Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ կարող է դադարեցնել ծխելը․ մասնագետ

Բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ կարող է դադարեցնել ծխելը․ մասնագետ
«Եթե ծխում է ընտանիքի անդամներից մեկ, մյուսները, որոնք համարվում են պասիվ ծխողներ, ևս շնչում են այդ ծուխ, ինչը պակաս վտանգավոր չէ։ Ոչ բոլորն են դուրս գալիս պատշգամբում ծխում, արդյունքում՝ ծխող մարդու ընտանիքի անդամները ևս թունավորվում են»,- Eco.am-ի փոխանցմամբ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Նաիրա Ջանոյանն ու մանրամասնեց, որ ծխախոտ ծխից ստացված այդ թունավոր նյութը նստում է մարդու շնչառական ուղիներում, ինչն էլ մեծացնում է թոքի, բերանի խոռոչի, ինչպես նաև միզապարկի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ըստ բանախոսի ծխելու դեմ պայքարը պետք է տարվի փոքր տարիքից․ «Այդ պայքարը պետք է սկսել հենց սկսած մանկապարտեզներից, քանի որ այսօր արդեն դեռահասներն են սկսում ծխել, իսկ որքան ավելի վաղ է մարդը սկսում ծխել, այնքան ավելի մեծանում է թոքի քաղցկեղի ռիսկը»: Լրագրողների հետ հանդիպմանը Նաիրա Ջանոյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որի՝ ծխող տղամարդկանց շուրջ 80 տոկոսի, իսկ կանանց 50 տոկոսի մոտ առաջանում է թոքի քաղցկեղ: «Վերջին տարիներին մեր երկրում ավելացել է նաև ծխող կանանց և դեռահասների թիվը»,- ասուլիսում հայտարարեց սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և հավելեց․«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից արված հետազոտության համաձայն՝ Հայաստանում սրտի բաց վիրահատություն ունեցած հիվանդների 70%-ից ավելին օգտագործել է ծխախոտ»։ Նրա դիտարկմամբ, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար։ «Նիկոտինային կախվածությունը համարվում է հոգեկան և վարքային խանգարում։ Ավելին, նիկոտինային կախվածությունը հիվանդություն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։ Նրա կործիքով, բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ, իհարկե, որոշակի դժվարություններով, կարող է դադարեցնել ծխելը։ Eco.am

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 5500 բնակիչ

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 5500 բնակիչ
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ըստ ԱՀԿ-ի, ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով:  8 միլիոնից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ Eco.am սոցիալական հարթակը, Առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ 2022 թվականին Հայաստանում իրականացված Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն` 1․ 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 53.2%-ը, կանանց` 2%-ը)։ 2․ Բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2016 թ.-ի համեմատ 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչև 47.0%։ 3 Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: 4․ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին: Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել է 2023-ի առաջին ձագուկը

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել է 2023-ի առաջին ձագուկը
«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել է 2023 թվականի առաջին ձագուկը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։ Կից տեսանյութում կարող եք դիտել բազմացման կենտրոնում ձագուկի առաջին քայլերը՝ դեպի իր մայրը։

Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը հունիսի 1-6-ը կայցելի Հայաստան

Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը հունիսի 1-6-ը կայցելի Հայաստան
Հունիսի 1-ից 6-ը ԱՄՆ դեսպանության և Խոհարարական դիվանագիտության ծրագրի  համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստան կայցելի ամերիկյան հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը։ Eco.am սոցիալական հարթակը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացավ, որ Ամանդա Ֆրայթագը Հայաստանում կմասնակցի կայուն սննդային շղթայի ու խոհարարական ձեռներեցության խթանմանը միտված խոհարարական դիվանագիտության ծրագրին։ «Մարդկանց հետ սեղանի շուրջ նստելով ու նրանց հետ հաց կիսելով` կարելի է իրապես փոխըմբռնման հասնել ու ճանաչել մշակույթն իր արժեքներով ու ավանդույթներով։ Ուրախ ենք Հայաստանում ընդունել շեֆ-խոհարար Ֆրայթագին և հավատացած ենք, որ այս այցը կօգնի կարևոր զրույցներ ծավալել կայուն սննդային շղթայի ու ձեռներեցության հարցերի շուրջ՝  հայ-ամերիկյան կապերն ամրապնդելուն զուգահեռ», - նշում է դեսպան Քվինը։ Շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի ընթացքում նաև կլինեն խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ տեղի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունը և կանանց հզորացումը։ Այս նախաձեռնությունները կիրագործվեն՝ համագործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի,  «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի, ինչպես նաև Դիլիջանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։ Սննդի հետ կապված հայկական ավանդույթներն ու սննդային շղթայի կայունության կարևորությունը քննարկելու նպատակով Ֆրայթագը նաև կայցելի սննդի ոլորտի մի շարք տեղական արտադրողների, որոնց գյուղի զարգացման նախաձեռնությունների շրջանակում աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում են այցեր  «Յելոու բի», «Դրիմ շոկոլադ», «Բորիսկովկա», «Մեծ էնդ Մոր» և մի շարք գինեգործական ընկերություններ։ «ԱՄՆ ՄԶԳ-ն հայաստանյան գործընկերների հետ ջանքեր է գործադրում գյուղի զարգացման ուղղությամբ՝ ապահովելով աջակցություն սննդի արտադրության ու ագրոբիզնեսի ոլորտներում։ Ուրախ ենք, որ շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի շրջանակում նաև ներկայացվում են սննդի ոլորտի հայ ձեռներեցների ապշեցուցիչ հաջողությունները», - նկատում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։ Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության  զարգացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը ներդրել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ամանդա Ֆրայթագը ծնվել և հասակ է առել Նյու Ջերսիում, աշխատել է Նյու Յորք քաղաքի տարբեր ռեստորաններում, և շատերին հայտնի է որպես ամերիկյան սիրված  «Chopped» խոհարարական հեռուստաշոուի դատավոր։ Նա ներգրավված է եղել նաև այլ խոհարարական շոուներում, ինչպիսիք «Iron Chef America» («Ամերիկայի երկաթյա շեֆ-խոհարար»), «Next Iron Chef» («Հաջորդ երկաթյա շեֆ-խոհարարը»), «Unique Eats» («Եզակի ուտեստներ»), «Beat Bobby Flay» («Առաջ անցիր Բոբի Ֆլեյից») և այլն։  Ձգտելով ուտելիքի պատրաստումը առավել մատչելի ու հասանելի դարձնել՝ նա գրել է «The Chef Next Door» («Հարևան շոֆ-խոհարարը») խոհարարական գիրքը, իսկ վերջերս սկսել է «Easy AF» թվային շարքի թողարկումը, որտեղ տեսանյութերի միջոցով ցույց է տալիս, որ սեփական խոհանոցում համեղ ուտելիք պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ ու հաճույքով կարելի է զբաղվել դրանով։

Հրդեհի հետևանքով օդի աղտոտման դեպքի հետ կապված հանրությունը չստացավ մի շարք հարցերի պատասխան․«Հայկական բնապահպանական ճակատ»

Հրդեհի հետևանքով օդի աղտոտման դեպքի հետ կապված հանրությունը չստացավ մի շարք հարցերի պատասխան․«Հայկական բնապահպանական ճակատ»
9 օր շարունակ այրվում էր Նուբարաշենի աղբավյարը, որն ըստ մասնագետների ահազանգերի, օդ արտանետեց վնասկար ու թունավոր նյութեր։ Այդ թունավոր օրերի ընթացքում մարդկանց բողոքն ակնհայտ էր, բազմաթիվ տեսանյութերում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հայտարարություններում բարձրաձայնվում էր աղբավայրի միտումնավոր ու հաճախակի այրման, բարձիթողի վիճակի, Երևանի օդի խիստ վատթար որակի լինելու մասին՝ անկախ աղբավայրի հրդեհից։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Հայկական բնապահպանական ճակատ» կազմակերպությանը հայտարարությունը, որում մասնավորապես կետերով առանձնացվում են օդի աղտոտվածության հետ կապված այն հարցերը, որի պատասխանները երևանաբնակների համար այդպես էլ օդում մնացին։ «9 օրերի ընթացքում ականատեսը եղանք պետական մարմինների կողմից բնակչության պաշտպանության գործառույթի ամոթալի ձախողմանը։ Փրկարար ծառայությունը, ի տգիտություն իրենց կամ ի աչքկապոցի մեզ, հաղորդեց, որ մթնոլորտի աղտոտման հետազոտությունները ցույց են տալիս «որ թթվածնի պարունակությունը նորմայի սահմաններում է», մինչդեռ պարտավոր էին հաղորդել ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ պարունակության մասին, թթվածինը աղտոտիչ չէ։ Բնապահպանությամբ զբաղվող նախարարությունը բավարարվել է կցկտուր հաղորդագրությամբ թունավոր նյութերի ՀՆԱՐԱՎՈՐ առկայության մասին՝ առանց մանրամասնելու իրական առկայությունը և ծավալները։ Աննախադեպ ծավալներով աղտոտման այս դեպքի հետ կապված հանրությունը չստացավ հետևյալ հարցերի պատասխանը․ 1․ ի՞նչ հանգամանքներում է առաջացել հրդեհը, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ և ինչ նախաքննական տվյալներ են արդեն իսկ առկա (հիշեցնենք, աղբավայրի վերին շերտերի միտումնավոր այրումը կոմունալ ծառայությունների աշխատողների կողմից ընդունված պրակտիկա է) 2․ ի՞նչ քանակությամբ տոքսիկ նյութեր են արտազատվել մթնոլորտ և ինչ հետևություններ պետք է անի Երևանի քաղաքապետարանը և այլ մարմիններ աղբավայրի վտանգավորությունը վերանայելու և Երևանի բնակչությանը պաշտպանելու համար 3․ կա՞ աղբավայրի կառավարման պլան, ի՞նչ թերացումներ են տեղի ունեցել դրա հետ կապված 4․ի՞նչպես են պետական մարմինները գնահատում սեփական անպատասխանատվությունը և անգործությունը բնակչությանը իրազեկելու և պաշտպանելու հարցում։ Վերջիվերջո, սա առողջապահական արտակարգ դրություն էր նաև, կարող էր հայտարարվել կարանտին, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի և այլ նպատակներով տնից դուրս գալ կամ առնվազն հնարավորություն ունենային բացօթյա տարածքներում չգտնվելու։ Բնակչությունը պետք է իր սեփական գնահատականը տա գործող քաղաքային իշխանություններին առաջիկա ընտրություններում։ Իսկ փրկարար ծառայություն իրականացնող հրշեջներին և մյուս ծառայողներին հայտնում ենք շնորհակալություն բազմաթիվ ճեղքերով ու անպատասխանատու ղեկավարներով լեցուն պետական ապարատում հանրօգուտ իրենց աշխատանքը կատարելու և մարդկանց ծառայելու համար»,- ասված է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հայտարարության մեջ։ Ի դեպ, Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազ. տոննա:

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնում և Շենգավիթում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնում և Շենգավիթում
Մայիսի 25-28-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Կենտրոն վարչական շրջանում՝ բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Նոր Նորքում՝ բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Տեղի ունեցավ «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը

Տեղի ունեցավ «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը
Մայիսի 22-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» - #EU4Sevan ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը: «Պատասխանատու եմ Սևանի համար #4» միջոցառման ընթացքում կազմակերպած ցուցահանդեսին հաջորդեց այցը Նորաշենի արգելոց, որտեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն, իրականացնելով EU4Sevan ծրագրի 5-րդ բաղադրիչը, ներկայացրեց «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման նորարարական լուծումները և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ: «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Կսահմանվի ՀՀ արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը

Կսահմանվի ՀՀ արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» նախագիծը։ Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով նախատեսվում է այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից՝ աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։ Նպատակը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ «Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար։ Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Նշվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակը

Նշվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակը
Այսօր ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի է ունեցել միջոցառում նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Ա. Սաղաթելյանի 70-ամյակին։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Բուսաբանության ինստիտուտից։ Ողջույնի խոսքից հետո Բուսաբանության ինստիուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը Ա. Թախտաջյանի անունը կրող պուրակում տնկել են Արոսենի Ռուպի, որպես երկու ինստիտուտների «գիտական ընկերության» խորհրդանիշ։ Միջոցառմանը ներկայացվել է Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախագծահեն կրթության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտության շրջանակներում իրականացվել է Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկերի գնահատում։ Ըստ հետազոտությունների ու արդեն պաշտոնապես Երևանի «կանաչ թոքերը»  կարելի է համարել Երևանի ամենաառողջ տարածքներց։ Միջոցառման ավարտին Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի  ուղեկցությամբ մասնակիցները շրջայց են կատարել այգու տարածքում` ծանոթանալով վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքներին։

Գրեթե ողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնի մթնոլորտային օդում

Գրեթե ողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնի մթնոլորտային օդում
Մայիսի 18-23-ը ընկած ժամանակահատվածում Երևան, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Նոր Նորքում մայիսի 18-20-ը, 22-ին, 23-ին, Շենգավիթում՝ մայիսի 20-22-ը, Արաբկիրում՝ մայիսի 20-ին, 22-ին, 23-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում և Շենգավիթում մայիսի 21-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մարզերում։ Գյումրիում՝ մայիսի 15-ին, 18-ին և 19-ին, Հրազդանում մայիսի 17-ին և 18-ին, Վանաձորում՝ մայիսի 17-ին, Ալավերդիում՝ մայիսի 14-ին, 19-ին և 20-ին։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել