Nature գիտական ամսագրի տվյալներով՝ անցյալ տարի Եվրոպայում ջերմային ալիքը խլել է ավելի քան 60 հազար մարդու կյանք, ինչը երեք անգամ ավելի է, քան կանխատեսել էին գիտնականները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ 2023 թվականը և դրան հաջորդող տարիները հնարավոր է լինեն պատմության մեջ ամենաշոգը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ուշադիր հետևել եղանակի կարճաժամկետ կանխատեսմանը և ուշադրություն դարձնել պատկան մարմինների խորհուրդներին։
ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը նաև խորհուրդներ է տվել, թե ինչպես պաշտպանվել շոգից:
1․ Պետք է ձեռքի տակ ունենալ սառը ջուր, իսկ օրվա ամենաշոգ ժամերին աշխատեք դուրս չգալ փողոց կամ մնալ ստվերում՝ օրական առնվազն մի քանի ժամ։
2․ Երեխաներին և կենդանիներին չի կարելի թողնել կայանված մեքենաներում:
3․ Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տունը կամ բնակարանը շոգից պաշտպանելու համար՝ ցերեկային ժամերին օգտագործել վարագույրներ կամ շերտավարագույրներ, գիշերը բացել պատուհանները, հնարավորության դեպքում չօգտագործել օդը տաքացնող էլեկտրական սարքեր։
4․ Բարձր ջերմաստիճանի ժամանակ չափազանց կարևոր է պահպանել խմելու ռեժիմը, բավականաչափ հեղուկներ օգտագործելը, մինչդեռ ալկոհոլից, կոֆեինից և քաղցր ըմպելիքներից պետք է ընդհանրապես հրաժարվել:
5․ Շատ կարևոր է խնամել միայնակ մարդկանց, ովքեր կարող են շոգին օգնության կարիք ունենալ: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս այդպիսի մարդկանց չթողնել առանց ուշադրության և աջակցության, նույնիսկ եթե նրանք ընտանիքի անդամներ չեն:






Թողնել մեկնաբանություն