Blog
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Բույս խնամելը չի հարցնում ո՛չ սեռ, ո՛չ տարիք, ո՛չ էլ մասնագիտություն․ Օ2 Gardens-ի նոր ֆոտոշարքը
Posted on 9 Հոկտեմբերի, 2023

Բույսերի հանդեպ հոգատարությունը հոգու գեղեցկության և բարձր արժեհամակարգի արտացոլանքն է։ Այն ապացույցն է մարդու և բնության միջև ներդաշնակության, շրջակա միջավայրի նկատմամբ մեծ սիրո և պատասխանատվության։ Սա ևս մեկ քայլ է՝ մոտ լինելու բնությանը և արժևորելու կյանքը։
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ2 Gardens-ի նախաձեռնած նոր ֆոտոշարքը, որն այս անգամ ևս նվիրված է բույս խնամելու գեղեցկությունն ու կարևորությունն ընդգծելուն: Բույս խնամելը չի հարցնում ո՛չ սեռ և ո՛չ էլ տարիք։ Տարբեր մասնագիտություններ ունեցող տղամարդիկ փաստում են՝ բույսերն իրենց կյանքի կարևոր մասնիկն են, նոր շունչը։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ բույսերի մասին հոգ տանելը գեղեցիկ է և բացահայտում է մարդկային ամենաարժեքավոր հատկանիշները։
«Այն ժամանակ, երբ քաղաքում կանաչն ավելի շատ էր, ես էլ փոքր էի, հաճախ վայրի ծաղիկներից փնջեր էի հավաքում և մորս ու քույրերիս նվիրում։ Մեր ընտանիքում ոչ մեկը բույսերի նկատմամբ անտարբեր չէ։ Մայրս մանուշակների մեծ սիրահար է, դրա տարբեր տեսակներն ունի, իսկ տատիկս մինչև օրս իր սեփական ծաղկի սրահն ունի։ Երևի նրանց շնորհիվ է, որ բնության հետ միշտ այսքան ներդաշնակ եմ եղել։ Այն ինձ օգնում է մտքերս հավաքել, խաղաղվել ու ստեղծագործել։ Դե իսկ բեմին ելույթներից հետո հողով ծաղիկ ստանալն իմ ամենասիրելի նվերներից է։
Դեռ մանկուց իմ ամենասիրելի ծաղիկը երիցուկն է եղել։ Միշտ հիանում էի դրա պարզությամբ, երբեմն էլ պոկում նուրբ թերթիկներն ու մտքումս պարբերաբար կրկնում՝ «սիրում է, չի սիրում»։ Միայն թե հիմա թերթիկները պոկելու փոխարեն ուղղակի հիանում եմ (ծիծաղում է,- հեղ․)։ Բույսերը շատ զգացմունքային են, նրանք զգում են ամեն ինչ և համապատասխան սիրո և ջերմության դեպքում են միայն աճում ու ծաղկում։ Բույսերն էլ մարդկանց պես կապվել գիտեն։ Շատ եմ ուզում ավոկադոյի և կիտրոնի ծառեր աճեցնել, բայց դա կանեմ միայն մշտական բնակության վայրս որոշելուց հետո։ Այդպես կկարողանամ նրանց ժամանակ, սեր ու ջերմություն նվիրել։
Անհնար է չսիրել բնությունը։ Քանի դեռ մենք հարուստ բուսականություն ունենք, այն պահել ու փայփայել է պետք։ Չէ՞ որ բնությունն է ապահովում մեր առողջությունն ու ներքին խաղաղությունը»,- ասում է պարուսույց Մանուկ Օհանյանը։
«Մեր ընտանիքում բոլորը բույսերի մեծ սիրահար են։ Ես էլ մեծացել եմ սեփական տանը, որն ունի իր բակը, այգին՝ շատ ծառերով ու հարուստ բուսականությամբ։ Անգամ իմ անունով ծառ ունեմ․ երբ նոր էի ծնվել, ծնողներս այն ինձ համար էին տնկել։ Իմ սերը բնության նկատմամբ իր խորը արմատներն ունի (ծիծաղում է,- հեղ․):
Փոքր ժամանակ սպորտով էի զբաղվում։ Այնտեղ մենք տույա ունեինք, որից մի փոքր ճյուղ բերել էի տուն ու ջրի մեջ դրել։ Որոշ ժամանակ անց այն արմատակալեց, այժմ էլ մեր այգում է, իմ և ընտանիքիս հատուկ խնամքի ու հոգատարության ներքո։ Ինքս ունեմ նաև խոլորձ և ջրաշուշան։ Ճիշտ է, ցանկացած բույս իր տեսակի մեջ գեղեցիկ է, բայց այդ երկուսն իմ ամենսիրելիներն են։
Բույսերը շատ նման են մարդկանց և գուցե շատերից էլ ավելի հասկացող են։ Ամեն մեկը կարծես իր «բնավորությունն» ունի։ Դրանք երբեմն քմահաճ են, պետք է իրենց հետ հետ ճիշտ լեզու գտնես, և սա ինձ շատ է դուր գալիս։ Բույսերը վանում են ցանկացած բացասական էներգիա, միջավայրը դարձնում ավելի ներդաշնակ։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր սենյակում պետք է կանաչ անկյուն լինի։ Ես էլ ստուդիայում իմ կանաչ անկյունն ունեմ, որն ինձ ստեղծագործելիս միշտ ոգեշնչում է»,- անկեղծանում է դիջեյ Գոռ Սերոբյանը (DJ Dark)։
«Մանկուց ծովերի ու օվկիանոսների մեծ սիրահար եմ եղել, իսկ առաջին անգամ Բրազիլիան տեսնելուց հետո բացահայտեցի, որ վայրի բնությունը ևս իմ տարերքն է։ Ես այնքան էի դրանով տպավորվել, որ երազում էի ապրել մի վայրում, որտեղ ամեն օր կարթնանայի էկզոտիկ բնության տեսարանով՝ կանաչի տարբեր երանգներով, խիտ թփերով, ծառերից կախված լիաններով ու «տարօրինակ» բույսերով։
Բալին ինձ ստիպեց երկրորդ անգամ «սիրահարվել» բնությանը։ Այստեղ շուրջս և՛ օվկիանոսն էր, և՛ վայրի բնությունը․ ինձ համար ամենագեղեցիկ համադրությունն է։ Այնքան տարվեցի բուսականությամբ, որ այնտեղից վերադառնալուց հետո գնեցի իմ առաջին բույսը՝ մտածելով, որ այն վայրի կալա է, այն ինչ ավելի ուշ պարզեցի, որ անթուրիում էր (տղամարդու երջանկություն)։ Սա առաջին բույսն էր, որի մասին ինքս սկսեցի հոգ տանել։ Այժմ ունեմ նաև սպատիֆիլում (կանանց երջանկություն) և ավոկադոյի մի քանի ծառ․ մեծ ոգևորությամբ սպասում եմ առաջին պտուղներին։
Օրս ես սկսում եմ բույսերս ջրելով և շանս կերակրելով, հետո գնում աշխատանքի։ Հետաքրքիր է, որ երբ գործուղվում եմ մարզեր, ավելի նյարդային եմ արթնանում, քանի որ օրս այլ կերպ է սկսվում, նրանք էլ ինձ հետ չեն լինում։ Բույսերի դերը մեր կյանքում անփոխարինելի է, նրաք մեզ հոգևոր հանգստություն են տալիս։ Որպես մանկական ռեանիմատոլոգ՝ ես կարծում եմ, որ երեխաներին կենդանիներից բացի պետք է նաև բույսեր նվիրել, հետո սովորեցնել՝ ինչպես դրանք ճիշտ խնամել․ սա անշահախնդիր սիրո լավագույն օրինակն է»,-ասում է մանկական ռեանիմատոլոգ Վահրամ Գաբրիելյանը։
«Ես նմանություն եմ տեսնում իմ և բուսաբանի աշխատանքում։ Երկուսիս գործունեության հիմքում էլ խնամքն է․ մի դեպքում մարդկանց, մյուս դեպքում՝ բույսերի։ Ինչպես մազերն են կտրվածքից հետո սնուցվում ու ավելի առողջ տեսք ստանում, այնպես էլ բույսերը՝ դառնում ավելի փարթամ ու գեղեցիկ։
Ուժը բնությունը սիրելու և պահպանելու ձգտման մեջ է։ Այն ավելի է ընդգծվում, երբ խնամքի կարիք ունեցողներին արժանի ուշադրություն ես հատկացնում։ Անհնար է ապրել առանց բնության, որտեղից ես իմ ուժն ու էներգիան եմ ստանում։
Ինձ ճանաչողները գիտեն, որ ինքս էլ իմ այգին ունեմ, որտեղ տարատեսակ ծառեր ու բույսեր եմ մշակում։ Այդ միջավայրում ես խաղաղվում ու լիցքավորում եմ»,- անկեղծանում է բարբեր Կարո Աբաչյանը։
Ամեն շաբաթ ես իմ սենյակը նոր բույսով եմ համալրում․ գերագույն հաճույք եմ ստանում, երբ դրանցով եմ շրջապատված։ Բույսերի հետ ես իմ շփման լեզուն ունեմ։ Որպես լուսանկարիչ՝ սիրում եմ աշխարհը վիզուալ տեսանկյունից ուսումնասիրել։ Ինձ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ճիշտ խնամքի արդյունքում դրանք փոփոխվում, նոր շունչ ստանում, և հենց այդ ընթացքում էլ նկատել ու ֆիքսել ամենագեղեցիկ պահերը։
Ես կարծում եմ, որ էսթետ եմ․ սիրում եմ ամեն ինչում գեղեցիկը նկատել։ Ճիշտ է, գեղեցիկի սահմանները յուրաքանչյուրիս համար տարբեր են, բայց ես այն գտնում եմ նաև բույսերի մեջ։ Բույսերի ու մինիմալիզմի համադրությունն իմ տարերքն է, ոգեշնչման աղբյուրը, որով առաջնորդվում եմ իմ աշխատանքում։
Բույսերն ասես փոքր երեխաներ լինեն, որոնց մասին անընդհատ պետք է հոգ տանել, նրանցով զբաղվել, «մեծացնել»։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում էներգիան ճիշտ սպառելու և էներգիայի նոր պաշար ստանալու կարիք ունի։ Շատերիս համար բույսերը դրան հասնելու լավագույն տարբերակն են»,- ասում է լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը։

In
other , shrjaka-mijavayr
Սահմանվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները
Posted on 9 Հոկտեմբերի, 2023

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ կիսամյակի հայտերի ընդունումը։ Կառավարության որոշմամբ հաստատվել են 2023 թվականի երկրորդ կիսամյակի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ սիգի ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը սահմանված է 300 տոննա։ 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝ 1․ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, 2․ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները, 3․ սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի), 4․ արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր), 5․ արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում, 6․ Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:
In
other , eco-aprelakerp , eco-texnologianer
Արևային տեխնոլոգիաների տեղադրման աճը մեծանում է, գինը՝ ոչ. «Էկոանկյուն»
Posted on 6 Հոկտեմբերի, 2023

Արևային էլեկտրակայանները ավելացնում են իրենց հասցեները: Հետաքրքիր և հուսադրող է այն, որ ոլորտին ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև բիզնեսները: Սա վստահաբար գոհացնող այլընտրանք է: Էներգետիկ բացերը լրացնելու այս միտումը խոստանում է ավելի լավ վաղվա օր: Իհարկե խոչընդոտները կան, բայց դրանք ավելի են մոտիվացնում և օգնում շարժվել դեպի առաջ: Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանը «Էկոանկյուն» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի առաջին հաղորդման ժամանակ «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանի հետ խոսել են էներգետիկ բացերը լրացնելու ճանապարհների ու այդ ընթացքում հանդիպած խոչնդոտների շուրջ։ Ի դեպ, երկրորդ եթերաշրջանում «Էկոանկյուն» հաղորդաշարը ենթարկվել է ֆորմատային փոփոխության։ Հաղորդաշարի շրջանակում Վարդան Հովսեփյանը կհանդիպի տարբեր հյուրերի հետ, որի ընթացքում կքննարկեն, թե ինչպես Հայաստանը դարձնել էկո երկիր, ինչպես ուղղորդել բիզնեսը արևային էներգետիկայի՝ բնապահպանական լուծումներով։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Ամփոփվել են Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները
Posted on 6 Հոկտեմբերի, 2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» աշխատաժողովը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից և իրականացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կառստեն Ռինկեն։ Շեշտվեց ծրագրի կարևորությունը ՀՀ կառավարության կողմից որոշումների ընդունման գործընթացում՝ որոշումների գիտական հետազոտությունների վրա հիմնված լինելու տեսանկյունից։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի գրանցած արդյունքներին և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների համատեքստում դրանց կարևորությանը․ «Ստացված արդյունքների հիման վրա հնարավոր կլինի հասկանալ Սևանա լճի հիդրոդինամիկ առանձնահատկությունները, կլիմայի փոփոխության տարբեր սցենարներով գետային ներհոսքի և ջրային հաշվեկշռի մնացած տարրերի գնահատումը թույլ կտա պատկերացում ունենալ լճի ապագա դինամիկ պաշարների և ջրի որակի վերաբերյալ և ի վերջո շարունակական հետազոտությունների արդյունքների հիման վրա հնարավոր կլինի մշակել Սևանա լճի կառավարման գիտահեն հայեցակարգ»,- շեշտեց Արամ Մեյմարյանը։ Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների, Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտաշխատողները, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սևանա լճի քիմիական կազմի վերաբերյալ վերջին բացահայտումները, Սևանա լճում ֆիտոպլանկտոնի բնութագրումը, զոոպլանկտոնի ներկա վիճակը, Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի մեխանիզմները, Սևանա լճի մոդելավորումը, լճի հիդրոքիմիական և իզոտոպային վերլուծությունները, EU4Sevan ծրագրի արդյունքները։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ի՞նչ կարելի է անել՝ ավերիչ աղետները և դրանց հետևանքները կանխելու համար
Posted on 5 Հոկտեմբերի, 2023

Ինչո՞ւ պետք է անընդհատ խոսել կլիմայի մասին և իրական իրավիճակը լուսաբանել աղետներով։ Արարող հասարակություն նախագծի գիտնականների փոխանցմամբ խնդրի լուծումը կա, բայց այն իրականացնելու համար շատ քիչ ժամանակ է մնացել։ Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ Արարող հասարակություն նախագծի գիտնականները ուսումնասիրում են կլիման 1996 թվականից, այդ իսկ պատճառով նրանք ոչ միայն հասկանում են դրա փոփոխության պատճառները, այլ նաև գիտեն ելքը: Ահա մի քանիսը, թե ինչ կարելի է անել այսօր՝ ավերիչ աղետները և դրանց հետևանքները կանխելու համար. 1️. Հրաբխի գազազերծման տեխնոլոգիա. 2️. Երկրաշարժերի կանխարգելման տեխնոլոգիա. 3️. Մահացող օվկիանոսը վերակենդանացնելու համար օդից ջուր հանելու և մաքրելու։ 4️. Միացյալ միջազգային գիտական կենտրոն՝ համախմբելու այս աշխարհի լավագույն ուղեղների ջանքերը։ 5️. Նոր տնտեսական մոդելը, որը մեզ կայունություն և հարմարավետություն կտա, ռեսուրսներ կազատի կլիմայի փլուզումը լուծելու համար։ Ըստ գիտնականների, այս ամենը պարզապես անհնար է անել մի աշխարհում, որտեղ կան բազմաթիվ ռազմական հակամարտություններ, որտեղ սահմանները փակ են, և երկրների միջև մշտական մրցակցություն կա։ Լավագույն գիտնականները նստում են փակ հետազոտական կենտրոններում, տվյալները հաճախ թաքցվում են, իսկ կլիմայի փոփոխության իրական պատճառները ընդհանրապես չեն ճանաչվում: Մինչ այժմ պաշտոնական վարկածը մարդածին CO2-ի ավելացումն է: Պարզապես անհրաժեշտ է, որ մարդիկ զանգվածաբար սկսեն տեղեկատվություն փոխանցել կլիմայի փոփոխության իրական պատճառների մասին և այս խնդիրը դարձնել աշխարհում ամենահրատապը, որպեսզի սկսեն լուծել այն: Մանրամասները՝ Կրեատիվ հասարակություն նախագծի տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
50 տոպրակ աղբ է հեռացվել՝ Սևանա լճի ափերից մեկում
Posted on 4 Հոկտեմբերի, 2023

Շվեդիայի Շրջանավարտների Հայկական Ցանցի անդամներն ու Երիտասարդ Եվրոպական Դեսպանները «Առանց Պլաստիկի շաբաթվա» շրջանակներում սեպտեմբերի 16-ին կազմակերպել են Սևանա լճի ափերից մեկի մաքրման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրի Eco.am սոցիալական հարթակին, միջոցառումը բաղկացած է եղել երկու հատվածից` ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ և իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմատիկ սեմինարի անցկացում:
Մոտ 1.5 ժամվա ընթացքում մասնակիցները հավաքել են ավելի քան 50 տոպրակ աղբ, որը հիմնականում բաղկացած է եղել պլաստիկ շշերից:
Օրվա երկրոդ հատվածում անցկացվել է բնապահպանական սեմինար, որի նպատակն էր Սևանա լճի խնդիրների, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Սեմինարը վարոել է էկոլոգ ու Շվեդիայի ինստիտուտի շրջանավարտ Մարի Չաքրյանը: Սեմինարն ուղեկցվել է հետաքրքիր հարցադրումներով և քննարկումներով:
Առաջիկայում ևս Շվեդիայի Շրջանավարտների Հայկական Ցանցը նախատեսում է կազմակերպել համախբող և օգտակար միջոցառումներ:
In
other
Նոր համագործակցություն բուսաբանության ինստիտուտի և ICAM-ի միջև
Posted on 4 Հոկտեմբերի, 2023

Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի ավագ լաբորանտ, Քարաքոսերի հետազոտման և պահպանման գիտական խմբի անդամ Մարիամ Գևորգյանը և ICAM-ի անդամ, գիտությունների թեկնածու Արիկ Ջուխաջյանը Ստորգետնյա ցանցերի պաշտպանության ընկերության (SPUN) հետազոտական դրամաշնորհի շրջանակներում 2023թ օգոստոսին Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում կատարել են հողում առկա միկորիզային սնկերի հետազոտություն։ Eco.am սոցիալական հարթակը Բուսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ իրականացվել է հողի նմուշառում՝ պարզելու, թե ինչպես են միկորիզային սնկերը տարբերվում տարբեր բնակավայրերում, որոնք կտրուկ փոխվում են երկրի տարածքով շարժվելիս: Միկորիզային սնկերը կապվում են բույսերի արմատների հետ, որպեսզի սննդանյութերը փոխանակեն բուսական շաքարի հետ և այս ասոցիացիան կարելի է գտնել բույսերի գրեթե բոլոր ընտանիքներում: Թեև որոշ միկորիզային սնկեր ձևավորում են նկատելի սունկ, շատերը հողում գոյություն ունեն միայն որպես հիֆեր, որոնք կարող են նույնականացվել ԴՆԹ-ի հաջորդականության միջոցով: Այս սնկերի հետազոտությունը ոչ պակաս կարևոր է էկոհամակարգի գործառույթների համար: Բուսաբանության ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում Արիկ Ջուխաջյանը նմուշառված հողերից կատարել է ԴՆԹ անջատում՝ հետագայում ՊՇՌ ամպլիֆիկացիայի և ԴՆԹ-ի հաջորդականացման՝ սնկերի հայտնաբերման և համեմատման համար: Սա կօգնի պարզել, թե ինչպես է փոխվում սնկերի բազմազանությունը փոփոխվող լանդշաֆտի հետ։ SPUN-ի ապագա վերլուծություններում գիտնականները կարող են բացահայտել, թե ինչն է հանգեցնում սնկերի բազմազանությանը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ։ Որպես կայացած գիտնականների խումբ՝ ICAM-ը փնտրում է նոր ուղիներ՝ խթանելու կապերը սնկաբանության ոլորտում Հայաստանի ներսում՝ ուշադրություն հրավիրելով նրա բազմազան լանդշաֆտների վրա:
In
other , shrjaka-mijavayr
Տեղումների քանակով հոկտեմբերը համարվում է երկրորդ առավելագույնը՝ մայիսից հետո
Posted on 3 Հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9°C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°Շ-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8°C, երրորդում' +5.9°C: Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում' +15°C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում' +13°C, Տավուշում' +12°C: Ցածր է լեռնային շրջաններում' +7°C (Աշոցքում' +4°C ): Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է: Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում' 23-30մմ, ամենից շատ' Աոռիում, Կոտայքում, Գորիսում' 50-60 մմ: Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է: Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%: Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին: Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:
In
other , shrjaka-mijavayr
Անվճար էկոկրթական միջոցառումների շարք՝ արցախցի երեխաների համար
Posted on 3 Հոկտեմբերի, 2023

Ի դեպ, Առյուծի ժայռակերտի ստեղծման մտահղացումը հեղինակի մոտ ի հայտ է եկել դեռևս 2006 թվականին: Նկարիչ Արամ Ավագյանը քանդակի վրա աշխատանքը սկսել է 2007 թվականին:
Ժայռակերտ առյուծի կառուցման պատմությունը կարող եք դիտել տեսանյութում․

