Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հրդեհները շրջակա միջավայրին սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է

Հրդեհները շրջակա միջավայրին սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է
Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հանրապետության տարածքը դեռևս համարվում է բարձր կարգի հրդեհավտանգ, ուստի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավել զգոնություն և ներկայացնում հրդեհների առաջացման հիմնական պատճառները։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։ Հաճախ մարդիկ,  չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ, կամ հետո, այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, մասնավորապես հողի որակական հատկությունների կորստին: Կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետևանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի: Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական եւ հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր՝ Հաճախակի հրկիզումը/այրումը 38-40% կրճատում է խոնավության ներթափանցման ու պահպանման հողի կարողությունը: Արդեն հրկիզված/այրված տարածքներում 10-13 տարվա ընթացքում հումուսի բաղադրությունը նվազում է 11-30, իսկ հողի ընդհանուր թթվածնայնությունը` 7-25 % տոկոսով: Եթե հողից վերև կրակի ջերմաստիճանը 700-8000 C է, ապա հողի մակերեսին այդ ջերմաստիճանը հասնում է 350-4500 C, հողի մակերեսից 3 սմ խորության վրա` մոտ 150-3000 C, իսկ 5 սմ խորության վրա` մոտ 1000 C: Այսպիսով, հողում բնակվող կենդանի օրգանիզմների համար հողի մակերեսին կատարվող հրկիզման/այրման մահացու ջերմությունը թափանցում է 2-ից մինչև 5սմ: Ինչ վերաբերում է ջերմոցային գազերի արտանետմանը, ապա հնձած արտերի հրկիզման հետևանքով մթնոլորտ են արտանետվում զգալի քանակությամբ մեթան, ածխածնի մոնոքսիդ, ազոտային օքսիդ և ազոտի օքսիդներ (CH4, CO, N2O և NOX)։

Մեկնարկել է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը
Սեպտեմբերի 4-8-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Թայվանից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Հայաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Սաուդիան Արաբիայից, Ֆրանսիայից։ Գիտաժողովը համախմբել է գիտնականների, ովքեր կատարում են հետազոտություններ՝ 1․ հրաբխագիտության, 2․հրաբխային վտանգների, 3․պետրոլոգիայի, 4․երկրաքիմիայի, 5․հրաբխային սեյսմոլոգիայի, 6․շրջակա միջավայրի վրա հրաբխականության ազդեցության, 7․երկրաջերմային էներգիայի և հարակից այլ ոլորտներում: «Մեր ժամանակներում բախվում ենք տարբեր մարտահրավերների հետ, ինչպիսիք են Covid-19-ը և պատերազմներն աշխարհի տարբեր մասերում։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում գիտնականները, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել ժողովուրդների համախմբման գործում։ Նման գիտաժողովները մեծ նշանակություն ունեն հատկապես հայ ժողովրդի համար, որը հայտնվել է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և հույս հայտնեց, որ գիտաժողովի աշխատանքները հաջողություն կունենան և կնպաստեն միջազգային համագործակցությանն այս ոլորտում․ «Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և տպավորիչ դաշտային ճամփորդություններ», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ գիտաժողովի անցկացման գաղափարն առաջացել է դեռ 2010 թվականին, երբ ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը Հայաստանում դաշտային աշխատանքների ժամանակ տեսավ Արագածի խառնարանը․ «Այսօր այստեղ են շատ անվանի գիտնականներ և երիտասարդ գիտնականներ։  Սա շատ լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու և նոր նախագծեր ու համագործակցություն քննարկելու համար: Վստահ եմ, որ մեր գիտաժողովը կնպաստի այս ոլորտում միջազգային համագործակցությանը», - ասաց Խաչատուր Մելիքսեթյանն ու անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայունությանը հավելեց․ «Ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 120000 մարդ 9 ամիս գտնվում է շրջափակման մեջ և ունի սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի ու վառելիքի կարիք։ Գիտությունը պետք է վեր լինի քաղաքականությունից, և մեր բախտը բերել է, որ կարող ենք միմյանց հետ շփվել համաշխարհային գիտական լեզվով»։ Պլենար նստաշրջանում գիտական զեկուցումներով հանդես եկան Մեծ Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Պիրսը, Գերմանիայի Լյուդվիգ-Մաքսիմիլիանս-Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Դինգվոլը, ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը, Նոր Զելանդիայի Մեսիի համալսարանի պրոֆեսոր Կարոլի Նեմեթը, Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դոկտոր Իվան Սավովը, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Դորք Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ Գիտաժողովը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի (IAVCEI) հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։

Քննարկվել է Հայաստանի և Չինաստանի բուսաբանության ինստիտուտների և այգիների համագործակցության հնարավորությունները

Քննարկվել է Հայաստանի և Չինաստանի բուսաբանության ինստիտուտների և այգիների համագործակցության հնարավորությունները
Օգոստոսի 28-31-ը Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի կողմից կազմակերպված «Frontiers of Plant Diversity Conservation Research in the Pan-Third Pole Region» միջազգային սիմպոզիումին, որպես հրավիրված խոսնակ, զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն կ.գ.թ. Արսեն Գասպարյանը։ Սիմպոզիումին մասնակցել են Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների բուսաբանական հետազոտություններ իրականացնող առաջատար կառույցները, ինչպես նաև հրավիրված մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կորեա, Նեպալ, Գերմանիա և այլն)։ Eco.am սոցիալական հարթակը Բուսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ սիմպոզիումի ընթացքում բուսաբանության ինստիտուտի տնօրենն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՀՀ պահպանվող տարածքներում բույսերի բազմազանության մշտադիտարկման երկարաժամկետ ծրագիրը և այլ գիտահետազոտական ծրագրեր։ Միջոցառման ընթացքում երկու կառույցների տնօրեններ Արսեն Գասպարյանի ու Հանգ Սունի կողմից քննարկել են Հայաստանի և Չինաստանի բուսաբանության ինստիտուտների և բուսաբանական այգիների համագործակցության հնարավորությունները։ Սիմպոզիումի ընթացքում մասնակիցները այցելել են նաև Կունմինի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել են բույսերի կենդանի հավաքածուներին, հերբարիումին, ջերմատներին և այլ ենթակառուցվածքներին։ Շուրջ մեկ տասնյակ երկրներից ժամանաց մասնակիցները քննարկել և կարևորել են նաև միջազգային համագործակցության նոր ձևաչափերի ստեղծման հնարավորությունը, ինչը կխթանի լայնամասշտաբ բուսաբանական հետազոտությունների և բնապահպանական միջոցառումների իրականացումը տարածաշրջանում։

Խնամք ստացած քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն

Խնամք ստացած քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն
Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստացել է համապատասխան խնամք։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ մասնագետները, Հայաստանում առաջին անգամ  քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ։ Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու քարարշբի չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը և այլն։ Այսօր արդեն «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամում խնամք ստացած քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված հանրային արշավի շրջանակներում քարարծիվն ընտրվել է տարվա թռչուն։  Հայաստանում քարարծիվը համարվում է քիչ ուսումնասիրված տեսակ և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Երբ լինեք Սևանում, անպայման այցելե՛ք  Սևանի բուսաբանական այգի

Երբ լինեք Սևանում, անպայման այցելե՛ք  Սևանի բուսաբանական այգի
Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքը հիմնադրվել է 1944 թվականին։  Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում 6,5հա տարածք զբաղեցնոց այգին  աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000մ: Eco.am սոցիալական հարթակը, Երևանի Բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր պայմաններում բույսերի հարմարվողականության բացահայտումը: Ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել է բարձր ցրտադիմացկունությամբ օժտված, չափազանց հարուստ ու արժեքավոր դենդրոհավաքածու, որը մեծ դեր է խաղում Սևանա լճի ավազանի բնակավայրերի կանաչապատման և անտառաբուծության զարգացման գործում: Այստեղ կարող եք գտնել թե՛ Սևանի ավազանին բնորոշ, թե՛ այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։ [caption id="attachment_10245" align="alignnone" width="507"] [/caption]

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°С ցածր: Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակում տարածվում նախալեռնային գոտիների վրա, իսկ հովտային գոտիներում այս ամսին դա տեղի չի ունենում, այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը: Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա դեռևս շարունակում են ազդել արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։ Սեպտեմբերին հատկապես Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում դեռևս կարող է հասնել +39...+40°С, նախալեռնային շրջաններում՝ +35...+38°С, լեռնային շրջաններում՝ +30...+32°С: Վերջին անգամ Երևանում սեպտեմբերի +39․․․+40°С աստիճան տաքություն գրանցվել է 2017թ-ին, իսկ 2021թ-ի սեպտեմբերին 2-ին Մեղրիում օդի ջերմաստիճանը հասել է +41°С։ Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիներին, այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին: Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22...+23°С է, երկրորդում՝ +20°С և երրորդում՝ +18...+19°С: Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամաբ պայմանավորված, հատկապես սեպտեմբերի երրորդ տասնօրյակում հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում կարող են արդեն դիտվել բացասական ջերմաստիճաններ, իսկ բարձրլեռնային գոտիներում նույնիսկ ձյան տեսքով տեղումներ։ 1997թ-ի սեպտեմբերի 5-ին արկտիկական մթնոլորտային ճակատի ներխուժումից հետո լեռնային մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազել է -2․․․-4°С։ Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի  հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ: Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել և եղել է տարի, օրինակ 1932թ-ին, երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման  9 անգամ: Առատ տեղումներով տարի է  եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում անձրև տեղում է միջինը     12 օր, Արարատյան դաշտում՝ մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ: Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ: Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝  14-19 օր: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմայի սահմաններում։

Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների բարելավման ծրագրի ընթացքը քննարկվել է ՄԱԿ-ի UNEP-ի և UNIDO-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների բարելավման ծրագրի ընթացքը քննարկվել է ՄԱԿ-ի UNEP-ի և UNIDO-ի ներկայացուցիչների հետ
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարիչ Էրսին Էսենի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)  ներկայացուցիչներին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպմանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարչի հետ քննարկվել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման ընթացքը, որը հաջողությամբ ներկայացվել է ԳԷՀ-ի քարտուղարության վերջնական հաստատմանը։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։ Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտի հարցերի ավելի լայն շրջանակ։

Խոտածածկ տարածքում հրդեհի 28 ահազանգ՝  վերջին 5 օրերի ընթացքում

Խոտածածկ տարածքում հրդեհի 28 ահազանգ՝  վերջին 5 օրերի ընթացքում
Վերջին 5 օրերին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել։ Eco.am սոցիալական հարթակը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացավ, որ միայն օգոստոսի 27-31-ը հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում, մոտ 200 քմ և ավելի 28 տարածքում հրդեհ բռնկվել։ Ըստ տեղեկատվության, մասնավորապես՝ 1․ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 2․Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 7 հա, 3․Մասիս քաղաքում՝ 500 քմ, 4․Մրգավետ գյուղում՝ 300 քմ, 5․ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում՝ 2 հա, 6․Կարբի գյուղում՝ 400 քմ, 7․Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 2500 քմ, 8․Ներքին Գետաշեն գյուղում՝ 3200 քմ, 9․Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 3.5 հա, 10․Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, 11․Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, 12․Նոր Խաչակապ գյուղում՝ 2 հա, 13․Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2500 քմ, 14․Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 500 քմ, 15․Զովք գյուղում՝ 3000 քմ, 16․Գեղաշեն գյուղում՝ 1000 քմ, 17․Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3․5 հա, 18․ Արթիկ քաղաքում՝ 2․2 հա, 19․Բարձրաշեն գյուղում՝ 5 հա, 20․Արևիկ գյուղում՝ 1․1 հա, 21․Ողջի գյուղում՝ 3000 քմ, 22․Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1 հա, 23․Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 29․2 հա։  

Սևանա լճից դուրս է բերվել 72 ապօրինի խեցգետնաորսիչ

Սևանա լճից դուրս է բերվել 72 ապօրինի խեցգետնաորսիչ
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Ծովագյուղ համայնքի հարակից ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 72 հատ ապօրինի խեցգետնաորսիչ՝ 1176 մ երկարությամբ։ Eco.am  սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառումների արդյունքում թվով 36 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը` 1․ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով։ 2․Պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը` 1․ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։ 2․Պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

«Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները քննարկվել են «Հայհիդրոմետ»-ում կայացած միջազգային գիտաժողովում

«Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները քննարկվել են «Հայհիդրոմետ»-ում կայացած միջազգային գիտաժողովում
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցել են ՌԴ պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի, նույն համալսարանի Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության ինստիտուտի, Ռուսհիդրոմետի պետական հիդրոլոգիական ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի, Խարկովի Վ. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Լեռնային Ալթայի պետական համալսարանի, Յուգորսկի պետական համալսարանի, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ներկայացուցիչները։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ողջունելով հյուրերին գիտաժողովի կազմակերպման գործում նրանց ունեցած ներդրման, գիտական թեմաների իրականացման գործընթացներին մասնակցելու, աջակցելու և համագործակցելու համար հատուկ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանին՝ ի դեմս Եկատերինա Վլադիմիրովնա Գայդուկովայի և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին՝ ի դեմս Նատալյա Լեոնիդովնա Ֆրոլովայի (նախագծի գիտական խորհրդատու)՝, ինչպես նաև գիտաժողովի կազմակերպիչ մյուս կազմակերպություններին, այդ թվում ԵՊՀ-ին՝ ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննիսյանի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար պարոն Խաչատրյանին՝ աջակցության և կազմակերպման համար։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ 1․հիդրոլոգիական կանխատեսումների ժամանակակից մեթոդները, 2․ վիճակագրության կիրառումը հիդրոօդերևութաբանական բնութագրիչների գնահատականներում, 3․անօդաչու սարքերի կիրառումը հիդրոլոգիական հետազոտություններում,  4․լեռնային և կիսալեռնային տարածքներում գետերի հոսքի ձևավորման պայմանների վերլուծությունը, 5․ընթացիկ և կանխատեսվող փոփոխությունները կլիմայի փոփոխության պայմաններում, 6․ջրային ռեսուրսների մոնիթորինգի և կառավարման հիմնախնդիրները, 7․օդի աղտոտվածության մոնիթորինգի նոր մոտեցումներ և գործիքներ, 8․հեռահար զոնդավորման կիրառումը տարբեր հետազոտություններում։ Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի հիդրոօդերևութաբանության համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոնի հետ համատեղ։ Այն անցկացվում էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում իրականացվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) գիտության կոմիտեի «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։