Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Պաշտոնապես մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող  «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին։ Միջոցառումը համախմբել էր «EU4Sevan» ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, պետական կառավարման և Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին և փորձագետներին՝ նշելու ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորին, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Ն.Գ. Միխայել Յոհաննես Բանցհաֆը, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել  Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձավ Սևանա լճի հիմնախնդիրներին: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Որպես բնատարածքային համալիր, լիճն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն և ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունենք բոլորս: Միաժամանակ ներկայումս գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի պաշարների կրճատման հարցը, կապված կլիմայի փոփոխության և  տեղումների նվազման հետ: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, նախարարը վերահաստատել է Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ Ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը նպատակ ունի՝ բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները, բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները, բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունն ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում, բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։ Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, իսկ իրականացման ժամանակաշրջանը՝ 48 ամիս (սեպտեմբեր 2020 – օգոստոս 2024):

Մայրաքաղաքում այս տարի 4000 նոր ծառ, 70-80 հազար թուփ և 300 հազար ծաղիկ կտնկվի

Մայրաքաղաքում այս տարի 4000 նոր ծառ, 70-80 հազար թուփ և 300 հազար ծաղիկ կտնկվի
Երևանում նախատեսվում է 4000 ծառի, 70-80 հազար թփի և 300 հազար ծաղկի տնկում: Կէտվի շուրջ 10 000 ծառ, կհատվի չոր և անկենսունակ 400 ծառ: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը «Արմենպրես» մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ այս տարի իրենց գնումներում էապես ավելացրել են այն ծառատեսակները, որոնք ծաղկման շրջանում առավել գեղեցիկ են: Ծառերի տնկիների, թփերի, ծաղիկների մի մասը ՀՈԱԿ-ը կօգտագործի սեփական ջերմոցներից և տնկարաններից: «Մոտ 3.5 հա չափով տնկարանային տնտեսություն ենք զարգացրել: Ընդհանուր մոտ 25 հա տարածք ունի քաղաքապետարանը, որտեղ գտնվում են և՛ ջերմոցներ, և՛ տնկարաններ: Նախատեսում ենք 4-5 հա-ով տնկարանային մասը ավելացնել և մի քանի հազար ծառ ևս այնտեղ տնկել, որպեսզի մի քանի տարի հետո արդեն քաղաքային տնտեսությունը օգտվի այդ տնկարանից և մեր գնումների ծավալը նվազի, ունենանք ավելի էժան ու ավելի որակյալ տնկանյութ: Պլանավորում ենք մինչև 40-50 հազար տնկի ունենալ, որպեսզի Երևանի ամբողջ պահանջը բավարարենք»,- ասաց Արա Աղայանը: Անդրադառնալով Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժելուց հետո այդ տարածքներում կանաչապատման աշխատանքների իրականացմանը՝ Արա Աղայանը նշեց, որ քաղաքապետարանն այդ տարածքների տնտեսվարողների հետ գտնվում է դատական վեճերի մեջ և ներկայում որևէ աշխատանք հնարավոր չէ իրականացնել: «Ինչպես գիտենք, դատարանները շատ ծանրաբեռնված են և այդ վեճերը կարող են տարիներ տևել: Մինչև այդ վեճերի հանգուցալուծումը՝ քաղաքապետարանը չի կարող այդ տարածքներում մեծամասշտաբ կանաչապատում անել: Գուցե օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի այդպիսի գործերն արագացված կարգով քննվեն՝ 3-4 ամիսների ընթացքում, որպեսզի հանրային շահը չտուժի: Մեր կարծիքով ճիշտ չէ այդտեղ հատվածական լուծում տալ: Քանի որ այն Երևանի կարևորագույն օբյեկտներից է: Ցանկալի է ունենալ ամբողջ ազատ տարածք, միասնական պրոյեկտ կազմել և իրագործել, որպեսզի լինի մաքսիմալ գրագետ և գեղեցիկ միջավայր, այգի: Այս պահին ապամոնտաժված սրճարանների տարածքում կանաչապատման ծրագրված աշխատանք չունենք»,- ասաց նա: Անդրադառնալով մայրաքաղաքի մի շարք պուրակներում նախատեսվող բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ Աղայանը նշեց. «Աբովյանի անվան պուրակը պետք է այս տարի բարեկարգվի և կանաչապատվի, Սարյանի պուրակում անցակցվել է ոռոգման համակարգ, և որոշակի կանաչապատման աշխատանքներ կկատարվեն մեր կողմից: Մալաթիա-Սեբաստիա համայնքում որոշակի կանաչապատման աշխատանքներ կիրականացնենք, նախագծեր են մշակվում: Այնտեղ ևս գեղեցիկ ձևավորված այգի կունենանք: Այս տարի փորձարկելու ենք Սարալանջի հատվածի ոռոգման համակարգը: Ջրի խնդիրը լուծելուց հետո զուգահեռ կիրականցնենք հողային մեծամասշտաբ աշխատանքներ: Այդ աշխատանքներից հետո կկարողանանք խոսել կանաչապատման, ծառատունկի և թփերի տունկի մասին: Վերջնական նախագիծ չունենք: Նախնական դիտարկմամբ այստեղ կունենանք խառը անտառային տնկարկ՝ մի քանի տեսակ ծառերով ու թփերով, որոնք տարվա տարբեր եղանակներին կապահովեն գեղատեսիլ տեսարան քաղաքի բոլոր կետերից դիտելու համար: Ուշադրություն ենք դարձնելու փշատերևներին, սոճիներ ենք տնկելու: Դրանք էապես նպաստում են օդի մաքրմանը: Այդ հատվածի կանաչապատումը կարևոր է նրանով, որ քաղաքի կենտրոնը պաշտպանելու է փոշուց և մեքենաների արտանետումներից: Սարալանջում ներկայում ջրի ծավալի խնդիր կա: Հաղթանակի զբոսայգուն չի հերիքի, եթե ոռոգենք լանջերը: Նախաձեռնել ենք նոր մայր ոռոգման ջրագծի անցկացում մոտ 500 մ երկարությամբ: Մեր մասնագետները մշակում են նաև Ծիծեռնակաբերդի դիմացի լանջի 8 հա տարածքի լանդշաֆտային նախագիծը: Այնտեղ նույնպես նախատեսված է իրականացնել մեծածավալ կանաչապատման աշխատանքներ, նույնպես ոռոգման համակարգ է անցկանցված: Գարնանը կփորձենք: Արդյունավետության մեջ համոզվելուց և նախագծեր կազմելուց և հողային աշխատանքներ իրականացնելուց հետո կսկսենք ծառատունկն ու կանաչապատումը: Ինչ վերաբերում է Նուբարաշենի և Սիլիկյան թաղամասի անտառապաշտպան գոտիների ձևավորմանը, դրանք հետաձգվել են ֆինանսավորման բացակայության պատճառով: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին դրանով կզբաղվենք ու անտառային տնկարկներ կունենանք»,- ասաց Արա Աղայանը: Երևանում այս տարի նաև ոռոգման համակարգի անցկացման մեծածավալ աշխատանքներ են նախատեսված: Ըստ Արա Աղայանի՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր կանցկացվի մոտ 30 կիլոմետր խողովակաշար: «Աշխատանքներ ենք տարել, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջին խողովակաշար անցկացվի, և այդ լանջերը մոտակա ամիսների ընթացքում կկանաչապատվեն, հետագայում նաև՝ ծառատունկ կիրականացվի»,- նշեց Արա Աղայանը: Ոռոգման ջրագծի կառուցում է նախատեսվում նաև Օղակաձև զբոսայգում: «Նախորդ տարի իրականացվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի շինարարության և բարեկարգման աշխատանքներ, որոնք գրեթե ավարտվել են: Մեր ՀՈԱԿ-ի կողմից պլանավորել ենք ոռոգման ջրագծի կառուցում և տեղադրում ժամանակակից ձևերով, նաև հետագայում կիրականացնենք այդ հատվածի կանաչապատում: Մի մասը կանենք գարնանը, մի մասը՝ աշնանը»,- նշեց Արա Աղայանը: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաև տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներում նախատեսում են շաբաթօրյակ իրականացնել Հրազդանի կիրճում՝ տարածքը կուտակված աղբից մաքրելու նպատակով: Ըստ նրա՝ տեղում կիրականացնեն նաև աղբի տեսակավորում: Աղբյուրը՝ Էկոլուր

Ջերմուկում 434 ծառ չի հատվի. նախատեսված նոր հէկը չի կառուցվի

Ջերմուկում 434 ծառ չի հատվի. նախատեսված նոր հէկը չի կառուցվի
Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի` Ջերմուկում փոքր հէկ կառուցելու նախագծին: Փորձագետն անտառային հողերում փոքր հէկի կառուցումը համարել է ոչ նպատակահարմար: Ընկերությունը նորեկ է հէկերի բիզնեսում. հիմնադրվել է 2016 թվականի գարնանը` 31-ամյա Նարեկ Սերոբի Տոնոյանի կողմից: Նույն անձը փոքր հէկեր շահագործող մեկ այլ` «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջին ընկերությունը 2017-ից Արփա գետի Կենգեր վտակի վրա շահագործում է «Արփա-2» փհէկը, Արփա գետի վրա` «Արփա-3» փհէկը: «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի մեծ բաժնետերը, ինչպես արդեն գրել ենք, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է` Էդուարդ Հարությունյանը: Այն նախատեսված էր կառուցել Արփա գետի աջակողմյա` անանուն վտակի վրա: Փոքր հէկի կառույցները տեղակայվելու էին Արփա գետի ավազանում, Ջերմուկ համայնքի հարակից տարածքներում: Հէկը պետք է ունենար 2,71 ՄՎտ դրվածքային հզորություն և արտադրեր տարեկան 6,69 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Համաձայն ներկայացված աշխատանքային նախագծի՝ հէկի գլխամասային հանգույցը գտնվելու էր Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի հարակից տարածքում, արգելավայրից 30 մ հեռավորության վրա, իսկ փհէկի շենքը` 1550 մ հեռավորության վրա: Ճնշումային խողովակաշարն անցնելու էր անտառային հողերով: 1,4 հա մակերեսով անտառային գոտու տարածքում խողովակաշարի անցկացման համար նախատեսվում էր հատել 8 սմ և ավելի տրամագիծ ունեցող 124 ծառ, որից 80-ը` կաղնի, 27-ը` ուռենի, 15-ը` արոսենի, 1-ը` հացենի, 1-ը` սալորենի: Նախատեսվում էր հատել նաև 2 սմ-ից մինչև 7 սմ տրամագիծ ունեցող 310 ծառ, այդ թվում` 253 կաղնի, 12 ակացիա, 4 բալենի, 15 ուռենի, 26 արոսենի և 56 գերամաստի թուփ: ՇՄԱԳ հայտի փորձաքննության փուլում Ջերմուկում անցկացված հանրային քննարկմանը մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել փոքր հէկի կառուցմանը: Հիմնական մտահոգությունն այն է եղել, որ փհէկի կառուցումը և շահագործումը նշված գետահատվածում կարող է լրացուցիչ մեծացնել Արփա գետի ծանրաբեռնվածությունը փոքր հէկերով, քանի որ Արփայի վրա արդեն իսկ շահագործվում է 4 փոքր հէկ, ինչը կարող է հանգեցնել առկա բնապահպանական ռիսկերի աճի: Փորձաքննության գործընթացին մասնակցել են Բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարություն) ստորաբաժանումները, Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Ներկայացված կարծիքները հիմնականում եղել են բացասական, անտառային հողերում փոքր հէկի կառուցումը համարվել է ոչ նպատակահարմար: Փորձաքննական հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի և կառավարության «Ջերմուկի ջրաբանական» և «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունը հաստատելու մասին որոշման` արգելվում է գետերի վրա արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման և չորացման համակարգերի, ինչպես նաև նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Բացի դրանից, կառավարության 2014թ. որոշմամբ հաստատվել է, որ «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի հենքի վրա ստեղծվելու է «Ջերմուկ» ազգային պարկ, որտեղ կմիավորվեն նաև «Ջերմուկի անտառային» և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերը, ինչը հնարավորություն կտա ապահովել Վայոց ձորի մարզի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը: Հետևաբար, հէկի կառուցումը բացասական ազդեցություն կունենա միկրոկլիմայի վրա, ինչը հետագայում կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանության համար: Սա դեռ ամենը չէ. ընկերությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ սերվիտուտի պայմանագիր է կնքել 2017թ.` ծառերի և թփերի հատում չիրականացնելու պայմանով: Սակայն ընկերությունն այս պայմանը հաշվի չի առել և ներկայացրած նախագծային փաթեթում, ինչպես արդեն նշել ենք վերևում, նախատեսել է 434 ծառ հատել և 56 հատ թուփ:

Հայաստանի համար նոր, աշխարհում՝ հազվագյուտ սնկի տեսակ է հայտնաբերվել

Հայաստանի համար նոր, աշխարհում՝ հազվագյուտ սնկի տեսակ է հայտնաբերվել
«Կենսաբազմազանությունն ամենուր է, որտեղ նույնիսկ չես ակնկալում»,– օրերս գրել է բնապահպան Արսեն Գասպարյանը,– շարունակելով․ «Իմ ընկեր Աշոտ Դավթյանը մի օր Վահագնի գյուղի իր տան բակում գետնին հայտնված խնձորի ծառի բնի վրա աճած սնկի նկար ա ուղարկում ինձ, փորձում եմ տեսակը որոշել ու արդյունքում հերիք չի նոր տեսակ է Հայաստանի համար, այլ նաև գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցանկում խոցելի կարգավիճակով: Արդյունքները տպագրում ենք լեհ գործընկերոջ հետ համատեղ Folia Forestalia Polonica ամսագրում կարճ հաղորդագրության տեսքով:   Հիմա ներկայացնեմ մեր հերոսին՝ Sarcodontia crocea (Schwein.) Kotl., որն ինչպես նշեցի աճում է հիմնականում ավանդական մշակությամբ խնձորի այգիներում և հայտնվել է անհետացման եզրին Եվրոպայում ինտենսիվ այգեգործության զարգացման հետևանքով: Աճում է նաև ՀՀ-ում հանդիպող որոշ ծառատեսակների վրա, այդ թվում՝ կաղնի, հաճար և այլն: Մեր հոդվածում առաջարկում ենք ներառել ՀՀ կարմիր գրքում կրիտիկական վիճակում (CR D) կարգավիճակով և իրականացնել պոպուլյացիայի համապարփակ հետազոտություններ, որոնք մեր գիտահետազոտական խմբով կարող ենք համարել նախաձեռնել ենք»: Նյութի աղբյուրը` Econews.am

Առցանց դասընթաց. ՇՄ

Առցանց դասընթաց. ՇՄ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի առցանց դասընթաց հետևյալ թեմաներով՝ «Դիլիջան»  ազգային պարկի կենսաբազմազանությունը «Անտառների դերն ու նշանակությունը. ծառահատումների հետևանքները» Դասընթացին կարող եք միանալ մարտի 19–ին ժամը 15:00 Zoom առցանց հարթակում: Այն նախատեսված է 11-15 տարեկան պատանիների համար: Գրանցման համար կարող եք անցել հետևալ հղմամբ https://bit.ly/3t9YLAi 

էկո հանրագիտարան. Ալոճ

էկո հանրագիտարան. Ալոճ
Ալոճի օգտակար հատկությունների մասին հավանաբար քչերը գիտեն: Այն համարվում է սրտի համար ամենաարժեքավոր բույսերից մեկը, ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոցներից մեկն է և կանխում է սրտի կաթվածը:Ընդհանրապես, 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:Ալոճը նվազեցնում է խոլեստերինի բարձր քանակը և բուժում է երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով: Օգտակար է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտայինառիթմիայի դեպքում:Որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:Ալոճը ամենահանգստացնող բույսերից մեկն է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության ևականջներում աղմուկի դեպքում:Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո այն քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ:

Մարտի 15-ից կարգելվի Հայաստանից փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

Մարտի 15-ից կարգելվի Հայաստանից փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ
Մարտի 15-ից 6 ամսով կարգելվի վառելափայտի, փայտանյութի և անտառանյութերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններ:  Արգելքը սահմանվեց ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ: Արգելված ապրանքների ցանկում նշված են՝ Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով  կամ այլ համանման ձևերով Ասեղնատերև տեսակներից Սաղարթավոր տեսակներից Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ: Նշենք, որ նման 6-ամսյա արգելք գործադիրը սահմանել է նաև 2020թ-ի փետրվարի 27-ին: Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա­նելու նպատա­­­կա­­հար­մար­ու­թ­յան հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ­պա­նության անհրաժեշտությամբ։

Անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները շուտով կվերամեկնարկեն

Անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները շուտով կվերամեկնարկեն

Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու  կարգի լրամշակման  և վարձավճարների վերաբերյալ։

Քննարկումներին մասնակցել են  Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ  Ի. Զարգարյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո. Գրիգորյանը, իրավաբանական վարչության պետ Խ. Խաչատրյանը և նախարարի խորհրդական Գ. Առուստամյանը։ Բնական էկոհամակարգերը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչներն են, որտեղ բնություն-մարդ կապի օրենսդրական կարգավորումը օրվա հրամայական է։ Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում։2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը, ինչով սահմանված է պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Անհրաժեշտություն է առաջանում նաև լրամշակել ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշումը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են  հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։ Նորացված կարգի մշակումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ կսահմանվի նոր վարձավճարներ,  դիմումների՝ կարգին համապատասխանելու պարագայում, Անտառային կոմիտեի կողմից կհայտարարվեն մրցույթներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի կանոնակարգման շրջանակում մշակման փուլում են  այդ նպատակով պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում պլանավորվում է ԲՀՊՏ օգտագործման կարգի մշակման և հարակից իրավական ակտերի և վերանայման գործընթացը։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կընդձեռնեն հավասարակշռել բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները, հասնել ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին։ Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակցված են լինելու խիստ  հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։
 

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Արթիկ քաղաքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու շինարարական աշխատանքների կազմակերպության ընտրության մրցույթ: ARMEPS համակարգում մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3l4um3q Հեռախոս` 010 651631 Էլ. փոստ՝ procurement@epiu.am

«Ամուլսարի պահապանների» հայտարարությունը ոսկու հանքի շահագործման վերաբերյալ

«Ամուլսարի պահապանների» հայտարարությունը ոսկու հանքի շահագործման վերաբերյալ
«Ամուլսարի պահապաններ» խումբը, որի անդամները Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներ են, հայտարարություն է տարածել Ամուլսարի շահագործման անհրաժեշտության մասին տարբեր պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
«Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձիք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի հիմնավորումներին ավելացել է ևս մեկը, որ Հայաստանը վերջին պատերազմից հետո տնտեսապես շատ ծանր վիճակում է և նրան գումարներ են պետք ճգնաժամից դուրս գալու համար։ Լավ հասկանալով ու գնահատելով այս ծանր ժամանակաշրջանի էությունը, մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին, որ մեր տարածաշրջանում մետաղական հանքեր չպետք է լինեն, և կարճաժամկետ ծրագրերը չպետք է վերացնեն 7 տասնամյակ ձևավորված, արդեն իսկ կայացած ու հարատև զարգացման հեռանկար ունեցող տնտեսական զարգացման ուղղությունները։ Դա մենք նաև հաստատել ենք 2018թ.-ի աշնանը իրականացրած հանրագրի միջոցով, երբ Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ արտահայտվեցին մետաղական հանքարդյունահանմանը։ Մենք շարունակում ենք լինել միակամ ու բոլոր հնարավոր եղանակներով թույլ չենք տալու մեր կենսատարածքի և սոցիալ-տնտեսական կայացած համակարգի վերացումը։ Դա թույլ չենք տալու առավել ևս պատերազմից հետո, երբ սահմանն ընդհուպ մոտեցել է Ամուլսարին և Ջերմուկին, որտեղ ըստ ծրագրի պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ։ Հորդորում ենք որոշում կայացնողներին սթափ գնահատել վիճակն ու զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց՝ բոլոր ռիսկերն իբր թե կառավարելի լիելու անապացույց թեզը պարբերաբար կրկնելով։ Հիշեցնենք, որ իրենց իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրությունն աներկբա ապացուցեց հակառակն, ու Հայաստանի քաղաքացիները շատ լավ հասկացան դա՝ չնայած մածունը սև ներկայացնելու ձեր բոլոր ջանքերի։ Բոլոր այն տնտեսվարողներին, որոնք մտածում են համագործակցել Ամուլսարում ոսկու ծրագիրն իրականացնելու ցանկություն ունեցող ընկերության հետ, բարեկամաբար խնդրում ենք չանել դա և իզուր ավելի չսրել իրավիճակը մեր պետության ներսում։ Ջերմուկցիները, հարակից գյուղերի և Հայաստանի գիտակից քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը, որի վտանգավոր հետևանքները շարունակվելու են հարյուրավոր տարիներ»։