Վերջին շաբաթներին տաք օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանի հանրապետությունում ստեղծվել է 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ոլորտի մասնագետները պարբերաբար հորդորում են՝ հատկապես տաք եղանակին խոզանների և տերևների թափոնների այրում չիրականացնել։
«Գյուղացիների շրջանում թյուր կարծիք կա, թե խոզանների և տերևների թափոնների այրումը կարող է բարձրացնել հողի որակը։ Սակայն, հրդեհների արդյունքում վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազեցվում է խոնավությունը, ինչպես նաև հողի բերրիությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը և հիշեցրեց, որ նման երևույթների հետևանքով աղտոտվում է նաև մթնոլորտը․ «Օդի աղտոտվածությանը զուգահեռ նաև ավելանում են մարդկանց, կենդանիների շնչառական խնդիրները։ Իսկ հրդեհներից հետո անձրևներն էլ կարող են հողի էրոզիա առաջացնել, առաջացած մասնիկներն էլ կարող են հայտնվել ջրային էկոհամակարգեր, ինչի պատճառով ջրերի աղտոտում կարող է տեղի ունենալ։ Մարդու առողջության վրա էլ լուրջ ազդեցություն է ունենում․ այրումներից թունավոր քիմիական նյութ է անջատվում, ինչն էլ հանգեցնում է թոքերում քաղցկեղի առաջացմանը։ Լինում է նաև հազ, ի հայտ են գալիս ալերգիկ երևույթներ»,- ներկայացրեց Սաղաթել Պետրոսյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ անդրադարձավ խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքներին․ «Հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են։ Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում, գրանցվում է որոշ կենդանիների գենետիկական բազմազանության կորուստ, խախտվում են էկոհամակարգեր և այլն»։
Գ․ Սուրենյանը շեշտեց, որ քամու առկայության պայմաններում կամ տեղումների բացակայության դեպքում անգամ մի փոքր կրակը կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնալ։
Սուրենյանը նաև հորդորեց ազգաբնակչությանը առավել ուշադրություն պահպանել նաև սեպտեմբերին․ «Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Ճիշտ է, սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն