «բնապահպանների» թիրախում այս անգամ հայտնվել է Ազոխի քարեդարյան քարայրը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։ Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման, պատմական իրականության խեղաթյուրմանը միտված ադրբեջանական քաղաքականության մի մասն է կազմում Արցախի օկուպացված տարածքներ տարբեր երկրների քաղաքացիների այցելությունների կազմակերպումը: Սովորաբար այցելուները  լրագրողներ են, ովքեր տարբեր մեդիա հարթակներում ունեն մեծ լսարան, քիչ չեն նաև դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչները: Նման այցելությունների շրջանակներում ադրբեջանական կողմը ցուցադրում է Ֆիզուլիում կառուցած նոր օդանավակայանը, ենթակառուցվածքները, ուղեկցում է օկուպացված Շուշի, Աղդամ, Հադրութ, Տող, Ազոխ, Թալիշ, Մատաղիս: Նման այցելությունների գլխավոր նպատակը մեդիա ներկայացուցիչներին ‹‹հայկական կողմի վայրագությունները›› ցուցադրելն է։ Սովորաբար նման այցելությունները կազմակերպում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի նախագահին առընթեր արտաքին կապերի, մամլո ծառայությունները: Անցած շաբաթ նման մի այցելություն էր կազմակերպվել՝ ներառելով նաև  համաշխարհային ճանաչում ստացած Ազոխի քարեդարյան քարայրը՝ իբր ներկայացնելու, թե ինչպես են ‹‹քարայրը վանդալիզմի ենթարկել հայերը, ինչ վատ են վերաբերվել›› (https://www.facebook.com/watch/?v=735705211594785): Սակայն, քարայրի ներսի պահպանական հարթակները, պեղված հատվածների պահպանիչ հատուկ թաղանթներն, ընդհակառակը, վկայում են այստեղ աշխատած միջազգային արշվախմբի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Ուշագրավ է, որ օտարազգի ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսում են միայն տարածքների գեղեցկության մասին և չեն անդրադառնում իրենց մատուցվող «վանդալիզմին»։ Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ազոխի քարայրում Արցախի Հանրապետության իշխանությունների հրավերով պեղումներ է իրականացրել միջազգային հնագիտական արշավախումբը՝ Թանյա Քինգի և Լևոն Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Ահա և այս տեսնայութի մասին արշավախմբի համաղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի կարծիքը. «Տեսանյութում հնչող ոչ մասնագիտական գնահատականները, որոնք ներկայացվում են մեդիա հարթակի ներկայցուցիչներին, իրականության հետ որևէ աղերս չունեն և բնավ չեն արտացոլում 2000-2019 թվականներին Ազոխի քարանձավում միջազգային արշավախմբի կատարած աշխատանքը։ Արշավախումբը, որը ներառել է հնէաբանության, երկրաբանության և հնամարդաբանության ոլորտների աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից, իր գործունեությունը ծավալել է հնէաբանական և հնագիտական պեղումների համար պահանջվող միջազգային բոլոր չափանիշներին համաձայն, ինչն արձանագրված է մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակված հոդվածներում, միջազգային գիտաժողովներում ներկայացված զեկույցներում, ինչպես նաև 2016 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսած «Azokh Cave and the Transcaucasian Corridor» կոլեկտիվ մենագրությունում։ Միևնույն ժամանակ, կան ստույգ ապացույցներ, որ 1960-80-ականներին ադրբեջանական գիտնականների կողմից Ազոխի հնավայրի պեղումները իրականացվել են իսկապես վանդալային մեթոդներով՝ օգտագործելով վակուումային հորատիչ և պայթուցիկ նյութեր։ Նախ և առաջ այդօրինակ պեղումների ընթացքում դուրս են բերվել ահռելի քանակությամբ նստվածքաշերտեր, որոնք առանց պատշաճ մաղման գործընթաց անցնելու, պարզապես լցվել են հարակից ձորը՝ գոյացնելով հսկայական շրջած հողաշերտեր։ Մինչդեռ, ինչպես հետագայում պարզվեց վերոնշյալ միջազգային արշավախմբի ջանքերով, այդ հողային կուտակումները պարունակում էին բազմաթիվ արժեքավոր հնէաբանական նյութեր։ Ի վերջո, հենց այդ տեղահանված հողաշերտերում է հայտնաբերվել «ազոխանթրոպի» ստորին ծնոտի բեկորը (Ազոխի քարանձավի ամենահայտնի գտածոն), ինչի հետևանքով էլ ադրբեջանական արշավախմբի ղեկավարները այդպես էլ չեն եկել ընդհանուր համաձայնության, թե որ շերտին է այն պատկանում»,- նշում է պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանն ու հավելում«2000-2019 թվականների միջազգային արշավախմբի նախաձեռնած պեղումները մեկնարկել են Ազոխի հնավայրի պահպանության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներով՝ առաջին հերթին պարսպապատելով բոլոր մուտքերը՝ չարտոնված այցելությունները կանխելու նպատակով, որոնց հետևանքով տարիներ շարունակ ոչնչացվել են քարանձավաբնակ չղջիկները, խաթարվել են հնագիտական շերտերը»։

Լեհական Grąbczewscy տնկարանի ներկայացուցիչները՝ Օ₂ Gardens-ում

Լեհական Grąbczewscy տնկարանի ներկայացուցիչները՝ Օ₂ Gardens-ում
Լանդշաֆտային ճարտարապետության ու կանաչապատման ոլորտում բազմամյա փորձ ունեցող լեհական Grąbczewscy տնկարանի ներկայացուցիչները օրերս հյուրընկալվել են Օ₂ Gardens-ում։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ հենց Օ₂ Gardens բուսաբանական այգուց։ Ընկերությունը հաջողված նախագծեր է իրականացրել եվրոպական ու ասիական մի շարք երկրներում, ներկայում էլ՝ հետաքրքրված է Հայաստանով։ Հյուրերը հանդիպել են PROFAL ընկերության համահիմնադիր, Օ₂ Gardens նախագծի հիմնադիր Մերուժան Ավետիսյանի հետ ու ծանոթացել բուսաբանական այգու գործունեությանը։ Grąbczewscy-ի ղեկավար Վոյչեխ Գրոբչեվսկին բարձր է գնահատել այն էնտուզիազմն ու տեսլականը, որով առաջնորդվում են Օ₂ Gardens-ի հիմնադիրներն ու թիմը․ «Ես իսկապես շատ տպավորված ու ուրախ եմ տեսնելու Հայաստանում կանաչ միջավայրի զարգացման ձեր ռազմավարական մոտեցումը։ Մենք որոշեցինք լանդշաֆտային ճարտարապետների, դիզայներների խմբով գալ Հայաստան ու քննարկել համագործակցության հնարավորություններն այստեղ»։ Լանդշաֆտային ճարտարապետ Իգոր Նիկոնովն էլ նշել է, որ կցանկանար իր նպաստն ունենալ Հայաստանում՝ կանաչապատման հեղափոխության ու այստեղ ապրողների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմանների ստեղծման գործում։ Լանդշաֆտային ճարտարապետ Նատալյա Բոգոմոլովայի դիտարկմամբ՝ ներկայում պահանջարկված է բնությանն ավելի մոտ լինելը, որը նպաստում է կայուն զարգացմանը, հետևաբար այն զանգվածային դարձնելու ճիշտ ժամանակն է։

Ինչպես մեղմացնել ջերմոցային գազերի արտանետումները․Շվեյցարիայում կայացել է IG3IS  գագաթնաժողովը

Ինչպես մեղմացնել ջերմոցային գազերի արտանետումները․Շվեյցարիայում կայացել է IG3IS  գագաթնաժողովը
Փետրվարի սկզբին Շվեյցարիայում կայացած  «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովին Հայաստանից մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։ Փարիզյան համաձայնագրի նպատակին հասնելու համար՝ տարբեր շահագրգիռ կողմերից պահանջվում է արտանետումների նվազեցմանն ուղղված գործողություններ իրականացնել:  «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել ոլորտի առանցքային դերակատարներին և որոշում կայացնողներին՝  նրանց միջև երկխոսություն ձևավորելու նպատակով։ Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ 1․ Ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության դերը քաղաքականության և որոշումների կայացման մեջ, 2․Մթնոլորտային չափումների կիրառումը՝ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրների որակը ստուգելու նպատակով, 3․ Ջերմոցային գազերի արտանետումները մեղմելուն միտված հանրային քաղաքականություն կարիքները, 4․Կլիմայի մեղմացման տվյալների բարելավումը և այլն։ Բանակցություններ են վարվում Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգում (IG3IS)  Հայաստանի ներգրավվածության համար։

Փետրվարի 2-8-ը մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է միայն Երևանում և Վանաձորում

Փետրվարի 2-8-ը մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է միայն Երևանում և Վանաձորում
Փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում, միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ՝ Շենգավիթում՝ փետրվարի 6-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 2-ին և 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում փետրվարի 4-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 3-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Փետրվարի 1-5-ը, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Վանաձորում՝ փետրվարի 4-ին և 5-ին։

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը»․ կարճամետրած ֆիլմ՝ Երկիր մոլորակի օրհասական վիճակի մասին

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը»․ կարճամետրած ֆիլմ՝ Երկիր մոլորակի օրհասական վիճակի մասին
«Դուրս եկա բունկերից: Այլևս իմաստ չունի այստեղ նստելը: Երկինքը նարնջագույն է դարձել: Հորիզոնում հսկայական բռնկումներ են: Այնպիսի զգացողություն է, թե արևը ծագում է արևմուտքում ինչ-որ տեղից: Գլուխս պայթում է սարսափելի ցավից...»,- ասում է «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը» կարճամետրաժ ֆիլմի հերոս։ «Արարող հասարակություն» նախաձեռնության կողմից նկարահանած ֆիլմն այն մասին է, թե աշխարհի կործանման պահին ինչի՞ մասին է մտածելու և ինչի՞ համար է զղջալու Երկրի վրա գտնվող վերջին մարդը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Գլոբալ ճգնաժամ: Մեր փրկությունը միասնության մեջ է» միջազգային առցանց ֆորումի շրջանակներւմ: Ֆիլմում նկարագրվում են իրադարձություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկա տասնամյակներում՝ մեր անգործության դեպքում։ Միգուցե ինչ-որ մեկի համար նման ապագան սարսափելի է պատկերացնել։ Բայց մարդիկ պետք է հասկանան, թե ինչն է այժմ դրված խաղատախտակին: «Արարող հասարակություն Հայաստան» նախագիծը միջազգային համամարդկային շարժում է, որի մասնակիցները կամավորներ են ամբողջ աշխարհից, ովքեր գիտակցում են, որ Երկիր մոլորակը օրհասական վիճակում է, բացի ներկայիս քաոտիկ իրավիճակից ուժգնանում են նաև կլիմայական աղետները, որոնք կարող են ոչնչացնել կենդանի կյանքը մեր Երկրի վրա: Նախագծի նպատակն է իրազեկել Երկագնդի յուրաքանչյուր բնակչին այն մասին, որ ժամանակ չունենք, և պառակտված լինելը մեզ համար մեծ ճոխություն կլինի: Նախագծի կամավորների կողմից կազմակերպվել են միջազգային համաժողովներ տարբեր թեմաներով, որոնցից վերջինը եղել է «Համաշխարհային ճգնաժամ։ Մեր փրկությունը միասնության մեջ է» միջազգային առցանց համաժողովը: Eco.am սոցիալական հարթակը, որը մշտապես անդրադառնում է շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր ապրելակերպ վարելու կարևոր նախաձեռնություններին ու իրադարձություններին, իր ընթերցողներին առաջարկում է դիտել  «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը» կարճամետրաժ ֆիլմն ու հետևություններ անել։ Ֆիլմը՝ ստորև․
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել