Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հնդկաստանում «ձկան» շնորհիվ ծովափը մաքրվում է պլաստիկից

Հնդկաստանում «ձկան» շնորհիվ ծովափը մաքրվում է պլաստիկից
Հնդկաստանի լողափերից մեկում տեղադրել են հսկայական չափերի հասնող ձկան խոռոչ-քանդակ, իսկ կողքին՝ «Նա սիրում է պլաստիկ տարաներ ուտել, կերակրի՛ր նրան» գրությամբ ցուցանակ տեղադրել։ Պարզվում է, այդ մեթոդը արդյունավետ քայլ է շրջակա միջավայրը մաքուր պահպանելու համար, քանի որ արդեն օրվա ավարտին ձկնիկը լցվում է պլաստիկ տարաներով, իսկ լողափը՝ մնում է մաքուր։ Eco.am

Բոլոր ջրօգտագործողները պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքեր

Բոլոր ջրօգտագործողները պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքեր
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար: Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։

Օգոստոսի վերջին կիրակին Սևանա լճի օրն է

Օգոստոսի վերջին կիրակին Սևանա լճի օրն է
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։ «Ամեն անգամ Սևանա լիճ գնալիս հիշե՛ք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ»,- ՀՀ քաղաքացիներին հորդորում է Շրջակա միջավայրի նախարարությունն ու հավելում, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։

Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ Գ․ Սուրենյան

Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ Գ․ Սուրենյան
Վերջին շաբաթներին տաք օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանի հանրապետությունում ստեղծվել է 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ոլորտի մասնագետները պարբերաբար հորդորում են՝ հատկապես տաք եղանակին խոզանների և տերևների թափոնների այրում չիրականացնել։ «Գյուղացիների շրջանում թյուր կարծիք կա, թե խոզանների և տերևների թափոնների այրումը կարող է բարձրացնել հողի որակը։ Սակայն, հրդեհների արդյունքում վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազեցվում է խոնավությունը, ինչպես նաև հողի բերրիությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը և հիշեցրեց, որ նման երևույթների հետևանքով աղտոտվում է նաև մթնոլորտը․ «Օդի աղտոտվածությանը զուգահեռ նաև ավելանում են մարդկանց, կենդանիների շնչառական խնդիրները։ Իսկ հրդեհներից հետո անձրևներն էլ կարող են հողի էրոզիա առաջացնել, առաջացած մասնիկներն էլ կարող են հայտնվել ջրային էկոհամակարգեր, ինչի պատճառով ջրերի աղտոտում կարող է տեղի ունենալ։ Մարդու առողջության վրա էլ լուրջ ազդեցություն է ունենում այրումներից թունավոր քիմիական նյութ է անջատվում, ինչն էլ հանգեցնում է թոքերում քաղցկեղի առաջացմանը։ Լինում է նաև հազ, ի հայտ են գալիս ալերգիկ երևույթներ»,- ներկայացրեց Սաղաթել Պետրոսյանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ անդրադարձավ  խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքներին․ «Հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են։ Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում, գրանցվում է որոշ կենդանիների գենետիկական բազմազանության կորուստ, խախտվում են էկոհամակարգեր և այլն»։ Գ․ Սուրենյանը շեշտեց, որ քամու առկայության պայմաններում կամ տեղումների բացակայության դեպքում անգամ մի փոքր կրակը կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնալ։ Սուրենյանը նաև հորդորեց ազգաբնակչությանը առավել ուշադրություն պահպանել նաև սեպտեմբերին․ «Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Ճիշտ է, սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ինչպես պաշտպանվել շոգից․ 5 խորհուրդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Ինչպես պաշտպանվել շոգից․ 5 խորհուրդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Nature գիտական ամսագրի տվյալներով՝ անցյալ տարի Եվրոպայում ջերմային ալիքը խլել է ավելի քան 60 հազար մարդու կյանք, ինչը երեք անգամ ավելի է, քան կանխատեսել էին գիտնականները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ 2023 թվականը և դրան հաջորդող տարիները հնարավոր է լինեն պատմության մեջ ամենաշոգը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ուշադիր հետևել եղանակի կարճաժամկետ կանխատեսմանը և ուշադրություն դարձնել պատկան մարմինների խորհուրդներին։ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը նաև խորհուրդներ է տվել, թե ինչպես պաշտպանվել շոգից: 1․ Պետք է ձեռքի տակ ունենալ սառը ջուր, իսկ օրվա ամենաշոգ ժամերին աշխատեք դուրս չգալ փողոց կամ մնալ ստվերում՝ օրական առնվազն մի քանի ժամ։ 2 Երեխաներին և կենդանիներին չի կարելի թողնել կայանված մեքենաներում: 3 Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տունը կամ բնակարանը շոգից պաշտպանելու համար՝ ցերեկային ժամերին օգտագործել վարագույրներ կամ շերտավարագույրներ, գիշերը բացել պատուհանները, հնարավորության դեպքում չօգտագործել օդը տաքացնող էլեկտրական սարքեր։ 4․ Բարձր ջերմաստիճանի ժամանակ չափազանց կարևոր է պահպանել խմելու ռեժիմը, բավականաչափ հեղուկներ օգտագործելը, մինչդեռ ալկոհոլից, կոֆեինից և քաղցր ըմպելիքներից պետք է ընդհանրապես հրաժարվել: 5Շատ կարևոր է խնամել միայնակ մարդկանց, ովքեր կարող են շոգին օգնության կարիք ունենալ: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս այդպիսի մարդկանց չթողնել առանց ուշադրության և աջակցության, նույնիսկ եթե նրանք ընտանիքի անդամներ չեն:

Բյուրականի աստղադիտարանում պարզել են տաք գերխիտ աստղերում հիպերոնային նյութի բաղադրությունը

Բյուրականի աստղադիտարանում պարզել են տաք գերխիտ աստղերում հիպերոնային նյութի բաղադրությունը
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում պարզել են տաք գերխիտ աստղերում հիպերոնային նյութի բաղադրությունը և վիճակի հավասարումը դելտա-ռեզոնանսների առկայության դեպքում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ հաշվվել են աստղերի մոդելները, ինչպես նաև նեյտրոնային աստղի ներքին պատյանում հաշվվել է նյութի էլեկտրահաղորդականության գործակիցը բարձր ջերմաստիճաններում և մագնիսական դաշտերի առկայությամբ։ «Գերխիտ կամ նեյտրոնային աստղերը տիեզերքի ամենախիտ օբյեկտներից են, որոնց ընդերքում նյութը սեղմվում է մինչև միջուկային խտությունից մի քանի անգամ ավելի մեծ խտություններ: Այդպիսի էքստրեմալ խտություններում նյութը կարող է դրսևորվել տարբեր բաղադրությունների կամ փուլերի տեսքով։ Ուսումնասիրվել է նեյտրոնային աստղերի նյութի բաղադրությունն այնպիսի բարձր ջերմաստիճաններում, որոնք հասանելի են կա՛մ կրկնակի նեյտրոնային աստղերի միաձուլման պրոցեսներում, կա՛մ գերնորերի պայթյուններից հետո, որոնց արդյունքում առաջանում է նեյտրոնային նախաաստղ», - պատմեց գիտական խմբի ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Սեդրակյանը։ Ըստ նրա՝ հետազոտությունների կարևոր մաս են կազմում նաև կրկնակի նեյտրոնային աստղերի միաձուլման և նրանցից գրավիտացիոն ալիքների արձակման խնդիրները․ «Միաձուլվող կրկնակի նեյտրոնային աստղերից առաքված գրավիտացիոն ալիքներն առաջին անգամ գրանցվել են 2017թ-ին LIGO-Virgo դետեկտորներով։ Միաձուլումից հետո առաջանում է գերզանգվածեղ տաք նեյտրոնային աստղ, որում ընթացող տեղափոխման երևույթները կարող են ազդել արձակվող գրավիտացիոն ալիքների սպեկտրի վրա։ Այդ սպեկտրների հետագա ուսումնասիրությունը կարող է շատ արժեքավոր տեղեկություններ պարունակել գերխիտ նյութի կառուցվածքի մասին։ Մեր վերջին աշխատանքն ուղղված է աստղային նյութի էլեկտրահաղորդականության գործակցի ուսումնասիրությանը համապատասխան ֆիզիկական պայմաններում՝ բարձր ջերմաստիճաններում և ուժեղ մագնիսական դաշտերում»,- ասաց նա։ Աշխատանքը կարևոր է ռենտգենյան ճառագայթների, գրավիտացիոն ալիքների և ռադիոալիքների տարբեր աստղադիտակներից ստացվող տվյալների մեկնաբանման համար և բազմաթիվ այլ բաց հարցեր ուսումնասիրելու համար։ «Օրինակ, նեյտրոնային աստղի նյութի բաղադրության մեջ տարբեր ծանր մասնիկների առկայությունը՝ պայմանավորված միջուկային փոխազդեցություններով, բերում է աստղերի զանգվածի և չափերի, ինչպես նաև այլ կարևոր պարամետրերի փոփոխության։ Քանի որ աստղերի զանգվածն ու չափերը կարող են որոշվել դիտումներից, ուստի տեսականորեն ստացված արդյունքների համեմատությունը դիտողական տվյալների հետ ու միջուկային ֆիզիկայի փորձերի հիման վրա առաջարկված տեսական մոդելների հետ համադրումը կարող է մեզ շատ արժեքավոր տեղեկություններ տրամադրել գերխիտ նյութի կառուցվածքի և նյութը կազմող տարրական մասնիկների միջև փոխազդեցությունների մասին»,- ասաց Արմեն Սեդրակյանը: Հետազոտության առաջին մասի արդյունքների վերաբերյալ երկու գիտական հոդված է տպագրվել․ 1․ Sedrakian, A. Harutyunyan, Equation of State and Composition of Proto-Neutron Stars and Merger Remnants with Hyperons. Universe 7(10), 382, (2021) 2․ Sedrakian, A. Harutyunyan, Delta-resonances and hyperons in proto-neutron stars and merger remnants. European Physical Journal A 58, 137 (2022)։ Հետազոտությունն իրականացվել է Ֆրանկֆուրտի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի և Բյուրականի աստղադիտարանի համատեղ «Տրանսպորտային երևույթներ խիտ նյութում՝ նեյտրոնային աստղերի միաձուլումից մինչև իոնների ծանր բախումներ» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի «Volkswagen» հիմնադրամի աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի և Լեհաստանի Վրոցլավի համալսարանի մասնակցությամբ։

Մոլորակը գտնվում է ինքնաոչնչացման եզրին․ NASA-ի գիտնական Էգոն Չոլաքյանի հրատապ կոչը՝ մարդկությանը

Մոլորակը գտնվում է ինքնաոչնչացման եզրին․ NASA-ի գիտնական Էգոն Չոլաքյանի հրատապ կոչը՝ մարդկությանը
Երկրի շերտերի անոմալ ապակայունացումը, կլիմայական աղետների պատճառ դառնալուց հետո հայտնի ֆիզիկոս Էգոն Չոլաքյանը աննախադեպ կոչով դիմել է բոլոր մարդկանց, գիտնականներին և համաշխարհային առաջնորդներին։ CERN-ի մասնիկների ֆիզիկոսը և Սպիտակ տան դաշնային լոբբիստ Էգոն Չոլաքյանը, հրատապ և ցնցող տեսաուղերձում բացահայտում է վերջին տարիներին Երկրի շերտերում նկատված մի շարք անհանգստացնող անոմալիաներ, այդ թվում՝ 1․ Երկրի պտտման առանցքի տեղաշարժը, 2․ մագնիսական դաշտի կրիտիկական թուլացում և դրանում ատիպիկ անոմալիաների ի հայտ գալը, 3․մթնոլորտի վերին շերտերի բաղադրության փոփոխություն, մագմայի խցիկների ծայրահեղ ակտիվացում, 4․ Երկրի թիկնոցի խորքում երկրաշարժերի ուղեկցող աճ։ Օվկիանոսի ջերմային հաղորդունակությունը նվազում է, արդյունքում օվկիանոսները կորցրել են փոխհատուցման և սառեցման գործառույթների ունակությունը։ «Այս բոլոր անհանգստացնող գործոնները խոսում են միայն մեկ բանի մասին՝ մեր մոլորակը գտնվում է ինքնաոչնչացման եզրին, իսկ մարդկությանը մնացել է հաշված տարիներ՝ կանխելու մոտալուտ աղետը»,- ասում է Էգոն Չոլաքյանը՝ ընդգծելով իրավիճակի կրիտիկական բնույթը. «Գիտական ​​աշխարհի խնդիրն այն է, որ  գիտական ​​աշխարհը պառակտված է։ Ամեն ինչ ուսումնասիրվում է կոնկրետ առարկայի նեղ շրջանակում։ Մինչդեռ Երկրի բոլոր պատյանների համաժամանակյա անոմալ ապակայունացման խնդիրը և մեր մոլորակի վաղաժամ մահվան վտանգը կարող են ուսումնասիրվել միայն գլոբալ միջդիսցիպլինար մոտեցման միջոցով»: Էգոն Չոլաքյանը բացատրում է, որ ներկայիս գիտական ​​մոտեցումը չի կարող ոչ բացատրել վերոհիշյալ տագնապալի երեւույթների պատճառները, ոչ էլ դրանց համար ողջամիտ լուծում գտնել։ Այսպիսով, հրատապ լուծում գտնելու համար անհրաժեշտ է հիմնովին նոր մոտեցում. «Անհրաժեշտ է ստեղծել միջառարկայական բազմավեկտոր մեխանիզմ մեր մոլորակը հնարավորինս արագ փրկելու համար՝ աշխարհի լավագույն գիտնականների ներգրավմամբ»։ Ըստ գիտնականի, այս խնդրի միակ ճիշտ լուծումը կախված է տաղանդավոր ու համախմբված գիտնականներից, որոնք օժտված են անսահմանափակ գիտական ​​և ֆինանսական ռեսուրսներով․ «Պետք է հնարավորինս արագ ստեղծել միասնական գիտական ​​հանրություն՝ զերծ քաղաքական հավակնությունների և տնտեսական շահերի ազդեցությունից»,- ընդգծում է Էգոն Չոլաքյանը։ Էգոն Չոլաքյանն իր շրջադարձային տեսաուղերձում կարևոր կոչ է անում ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսների անսահմանափակ հասանելիությամբ միասնական միջազգային հետազոտական ​​կենտրոն. մոլորակը և ողջ մարդկությունը։ Ի հավելումն, Էգոն Չոլոքյանն ընդգծել է. «Հանուն գիտության և մարդկության, ես՝ Էգոն Չոլոքյանս, դիմում եմ ձեզ՝ աշխարհի պետությունների ղեկավարներիդ, հրատապ կոչով. բանակցությունների սեղան. Ժամանակն է սկսել մտածել միասնական համաշխարհային տնտեսության և համախմբված միասնական աշխարհի մասին: Սա պարզապես իմ տեսակետների արտահայտությունը չէ, դա մեր մոլորակի գոյատևումն ապահովելու պարտադիր պայման է»։ Էգոն Չոլաքյանի մասին. Էգոն Չոլաքյանը որակավորված մասնիկների ֆիզիկոս է, որը համագործակցում է CERN-ի առաջադեմ մասնիկների ֆիզիկայի լաբորատորիայի հետ՝ ապագա օղակաձև բախիչ տեխնոլոգիայի զարգացման համար: Համագործակցում է NASA NISAR առաքելության կազմակերպման գործում։ Հետախուզության վերլուծաբանների պատրաստման միջազգային ասոցիացիայի անդամ և միջազգային հարկային իրավունքի մասնագետ: Նա աշխատել է որպես հարկային վերլուծաբան Միջազգային առևտրի և ներդրումային քաղաքականության նախագահական հանձնաժողովի նախագահներ Նիքսոնի և Ֆորդի օրոք: Աշխատել է նախագահ Ռեյգանի «Խոհանոցային սենյակում» և Սպիտակ տանը՝ որպես նախագահ Ռեյգանի «Պաշտպանության ռազմավարական նախաձեռնություն» նախագծում։ Ընդհանուր առմամբ, Էգոն Չոլաքյանը աշխատել է ԱՄՆ չորս նախագահների հետ։ Ներկայումս նա ԱՄՆ Կոնգրեսում և Սպիտակ տանը դաշնային լոբբիստ է: Էգոն Չոլաքյանը հաստատվել է որպես կլիմայի փոփոխության և ազգային անվտանգության հարցերի ճանաչված փորձագետ։ Մանրամասները՝ Էգոն Չոլաքյանը, հրատապ և ցնցող տեսաուղերձում․

Ինչպե՞ս որոշել՝ ձեռքի տակ եղած պլաստիկը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ

Ինչպե՞ս որոշել՝ ձեռքի տակ եղած պլաստիկը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ
Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 6․000 տոննա վերամշակվող պլաստիկ: Ինչպե՞ս է հնարավոր որոշել՝ ձեռքի տակ եղած պլաստիկը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ։ Դրանց վրա կան եռանկյուններ, որոնց մեջ գրված են թվեր։ Դրանք մինի–օգնականներ են։ Եռանկյունից ներքև էլ կան տառեր, որոնցով հնարավոր է հասկանալ՝ ինչ տեսակի պլաստիկ է։ Այսպիսով՝ Վերամշակվող տեսակներ․ 1․ PET (E) կամ PET - պոլիէթիլենային տերեֆալատ՝ վերամշակվող պլաստիկ խեժ է և պոլիեսթեր։ Այս նյութից են այն շշերը, որոնց հատակին ուռուցիկ կետ կա։ Դրանց մեջ հիմնականում ջուր և կաթ է լինում, երբեմն՝ լոգանքի հեղուկներ։ 2․ PEHD (HDPE) կամ HDPE - ցածր ճնշման պոլիէթիլեն է։ Սա օգտագործվում է շշերի խցանների, կոսմետիկայի տարաների ու կենցաղային քիմիական նյութերի համար։ 3․ PELD (LDPE) կամ LDPE - բարձր ճնշման պոլիէթիլեն (ցածր խտության)։ Պատրաստվում են տոպրակներ ու թաղանթներ։ 4․ PP կամ PP - պոլիպրոպիլեն։ Պատրաստում են շշերի կափարիչներ, դույլեր, մածունի տարաներ, ոսպնյակների փաթեթավորումներ․․․ Այն վերամշակել հնարավոր է: Վնասակար և գրեթե չվերամշակվող տեսակ 1․ PVC կամ ՊՎՔ - պոլիվինիլքլորիդ։ Այս տեսակից պատրաստում են պատուհանների շրջանակներ, փուչիկներ, հաբերի, տորթերի, կաթնաշոռի փաթեթավորումներ, կոսմետիկայի շշեր, նաև խաղալիքներ։ 2․ PS կամ PS - պոլիստիրոլ, այն կարող է լինել սովորական և փրփրացրած: Փրփրացրած պոլիստիրոլը օգտագործվում է պենոպլաստ, ձվի տարա պատրաստելու համար։ Սովորական պոլիստիրոլից ստանում են կաթնամթերքի տարաներ, CD փաթեթավորում, անգամ մեկանգամյա օգտագործման սպասք: Հայաստանում այն չի վերամշակվում։ 3․O(ther) կամ ԱՅԼ: Տարբեր պլաստիկների կամ պոլիմերների խառնուրդ, որոնք վերևում թվարկված չէին: Օգտագործվում է պանրի, սուրճի, կենդանիների կերերի փաթեթավորներում: 4․  d2w- նշվում է այսպես կոչված օքսո-քայքայվող պլաստիկի վրա, օրինակ՝ պլաստմասսե փաթեթավորման վրա, որին ավելացվել է հավելանյութ ՝ մի բաղադրիչ, որը պատասխանատու է պլաստիկի մանր մասնիկների արագ քայքայման համար: Այն չի կարող վերամշակվել: Ավելի լավ է խուսափել ապրանքներից, որոնց վրա նկատում եք այս նշանը։  

NOAA-ն նախազգուշացում է հրապարակել՝ Էլ Նինյոյի անոմալիան արագորեն աճում է

NOAA-ն նախազգուշացում է հրապարակել՝ Էլ Նինյոյի անոմալիան արագորեն աճում է
Էլ Նինյոյի անոմալիան արագորեն աճում է, և նրա ուժեղ սեզոնային ազդեցությունն արդեն երևում է կանխատեսումների մեջ, քանի որ մոտենում ենք 2023/2024 թվականների աշնանը և ձմռանը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, որը հղում անելով հետևյալ հրապարակմանը նշում է, որ վերջին տվյալների հիման վրա NOAA-ն հրապարակել է նախազգուշացում, որը ցույց է տալիս Էլ Նինյոյի արագ աճող անոմալիան: Սպասվում է Էլ Նինյո օվկիանոսային տաք հոսանքի  կտրուկ  զարգացում, որի հետևանքները 2023/2024 թվականների աշնանը և ձմռանը կտարածվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Եվրոպայում։ Վաղուց հայտնի է, որ օվկիանոսային անոմալիաները, փոքր և մեծ մասշտաբներով, կարևոր դեր են խաղում մթնոլորտի շրջանառության և եղանակի ձևավորման համար: Այն հատկապես ակտուալ է ձմեռային սեզոնին, երբ բարիկական համակարգերում ճնշումն ամենաբարձրն է։ Էլ Նինյոն ԷՆՀՏ-ի տաք փուլն է, որը նշանակում է «Էլ Նինյոյի Հարավային տատանում»: Խաղաղ օվկիանոսի հասարակածային այս շրջանը պարբերաբար անցում է կատարում տաք ու ցուրտ փուլերի միջև: Որպես կանոն, փուլային փոփոխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր 1-3 տարին մեկ։ ԷՆՀՏ-ի յուրաքանչյուր փուլ տարբեր ազդեցություն ունի արևադարձային գոտիներում մթնոլորտային ճնշման և եղանակի ձևավորման վրա: Ժամանակի ընթացքում այն ազդում է ընդհանուր գլոբալ շրջանառության վրա՝ փոխելով եղանակային պայմանները ամբողջ աշխարհում: Տաք/ցուրտ փուլերը սովորաբար զարգանում են ամռան վերջին և աշնան սկզբին: Այնուհետև շարունակվում մինչև գարուն, բայց որոշ ազդեցություններ կարող են տևել մինչև երկու-երեք տարի: ԷՆՀՏ-ի սառը փուլը կոչվում է Լա Նինյա, իսկ տաքը՝ Էլ Նինյո: Բացի օվկիանոսի ջերմաստիճանից, փուլերի հիմնական տարբերություններից մեկը ճնշման բնույթն է, որին նրանք նպաստում են, որը ներկայացված է որպես բարձր (H) և ցածր (L) ճնշման գոտիներ: Եվրոպան և ԷՆՀՏ-ի ազդեցությունը Ձմեռային ճնշման անոմալիան ցույց է տալիս բարձր ճնշման միտում Եվրոպայի մեծ մասում, ընդ որում բարձր ճնշման կատարն ընդարձակվում է Էլ Նինյոյի ձմեռային սեզոնի ընթացքում: Ջերմաստիճանը, իհարկե, միջինից ավելի տաք է մայրցամաքի մեծ մասում: Բայց ազդանշանը թույլ ուժ ունի, քանի որ ԷՆՀՏ-ի ազդեցությունը մեծ հեռավորության վրա կորցնում է ցանկացած ուղղակի ազդեցություն: Այսպիսով, թեև միջինում կա ազդանշան, այն չի կարող օգտագործվել Եվրոպայում եղանակի որևէ ուղղակի կանխատեսումների համար: Ձմռանը Էլ Նինյոյի փուլի ժամանակ տեղումների ավելացում է սպասվում Կենտրոնական Եվրոպայում և հարավ-արևմուտքում, իսկ հարավարևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում ավելի քիչ տեղումներ են սպասվում: Առավել մանրամասն՝ այստեղ․

Հայտնի են «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է  որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների  ներդրումը բնության պահպանման գործում։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին նախադեպը չունեցող մրցույթով։ Հայտարարված «Ռեյնջեր 2023» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ների 49 աշխատակից՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից: Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ թեստավորման առաջին փուլը հաղթահարել է 15 մասնակից՝ անցնելով եզրափակիչ փուլ։  Իսկ օգոստոսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանդիսավոր միջոցառմամբ տեղի է ունեցել մրցույթի եզրափակից փուլը, որի ընթացքում էլ որոշվել են մրցանակաբաշխության հաղթողները։ Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,  Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Քաթրին Բուդեր-Փելցը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ,  հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Նախքան մրցութային փուլին մեկնարկը, միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորել բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչների դերն ու նշանակությունը անտառների, հարուստ կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրենսդրության կիրարկման գործում։ Ռենջերները, ում Հայաստանի Հանրապետությունում կոչում ենք տեսուչներ կամ անտառապահներ բնության հատուկ պահպանվող տարածքների առաջամարտիկներն են, ովքեր պաշտպանում են մեր բնությունը և պայքարում  շրջակա միջավայրի պահպանության համար: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ֆիզիկական պատրաստվածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողություններն են ցուցադրել։ Հանձնաժողովը գնահատել է յուրաքանչյուրին, ապա ընտրվել են հաղթողներ, ում տրվել են պատվոգրեր և դրամական պարգևներ` 1-ին տեղ՝ Ռուբեն Բադալյան, «Խոսրովի անտառ» պետական արգելոց 2-րդ տեղ Նարեկ Հովհաննիսյան, «Դիլիջան» ազգային պարկ, Արթուր Քոչարյան «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Հարութ Աղաթելյան, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ 3-րդ տեղ Արթուր Պետրոսյան, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Արմեն Աբելյան, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ Անի Սաֆարյան, «Դիլիջան» ազգային պարկ՝ լավագույն կին աշխատակից։ Ցուցաբերած արդյունքներով հաջորդ հինգ մասնակիցներին որպես մրցանակ տրվել են բջջային հեռախոսներ։ Շնորհավորելով մասնակիցներին մրցանակաբաշխության կայացման առթիվ, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ սրանով հիմք է դրվում այդչափ կարևոր աշխատանքը գնահատելու մի շատ գեղեցիկ ավանդույթի։