Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ինչու՞ ընտրել օրգանական արտադրանք՝ գյուղատնտեսությունում. NABU

Ինչու՞ ընտրել օրգանական արտադրանք՝ գյուղատնտեսությունում. NABU
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի օրգանական արտադրանքի դերը գյուղատնտեսությունում կատարած ուսումնասիրությունը։ Ուսումնասիրություն 1 Օրգանական գյուղատնտեսությունում պահպանվում է ագրոկենսաբազմազանությունը, այսինքն՝ աճեցվող մշակաբույսերի թիվն ավելանում է. օգտագործվում և պահպանվում են տեղական, հարմարեցված սորտեր։ Սրա հետևանքով բնական էկոհամակարգերը ապրում և զարգանում են։ Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում աճեցվում են միայն եկամտաբեր մշակաբույսեր, կենսաբազմազանությունը հաշվի չի առնվում։ Որպես կանոն սրանք ներկրված մոնոկուլտուրաներ են` բարձր արտադրողականություն, մեծ քանակությամբ թունաքիմիկատներ պահանջող։ Սրա հետևանքով հողերը սպառվում են, բնական էկոհամակարգերը՝ ոչնչացվում։ Ուսումնասիրություն 2 Օրգանական գյուղատնտեսությունում օգտագործվում են տեղական հարմարեցված տեսակներ, հիբրիդներ, կենդանիների ցեղատեսակներ։ Նրանք ավելի քիչ են հիվանդանում և հարմարվում են այդ միջավայրին Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում օգտագործվում են բարձր բերքատու տեսակներ, հիբրիդներ, բարձր բերքատու ցեղատեսակներ, որոնք հաճախ ներմուծվում են: Դրանք պահանջում են ավելի շատ քիմիական պաշտպանություն և բուժում։ Ուսումնասիրություն 3 Օրգանական գյուղատնտեսությունում ստեղծվում է սերմերի սեփական բանկ, որոնք մշակված չեն քիմիական նյութերով։ Սրա հետևանքով պահպանվում են տեղական, ընտանի հարմարեցված տեսակները և հիբրիդները։ Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում սերմերը մշակված են քիմիական նյութերով և սեփական սերմերի բանկերը, որպես կանոն, չեն ստեղծվում։ Սրա հետևանքով տեղական ընտրությունը մահանում է։ Ուսումնասիրություն 4 Օրգանական գյուղատնտեսությունում առկա է կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունք։ Կենդանիներն ապրում են առանց սթրեսի, երջանիկ կյանքով․ նորածին երիտասարդ կենդանիներին մորից չեն կտրում, նրանք սնվում են մոր կաթով։ Կենդանիներին պահում են առանց վզկապի, ունեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Այսպես կովերն ապրում են 10-12 տարի։ Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքը բացակայում է․ թռչունների կտուցները կտրում են վանդակներում, որպեսզի նրանք չկոտրվեն վանդակը թակելիս, կյանքը՝ խեղդված վիճակում, վզկապի վրա, նեղ տարածքում, նորածին երիտասարդ կենդանիներին կտրում են մորից, տեղաշարժի հնարավորություն չկա։ Այսպես, օրինակ, անասնաբուծության կովերն ապրում են միջինը 2 տարի: Ուսումնասիրություն 5 Օրգանական գյուղատնտեսությունում աճի հորմոնները արգելված են, և հետևաբար, ապառողների օրգանիզմում հորմոնալ միջամտության սպառնալիք չէ։ Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում աճի հորմոններն օգտագործվում են, ինչի հետևանքով մարդու հորմոնալ համակարգը խանգարվում է՝ սննդի հետ աճի հորմոնների պասիվ օգտագործման պատճառով: Ուսումնասիրություն 6 Օրգանական արտադրության համակարգերում աճում է վայրի թռչունների և կենդանիների թիվը։ Քիմիական ճնշում նրանց չի սպառնում։ Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում վայրի կենդանիներն ու թռչունները սատկում են թունաքիմիկատներից

Սևանա լիճն արդեն ծաղկել է, պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները․ թեժ քննարկում ԳԱԱ-ում

Սևանա լիճն արդեն ծաղկել է, պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները․ թեժ քննարկում ԳԱԱ-ում
«Մենք կարող ենք անդառնալի փոփոխություններ ունենալ Սևանում։ Պետք է միասին ճանապարհներ գտնենք, որպեսզի թեթևացնենք Սևանա լճի հոգսը, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք»,- ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։ Նիստի օրակարգում քննարկման թեման մեկն էր՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն։ Ըստ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի, եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը․ «Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սևան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սևան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սևանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում»,- պնդեց փորձագիտական հանձնաժողովի նախագահը։ «Այս տարի Սևանի ջուրը մեկ ամիս շուտ ենք բաց թողել՝ մայիսի 14-ին, իսկ անցյալ տարի՝ հունիսի 6-ին»,- արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ապա՝ հավելեց․ «Այս տարի անձրևներ չկային, Հրազդան գետի ջրատվությունը, ըստ Հիդրոմետի կանխատեսումների, անգամ 40 տոկոսով պակաս էր, քան իրականում։ Ջրապահանջը շատ էր, գետերում ջուր չկար, միակ ճանապարհը Սևանից բաց թողնելն էր։ Ապրիլից է սկսվել այս տարի ոռոգման շրջանը, այդպիսի բան գրեթե չէր եղել։ Այս տարի վեգետացիան շուտ է սկսվել»։ Ըստ Վահագն Գևորգյանի անցյալ տարվա 140 միլիոն խմ-ի փոխարեն այս տարի Արփա-Սևան թունելով տեղափոխել ենք 80 միլիոն խմ ջուր․ «Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին շինարարություն է եղել, և երկրորդ, թունելի մուտքը փակ է եղել, այս 3 ամիսների ընթացքում քիչ ջուր է գնացել։ Բացի այդ, 2021 թվականի համեմատ Արփա և Եղեգիս գետերի հոսքը շատ նվազել է»։ «Ոռոգման շրջանի սկզբից՝ մայիսից մինչև հուլիս ամիսը, ոռոգման ջրապահանջարկը փակվել է Սևանա լճի հաշվին»,- վրա բերեց ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ, հանձնաժողովի անդամ Վլադիմիր Նարիմանյանն ու թվարկեց․ «Երկու ջրապահանջ եք ներկայացրել։ Առաջինը՝ Սևանա լճից 170 խմ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման ժամանակ, երբ ոռոգման շրջանը նոր էր սկսվում, ամբողջ համակարգի՝ 31 հազար հեկտարի համար ջրապահանջարկը եղել է 521 միլիոն խմ։ Մյուսը ներկայացրել եք հիմա՝ 445 միլիոն խմ, որը նախատեսված է հուլիսի 1-ից մինչև ոռոգման շրջանի ավարտը` հոկտեմբերի 10-ը։ Եթե այն ժամանակ ջրապահանջարկը 521 միլիոն խմ է եղել, հիմա 445 միլիոն խմ է, ստացվում է, որ 76 միլիոն խմ տարբերությունը նախատեսված է եղել ոռոգման շրջանից մինչև հուլիսի մեկը։ Եթե դուք 80 միլիոն խմ-ն ջրամբարից եք վերցրել, 68 միլիոն խմ-ն՝ Սևանից, ստացվում է այնպես, որ միայն Սևանից եք փակել ամբողջ համակարգի ջրապահանջարկը։ Բա ջրամբարների 80 միլիոն խմ-ն ի՞նչ եք արել», - իր ելույթը կոշտ հարցադրմամբ ավարտեց Վլադիմիր Նարիմանյանը։ «2021 թվականին, երբ Սևանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ և շարունակեց մնալ բացասական»,- ասաց հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը։ Նրա դիտարկմամբ  Ջրբացթողումների հետևանքով Սևանա լճի մակարդակը շարունակելու է իջնել իսկ ջրի դեֆիցիտը պետք է լրացնել նոր ջրամբարների միջոցով։ «Պետք է նվազեցնենք Սևանա լճի վրա բացասական ազդեցությունները, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից։ Իսկ Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել», -նախազգուշական ազդակ տվեց Բարդուխ Գաբրիելյանը։ Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը հավելեց․ «Սևանի բեռը կթեթևացնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճիշտ օգտագործումը։ 54 լումա է խմ-ն այնտեղ։ Դիմեք, որ վերանայվի, դա ճիշտ չէ։ Բացի այդ, մենք ձուկ աճեցնելով կիսաանապատային գոտում, ատոմակայանն ենք հարցականի տակ դնում, նաև նոր նախատեսվող ատոմակայանը», - շեշտեց Մելիքսեթյանը։ Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամները Ջրային կոմիտեին առաջարկեցին վերանայել ջրապահանջարկի և ջրի դեֆիցիտի հաշվարկները ու ներկայացնել ստույգ և հիմնավորված տվյալներ։ Eco.am

Շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու 9 խորհուրդ

Շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու 9 խորհուրդ
Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը։ Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հրապարակել է մի քանի կարևոր խորհուրդներ։  1․ հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո, 2 սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, 3․  պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում, 4․ ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, 5  չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, 6  սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերից աղտոտումը կանխարգելելու համար, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում, 7  առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն), 8  սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 70°C պայմաններում, 9․  պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է ուշադիր լինել և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ։

Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը. վերլուծաբան

Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը. վերլուծաբան
«Աշխարհում ամենաարագը աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով»,- նման եզրահանգման են եկել  Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։ Ըստ նրանց, աշխարհում նման էներգիայի քանակը բավական է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ամբողջությամբ լույսով և ջերմությամբ ապահովելու համար։ «Այժմ ավելի քան 60 երկրներ իրենց էներգիայի 10 տոկոսից ավելին արտադրում են քամուց և արևից: Միջուկային էներգիայի հետ մեկտեղ վերականգնվող աղբյուրները (RES) կազմում են էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 39 տոկոսը, ինչը նույնպես ռեկորդային է»,- իրենց զեկույցում ընդգծել են Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։ 2022 թվականին արևային և հողմակայաններին բաժին է ընկել համաշխարհային էներգիայի արտադրության 12 տոկոսը՝ երկու տոկոսային կետով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այսպիսի դինամիկան կարող է ազդարարել հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի սկիզբը, կանխատեսել են վերլուծաբանները: «Արևային և քամու էներգիայի համար պայմանները պատրաստված են արագ վերականգնում ապահովելու համար։ Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը»,- նշել է Ember-ի առաջատար վերլուծաբան Մալգորզատա Վիատրոս-Մոտիկա: Փորձագետների կարծիքով՝ 2023 թվականին մաքուր էներգիան պետք է ամբողջությամբ բավարարի համաշխարհային պահանջարկը։

Ո՞ր թվականի հուլիսին է առավել շոգ եղանակ դիտվել Հայաստանում

Ո՞ր թվականի հուլիսին է առավել շոգ եղանակ դիտվել Հայաստանում
Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ հանրապետության տարածքում ցիկլոնային գործունեությունը հուլիս ամսվա ընթացքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում  այն կազմում է  14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը`  հասնելով իր առավելագույն արժեքին: Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը հանրապետության  տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են  տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր: Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին։ Արարատյան դաշտում և Երևանում  Քամու առավելագույն արագությունը կարող է հասնել 20-22մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։ 2016թ-ի հուլիսի 10-ին Արմավիրի  մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, որը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Կարկտահատիկի տրամագիծը ասել է 4-5սմ-ի, կոտրելով տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ահռելի վնաս հասցրել պտղատուներին և բանջարաբոստանային կուլտուրաներին։ Հուլիսի միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25...+27°С, Տավուշում' +18...+22°С, Լոռիում' +16...+18°С, լեռնային շրջաններում +15...+20°С սահմաններում: Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ-ի հուլիսի 31-ին  գրանցվել է՝ Մեղրիում` +43.7°С, 2017թ-ի հուլիսի 29-ին Արարատում +42.6°С, Երևանում +42.0°С: Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+35°С: Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է  +39...+41°С սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°С: Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։ Խոնավ հուլիսներ են դիտվել 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել  1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել: Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 20%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 5%:

«Կանաչ տնտեսությանն» անցնելու համար պետք է հրաժարվել հանածո վառելիքից»․ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

«Կանաչ տնտեսությանն» անցնելու համար պետք է հրաժարվել հանածո վառելիքից»․ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը  համաշխարհային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել «կանաչ տնտեսությանն» անցնելու համար, ներառյալ՝ աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ТАСС գործակալությունից։  «2000-ից մինչև 2023 թվականը «գլոբալ մասշտաբով կլիմայական գործոնների և հեղեղների հետ կապված տարերային աղետների թիվը աճել է 134 տոկոսով»,- մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ քննարկման ընթացքում հիշեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և դիտարկել, որ կլիմայի փոփոխության հետևանքով սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվն այս հարյուրամյակի կեսերին կարող է աճել 80 միլիոնով․ «2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդու համար առաջացել է սովի խնդիր: Ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխությունը մինչև այս դարի կեսերը սովի վտանգի տակ կդնի ևս մինչև 80 միլիոն մարդու՝ ստեղծելով հուսահատության և կարիքի հիրավի սոսկալի մասշտաբներ»: Ըստ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, գլոբալ տաքացման արագացման հետ մեկտեղ, այդ հետևանքները կդառնան ավելի ու ավելի լայնածավալ և ինտենսիվ։ Նրա դիտարկմամբ իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է «վերջ տալ հանածո վառելիքի ճյուղի անիմաստ սուբսիդավորմանը» և սկսել «աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից»։ Ներկայումս էքստրեմալ եղանակային երևույթների ծանր հետևանքները, պարենային անվտանգության համար, առավել սաստիկ են զգացել հետևյալ երկրների բնակիչները՝ 1․ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների, 2․ Ասիայի, 3․ փոքր կղզի պետությունների, 4․Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները:

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում
Վերջին շրջանում Երևանում և հանրապետության մի քանի քաղաքներում օդի աղտոտվածությունը և փոշու արտանետումների գերազանցումը՝ իրական նորմերից, կարծես թե դարձել է անլուծելի հարց։ Այն ինչ, կարելի է հարցին լուծում տալ՝ պահպանելով պահանջվող բոլոր նորմերն ու կանոնները։ Ստացվում է, համապատասխան գերատեսչությունները, կանոնավոր հայտարարություններ են անում՝ օդի աղտոտվածությունը կանխելու համար, իսկ կառուցապատողներն էլ՝ ընդունելով ի գիտություն շարունակում են իրենց գործը, անտեսելով բոլոր նորմերը։ Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոշու արտանետումները և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով հանդիպում-քննարկում է կազմակերպել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Eco.am  սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ քննարկմանը կարևորվել է շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի, սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների ապահովումը, մատնանշվել անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարումը՝ 1․ շինհրապարակները պարբերաբար ջրելը, 2․ սորուն նյութերը փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկելը, 3․ շինհրապարակները պարսպապատելը, 4․ շենքերն ու շինությունները համապատասխան բարձրության անթափանց թաղանթով ծածկելը, 5․ հղկման աշխատանքների ընթացքում օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր, տեխնոլոգիաներ և այլն։ Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ներկաներին առաջարկվել է ընդերքօգտագործումն ու շինաշխատանքները կազմակերպելիս օգտագործել նաև փոշեճնշող սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում, արագ և արդյունավետ կանխարգելում են մթնոլորտային օդ փոշու արտանետումը։ Հանդիպման ավարտին քննարկվել են շինարարներին հուզող հարցերն ու առաջարկները, հիշեցվել, որ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը շարունակում է մնալ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։

AI-ը հեղափոխում է արևային տեխնոլոգիաները

AI-ը հեղափոխում է արևային տեխնոլոգիաները
Արևային էներգետիկայի ոլորտում արհեստական ինտելեկտի (AI) առաջընթացը նորարարությունների նոր դռներ է բացել։ AI ալգորիթմներն օր օրի հեղափոխում են արևային արդյունաբերությունը՝ օպտիմալացնելով արևային էներգիայի արտադրության յուրաքանչյուր քայլը: Արևային կայանների նախագծումից և տեղադրումից մինչև մոնիտորինգ, սպասարկում և էներգիայի գերճշգրիտ բաշխում․ AI-ի միջոցով արդյունավետությունն ու կայունությունը ամենաբարձր մակարդակի են հասնում: Արևային վահանակների օպտիմալացում՝ հիմնված AI-ի վրա AI-ի միջոցով արևային կայանները կարող են ավելի շատ էներգիա արտադրել և առավելագույն արդյունավետությամբ աշխատել: AI ալգորիթմներն այնպես են գրվել, որ դրանք կարողանում են վերլուծել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են եղանակային պայմանները, ամպի ծածկույթը և վահանակի հնարավոր տեղակայումը՝ որոշելու արևի էներգիայի առավելագույն կլանման համար օպտիմալ անկյունը և ուղղությունը: Արևային վահանակների դիրքը կարգավորելով՝ AI-ն ապահովում է, որ դրանք մշտապես ստանան առավելագույն արևի լույս ամբողջ օրվա ընթացքում: Տվյալների վերլուծություն AI-ի միջոցով AI ալգորիթմները կարող են վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ՝ ներառյալ եղանակային օրինաչափությունները, ճառագայթումը և էներգիայի սպառման միտումները: Սա օգնում է առավելագույնի հասցնել էլեկտրաէներգիայի արտադրությունը, բարձրացնել ընդհանուր արդյունավետությունը և նվազեցնել շահագործման ծախսերը։ Դրանք կարող են վերլուծել նաև վահանակի ջերմաստիճանը, լարումը, և այս պարամետրերի շարունակական մոնիտորինգի միջոցով AI-ը կարող է կանխատեսել արտադրողականության վրա ազդող գործոնները։ Կանխատեսելի սպասարկում և անսարքությունների հայտնաբերում AI ալգորիթմները հնարավորություն են տալիս կանխատեսելի սպասարկում իրականացնել՝ հայտնաբերելով արևային կայանների հնարավոր խնդիրները նախքան դրանց խնդրահարույց դառնալը: Սրա շնորհիվ հնարավոր է դառնում ժամանակի ու ռեսուրսների խնայողությունը, ինչպես նաև ավելի հուսալի և կայուն էներգիայի մատակարարման: Բացի այդ, AI-ով աշխատող անօդաչու սարքերը, որոնք հագեցած են ջերմային տեսախցիկներով, կարող են օդային ստուգումներ իրականացնել՝ արագ բացահայտելով անսարք վահանակները կամ ուշադրություն պահանջող միացումները: Էներգետիկ ցանցերի ընդլայնված կառավարում AI-ը վճռորոշ դեր է խաղում ցանցի կառավարման դինամիկան հավասարակշռելու գործում: Վերլուծելով պատմական տվյալները, եղանակի կանխատեսումները և իրական ժամանակում էներգիայի սպառման օրինաչափությունները՝ AI ալգորիթմները կարող են օպտիմալացնել էներգիայի բաշխումը և ապահովել սահուն անցում ավանդական և արևային էներգիայի աղբյուրների միջև: Էներգիայի պահպանման նորարար լուծումներ Արևային տեխնոլոգիաների հիմնական սահմանափակումներից մեկը գիշերային կամ ամպամած պայմաններում էլեկտրաէներգիա արտադրելու անկարողությունն է: Էներգիայի պահպանման լուծումները, ինչպիսիք են մարտկոցները, էական դեր են խաղում այս մարտահրավերը հաղթահարելու գործում: AI ալգորիթմները կարող են օպտիմալացնել էներգիայի պահեստավորումը՝ կանխատեսելով էներգիայի պահանջարկի օրինաչափությունները, եղանակային պայմանները և էլեկտրաէներգիայի գները: Վերլուծելով այս տվյալները՝ AI-ը կարող է խելամտորեն որոշել մարտկոցները լիցքավորելու և լիցքաթափելու օպտիմալ ժամանակը, ինչն օգնում է դրանց երկարատև անխափան օգտագործումը։ Աղբյուրը՝ shtigen.com

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է
Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Օրվա խորհուրդը մեկն է՝ Ի դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր: Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը կրճատելու և կանխելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետություն մշակվել են օրենսդրական կարգավորումներ։ Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։ Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված  սահմանափակումները՝ հանուն մեր մաքուր շրջակա միջավայր ունենալու միասնական նպատակի։

Պետական սուբսիդավորման ծրագրով պահանջված է արևային ֆոտովոլտային համակարգերի տրամադրումը

Պետական սուբսիդավորման ծրագրով պահանջված է արևային ֆոտովոլտային համակարգերի տրամադրումը
Հունիսի 29-ի ՀՀ Կառավարության նիստում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով, օրենքում փոփոխություն կատարվեց։ Արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, երկարաձգվեց ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում: «Ծրագրի մեկնարկին կանխատեսում էինք, որ առնվազն 2000 շահառու կարող ենք ունենալ, սակայն առաջին տարում՝ 2022թ․ ունեցանք 1265 շահառու։ Այսօր արդեն  2000-ի փոխարեն ունենք  3000-ից ավել շահառու»,- լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԵ նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։ Ըստ բանախոսի, մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ավելի պահանջված է արևային ֆոտովոլտային համակարգերի տրամադրումը, որոնք գերակշռում են անհատական բնակելի տուն ունեցող շահառուները։ Իսկ թե ի՞նչ է իրենից ենթադրում ծրագրով նախատեսված Էնէրգաարդյունավետ բաղադրիչը, հովհաննես Աբրահամյանը մանրամասնեց․ «էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրն իրենից ենթադրում է տան պատուհանների և մուտքի դռան էնէրգաարդյունավետ փոխարինում, տանիքի վերանորոգում, էներգաարդյունավետ նյութերով պատերի հաստացում, ինչպես նաև՝ արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտային պանելների տեղադրում»։ Ծրագրի գործողության ժամկետի փոփոխության հետ մեկտեղ փոփոխվել է նաև ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսները։ Օրինակ, եթե նախկինում Երևանի սպառողի համար վարկը հասանելի էր 5 տոկոս սումբսիդիայով, հուլիսի 1-ից դարձել է 9 տոկոս։ Իսկ  գյուղական բնակավայրերի համար 2 տոկոսը փոխարինվել է 12, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսը փոխարինվել է 11, և սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի համար նախկին  0 տոկոսը փոխարինվել է 14-ով։ Բանախոսի հիմնավորմամբ, վերոնշյալ փոփոխությունը պայմանավորված է բանկերի և քաղաքացիների միջև հարաբերությունների ազատականացմամբ․ «Պետությունը չի հրաժարվում իր բեռից, բայց թույլ է տալիս որպեսզի քաղաքացին և բանկը իրենց հարաբերությունները ձևավորեն։ Նախորդ տարվա մեր մոնիտորինգի արդյունքներով պարզվեց, որ հիմնականում օգտագործվել են ազգային հիպոտեկային ընկերության միջոցների հաշվին են այդ վարկերը տրամադրվել, հիմա խթանում ենք, որպեսզի ֆինանսական կառույցները հնարավորություն ունենան սեփական միջոցների հաշվին վարկեր տրամադրեն»։ Ի դեպ, վերոնշյալ թեմայի շուրջ Eco.am սոցիալական հարթակը հարցում է ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որի պատասխանները ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողին։ Eco.am
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել