Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ինչո՞ւ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաև սոսի․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենը

Ինչո՞ւ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաև սոսի․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենը
Երևանի կենտրոնում հատված ծառերին փոխարինած սակուրաներն ու գնդաձև սոսիները ամիսներ շարունակ հանրության ու բնապահպանների թեժ քննարկման թեման էր։ Արդյունքում, շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ կազմակերպության նոր նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար կտրվեն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։ Ինչո՞ւ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաև սոսի և արդյո՞ք դա վտանգավոր չէ համաճարակի դեպքում հարցին ի պատասխան Արմեն Բեգոյանը տվել է հետևյալ պարզաբանումը․ «Նախ՝ սոսին երկար տասնամյակներ աճում է Երևանում և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ ամենակայուն տեսակներից է։ Ընտրվել է նաեւ այն պատճառով, որ Կոնսերվատորիայի հարակից մայթին արդեն աճում են սոսիներ, իսկ գրագետ կանաչապատման կանոններով պողոտայի գծային տնկարկները պետք է տեսակային առումով լինեն սիմետրիկ։ Ուստի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մայթին տրամաբանորեն պետք է տնկվեր նույն տեսակը»։ Ըստ Բեգոյանի, նախընտրությունը տրվել է գնդաձև սոսիներին, քանի որ այն ունենում է ոչ շատ բարձր հասակ, սակայն բավականին մեծ տրամագիծ՝ առաջացնելով ստվեր․ «Այն իր զանգվածով չի փակի նշված թատրոնի շենքը, որն իր գեղեցկությամբ անզուգական է և պետք է լինի տեսանելի ու գնահատելի։ Այս տրամաբանությամբ արդեն դիմացի մայթի երկրորդ շարքը նույնպես պետք է լիներ գնդաձև սոսի։ Դա է թելադրում գրագետ կանաչապատումը։ Ավելին՝ Կոնսերվատորիայի հարակից շենքը, որը նայում է Սայաթ-Նովա պողոտային, նույնպես ունի ճարտարապետական բարձր արժեք, և գնդաձև սոսին հետագայում մեծանալիս՝  չի փակի շենքի դիմային մասը, եւ տեսանելի կլինեն շենքի գեղեցիկ կամարները»։ Ինչ վերաբերում է  միատարր տնկարկների  բացասական կողմերին (հիվանդություններ, վնասատուներ, ասեղնատերեւավորների մոտ հրդեհավտանգություն), ապա Բեգոյանն ասում է, որ  դա հաշվի է առնվում անտառային տնկարկների ստեղծման ժամանակ, որոնք սովորաբար զբաղեցնում են մեծ տարածքներ և կարող են լինել վտանգված․ «Սակայն դա չի վերաբերում գծային տնկարկներին, որոնք փողոցներում պարտավոր են լինել միատարր։ Տեսակը փոխվել կարող է միայն անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ խաչմերուկներից հետո (квартал), եթե պետք է ակցենտավորել ինչ-որ կառույց կամ վայր։ Այդպիսի մոտեցում կիրառվել է այս տարի՝ Երևանում, անտառբարելավման տնկարկներ ստեղծելիս՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Եռաբլուր զինվորական պանթեոնում, Սարալանջում։ Այնպես որ, անհանգստությունը տեղին չէ»,- եզրափակում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շահառուների արտադրանքը՝ Բերքի տոնին

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շահառուների արտադրանքը՝ Բերքի տոնին
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցություն է ունեցել «Կանաչ արահետներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Բերքի տոնի 10-րդ միջոցառմանը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից էկոհամակարգերի և համայնքերի հարմարվողականությունների կարողությունների զարգացման ծրագրի շահառուները ԲԾԻԳ-ի միջոցով հնարավորությունեն  ունեցել ծրագրի աջակցությամբ ստեղծած իրենց արտադրանքը միջոցառման երկու օրերի ընթացքում հանրությանը ներկայացնել ու վաճառել։ Ծրագրի իրականացման արդյունքներից է, օրինակ, Ֆիալետովո բնակավայրի շահառուներին սերմերով ու սածիլներով աջակցությունը, որի արդյունքում ստացված բերքը ներկայացվել էր միջոցառմանը։ ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագիրը միտված է նպաստելու բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականությանը, մեղմելու ճնշումը էկոհամակարգերի վրա․ այդ նպատակով շահառուներին տրամադրվել են շուրջ 3900 քմ ընդհանուր մակերեսով ջերմատներ, 44 արևային չորանոց, սերմեր, սածիլներ, կառուցվել է 14000 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, բարելավվել են վարելահողեր, արոտներ, խոտհարքեր։

Համաշխարհային մաքրության օրը Հայաստանում անցավ աննկատ

Համաշխարհային մաքրության օրը Հայաստանում անցավ աննկատ
Շարժումը ծնվել է 2008 թվականին Էստոնիայում, էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրել է իր չորս ընկերներին և առաջարկել նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Մայիսի 3-ին երկրի փողոցներ են դուրս եկել 50 հազար մարդ՝ բնակչության 4%-ը։ Ակցիան հետագայում վերածվել է կամավորական շարժման՝ միտված մեկ օրվա ընթացքում մաքրելու երկիրը։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր։ Ընդհանուր առմամբ շարժման մեջ ներգրավված է 14,5 միլիոն մարդ։ Հայաստանը համաշխարհային շարժմանը միացել է տասը տարի անց՝ 2018 թվականից։ Ինչպես ողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում սեպտեմբերի 15-ին անցկացվում էր Համաշխարհային մաքրության օր։ Թեպետ այս տարի, կարծես Հայաստանում պետական ու գերատեսչական մակարդակով օրն այդպես էլ չնշանավորվեց ու անցավ անշուք։ Eco.am սոցիալական հարթակը, թարմացնելով հանրության ու պատկան մարմիների հիշողությունը, ներկայացնում է, որ Համաշխարհային մաքրության օրը գլոբալ սոցիալական գործողությունների ծրագիր է, որի նպատակն է պայքարել ծովափերում, գետերում, անտառներում և փողոցներում կուտակված աղբի և թափոնների դեմ։ Այն սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսին։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք օժանդակում են Համաշխարհային մաքրության օրվա միջացառումների իրականացմանը։ Երկրի օրվա նման Համաշխարհային մաքրման օրը քաղաքական չէ և չի հանդիսանում որևէ ազգային կամ համաշխարհային քաղաքական կուսակցության կամ որևէ անջատ գաղափարախոսության մաս։ Մարդկության պատմության մեջ գլոբալ մաքրման աշխատանքներ եղել են բազմաթիվ ձևերով և տարբեր ժամանակներում, հատկապես՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, ուժեղ ցունամիների և այլ աղետներից հետո։ Հետհակամարտային գոտիներում մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքներին սովորաբար աջակցում են տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Միջազգային Կարմիր Խաչը, Օքսֆամը (անգլ.՝ Oxfam) և այլն։ Շատ մշակույթներում սովորաբար պարբերաբար կազմակերպվում են համայնքային մաքրման աշխատանքներ, ինչպիսիք են ` 1․ Լողափերի մաքրում 2․ Գարնանային շաբաթօրյակներ 3․ Այգիների մաքրում 4․ Դպրոցների մաքրում։  

Հայաստանի էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ կայացել է կլոր սեղան-քննարկում

Հայաստանի էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ կայացել է կլոր սեղան-քննարկում
Սեպտեմբերի 15-ին Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» - EU4Sevan ծրագրի շրջանակում ԳՄՀԸ (GIZ) խորհրդակցությունների սրահում կայացել է Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակմանը նվիրված կլոր սեղան-քննարկում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման շրջանակներում ներկայացվել է՝ 1․  Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակներն ու խնդիրները, 2․ Սևանա լճի բաժնի նախատեսվող բաղադրիչները և տվյալների հոսքերը, 3․ առաջարկվող ինտերակտիվ քարտեզը։ Ինչպես նաև քննարկվել է Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման խնդիրները։ Հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ընդգծել է բնապահպանական տվյալների կառավարման միասնական հարթակի և այն կարգավորող օրենսդրական շրջանակի հիմնման անհրաժեշտությունը։ Իսկ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելն անդրադարձել է Սևանա լճի և դրա ավազանի վերաբերյալ տվյալների տարաբաշխվածության հետ կապված խնդիրների մասին և նշել ծրագրի կողմից մշակվող Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի անհրաժեշտությունը՝ որպես կարգավորված մուտքի կետ դեպի ամբողջական տեղեկատվություն։ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի ( ՇՄՏՄՀ  - SEIS) ազգային համակարգող ՇՄՆ կողմից,  ներկայացրել է ՇՄՏՄՀ  սկզբունքները, Հայաստանի Էկոպորտալի հիմնման նախապատմությունը և դրա զարգացման ուղղությամբ հետագա անհրաժեշտ քայլերը։ Այնուհետև, ЕU4Sevan ծրագրի խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրել է  ծրագրի շրջանակներում Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակները և խնդիրները, որից հետո, էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակման համար պատասխանատու կապալառու կազմակերպության՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրել են մշակվող հարթակի բաղադրիչները, ինտերակտիվ քարտեզը և տվյալների հոսքերի սխեման։ Հանդիպումը շարունակվել է  Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման վերաբերյալ շահառու կազմակերպությունների հետ քննարկմամբ, որի արդյունքում ձեռքեն բերվել տվյալներ մշակող կազմակերպությունների հետ առանձին հանդիպումների կազմակերպման և տվյալների փոխանակման պայմանավորվածություններ:

Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարը այցելել է «Հայհիդրոմետ»-ի Ամբերդ օդերևութաբանական կայան

Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարը այցելել է «Հայհիդրոմետ»-ի Ամբերդ օդերևութաբանական կայան
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և Գայանե Շահնազարյանի, Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ուղեկցությամբ Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ)  Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայան։ Կայանը հիմնադրվել է 1933 թվականի հունիսի 27-ին։ Օդերևութաբանական կայանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային լանջին, ծովի մակարդակից 2071 մետր բարձրության վրա։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հյուրերին են ներկայացրել կայանի գործունեությունը։ Դիտարկումներն իրականացվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան։ 3 ժամը մեկ հաճախականությամբ կատարվում են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ ընդհանուր և ստորին հարկերի ամպամածության քանակ, օդի ժամկետային, առավելագույն, նվազագույն ջերմաստիճաններ, հողի ժամկետային, առավելագույն, նվազագույն ջերմաստիճաններ, քամու ուղղություն, միջին և առավելագույն (պոռթկում) արագություն, մազային խոնավաչափով օդի խոնավության, տեղումների քանակի, մթնոլորտային ճնշման, մթնոլորտային երևույթների վերաբերյալ դիտարկումներ ինչպես նաև  ամենժամյա կերպով իրականացվում են արևափայլի տևողության դիտարկումներ։ Ստացված օդերևութաբանական պարամետրերի հիման վրա պսիխրոմետրական աղյուսակի միջոցով հաշվարկվում են օդի հարաբերական խոնավության, ցողի կետի, հագեցման պակասորդի և ջրային գոլորշու առաձգականության արժեքները։ Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և Ուլտրամանուշակագույն Ճառագայթման Տվյալների Համաշխարհային Կենտրոն (WOUDC – Տորոնտո, Կանադա), ըստ DWD-ի հետ կնքված պայմանագրի։ Ամբերդ բարձրալեռնային կայանի տարածքում 2008 թվականից գործում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի առաջին մակարդակի տարածաշրջանային դիտակայան։ Դիտակայանում իրականացվում են մթնոլորտային օդի որակի և մթնոլորտային տեղումների բաղադրության ամենօրյա դիտարկումներ, որի տարեկան տվյալները ներկայացվում է Նորվեգիայի օդի հետազոտության ինստիտուտի ներքո գործող «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման» կոնվեցիայի քիմիական կոորդինացիոն կենտրոն: Մոնիթորինգի և արտանետումների տվյալների հիման վրա Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտի կողմից կատարվում են օդի անդրսահմանային աղտոտման մոդելավորում և պատրաստվում է Հայաստանի համար օդի անդրսահմանային աղտոտվածության վերաբերյալ տարեկան զեկույց:

194 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին

194 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 194 դեպք: Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված 91 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 141,482,416 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 23 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 14 որոշում, նշանակվել  1,340,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված թվով 7 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 2,500 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 6 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  230,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Ստացված 69 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 9,989,689 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 67 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 48 որոշում, նշանակվել 7,720,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 10 վարչական վարույթ:  Ընդերքի պահպանության ոլորտ Իրականացվել է թվով 12 չափագրման աշխատանքներ։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 7 դեպք։ Հարուցվել է 7 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 34 որոշում և նշանակվել 2,310,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 9 հաշվարկ՝  4,856,696 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 45 որոշում և նշանակվել  5,960,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝
  • 2՝ մթնոլորտային օդի պահպանության,
  • 13՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,
  • 4՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,
  • 2՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։
Գործողության կասեցում Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 5, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 3 և առանց ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու 1 սուբյեկտների գործողություններ։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 13,402,316 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 8,743,944 ՀՀ դրամ գումար:

Օզոնային շերտի փոփոխությունները նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար

Օզոնային շերտի փոփոխությունները նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար
«Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Այս առումով օզոնային շերտի փոփոխություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար»,- Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նախարարի փոխանցմամբ,  Օզոնի պարբերական չափումները Հայաստանում կատարվում են սկսած 1993 թվականից․ «Այսօր դրանք իրականացվում են Արագած լեռան լանջին, որտեղ գտնվում է տարածաշրջանում միակ օզոնաչափական կայանը։ Ստացված տվյալները փոխանցվում են Գլոբալ մթնոլորտային դիտարկումների ցանց։ 1999 թվականի ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը»,- հիշեցրեց նախարարը և անդրադառնալով միջազգային կոնվենցիային անդամակցության շրջանակում Հայաստանի գրանցած արդյունքներին, հավելեց․ «Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ՝ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան։ Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության շրջանակներում կառավարությունների, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել այդ գազերի 99%-ը. օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջացմանը»: Նախարարի դիտարկմամբ, իրականացվող ծրագրերի միջոցով Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է հզորացնել և արդիականացնել երկրի ոլորտային ինստիտուցիոնալ կարողությունները և ամրապնդել գոյություն ունեցող համակարգը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը և Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած այլ պարտավորությունների իրականացումը: Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև ոլորտային համագործակցության կարևորությանը. «Օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացի պատշաճ կատարման և ցանկալի արդյունքների արձանագրման համար բավարար չէ մեկ գերատեսչության աշխատանքն ու նվիրվածությունը, քանի որ ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ հանրային կառավարման մակարդակում հաճախ լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում և նպատակային գործողությունների համադրում»: Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակում առաջին անգամ Հայաստանում է Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան, ով իր ելույթում կարևորեց ջանքերի համատեղումը և՛ տեղական, և՛ միջազգային մակարդակներում: «Բարձր եմ գնահատում Հայաստանի առաջընթացը՝ օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացում»,- շեշտեց գործադիր քարտուղարը։ Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննան Սկաուն։ Իսկ օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերը Մոնրեալի արձանագրության և Վիեննայի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Նախարարի կողմից կողմից շնորհակալագրեր տրվեցին գործընկեր գերատեսչություններին։

Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ․ ՍԱՏՄ

Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։

Eco.am սոցիալական հարթակը ՍԱՏՄ-ից տեղեկացավ, որ քաղաքացու փոխանցմամբ բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիների ներկրման պատճառով վարակը սկսել է տարածվել Արագածոտնի մարզում՝ փոշոտող միջատների միջոցով: Նաև նշել էր, որ Թուրքիայից ՀՀ են ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ: Այդ հիվանդությունը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։ Արձագանքելով քաղաքացու ահազանգին, ՀՀ սննդամթերքի տեսչական մարմինն իրականացրել է ուսումնասիրություն: Ըստ այդմ, համաձայն լաբորատոր հետազոտության, 2022թ-ին և 2023թ-ի 1-ին կիսամյակի դրությամբ, ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության ժամանակ վերցված թուրքական ծագման տնկիների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, տանձենի, խնձորենի) նմուշներում պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, և սալորենու օսպա՝ (Շառկա) Plum pox virus, կարանտին հիվանդություններ չեն հայտնաբերվել: Կատարվել է 3 կարգի փորձաքննություն՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական: Միջատաբանական փորձաքննությունը կատարվել է հատային, բուսաախտաբանականը՝ ակնադիտական, միկրոսկոպիկ (խոնավ կամերայի) և համապատասխան սննդամիջավայրի, հելմինթոլոգիականը՝ ձագարային մեթոդներով, որոնք հավատարմագրման ոլորտում առկա հաստատված, գործող մեթոդներ են: Ու թեև կիրառվող այս մեթոդներով կարանտին վնասնակար օրգանիզմներ հնարավոր է հայտնաբերել տնկիների բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, Տեսչական մարմնին ենթակա «ՀԱԲԼԾԿ»  ՊՈԱԿ-ը, նշված կարանտինային հիվանդությունները այլընտանքային մեթոդով ախտարաշելու նպատակով, դիմել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոն» ԴՊԲՀ-ին (ԱՊՀ երկրների բույսերի կարանտին հիվանդությունների մեթոդոլոգիական բազային հիմնարկն է՝ ФГБУ «ВНИИКР»)՝ պտղատուների բակտերիալ այրվածքի և սալորենու օսպա հիվանդությունների հայտնաբերման հավաքածուների ձեռքբերման համար: Գնումից հետո տվյալ մեթոդները կներդրվեն գլխամասային կառույցում և կընգրկվեն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում: Հետագծելիության սկզբունքով՝ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված բուսասանիտարական մշտադիտարկում է իրականացվել Արագածոտնի մարզում հիմնադրված «Սորտստոր» (Կարբի գյուղի վարչական շրջանի տարածք), «ՎՌ արմենիան ֆրութ» և «Ֆանֆրութ» (Թալինի տարածաշրջան, Արագածավանի վարչական տարածք) ՍՊԸ-ներին պատկանող ինտենսիվ այգիներում։ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ին պատկանող տանձենու այգիներից նմուշառված 4 նմուշներից 3-ում, «ՎՌ արմենիան ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող այգիներից նմուշառված 3 նմուշներից 1-ում և «Սորտստոր» ՍՊԸ-ին պատկանող պտղատու այգիներից նմուշառված 8 նմուշներից 3-ում հայտնաբերվել է բակտերիալ այրվածք (Erwinia amilovora) կարանտին հիվանդությունը: Տնտեսավարողների հետ տարվել են խորհրդատվական աշխատանքներ այդ և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ կիրառելու մասին՝ հնարավոր տնտեսական վնասի մեղմման նպատակով: Պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, կարանտին հիվանդությունը տարածված է Հայաստանի ողջ տարածքում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ բույսերի հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար:

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր
Արդեն 2 տարի է Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։  2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց  «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,  հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ձևավորման հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացած է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես  նաև էկոտուրիզմի տարբեր ուղղություններ, համակցված տուրեր և արշավներ: Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝ 3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը, 4 ազգային պարկ ՝«Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, 232 բնության հուշարձան և  27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:

Մոլորակի կործանումը կանխելը կախված է յուրաքանչյուրիցս․ NASA-ի գիտնականի կոչը՝ մոլորակի ողջամիտ մարդկանց

Մոլորակի կործանումը կանխելը կախված է յուրաքանչյուրիցս․ NASA-ի գիտնականի կոչը՝ մոլորակի ողջամիտ մարդկանց
«Մարդկությանը իր գոյության ավարտին տանող երկու սպառնալիք կա՝ սա տիեզերական ազդեցություն է մեր մոլորակի վրա և օվկիանոսների մահը։ Իսկ այժմ համաշխարհային գիտական ​​հանրության առջև խնդիր է դրված հրատապորեն ստեղծել մեկ միջազգային գիտական ​​կենտրոն, միավորել ուժերը և մեթոդներ գտնել՝ վերացնելու մարդկության առջև ծառացած այս երկու սպառնալիքները»,- տեսաուղերձ-կոչով կրկին հանդես է եկել հայտնի ֆիզիկոս, NASA-ի գիտնական, CERN-ի մասնիկների ֆիզիկոսը և Սպիտակ տան դաշնային լոբբիստ Էգոն Չոլաքյանը։ Մոլորակի բոլոր ողջամիտ մարդկանց ուղղված իր արտակարգ ուղերձում Էգոն Չոլակյանը բացատրում է, թե ինչպես է Սիբիրը սպառնում ողջ մարդկության գոյությանը, և ինչու են համաշխարհային լրատվամիջոցները լռում դրա մասին։ «Արդյո՞ք մենք կկարողանանք կանխել մոլորակի կործանումը»,- բոլոր խելամիտ մարդկանց ուղղված իր հրատապ ուղերձում Էգոն Չոլակյանը ընդգծում է, որ այսօր այն կախված է յուրաքանչյուր խելամիտ մարդուց՝ անկախ կրթությունից և մասնագիտությունից․ «Սա կախված է յուրաքանչյուրից, ով կարող է հասկանալ խնդրի էությունը և գործել այդ ընկալման համաձայն։ Հիմա դիմում եմ բոլոր ողջամիտ և մտածող մարդկանց։ Եթե ​​դուք հասկանում եք իրավիճակի լրջությունը և սպառնացող վտանգի մասշտաբները, եթե կարողանում եք զուգահեռներ անցկացնել կլիմայական գրաֆիկների միջև, որոնք հստակ ցույց են տալիս առաջընթացը և տեսնում եք կատակլիզմների սարսափելի էքսպոնենցիալ աճը, ապա ես կոչ եմ անում ձեզ։ Մի' լռեք»,-ասում է NASA-ի գիտնական Էգոն Չոլաքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․