Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Էկո հանրագիտարան.Սերկևիլ

Էկո հանրագիտարան.Սերկևիլ
Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։ Համարվում է, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կա կարծիք, որ այդ տարածքներում աճող տեսակների պտուղն ուտելի է դառնում մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։ Սերկևիլ սովորականը վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8 մ բարձրությամբ, երբեմն աճում է` որպես թուփ։ Ծաղիկները միայնակ են, խոշոր` 4-5 սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսին, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում։ Մեղուները նախընտրում են հավաքել այս ծառի ծաղկահյութը։ Ա. Ամասիացին գրել է. «Եթե սերկևիլի ծաղիկների հյութը քամեն ու լցնեն աչքը` կբարելավի տեսողությունը»։ Հետաքրքիր է իմանալ, որ սերկևիլի մեղրն օգտագործվում է աչքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար և կիրառվում է նաև մանկաբուժության մեջ։ Մեկ հեկտար այգուց ստացվում է 18 կգ մեղր. այն թափանցիկ է, ունի հաճելի հոտ, դանդաղ է բյուրեղանում։ Սերկևիլի մեղրը կարգավորում է արյան ճնշումը` տատանումների դեպքում, կիրառվում է առիթմիայի բուժման համար, ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։ Սերկևիլի մեղրի և թարմ հյութի խառնուրդը սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում պիգմենտային բծերը և պեպենները։ Սերկևիլի պտուղները համեմատաբար քիչ են օգտագործվում հում վիճակում, այնուամենայնիվ, սերկևիլենին մշակվում է ավելի քան 4000 տարի։ Հին հույները պատկերել են Հերա աստվածուհուն սերկևիլենու տերևներից պատրաստված պսակով։ Միջերկրածովյան ավազանի ժողովուրդները համարել են, որ սերկևիլը Վեներա աստվածուհուն նվիրված բույս է և խորհրդանշում է սեր և պտղաբերություն։ Սերկևիլը հնագույն ժամանակներից մշակվել է Պորտուգալիայում` հայտնի է պորտուգալական տեսակը, որը կոչվում է «մարմելո»։ Հետաքրքիր է նկատել, որ սերկևիլը մշակվում է կելտական Շոտլանդիայում և նույնիսկ Նորվեգիայում (մինչև 64 աստիճան հյուսիսային լայնությունը), նաև Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայի հյուսիսում և հարավում։ Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։ Սերկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր։ Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է, հակառակ կողմը` մոխրագույն խավոտ։ Երիտասարդ ճյուղերը նույնպես խավապատ են։ Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո` հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Նույն պայմաններում են չորացնում նաև պտղի սերմերը, չորացրած հումքը պատված է սպիտակ թաղանթով և անհոտ է։ Չորացրած տերևի և սերմի պահպանման ժամկետը 1 տարի է։ Տերևը պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, լորձ, բույսին բնորոշ ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ։ Տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, բրոնխների ասթմայի, ստամոքսաբորբի, բարձր ներգանգային ճնշման, ստենոկարդիայի, առիթմիայի, շաքարային դիաբետի համալիր բուժման ընթացքում։ Սերմը պարունակում է մինչև 22,8 տոկոս լորձ, 10 տոկոս տանիդներ, 8 տոկոս ճարպեր, նաև օսլա, սպիտակուցային նյութեր, պեկտին, ներկանյութ, ֆերմենտ` էմուլսին, հանքային միացություններ, 0,53 տոկոս ցիանոգեն գլիկոզիդ ամիգդալին, որը թունավոր նյութ է։ Բուժիչ պատրաստուկները ստանում են միայն ամբողջական սերմերից` եթե պատրաստուկն ունի արտահայտված դառը նշի համ, ուրեմն դրա մեջ ներթափանցել է ամիգդալին։ Ամբողջական սերմի ջրային թուրմը (եփուկը) ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություն։ Կիրառում են աղեստամոքսային համակարգի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների դեպքում։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հավաքելուց հետո պահում են հով տեղում, այդ ընթացքում բարձրանում է շաքարների և օրգանական թթուների պարունակությունը, թափվում է պտուղների վրայի խավը, դրանք դառնում են ավելի համեղ։ Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում։ Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ մոտ 4,5 տոկոս է, առկա է նաև մոտ 1,5 տոկոս ցելյուլոզա` այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից։ Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով, պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, պղինձ, այլ միկրոտարրեր, ասկորբինաթթու, ենթավիտամին A, նիացին։ Սերկևիլի հյութը լայնորեն կիրառվել է Ճապոնիայում` բնակչության առողջության վերականգնման ծրագրերում։ Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ հյութը կապում և հեռացնում է ռադիոակտիվ տարրերը մարդու օրգանիզմից։ Սերկևիլի պտուղը և հյութը կիրառվել են նաև Չեռնոբիլի աղետից հետո։ Ճապոնիայում սերկևիլենին լայնորեն օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ մաքրում է աղտոտված օդը։ Տեսողությունը պայծառացնող. 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։ Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն` կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։ Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։ Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։ Լեղամուղ. Մանրացրեք պտուղը, 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Նպաստում է լեղու գոյացմանը և արտազատմանը, ունի նիհարեցնող հատկություն։ Օրգանիզմը մաքրող վիտամինային խառնուրդ. Բլենդերի մեջ խառնեք մեկ սերկևիլ, կեսական տանձ և դեղձ, ավելացրեք 50 մլ եռջուր։ Ախորժակը լավացնող. Խառնեք մեկ միջին սերկևիլի քերուկ, 2-ական թ/գ մեղր և խնձորի քացախ։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Մարսողությունը լավացնող. 100 գ պտղամսին (առանց սերմերի) ավելացրեք 800 մլ զտված ջուր, դրեք կրակի վրա, 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։ Լուծ. 200 գ պտուղը (սերմով) 20 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա և 1 լ ջրի մեջ (ջրային բաղնիք)։ Խմեք 100-ական մլ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։ Օնկոլոգիա. Ճառագայթային թերապիայի բացասական հետևանքները վերացնելու նպատակով և աղեստամոքսային համակարգի արյունահոսող վերքերի դեպքում կերեք սերկևիլի պտուղ` թարմ, խաշած, ջեռոցում եփած, կամ խմեք հյութը։ Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը։ Անեմիա. Հեռացրեք պտղից սերմը, տեղը լցրեք 1-2 թ/գ մեղր, եփեք ջեռոցում` մինչև փափկելը։ *15 գ մանրացրած պտղամիսը (առանց սերմերի) 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ և հետո։ *50 գ պտղամիսը (առանց սերմերի և կեղևի) 8 ժամ թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Առատ դաշտան. 100 գ թարմ (կամ 50 գ չորացրած) պտուղը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ *Փոշիացրեք սերկևիլի սերմը, խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` կաթի հետ։ Օգտագործեք դաշտանից 1 շաբաթ առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Հաստաղիի ճաքեր. Օրը մի քանի անգամ դրեք թրջոցներ սերկևիլի գոլ հյութով։ Բրոնխների ասթմայի սուր նոպաներ. 2 թ/գ սերկևիլի թարմ տերևը (1թ/գ չորը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ գ 2 թ/գ սերկևիլի թարմ տերևին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, մզեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Ստամոքսաբորբ. Փոշիացրեք սերկևիլի չորացրած տերևը, 1 ճ/գ փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Շաքարային դիաբետ. Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։ Հազմրսածություն. Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։ *Մանրացրեք 1 միջին պտուղ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5-6 անգամ։ Անգինայի դեպքում կատարեք ողողումներ։ * Խմեք 2-ական ճ/գ սերկևիլի հյութ` օրը 2-4 անգամ։ Արյունահոսություն լնդերից. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը, 1 թ/գ մանրացրած կեղևը կես ժամ եփեք 300 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ տարայում։ Կատարեք ողոողումներ։ Օգտակար է նաև ստոմատիտի դեպքում։ Սերկևիլի սերմը պարունակում է մեծ քանակությամբ լորձ, որն ունի պարուրող և խորխաբեր հատկություններ։ Ստամոքսաբորբի, փորկապության, անգինայի, տրախեիտի, բրոնխիտի, թոքախտի` նախնական փուլում օգտակար են սերմից ստացված եփուկը և թուրմը։ Եփուկ. 100 գ սերմը եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, փակ տարայում` մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։ Թուրմ. 10 գ սերմը 15 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում, ընթացքում խառնեք` դա կարևոր է, որպեսզի առանձնանա լորձը, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։ Կոլիտ. 10 գ սերմը 8-10 ժամ թրմեք 200 մլ ջրում` սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։ Կոնյուկտիվիտ. Դրեք թրջոցներ սերմի եփուկով, պահեք 3 րոպե։ Կարևոր է իմանալ, որ մի քանի տարի առաջ գիտնականներն ապացուցել են, որ սերկևիլի տերևի և սերմի թուրմերն ունեն խոլեստերինի մակարդակը կարգավորող հատկություն` արտադրվում են հատուկ եղանակով պատրաստված դեղամիջոցներ։ Արոմաթերապիա. Սերկևիլի կեղևը պարունակում է զգալի քանակությամբ բույսին բնորոշ եթերային յուղեր, որոնք ունեն հակադեպրեսանտ հատկություն։կար տարրերով հարուստ սերկևիլի օգտակար հատկություններին ծանոթացեք տեսանյութի միջոցով: Ուշադրությո՛ւն. Զգուշացում։ Սերկևիլենու պտղից, սերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։Այս միրգն ունի որոշակի հակացուցումներ:

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝  2020 թ․ հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։ «Համարակալման աշխատանքները պլանավորվում էր իրականացնել դեռևս անցած տարի, բայց, ցավոք, պատերազմի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց: Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն այս ծրագիրն առաջնահերթ համարեց և այս տարի մենք կփորձենք այն իրականացնել», - նշել է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների ընթացքում արդեն իսկ նախատեսվում է մեկնարկել համարակալման գործընթացը։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենդանիների համարակալումը կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող, հատուկ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անասնաբույժները, ովքեր կհամարակալեն, կգրանցեն և էլեկտրոնային համակարգ կմուտքագրեն համապատասխան տվյալները։ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում ՍԱՏՄ-ին  վերապահված է գործընթացի վերահսկողության և սպանդանոցային մորթի լիարժեք կազմակերպման հետ կապված կարևոր գործառույթ։ «Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև վերջերս սպանդանոցների քանակը բավարար մակարդակի չէր, որպեսզի լիարժեք վերահսկողություն իրականացնեինք, բայց այս տարվա մարտի 1-ից մենք անցել ենք 5-րդ ձևի վերահսկման ուժեղացված ռեժիմին և դա լինելու է շարունակական», - նշել է Նարեկ Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունավետ իրականացման, համարակալողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համարակալման և գրանցման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման, ինչպես նաև համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման ու խորհրդատվության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր։

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում  սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան  ծածկի ավելացում 40-50սմ-ով։  Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին  լեռնային և նախալեռնային  շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում  ձյան տեսքով։  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:

Մեծ Պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին

Մեծ Պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին
Պահքը Աստծո պատվերն է, որ բոլոր կրոնների դեպքում պարտադիր է, այն մարդաստեղծ ծիսակարգ չէ, այլ կարծես դրախտի հիշողությունների արտացոլումն է, որտեղ Եվային ասվում էր՝ մի կեր խնձորը։ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը կարծում է, որ մարդ Աստծո առաջ չի կանգնում ուտելու կամ խմելու համար, այսինքն՝ ավելի կարևոր է մարդու առաքինի, արդար, հաշտ, խաղաղ և ողորմած լինելը։ Նա նշեց, որ մարդ աստվածահաճո է դառնում, երբ բացի սննդից հետևում է Աստծո պատվիրաններին։ Սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էլ տեղեկացրեց, որ պահքի սննդակարգը առողջ է համարվում բացարձակապես առողջ մարդկանց համար. «Սակայն կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք այս սննդակարգի ընթացքում կարող են սրվել։ Եվ ուզում եմ հատուկ շեշտել, որ աղեստամոքսային տրակտ և սակավարյունություն ունեցող մարդկանց արգելվում է պահել այս երկարաժամկետ պահքը։ Սակավարյունության խնդիր ունեն գրեթե բոլոր կանայք, իսկ տղամարդկանց դեպքում շատ ավելի վտանգավոր է այդ խնդիրը։ Ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել առողջական նշված խնդրին»։ Աբովյանը նշեց՝ կան եկեղեցիներ,  որտեղ հոգևոր առաջնորդները որոշ մարդկանց արգելում են պահել պաս, օրինակ, ռուս ուղղափառ եկեղեցին ունի բժիշկներ, ովքեր շատ հավատացյալ մարդկանց խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին։ «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին, քանի որ նրանց համար 59 օր կենդանական մթերքից հրաժարումը վտանգավոր է։ Նաև հղիներին չի կարելի հետևել պահքին։ Եթե նրանց թույլ տրվի մի փոքր կաթնամթերք օգտագործել, ապա կարող են պահել, բայց միայն բուսակերությունը բերում է սահավարյունության, ուստի լավ կլինի, որ հղին զերծ մնա»,- ասաց բժշկուհին։ Պահքի միջոցով առողջանալ ցանկացող մարդկանց  մոտ կարող է քաշի ավելացում լինել, քանի որ կենդանական սնունդ չստանալով, նրանք միայն ածխաջրեր ենք ընդունում, ինչը սննդի գիրացնող հատվածն է։ «Բուսական սնունդը ջերմամշակում անցնելուց հետո շատացնում է գիրացնելու հատկությունը։ Այս սննդակարգով կարելի է իսկապես շաքարային դիաբետի ցուցանիշները լավացնել, բայց շատ նուրբ մասնագիտական գիտելիքներ են հարկավոր։ Ես խորհուրդ կտամ բուսական սնունդ ընդունել ոչ թե տապակած, այլ թարմ վիճակում»,- ասաց սննդաբանը։ Հասմիկ Աբովյանը պահքին հետևողների խորհուրդ տվեց օգտագործել լոբազգիներ, ընդեղեն, հացահատիկ, կանաչեղեն և մրգեր։ Տեր Շահե քահանան էլ նշեց, որ եթե մարդու առողջական վիճակը թույլ չի տալիս պահքի ողջ ընթացքին հետևել, ապա կարելի է միայն ավագ շաբաթվա՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթվա ընթացքում հետևել պահքին։ Հարցին, թե արդյոք կարելի է մեծ պահքի ընթացքում պսակադրություն անել, քահանան պատասխանեց, որ 1960-ականներին Վազգեն առաջինը թույլ տվեց եկեղեցիներում պսակադրություն իրականացնել՝ բացառությամբ ավագ շաբաթվա։ «Մինչ այդ արգելվում էր եկեղեցում պսակադրություն անցկացնել մեծ պահքի շրջանում, բայց քանի որ այդ դեպքում մարդ-եկեղեցի կապը խզվում էր, և մարդիկ առանց եկեղեցու ամուսնանում էին, որոշվեց միայն ավագ շաբաթվա ընթացքում արգելել եկեղեցում պսակադրություն իրականացնել»,- նշեց քահանան։

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 8 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 774.000 ՀՀ դրամի չափով։

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանայնի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։

 

Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Շրջակա միջավայրի նախարարությունում

Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Շրջակա միջավայրի նախարարությունում
Ողջունելով ուսանողներին նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է երիտասարդների դերի ու մասնակցության կարևորությունը էկոլոգիական դաստիարակության և երկրի առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտները, նախարարության կառուցվածքը և գործառույթները, անդրադարձել ոլորտում իրականացվող բարեփոխումներին, գերակա խնդիրներին և առաջնահերթություններին։ Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական ու բովանդակալից զրույց է ծավալվել՝ Սևանա լճի հիմնախնդիրներից մինչև անտառկառավարման բարեփոխումներ, Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում էկոտուրիզմի բաղադրիչի ներդրումից մինչև հանքարդյունաբերություն ու կառավարելի բնապահպանական ռիսկեր։Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ նախարար Պետրոսյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումն  ու մոտեցումները, լուծումներին ուղղված ծրագրերն ու քայլերը։ Նախարարը ուսանողներին է ներկայացրել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերը, խոսել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի հետ վերջերս կնքված հուշագրի մասին, որի շրջանակում ուսանողերին հասանելի են դարձել ուսումնական և արտադրական պրակտիկայի ծրագրերը թե՛ նախարարության կենտրոնական ապարատում, և թե՛  հանրապետության ողջ տարածքով սփռված Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ)՝ ազգային պարկերում, արգելոցներում, արգելավայրերում ու դենդրոպարկերում։ Արծարծվել են Շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Քննարկվել են ուսանողության հետ կապերի ամրապնդման, էկոլոգիական դաստիարակության բարելավման և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ավարտին նախարարը քոլեջի գրադարանին է նվիրել ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գիրք։Նախարար Պետրոսյանը  ևս մեկ անգամ կարևորել է  երիտասարդների դերը պետության և բոլոր ոլորտների կայացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցել երիտասարդներին շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում հնարավորություններն իրացնելու հարցում։Նախարարը հույս է հայտնել, որ նրանք իրենց կրթությունը և ներուժը  կծառայեցնեն Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին։

ՀՀ ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին

ՀՀ ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին
ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ(ցանկը կցվում է)։ Որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 15-ից և գործում է վեց ամիս ժամկետով։ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ՑԱՆԿ Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով  կամ այլ համանման ձևերով Ասեղնատերև տեսակներից Սաղարթավոր տեսակներից Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ  կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած  և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

Eco.am-ի տեսախցիկի առաջ Մարջան Ավետիսյանն է.Երբ հազարումի բառերի փոխարեն՝  խոստովանում են վարդերը

Eco.am-ի տեսախցիկի առաջ Մարջան Ավետիսյանն է.Երբ հազարումի բառերի փոխարեն՝  խոստովանում են վարդերը
Այսօրվանից մեկնարկում է կանանց միամսյակը։ Այդ առթիվ Eco.am-ը դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ բուրավետ ու հաճելի շրջայց ունեցավ վարդերի ջերմոցում։ Մեր հմուտ լուսանկարչի տեսախցիկը դերասանուհու դեմքի յուրաքանչյուր դիմախաղի միջոցով որսացել ու արտացոլել է վարդերի թարմ բույրն ու էկո միջավայրը։ Համաձայնեք, որ վարդեր նվեր ստանալիս, հատկապես՝ հակառակ սեռի կողմից, հազվադեպ եք ինքներդ ձեզ հարցնում՝ ինչո՞ւ հենց այս երանգի։ Արժե, ուշադրություն դարձնել, որովհետեւ տղամարդիկ երբեմն նախընտրում են բառերի փոխարեն վարդերի լեզվով արտահայտել իրենց ասելիքը։ Իհարկե, միամսյակի ընթացքում առիթներ կունենաք վարդերի փնջեր ստանալու եւ ճիշտ ժամանակն է միասին պարզելու, թե վարդի որ երանգն ինչ նշանակություն ունի։ Վարդերի լեզվուն կամ ինչպես տիրապետել վարդերի լեզվական բառարանին Դեղին վարդ Շատերը կարծում են, որ դեղին վարդը ատելության, դավաճանության ու բաժանման նշան է։ Իրականում դեղին վարդը խորհրդանշում է հավերժություն և ընկերություն։ Եթե ձեր ընտրյալը ձեզ նվիրել է դեղին վարդ, ապա նա հոգ է տանում ձեր մասին։ Իսկ, եթե նվիրում է երկար տարիներ ամուսնացած ամուսնական զույգ, ապա դա ընտանեկան ջերմության ու ներդաշնակության նշան է։ Ամեն դեպքում, դեղին վարդեր սիրում են ուժեղ, իմաստուն, հաջողակ ու ինքնաբավ կանայք։ Լավ կլինի, որ դեպրեսիայի, վատ տրամադրության, ընկճվածության ժամանակ տանն ունենաք դեղնանարնջագույն վարդեր։ Նրանք փոփոխում են տան մթնոլորտն ու դրական ազդում ձեր տրամադրության վրա։ Դեղձագույն վարդ Դեղձագույն վարդը խորհրդանշում է նախաձեռնած գործերի հաջող ավարտ և արտահայտում է երախտագիտություն, ջերմ զգացմունքներ և  համեստություն։ Սպիտակ վարդ Վարդի այս տեսակն ընդունված է նվիրել նոր մայրացած կանանց, ընկերուհիներին և երեխաներին: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է։ Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունն ու կատարելությունը: Ահա թե ինչու են հարսանիքին նվիրում սպիտակ վարդերի փունջ։ Վարդագույն վարդ Էլեգանտության, նրբաճաշակության ու սիրո խորհրդանիշ է։ Միևնույն ժամանակ ունի ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ։ Այս երանգի վարդը նվիրում են 15-25 տարեկան աղջիկներին: Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին։ Կարմիր վարդ Խորհրդանշում է տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր։ Բայց, եթե կարմիր վարդերի փունջ են նվիրել ոչ հարազատ մարդու, ապա դա  հարգանքի, հիացմունքի, երախտագիության և բարեմաղթության նշան է։ Ալ կարմիր վարդ Եթե Ձեզ նվիրել են ալ կարմիր վարդ, նշանակում է, որ նվիրողն ուզում է ընդգծել ձեր հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը: Այն սիրո ու կրքի խորհրդանիշ է։ Վարդի այս տեսակը կարելի է նվիրել 23-35 տարեկան կանանց: Կապույտ վարդ Այս վարդերը նվիրում են անհասկանալի, անհասանելի, անառիկ ու խորհրդավոր մարդկանց։ Եթե ձեզ նվիրել են կապույտ վարդեր, նշանակում է, որ թե՛ նվիրողը և թե՛ ստացողը առեղծվածային մարդիկ են, ոչ սովորական եւ հանելուկային: Սակայն կապույտ վարդը նաեւ բաժանման խորհուրդ ունի: Կապույտ գույնն ունի տարբեր նրբերանգներ, օրինակ՝ յասամանագույնը, որը խոսում է հիացմունքի, շքեղության և ամենևին էլ ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին: Ի դեպ  Վարդերի ծննդավայրը համարվում է Պարսկաստանը, այն կոչվել է Գյուլիստան, որը հայերեն նշանակում է վարդերի պարտեզ։ Սակայն, վարդի ստեղծման պատմությունը հիշատակվում է հունական դիցաբանության մեջ։ Վարդերի մասին լեգենդները հիմնականում հյուսված են կանանց հետ։ Ըստ լեգենդի, հունական սիրո Աստված Էրոսը երկար ժամանակ փորձում է նվաճել Հռոմեական դիցաբանության գարնան, բնության ու ծաղիկների Աստվածուհի Ֆլորայի սիրտը։ Էրոսը հասնում է իր նպատակին՝ Ֆլորան մինչև ականջները սիրահարվում է սիրառատ Էրոսին։ Սակայն, հասնելով նպատակին՝ Էրոսը հեռանում է։ Խոցված սրտով Ֆլորան որոշում է ստեղծել մի ծաղիկ, որը կարտահայտեր իր հոգեվիճակը՝ սեր, ուրախություն, տխրություն, արցունք, ծիծաղ… Ֆլորան տեսնելով իր հաջողված ստեղծագործությունը բացականչում է՝ Ռո՜ս։ Ծաղիկները լսելով Աստվածուհու բացականչությունը արձագանքում են՝ Ռոզա՜։ Այդ օրվանից ծաղիկը կոչվեց Ռոզա՝ վարդ։ Ահա, թե ինչու գեղեցիկ վարդն ունի փշոտ ցողուն, որպեսզի հնարավորինս պաշտպանի իր անպաշտպան գեղեցկությունը։ Միամսյակն ու վարդերի գնային սանդղակը Գաղտնիք չէ, որ տոնական օրերին, սովորական օրերի համեմատ, ծաղկի շուկայում գնային սանդղակը դառնում է փոփոխական։ Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրություններ է կատարել ծաղիկների շուկայում։ Եթե որոշել եք միամսյակի շրջանակներում ձեր սիրելի կանանց վարդերի փունջ նվիրել, ապա հաշվի առեք, որ մեկ վարդ գնելու համար գները տատանվում են 1000 դրամից մինչև 3000 դրամ։ Այսինքն՝ եթե որոշել եք վարդերի փունջ գնել, ասենք 9 հատ ներառված վարդով, ապա նախատեսեք 9 հազար դրամից մինչև 21 հազար դրամ։ Այնուամենայնիվ, սիրելի կանանց առանց առիթի էլ կարող եք վարդեր նվիրել, այն նախ հաճելի կլինի ձեր սիրելիի համար՝ առանց տոնի ու առիթի լինել ուշադրության կենտրոնում և հետո՝ այն կլինի մատչելի ու չի նոսրացնի ձեր դրամապանակը։ Eco.am-ի խմբագրությունը գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, շնորհավորում է կանանց և աղջիկներին։ Մաղթում՝ կանացի անսպառ հմայք ու երջանկություն։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լի լինի գարնանային շնչով, իսկ ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել ձեր սիրելիների կյանքն ու աշխարհը։ Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի

Մեծ Պահք. ինչո՞վ լրացնել սպիտակուցների պակասը

Մեծ Պահք. ինչո՞վ լրացնել սպիտակուցների պակասը
Սկսվել է Մեծ Պահքը, որը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ինչպես հայտնի է, Պահքի շրջանում օգտագործում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Ըստ այդմ՝ չի կարելի օգտագործել մսամթերք, կաթնամթերք, ձու եւ այլն: Սակայն վերը թվարկածները պարունակում են այնպիսի օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի առողջ գործունեության համար: Որպեսզի հոգեւոր մաքրումն առողջական խնդիրներ չառաջացնի, բժիշկները խորհուրդ են տալիս առավել ուշադիր լինել պասային սննդակարգի հարցում, քանի որ սպիտակուցների, ճարպերի, վիտամինների պակասը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչեւ գաստրիտի եւ անգամ վահանաձեւ գեղձի հիվանդությունների: Սովորաբար Պահքին հետեւողներն ունենում են սպիտակուցի դեֆիցիտ, ուստի կարեւոր է սննդակարգում ներառել սպիտակուց պարունակող բուսական ծագման մթերք, ինչպես օրինակ, սոյան է եւ լոբազգիները: Գիտականորեն ապացուցված է, որ սոյան պարունակում է այնպիսի քանակությամբ սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որ լիարժեք կարող է փոխարինել մսամթերքին: Բացի այդ, սոյայից պատրաստում են կաթ եւ տոֆու պանիր: Սիսեռը, օրինակ, 30% սպիտակուց է պարունակում: Այն նաեւ շատ հագեցնող է: Սիսեռից պատրաստված ամենահայտնի ուտեստներից է հումուսը: Լոբին նույնպես սպիտակուցներ է պարունակում, որոնք շատ հեշտ են յուրացվում: Սրանց շարքին կարելի է դասել նաեւ ոսպը եւ ոլոռը: Չնայաշ սրան, լոբազգիները չեն պարունակում օրգանիզմի համար որոշ կարեւոր ամինաթթուներ, եւ դրա համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ձավարեղեն եւ շիլաներ ուտել: Թեեւ Պահքի ընթացքում ճարպերի պակաս օրգանիզմը սովորաբար չի ունենում, այնուամենայնիվ, կարելի է դրանք լրացնել ընկուզեղենի միջոցով (օրական 30 գրամից ոչ ավելի): Օգտակար ճարպեր են պարունակում նաեւ ավոկադոն, ձիթապտուղը, արեւածաղկի սերմերը: Ինչ վերաբերում է ածխաջրերին, ապա Պահքի ժամանակ թույլատրվող ուտեստների մեծ մասը հենց ածխաջրեր են պարունակում, սակայն դրանք էլ չի կարելի չարաշահել, հակառակ դեպքում՝ ավելորդ կիլոգրամներն ապահովված են: Չնայած նրան, որ բանջարեղենը հիմնականում ածխաջրեր է պարունակում, դրանց մեջ էլ կան այնպիսինները, որոնք պարունակում են նաեւ սպիտակուցներ, օրինակ՝ կաղամբը, բրոկոլին, սպանախը, կարտոֆիլը, ծնեբեկը, նեխուրը: Սունկը նույնպես սպիտակուցներ է պարունակում, սակայն գարնանը դժվար թե շուկայում թարմ սունկ գտնեք: Պահքի ժամանակ կարելի է նաեւ միրգ ուտել, որը վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է: Սակայն սպիտակուցների բացը լրացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանան, կիվի ուտել, ինչպես նաեւ ծիրանի եւ սալորի չիր:

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության համար

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության համար
Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա։ Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։ Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում: Ծրագրի դոնոր կազմակերպությունն է գերմանական KfW բանկը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել