Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Կխստացվի բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կարգերի խախտումների վարչական տույժերը

Կխստացվի բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կարգերի խախտումների վարչական տույժերը
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Eco.am սոցիալական հարթակը հետևելով նիստին պարզեց, որ նախագծի հեղինակ Լ․ Գալստյանը ուսումնասիրել է եվրոպական մի շարք երկրների, Վրաստանի և Ռուսաստանի փորձը, տեղի են ունեցել քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների և մասնագետների հետ: Ըստ Լիլիթ Գալստյանի, նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև պահպանման կարգերի և ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: «Այս առումով ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց, ուստի առաջարկում ենք խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաև սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում»,- հանձնաժողովի նիսում հայտարարեց Լիլիթ Գալստյանը։ Նախագծին ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ մի քանի առաջարկներով էլ հանդես  եկան նիստին ներկա պատգամավորները։ Այդ թվում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը առաջարկել է վարչական տույժերից բացի խախտում կատարողներին որոշակի ժամկետներով զրկել պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Նիստի ավարտին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որն էլ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: Eco.am

Ինչպես պահպանել սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները՝ էքսկուրսիաների ժամանակ

Ինչպես պահպանել սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները՝ էքսկուրսիաների ժամանակ
Մի քանի օրից կավարտվի ուսումնական տարին, որին կհաջորդեն արդեն ամառային էքսկուրսիաները, որոնք սովորաբար զուգորդվում են բացօթյա խնջույքներով։ Թունավորումներից խուսափելու և երեխաների առողջությունը չվնասելու համար Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշակած կարևոր խորհուրդները։ Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, հորդորում է ուսուցիչներին և ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ և հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների. 1․ համոզվեք, որ սննդամթերքը թարմ է, 2․ նայեք պիտանիության ժամկետներին, 3․ համոզվեք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում, 4․  մի գնեք սննդամթերք փողոցից, 5․  մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում, 6․ միս գնելուց պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։ 7․ Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում և պատրաստի սննդամթերքի շփումը։ Տեսչությունը հորդորում է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք և այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների: Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ: Առաջարկում է կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 - +4) կապահովվեն: Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք և խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ: Անհրաժեշտ է նաև տեղում՝ բնության գրկում, հետևել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց) խուսափելու նպատակով՝ օճառով լվանալ ձեռքերը: Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրատման հիգիենային՝ խաչաձև աղտոտում (ոչ պատշաճ լվացված և ախտահանված ձեռքեր, հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին և տևողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-70C)։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Շուրջ 12 հազար  3-4 տարեկան տնկիներ՝ «Սևան» ազգային պարկի տարածքում

Շուրջ 12 հազար  3-4 տարեկան տնկիներ՝ «Սևան» ազգային պարկի տարածքում
Շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները՝ «Սևան» ազգային պարկի տարածքում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունից տնկանյութը հանվել և տեղափոխվել է Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասի  անտառածածկ տարածքների բացատներում անտառապատում կատարելու համար արդեն իսկ նախատեսված  5 հա մակերեսով տարածք: Իրականացվել են բարդի և ուռենի տեսակի ծառերի տնկանյութի արմատի և սաղարթի ձևավորման և տնկման աշխատանքներ: Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ևս 2,5 հա տարածքի անտառպատման աշխատանքներ՝  2022թ-ից հետաձգված 2,43 հա տարածքի փոխարեն, որի համար որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում աճեցված տնկիները: Անտառապատման աշխատանքներում օգտագործվել են շուրջ 12 հազար  3-4 տարեկան տնկիներ:

Ինչպես մեղմել կլիմայի փոփոխությունը․ այսօր կլիմայի փոփոխության միջազգային օրն է

Ինչպես մեղմել կլիմայի փոփոխությունը․ այսօր կլիմայի փոփոխության միջազգային օրն է
Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի փոփոխության միջազգային օրը։ Հայաստանը նույնպես անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից: Օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են՝ 1․ բնական աղետներով, 2․մարդկային և բնակավայրային կորուստներով, 3․ բերքատվության անկմամբ, 4․սակավաջրությամբ, 5․հիվանդացությունների աճով: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների և երիտասարդների համատեղ կազմած կլիմայի փոփոխության վերաբերյալ հիմնական հետաքրքրող հարցերի պատասխանները: 1․ Ինչ է կլիմայի փոփոխությունը Կլիմայի փոփոխությունը օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են: Դա բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է: Գլոբալ տաքացումը տարիների ընթացքում օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումն է։ Արտանետվող CO2 գազը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: CO2 գազի աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են: Գիտես, որ կանխատեսնումների համաձայն, Հայաստանի կլիման այս դարում կարող է տաքանալ մինչև 4,7 աստիճան: 2․ Ինչպես է ազդում կլիմայի փոփոխությունը մեզ վրա Այն տարբեր կերպ է ազդում հասարակության, տնտեսության և էկոհամակարգերի վրա՝ հանդիսանալով 1․ ծայրահեղ եղանակային պայմանների, 2․ կենսաբազմազանության կորստի, 3․ առողջության խաթարման, 4․ մարդկանց տարհանման պատճառ: 3․ Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել Անհրաժեշտ են քայլեր, որոնք նվազեցնում են CO2 գազի արտանետումը, օրինակ՝ 1․ անցումը վերականգնվող էներգիայի 2․ թափոնների նվազեցումը, 3․ վերօգտագործումը և վերամշակումը: Ինչպես նաև քայլեր, որ կառավարում են կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկերը, ինչպես, օրինակ՝ դիմակայուն ենթակառուցմվածքների ստեղծումը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Ահա թե ինչն է վերամշակվում Հայաստանում և ահա թե ինչ կարող ես անել դու: 4․Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը բոլորիս պարտականությունն է Հենց դու կարող ես քո ներդրումն ունենալ, օրինակ՝ օգտվել հանրային տրանսպորտից կամ կրճատել պլաստիկի սպառումը: Բայց դա բավարար չէ կլիմայի բոլոր ռիսկերը կանխելու համար: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ կառավարությունները համապատասխան կանոնակարգեր սահմանեն: Ամենօրյա գործողություններ, որ կօգնեն ավելի կանաչ ապրել և մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը: 5․ Ինչպես կարող ես ԴՈՒ պայքարել կլիմայի փոփոխության դեմ քո համայնքում Մասնակցի՛ր երկրի կլիմայի պաշտպանության գործիքների ստեղծմանը կամ թարմացմանը, ինչպիսիք են NDCS-ը կամ միացիր խմբերին, որոնք օգնում են կլիմայի քաղաքականության մշակմանը: Եթե մասնակցության գործընթացներ չկան, աջակցիր երիտասարդների համար այդ հնարավարությունների ստեղծմանը: Միացիր կամ կազմակերպիր տեղական կամ տարածաշրջանային Կլիմայի փոփոխության համաժողով Պատմիր կլիմայի փոփոխության մասին սոցիալական մեդիայում: Միացիր կլիմայի հետ կապված խմբերին և շարժումներին Պահանջիր, որ քո դպրոցը, համայքը, քաղաքը կամ երկիրը դառնան ավելի կայուն։

23 դեպքով վնաս է հասցվել բուսական և 1 դեպքով՝ կենդանական աշխարհին

23 դեպքով վնաս է հասցվել բուսական և 1 դեպքով՝ կենդանական աշխարհին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 23 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 69.211.188 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս 6-ով նշանակվել՝ 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 3 դեպք: Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝  585.210 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 957.500 ՀՀ դրամ:  Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 5 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.037.999 ՀՀ դրամ։ 25 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.029.581 ՀՀ դրամ: Դիտարկումների վերաբերյալ Իրականացվել է 3 դիտարկում։ Գործողության կասեցում Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 օբյեկտի գործողություն։

Սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամսով

Սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամսով
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ րջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ՝ 2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա։ Վերոնշյալ տվյալները հնարավորություն են տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում՝ 2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա: Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։

Ապրիլին Հայաստան է եկել 179 զբոսաշրջիկ

Ապրիլին Հայաստան է եկել 179 զբոսաշրջիկ
2023 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Ըստ կոմիտեի տվյալների 2023 թվականի ապրիլին զբոսաշրջիկների վիճակագրական այցի տվյալները լավագույնն են՝ նախորդ տարիների համեմատ։ 2019թ.` 138 հազար, 2022թ.` 97 հազար զբոսաշրջիկ:

Մթնոլորտում գերազանցել է ազոտի և փոշու պարունակությունը

Մթնոլորտում գերազանցել է ազոտի և փոշու պարունակությունը
Մայիսի 4-10-ը ընկած ժամանակահատվածում Երևանում, Հրազդան և Վանաձոր քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում մայիսի 4-7-ը, Նոր Նորքում՝ մայիսի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ մայիսի 10-ին, Շենգավիթում՝ մայիսի 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝  Նոր Նորքում մայիսի 7-10-ը, Շենգավիթում՝ մայիսի 7-9-ը, Արաբկիրում՝ մայիսի 10-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նախորդ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 1-6-ը, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Հրազդան և Վանաձոր քաղաքներում։ Հրազդանում մայիսի 5-ին, Վանաձորում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները

Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները
Այսօր տեղի է ունեցել «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (Nationally Determined Contributions) իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողա տարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և  պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում: Միջոցառման մասնակինցներին ողջունել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել  է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կարճաժամկետ, արագ և արդյունքահեն ծրագրերը՝ հիշեցնելով 2022 թվականին մեկնարկած և արդեն ավարտուն փուլում գտնվող ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագիրը։ Ծրագրի իրականացման արդյունքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զինվել է եղանակի կանխատեսնամ նոր ավտոմատացված կայաններով, այն խթան է հանդիսացել, որ ՀՀ Կառավարությունը  միջոցներ հատկացնի և շուտով ամբողջ հանրապետության տարածքում կունենանք կանխատեսումների արդիականացված համակարգ։ Նախարարն անդրադարձել է նաև այսօր մեկնարկող ծրագրի  կողմից առաջարկվող կարևոր լուծումներին և դրա բնապահպանական արդյունքին, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ստացված դրական փորձն ու գիտելիքները  կնպաստեն ոռոգման համակարգերի արդիականացմանը, ներդրումային ծրագրերի ծավալների ավելացմանն ու երկրում խելացի ոռոգման համակարգի ձևավորմանը: Ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային պետական կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6,000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։ Լոռու և Շիրակի մարզերի թիրախային բնակչության մոտ 65 տոկոսի ապրուստն անմիջապես կախված է գյուղատնտեսությունից: Առանց կլիմայական խելացի գյուղատնտեսական նորարարական պրակտիկաների կիրառման բարձրանում է գյուղական համայնքների աղքատացման վտանգը։ Այս մարզերում ոռոգման բացակայության պատճառով վարելահողերի մոտ 45 տոկոսը մնում է անմշակ, այդ թվում բարձր գյուղատնտեսական ներուժ ունեցող տարածքներում։ Վերոնշյալ պատճառների և ջրի պոմպային ենթակառուցվածքներում ներդրումների բացակայության պատճառով օգտագործվում է նախկինում ոռոգվող վարելահողերի միայն 25 տոկոսը։ Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։ Թիրախային խմբերը կունենան  նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (Geographic Information System) վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։

Հնագույն կենդանիների և բույսերի հետքեր՝ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի հատակին․ հայ գիտնականների նոր բացահայտումը

Հնագույն կենդանիների և բույսերի հետքեր՝ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի հատակին․ հայ գիտնականների նոր բացահայտումը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ «Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։ Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։ Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», - ասաց Իվան Գաբրիելյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից: «Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասաց Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։ Նա նշեց, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։ «Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել», - ասաց Իվան Գաբրիելյանը։ Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է: Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից: Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից: Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։