Այսօրվանից մեկնարկում է կանանց միամսյակը։ Այդ առթիվ Eco.am-ը դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ բուրավետ ու հաճելի շրջայց ունեցավ վարդերի ջերմոցում։ Մեր հմուտ լուսանկարչի տեսախցիկը դերասանուհու դեմքի յուրաքանչյուր դիմախաղի միջոցով որսացել ու արտացոլել է վարդերի թարմ բույրն ու էկո միջավայրը։
Համաձայնեք, որ վարդեր նվեր ստանալիս, հատկապես՝ հակառակ սեռի կողմից, հազվադեպ եք ինքներդ ձեզ հարցնում՝ ինչո՞ւ հենց այս երանգի։ Արժե, ուշադրություն դարձնել, որովհետեւ տղամարդիկ երբեմն նախընտրում են բառերի փոխարեն վարդերի լեզվով արտահայտել իրենց ասելիքը։
Իհարկե, միամսյակի ընթացքում առիթներ կունենաք վարդերի փնջեր ստանալու եւ ճիշտ ժամանակն է միասին պարզելու, թե վարդի որ երանգն ինչ նշանակություն ունի։

Վարդերի լեզվուն կամ ինչպես տիրապետել վարդերի լեզվական բառարանին
Դեղին վարդ
Շատերը կարծում են, որ դեղին վարդը ատելության, դավաճանության ու բաժանման նշան է։ Իրականում դեղին վարդը խորհրդանշում է հավերժություն և ընկերություն։ Եթե ձեր ընտրյալը ձեզ նվիրել է դեղին վարդ, ապա նա հոգ է տանում ձեր մասին։ Իսկ, եթե նվիրում է երկար տարիներ ամուսնացած ամուսնական զույգ, ապա դա ընտանեկան ջերմության ու ներդաշնակության նշան է։ Ամեն դեպքում, դեղին վարդեր սիրում են ուժեղ, իմաստուն, հաջողակ ու ինքնաբավ կանայք։
Լավ կլինի, որ դեպրեսիայի, վատ տրամադրության, ընկճվածության ժամանակ տանն ունենաք դեղնանարնջագույն վարդեր։ Նրանք փոփոխում են տան մթնոլորտն ու դրական ազդում ձեր տրամադրության վրա։
Դեղձագույն վարդ
Դեղձագույն վարդը խորհրդանշում է նախաձեռնած գործերի հաջող ավարտ և արտահայտում է երախտագիտություն, ջերմ զգացմունքներ և համեստություն։
Սպիտակ վարդ
Վարդի այս տեսակն ընդունված է նվիրել նոր մայրացած կանանց, ընկերուհիներին և երեխաներին: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է։ Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունն ու կատարելությունը: Ահա թե ինչու են հարսանիքին նվիրում սպիտակ վարդերի փունջ։

Վարդագույն վարդ
Էլեգանտության, նրբաճաշակության ու սիրո խորհրդանիշ է։ Միևնույն ժամանակ ունի ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ։ Այս երանգի վարդը նվիրում են 15-25 տարեկան աղջիկներին:
Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին։
Կարմիր վարդ
Խորհրդանշում է տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր։ Բայց, եթե կարմիր վարդերի փունջ են նվիրել ոչ հարազատ մարդու, ապա դա հարգանքի, հիացմունքի, երախտագիության և բարեմաղթության նշան է։
Ալ կարմիր վարդ
Եթե Ձեզ նվիրել են ալ կարմիր վարդ, նշանակում է, որ նվիրողն ուզում է ընդգծել ձեր հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը: Այն սիրո ու կրքի խորհրդանիշ է։ Վարդի այս տեսակը կարելի է նվիրել 23-35 տարեկան կանանց:
Կապույտ վարդ
Այս վարդերը նվիրում են անհասկանալի, անհասանելի, անառիկ ու խորհրդավոր մարդկանց։ Եթե ձեզ նվիրել են կապույտ վարդեր, նշանակում է, որ թե՛ նվիրողը և թե՛ ստացողը առեղծվածային մարդիկ են, ոչ սովորական եւ հանելուկային: Սակայն կապույտ վարդը նաեւ բաժանման խորհուրդ ունի:
Կապույտ գույնն ունի տարբեր նրբերանգներ, օրինակ՝ յասամանագույնը, որը խոսում է հիացմունքի, շքեղության և ամենևին էլ ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին:
Ի դեպ
Վարդերի ծննդավայրը համարվում է Պարսկաստանը, այն կոչվել է Գյուլիստան, որը հայերեն նշանակում է վարդերի պարտեզ։
Սակայն, վարդի ստեղծման պատմությունը հիշատակվում է հունական դիցաբանության մեջ։ Վարդերի մասին լեգենդները հիմնականում հյուսված են կանանց հետ։ Ըստ լեգենդի, հունական սիրո Աստված Էրոսը երկար ժամանակ փորձում է նվաճել Հռոմեական դիցաբանության գարնան, բնության ու ծաղիկների Աստվածուհի Ֆլորայի սիրտը։ Էրոսը հասնում է իր նպատակին՝ Ֆլորան մինչև ականջները սիրահարվում է սիրառատ Էրոսին։ Սակայն, հասնելով նպատակին՝ Էրոսը հեռանում է։ Խոցված սրտով Ֆլորան որոշում է ստեղծել մի ծաղիկ, որը կարտահայտեր իր հոգեվիճակը՝ սեր, ուրախություն, տխրություն, արցունք, ծիծաղ… Ֆլորան տեսնելով իր հաջողված ստեղծագործությունը բացականչում է՝ Ռո՜ս։ Ծաղիկները լսելով Աստվածուհու բացականչությունը արձագանքում են՝ Ռոզա՜։ Այդ օրվանից ծաղիկը կոչվեց Ռոզա՝ վարդ։ Ահա, թե ինչու գեղեցիկ վարդն ունի փշոտ ցողուն, որպեսզի հնարավորինս պաշտպանի իր անպաշտպան գեղեցկությունը։

Միամսյակն ու վարդերի գնային սանդղակը
Գաղտնիք չէ, որ տոնական օրերին, սովորական օրերի համեմատ, ծաղկի շուկայում գնային սանդղակը դառնում է փոփոխական։
Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրություններ է կատարել ծաղիկների շուկայում։ Եթե որոշել եք միամսյակի շրջանակներում ձեր սիրելի կանանց վարդերի փունջ նվիրել, ապա հաշվի առեք, որ մեկ վարդ գնելու համար գները տատանվում են 1000 դրամից մինչև 3000 դրամ։ Այսինքն՝ եթե որոշել եք վարդերի փունջ գնել, ասենք 9 հատ ներառված վարդով, ապա նախատեսեք 9 հազար դրամից մինչև 21 հազար դրամ։

Այնուամենայնիվ, սիրելի կանանց առանց առիթի էլ կարող եք վարդեր նվիրել, այն նախ հաճելի կլինի ձեր սիրելիի համար՝ առանց տոնի ու առիթի լինել ուշադրության կենտրոնում և հետո՝ այն կլինի մատչելի ու չի նոսրացնի ձեր դրամապանակը։
Eco.am-ի խմբագրությունը գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, շնորհավորում է կանանց և աղջիկներին։ Մաղթում՝ կանացի անսպառ հմայք ու երջանկություն։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լի լինի գարնանային շնչով, իսկ ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել ձեր սիրելիների կյանքն ու աշխարհը։
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի






Թողնել մեկնաբանություն