Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

https://eco.am/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-13-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b7%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8%d6%80%d5%ba/

Արդեն 2 տարի է Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։  2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց  «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,  հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ձևավորման հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:

Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացած է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը:

Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը:

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես  նաև էկոտուրիզմի տարբեր ուղղություններ, համակցված տուրեր և արշավներ:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝

3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը,

4 ազգային պարկ ՝«Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը,

232 բնության հուշարձան և  27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով