Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 6․000 տոննա վերամշակվող պլաստիկ: Ինչպե՞ս է հնարավոր որոշել՝ ձեռքի տակ եղած պլաստիկը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ։
Դրանց վրա կան եռանկյուններ, որոնց մեջ գրված են թվեր։ Դրանք մինի–օգնականներ են։ Եռանկյունից ներքև էլ կան տառեր, որոնցով հնարավոր է հասկանալ՝ ինչ տեսակի պլաստիկ է։
Այսպիսով՝
Վերամշակվող տեսակներ․
1․ PET (E) կամ PET – պոլիէթիլենային տերեֆալատ՝ վերամշակվող պլաստիկ խեժ է և պոլիեսթեր։ Այս նյութից են այն շշերը, որոնց հատակին ուռուցիկ կետ կա։ Դրանց մեջ հիմնականում ջուր և կաթ է լինում, երբեմն՝ լոգանքի հեղուկներ։
2․ PEHD (HDPE) կամ HDPE – ցածր ճնշման պոլիէթիլեն է։ Սա օգտագործվում է շշերի խցանների, կոսմետիկայի տարաների ու կենցաղային քիմիական նյութերի համար։
3․ PELD (LDPE) կամ LDPE – բարձր ճնշման պոլիէթիլեն (ցածր խտության)։ Պատրաստվում են տոպրակներ ու թաղանթներ։
4․ PP կամ PP – պոլիպրոպիլեն։ Պատրաստում են շշերի կափարիչներ, դույլեր, մածունի տարաներ, ոսպնյակների փաթեթավորումներ․․․ Այն վերամշակել հնարավոր է:
Վնասակար և գրեթե չվերամշակվող տեսակ
1․ PVC կամ ՊՎՔ – պոլիվինիլքլորիդ։ Այս տեսակից պատրաստում են պատուհանների շրջանակներ, փուչիկներ, հաբերի, տորթերի, կաթնաշոռի փաթեթավորումներ, կոսմետիկայի շշեր, նաև խաղալիքներ։
2․ PS կամ PS – պոլիստիրոլ, այն կարող է լինել սովորական և փրփրացրած: Փրփրացրած պոլիստիրոլը օգտագործվում է պենոպլաստ, ձվի տարա պատրաստելու համար։
Սովորական պոլիստիրոլից ստանում են կաթնամթերքի տարաներ, CD փաթեթավորում, անգամ մեկանգամյա օգտագործման սպասք: Հայաստանում այն չի վերամշակվում։
3․O(ther) կամ ԱՅԼ: Տարբեր պլաստիկների կամ պոլիմերների խառնուրդ, որոնք վերևում թվարկված չէին: Օգտագործվում է պանրի, սուրճի, կենդանիների կերերի փաթեթավորներում:
4․ d2w- նշվում է այսպես կոչված օքսո-քայքայվող պլաստիկի վրա, օրինակ՝ պլաստմասսե փաթեթավորման վրա, որին ավելացվել է հավելանյութ ՝ մի բաղադրիչ, որը պատասխանատու է պլաստիկի մանր մասնիկների արագ քայքայման համար: Այն չի կարող վերամշակվել: Ավելի լավ է խուսափել ապրանքներից, որոնց վրա նկատում եք այս նշանը։






Թողնել մեկնաբանություն