Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝  Ապրիլի 05-ի ցերեկը, 07-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի  05-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 05-ի ցերեկը, 06-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց
Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված։ Աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։ Օրենքի փոփոխության նախագծի առանցքային կետերից են՝ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից, հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,  ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,  հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը,  հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն:  Առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։ Այս փոփոխությունների վերջնարդյունքում ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է լուրջ խորքային ու  բովանդակային գործառույթներ։

Նորարարական գաղափարների ընդունման հայտ

Նորարարական գաղափարների ընդունման հայտ
«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում  մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները. Էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգիա՝ ուղղված  կենսավառելիքի (մասնավորապես վառելափայտի օգտագործման) նվազեցմանը Արոտավայրերի կայուն կառավարում և կենսաբազմազանություն, Իրազեկության բարձրացման միջոցառումներ՝ վերոնշյալ թեմաներով։ Հաղթող գաղափարն ընտրվելու է ժյուրիի կողմից, և դրա իրականացման համար տրամադրվելու  է 10,000 եվրո գումար: Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով GreenOvation - FAQ (hypeinnovation.com) և մրցույթի ֆեյսբուք սոցիալական էջում՝ https://www.facebook.com/GreeNovation-104165051757259:

Երևանը կօգտագործի արևի էներգիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանը կօգտագործի արևի էներգիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանը Facebook-ի իր էջում՝ հրապարակված տեսանյութին կից։ Նշվում է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: «Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը», – ասվում է գրառումում:  

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Շորժայի մոտ

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Շորժայի մոտ
Սույն թվականի ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ: Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքի մարզում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 4-ին:

Քրիստոսի Հարությունը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լիալուսնին հաջորդող կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում: Զատիկը հրեական Փեսախ բառից է, որը նշանակում է «անց կեցավ», երբ մահվան հրեշտակն անցավ հրեաների տների մոտով` տեսնելով դրանց դռներին քսած գառան արյունը և ձեռք չտվեց նրանց առաջնեկներին: Փեսախը խորհրդանշում էր ազատում եգիպտական գերությունից: Նոր Ուխտում Զատիկը Քրիստոսն է և  խորհրդանշում է ազատում մեղքերից և վերադարձ առ Աստված: Ավետարանի համաձայն, Հիսում Քրիստոսի` խաչի վրա մահից հետո Սիմոն հարուստը հանել է Քրիստոսի մարմինը խաչի վրայից և թաղել ժայռափոր գերեզմանում, որը մուտքը փակվում էր հսկա քարով: Երեք օր անց երեք կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հովնաննան և Հակոբոսի մայր Մարիամը եկել են գերեզմանի մոտ, որ անուշաբույր յուղերով օծեն Տիրոջ մարմինը: Սակայն մոտենալով, տեսել են, որ գերեզմանի մուտքի քարը չկա, իսկ գերեզմանը դատարկ է: Այդ պահին նրանց առջև հայտնվել են ճերմակ հանդերձներով երկու այր և ասել. «Ինչու՞ եք մահացածների մեջ փնտրում Նրան: Նա այստեղ չէ, այլ հարություն է առել»: (Ղուկ. 24: 5-6): Յուղաբեր կանայք բարի լուրն ավետել են առաքյալներին, ինչից հետո Հիսուս հայտնվել է նրանց: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է: «Եթե չկա մեռելների հարություն, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունն իզուր է, մեր հավատն էլ է իզուր» (Ա Կորնթ. 15:13-14): Զատկին հավատացյալները հավկիթներ են ներկում: Այն հարության և նոր կյանքի խորհրդանիշ է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որ թափվեց ի թողություն մեղաց: Ճրագալույցի Պատարագից հետո սկսվում են Սուրբ Հարության տոնակատարությունները: Կիրակի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ: Ողջունելով միմյանց` քրիստոնյաներն ասում են միմյանց. «Քրիստոս հարեավ ի մեռելոց: - Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այս խոսքերը հիշեցնում են առաքյալների զարմանքը, երբ Քրիստոս հայտնվեց նրանց իր հարությունից հետո: Հավատացյալ ժողովուրդը Մեծ Պահքից հետո Հաղորդություն է առնում գինով և հացով` մաքրվելով հնից և հագնելով նոր հոգի ու մարմին

Զղջում եմ, որ ժամանակին չեմ զբաղվել առողջ ապրելակերպով․ Նունե Եսայան

Զղջում եմ, որ ժամանակին չեմ զբաղվել առողջ ապրելակերպով․ Նունե Եսայան

Առողջ ապրելակերպ նշանակում է մարմնի գրագետ կառավարում, որով պետք է զբաղվել ճիշտ ժամանակին ու հետևողական։ Նման տեսակետ ունի ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը։ Eco.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ թեպետ ուշ է սկսել զբաղվել առողջ ապրելակերպով, բայց վերջին տարիներին տանը ստեղծել է դրա համար բոլոր հնարավորությունները՝ մարզվելուց մինչև անհրաժեշտ վիտամիններով հարուստ սնունդ։

- Առողջ ապրելակերպով զվաղվելը համարում եմ օրգանիզմի գրագետ կառավարում։ Որքան տարիքդ մեծանում է, այնքան զգում ես դրա պահանջը։ Որքան երիտասարդ տարիքից սկսես առողջ ապրելակերպով զբաղվել, այնքան այն մարմնիդ համար ավելի օգտակար ու առողջարար կլինի, իսկ մկաններդ՝ ավելի շուտ կենթարկվեն քեզ։ Օրինակ, երբեք չեմ զբաղվել առողջ ապրելակերպով ու դրա համար զղջում եմ։ Հիմա առավելևս շատ եմ զգում դրա կարիքը։ Վերջին տարիներին եմ միայն սկսել զբաղվել մարմնիս գրագետ կառավարմամբ։ Ճիշտ է, դժվար է, բայց, համոզված եմ՝ կստացվի։ - Օրագնիզմի գրագետ կառավարում համարում եք միայն առողջ սնվե՞լը, թե՞ նաև մարզվելը։ - Բոլորն էլ իրար հետ կապ ունեն։ Հիմա առաջին հերթին պետք է բոլոր վիտամինների պակասը լրացնել, հետո՝ հոդային, մկանային հյուսվածքները ճիշտ կառավարել։ Իմ բնույթով մի քիչ թամբալ եմ, միշտ ասում եմ, որ կյանքում ամենահաճելի բանը ծուլանալն է։ Օրեր են լինում, որ ալարում եմ մարզվել, բայց լինում են նաև օրեր, որ «կպնում եմ գործի» ու որոշ ժամանակ լավ մարզվում եմ։ Մարզասրահներ չեմ սիրում հաճախել, տանն եմ մարզվում։ Ունեմ Յոգայի բոլոր հարմարանքներն ու դասընթացները։ Ընդհանրապես, դիտել եմ տարբեր տեսանյութեր, ծաղկաքաղ եմ արել, վերցրել եմ այն, ինչ զգացել եմ, որ ինձ պետք է՝ կոնկրետ հաշվի առնելով իմ խնդիրները։ Իսկ սնվելը, հնարավորինս փորձում եմ ճիշտ պահպանել, բայց միշտ չէ, որ հաջողում է։ Արտիստների կյանքի բնույթն այնպիսին է, շրջագայությունների ժամանակ գիշերը՝ ցերեկ է, ցերեկը՝ գիշեր, իսկ  կերակուրներն էլ անընդհատ փոփոխվում են ու չես կարող հսկել սննդակարգդ։ Բայց, եթե կարողանում եմ օրվա ընթացքում գոնե 3 անգամ կանոնավոր սնվել, ապա դա հրաշք է լինում (Ժպտում է)։ - Որքանով է հաջողվում հետևել Ձեր  զավակների սննդակարգին, առողջ ապրելակերպին։ - Հնարավորինս փորձում եմ։ Հետաքրքիր է, որ հենց այսօր առավոտյան աղջիկս՝ Էլիզաբեթը, մարզանք արեց ու հետո հարցրեց՝ հիմա կարո՞ղ եմ համակարգչով խաղալ։ Անգամ տեսանյութ եմ նկարել, համակարգչով կաշառում եմ, որ մարզանք անի (Ծիծաղում է)։ Իսկ Հենրին էլ իր հայրիկի հետ հեծանիվ է քշում, ընդ որում, շատ պարտաճանաչ։ Հենրին նաև շատ լավ լողում է։ - Նունե, Ձեր բնակարանը կահավորելիս, հաշվի առե՞լ եք, որպեսզի հնարավորինս լինի էկո կահավորված։ - Համենայնդեպս, մեր տունն այնպես է կահավորված, որ շատ ծանրաբեռնված չէ, ամեն ինչ մինիմալի է հասցված։ Իսկ, եթե էկոյի տեսանկյունից նայենք, ապա կահույքն է փայտից, իսկ ծաղիկների առումով, ցավոք, ինձ մոտ չի ստացվում ծաղիկներ աճեցնել, չեմ կարողանում բույսերի հետ լեզու գտնել (Ծիծաղում է)։ Բայց, երազում եմ սեփական տուն ունենալու մասին, շատ եմ ուզում այգի ունենալ, բնության հետ սերտ կապի մեջ լինել։ Ավոն՝ ամուսինս էլ է երազում սեփական տան մասին, բայց՝ բակում շուն պահելու համար (Ժպտում է)։ Ամեն դեպքում, որքան մեծանում ենք, այնքան մոտենում ենք բնությանը։ -  Առօրյայում ինչպե՞ս է դրսեւորվում Ձեր էկո սովորությունները, ջուրը խնայելո՞վ, թե՝ աղբը տեսակավորելով; - Մեր շենքում աղբը տեսակավորելու հնարավորություն ունենք։ Իսկ ջուրը փորձում եմ հնարավորինս խնայել։ Նույնն էլ՝ երեխաների դեպքում եմ ուշադիր լինում, որպեսզի չվատնեն ջուրը, քանի որ ափսոս է, ամեն ինչ հենց այնպես չի գալիս։ Զարմանալի է մարդու բնույթը, երբ ինչ-որ բան չի լինում նոր ենք զգում դրա կարիքը։ Օրինակ, ջուրն անջատում են, նոր զգում ես, թե որքան կարևոր է այն մեր կյանքում։ Կամ՝ երբ առողջությունը մի քիչ թուլանում է, նոր զգում ես, որ պետք է մարզանք անել։ -  Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների ժամկետներին, էկո պիտակներին: - Գնումներ կատարելիս առաջին հերթին ժամկետներն եմ ստուգում, իսկ սննդի օրգանիկ կամ բիո լինելը, տարիների ընթացքում արդեն անգիր գիտեմ, էլ չեմ նայում բովանդակությանը, պիտակներին։ Բայց, ափսոսում եմ, որ մեր միրգն ու բանջարեղենը նախկին համը չունեն, ամեն ինչ արհեստական է աճեցված։ Որքան էլ ապրանքի վրա էկո գրեն, չեմ հավատա։ Անգամ, այգի ունենալու դեպքում էլ՝ սերմերն ու պարատանյութերն են քիմական։ - Որքանո՞վ է ստացվում Էկո միջավայր ստեղծել շրջապատում, ընտանիքում։ - Օրինակ, ուշադրություն եմ դարձնում, որ տանն ունենանք այն սնունդը, որի մեջ կա մեզ անհրաժեշտ վիտամիններ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ, վիտամին D, վիտամին C, կոմպլեկսներ, ընդեղեն, որպեսզի այդ վիտամինների պակասը դրանց միջոցով լրացնենք։ Ընկերական շրջապատում հաճախ ենք քննարկում, ճիշտ սնվելու, մարզվելու, նաև ճիշտ քնել մասին, քանի որ ամենակարևորը քունն է՝ մարդը պետք է ճիշտ ժամին քնի ու արթնանա։ Երբ որևէ շրջագայության ենք գնում, վերադառնալիս ասում եմ՝ վերջ, վաղվանից շուտ եմ արթնանալու, քանի որ հիմնականում ուշ եմ արթնանում։ Բայց, այսօր առավոտյան շուտ եմ արթնացել, մարզվել եմ, ընդունել եմ վիտամիններս, տեսնենք, թե որքան կկարողանամ պահպանել այդ կանոնավոր օրակարգը։ - Նունե, կոսմետիկա ընտրելիս նախընտրում եք, որ այն լինի բրենդայի՞ն, թե՝ բիո: -  Կոսմետիկան պետք է ընտրել մաշկին ճիշտ համապատասխան։ Կոսմետիկայի դեպքում էլ չեմ հավատում բիո լինելուն, որովհետեւ երբեք չես կարող իմանալ, թե մեջն ինչ են լցնում, վրան բիո գրում ու գինն էլ բարձրացնում։ Անգամ, համերգային շրջագայությունների ժամանակ էլ իմ կոսմետիկան ու պարագաները տանում եմ ինձ հետ։ - Համերգային շրջագայություններից Հայաստան վերադառնալիս նվեր կամ հուշանվեր ընտրելիս նախընտրո՞ւմ եք, որ այն էկո լինի։ - Առաջին հերթին նվերն ընտրում եմ տվյալ մարդու սրտով։ Չեմ պարտադրում և չեմ էլ կարող պարտադրել ինչ-որ մեկին, որ սնվի այնպես, ինչպես դու ես ուզում։ Հատկապես մեր ընտանիքում, օրինակ, մայրիկս ունի շաքար, ճնշում ու չեմ կարող նրան պարտադրել, նա պետք է սնվի այնպես, ինչպես իր առողջական իրավիճակն է թելադրում։ - Շուտով կավարտվի միամսյակը, այս ընթացքում էկո նվեր ստացե՞լ եք։ - Վերջերս բժիշկ ընկերներս, իրենց ընտանիքներով, եկել էին մեր տուն, նրանցից մեկն ինձ համար Օրխիդեա ծաղիկ էր բերել, իր խնամելու համար նախատեսված ցուցակով, քանի որ այն հատուկ խնամքի կարիք ունեցող ծաղիկ է։ Իմ ամենասիրած ծաղիկն է ու շատ էի ուրախացել այդ նվերի համար։ Կփորձեմ խնամել այնպես, որ երկար ապրեն։ -  Առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։   - Նախ, ոչինչ մի խնայեք ձեր առողջության համար, առողջությունն ամենակարևոր բանն է։ Արդեն իմ օրինակով ասացի, որ ժամանակին առողջ ապրելակերպ չվարելու պատճառով, ուղեղս երիտասարդ է, իսկ մարմինս՝ խեղճանում է։ Իսկ դա ճիշտ բալանսի բերելու համար պետք է մարզվել ու ճիշտ սնվել, որպեսզի ոչ մի օրգան ձեզնից չնեղանա։ - Նունե, մի քանի օրից կտոնենք Սուրբ հարության տոնը, ընտանիքում սովորաբար ինչպե՞ս եք տոնում։ - Քանի որ Ջրվեժում եմ մեծացել, այնտեղ իմ հայրական տունն է, ավանդույթ ունենք, որն այսօր էլ շարունակվում է իմ նորաստեղծ ընտանիքում։ Գնում ենք ծնողներիս տուն, բոլորով միասին գնում ենք Ջրվեժի եկեղեցի ու կրկին վերադառնում ծնողներիս տուն և բոլորով միասին տոնում ենք Սուրբ Զատիկը։ Ինչպես Ամանորին, այնպես էլ Սուրբ հարության տոնն ենք նշում, իր բոլոր ավանդույթներով ու զատկական սեղանով՝ ձուկ ու փլավով, գինով ու ներկված ձվերով, որոնք երեխաներն անպայման կռվացնում են։ Այնպես որ միասին ուրախ է անցնում։

Հիվանդություններ, որոնք սրվում են գարնանը

Հիվանդություններ, որոնք սրվում են գարնանը
Անկայուն եղանակ, վիտամինների պակաս եւ քրոնիկ հիվանդությունների սրացում. սա տիպիկ երեւույթ է գարնան առաջին կեսի համար: Հետեւաբար՝ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել: Այն մարդիկ, որոնք ունեն գաստրիտ եւ ստամոքսի խոց, գարնանը կարող են սրացում նկատել՝ ցավեր որովայնի վերին հատվածում, ծանրության կամ քաղցի զգացողություն, բերանում տհաճ համ եւ այլն: Այս շրջանում ցանկալի է սննդակարգից հանել վնասակար սնունդը՝ ճարպոտ, տապակած եւ կծու մթերք, գազավորված հյութեր, ալկոհոլ եւ այլն: Ցանկալի է սնվել հստակ ժամային գրաֆիկով եւ ավելի շատ զբոսնել մաքուր օդին: Գարնանը սրվում են նաեւ հոդերի եւ ողնաշարի հիվանդությունները: Երբ եղանակը եւ մթնոլորտային ճնշումը հաճախակի տատանվում են, դա անդրադառնում է մեր զարկերակային արյան ճնշման վրա, ինչի արդյունքում հոդերն ավելի քիչ արյուն են ստանում եւ դառնում ավելի «չոր»: Եվ սովորաբար հոդերում առաջանում է ջարդվածության զգացողություն: Եթե այդ վիճակը երկար շարունակվի, ապա կարող է առաջանալ արթրիտ: Սիրտ-անոթային հիվանդությունները, ի թիվս այլ քրոնիկ հիվանդությունների, նույպես սրվում են գարնանը: Մագնիսական փոթորիկները, եղանակային կտրուկ տատանումները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Նման օրերին պետք է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, հեռու մնալ սթրեսներից, ոչ մի դեպքում բաց չթողնել բժիշկի կողմից նշանակված դեղերի ընդունումը: Շնչական հիվանդությունները, ինչպես, օրինակ, ֆարինգիտը, բրոնխիտը, հայմորիտը, վաղ գարնանն իրենց զգացնել են տալիս: Կարեւոր է չխաբնվել առաջին հայացքից տաք թվացող եղանակին եւ առանց շարֆի ու գլխարկի տանից դուրս չգալ: Գարնանային դեպրեսիա. այո՛, գարնանը նույնպես բնորոշ է ընկճախտը, որը կարող է պայմանավորված լինել բիոռիթմերի, հորմոնալ կարգավիճակի փոփոխությամբ: Եթե դեպրեսիան սովորականից երկար է տեւում, արժե դիմել մասնագետի: Գարնանը ծառերի եւ ծաղիկների ծաղկելուն պես՝ սրվում են ալերգիաները: Հայտնի է ալերգիա առաջացնող մոտ 100 տեսակի բույս: Ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն օրվա երկրորդ կեսին տանից դուրս գալուց. այդ ժամանակահատվածում օդում ծաղկափոշու պիկ է: Ցուրտ եղանակի ավարտին հաճախ սրվում են մաշկային հիվանդությունները՝ պսորիազ, էկզեմա, վիտիլիգո, նեյրոդերմիտ, դեմոդեկոզ եւ այլն: Գարնանը բնորոշ ցուրտ եղանակն ու օդի բարձր խոնավությունը բացասաբար են անդրադառնում խնդրահարույց մաշկի վրա:  Որպեսզի խուսափեք սրացումներից, անհրաժեշտ է ավելի շատ զբոսնել արեւի տակ:

Ծուռթաթ քոթոթը վայրի բնության գրկում (տեսանյութ)

Ծուռթաթ քոթոթը վայրի բնության գրկում (տեսանյութ)
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն ծուռթաթ քոթոթի է արձանագրել վայրի բնության գրկում։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հանրային կապերի բաժինը: Մինչ այսօր Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են փոքր վանդակներում, զրկված մասնագիտական խնամքից և հոգածությունից։ Մշտապես կարևորելով այս խնդիրը FPWC-ն անում է հնարավորը բանտարկված կենդանիներին օգնելու, միևնույն ժամանակ վայրի բնության առանձնյակների հանգիստը պահպանելու համար։ Գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում: Ներկայում տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:  

Ագուլեցին ցանկացած տոն վերածում էր ընտանեկան ամբողջության

Ագուլեցին ցանկացած տոն վերածում էր ընտանեկան ամբողջության
Մի քանի օրից քրիստոնյա աշխարհը կնշի, թերևս ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Մեծ Զատիկը։ Հնում, ավելի հավատով ու հետևողական են եղել տոնի գաղափարախոսությանը, սկսած պահքից մինչև Զատկին նախորդող ու հաջորդող կիրակիները։ Հատկապես, կարևորել են Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհրդով ու նշանակությամբ։ Ի հեճուկս դրա՝ ժամանակակից աշխարհն այս ամենից շատ է հեռացել։ Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին Սուրբ Հարության զատկի ծեսի, ավանդույթների ու նրանց խորհրդի մասին մշտապես ոչ միայն խոսում ու պատմում էր, այլ սեփական օրինակով էր ցուցադրում ու բացատրում խորհուրդը՝ զատկական կենաց ծառից մինչև փեսայի տուն ուղարկելու համար նորահարսների գործած ձվերի փունջը։ Նրա կենդանության օրոք թանգարանի վերածված տունը, ասես յուրահատուկ էկո թանգարան լինի, որտեղ ամեն ինչ յուրաքանչյուր այցելուի տանում է դեպի իր արմատները, դեպի բնությունը։ Լուսիկ Ագուլեցի թանգարանն այսօր պահպանում են ժառանգները։ Eco.am-ի հետ զրույցում Լուսիկ Ագուլեցու որդու կինը՝ ասմունքող Գայանե Սամվելյանը մեր ընթերցողների համար խնամքով ներկայացրեց սկեսրոջից լսածն ու ժառանգածը, որոնք կարծես իրենց համար էլ կենսակերպ են դարձել, ու յուրաքանչյուր տոն, ազգային ծես նշում են այնպես, ինչպես Լուսիկ Ագուլեցին։ Լուսիկ Ագուլեցին մանագիտությամբ նկարչուհի էր, ով շատ սիրում էր նաև ազգագրությունը և իր ողջ կյանքում փորձեց ամբարել ազգագրական իմացությունը, այն, ինչ տեսել էր Նախիջևանում՝ Ագուլիսում։ Հետագայում, նկարելու համար նա շրջում էր ողջ Հայաստանով ու հայաբնակ վայրերով և նկարելուն զուգընթաց ամբարում էր նաև հսկայական նյութ։ Այդ ամենը ոչ թե զուտ գիտելիքներ էին, այլ նաև կենսապերպ էր։ Նա ապրում էր այդ միջավայրում և ողջ ընտանիքն անցնում էր այդ ամենի միջով։ Նա մի զարմանալի հատկություն ուներ, ցանկացած տոնից, ծեսից առաջ այդ ամենը վերածում էր ընտանեկան մի ամբողջության։ Բոլորիս՝ մեծից փոքր, ակամա մասնակից էր դարձնում։ Այնպես որ այդ ամենը շատ արմատավորված է մեր ընտանիքում և փոխանցվել ու այսօր էլ շարունակվում է փոխանցվել։ Փորձում ենք պահել ավանդույթները՝ շարունակելով հանձնել մյուսներին։ [gallery link="file" columns="4" ids="4467,4468,4469,4470"] Զատկական տոնը սկսվում էր պահքից Սուրբ Հարության տոնի ժամանակ ամեն ինչ պահքից էր սկսվում։ Պահքի սկզբից Ակլատիզ էր պատրաստում, այն կախում էր առաստաղից, վրան սոխ էր ամրացնում, սոխի վրա էլ՝ 7 փետուր, որը խորհրդանշում էր պահքի 7 շաբաթը։ Ամեն շաբաթվա վերջում պիտի մի փետուր հանվեր։ Այն պահքի յուրատեսակ օրացույց էր դառնում և Ակլատիզի ձեռքի քարերով պատժվում էին բոլոր նրանք, ովքեր խախտում էին պահքը, թե՛ սննդի առումով,  թե՛ վատ արարքով ու վատ խոսքով, որովհետեւ պահքը հոգևոր մաքրման կարևոր շրջան էր։ Եղել են վայրեր, որ Ակլատիզից 2 սոխ են կախել, մեկը՝ ամբողջ պահքն է խորհրդանշել, իսկ մյուսը՝ Ավագ շաբաթը։ Զատիկը ժողովրդի ամենասպասված ու ամենասիրված տաղավար տոներից կենտրոնական տոնն էր, որովհետեւ զատիկով էր որոշվում շարժական տոները։ Քանի որ զատիկը նշվել է գարնան գիշերահավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կրակի օրը։ Ինչպես մեր բոլոր տոները, այնպես էլ զատիկը, ունեցել են տարբեր շերտեր։ Զատիկը Քրիստոսի Հարության տոնն է, բայց հնում այն ևս ունեցել է արմատներ՝ հին տարին նոր տարուց զատվելու, բնության զարթոնքի, գարնան գալուստն ավետող տոն էր համարվում։ Նաև կան մեկնություններ, որը ասոցացնում են հատիկ բառի՝ սերմի, հունդի գաղափարի հետ։ Ինչպես հունդը հողի մեջ մեռնելով, ծլարձակելով նոր կյանք է տալիս, նույնն էլ քրիստոնեության մեջ՝ Քրիստոսը զոհաբերվելով, մարդկությանը կյանք է պարգևել։ Այսինքն՝ որոշակի աղերսներ կան հին և նոր տոների մեջ։ Մարդիկ երկար ժամանակ պատրաստվել են զատկի տոնին։ Ավագ Շաբաթվա կարևոր խորհուրդը Ծաղկազարդից հետո սկիզբ էր առնում Ավագ շաբաթը։ Ավագ Շաբաթվա բոլոր օրերը ունեցել են տարբեր շերտեր, որոնք նշել է եկեղեցին և որոնք արդեն ընդունված է եղել ժողովրդի մեջ՝ տարբեր անուններով։ Ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա՝ Հուշիկ-հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քար քաշիկ, չիք- չորեքշաբթի, Ավագ հինգշաբթի, Հուդայի ուրբաթ, զատկի շաբաթ, ախար կիրակի, երկուշաբթի՝ մեռելոց և կանաչ-կարմիր կիրակի։ Ավագ Երկուշաբթին երբեմն անվանել են սև երկուշաբթի, կամ ջրաղացպանի օր, խորհրդանշելով շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ջրաղացպանի օրը ցորեն էին աղում։ Ավագ երեքշաբթին աշխատանքային օր է եղել։ Այդ օրը խնոցի են հարել։ Ժողովրրդի մեջ ընդունված է եղել անվանել նաև քարքաշա։ Երբ մարդը շատ էր հոգնում ասում էին՝ քար ե՞ս քաշել։ Իսկ այդ օրը աշխատանքային հագեցած օր է եղել, ջուրն են թարմացրել, այնքան խնոցի են հարել, որ երկար ժամանակ չեն արել։ Այդ օրը նաև հիմար իմաստունի օրն է եղել։ 10 Երեխաներին ժամերգության ժամանակ շապիկ են հագցրել, ձեռքներին մոմեր են տվել և վիճակահանությամբ որոշել են, թե ովքեր են իմաստունները և ովքեր հիմարները։ Հիմարների մոմերը հանգցրել են՝ հանել եկեղեցուց, իսկ իմաստունները պիտի այդ ժամերգության ժամանակ ներկա լինեին արարողությանը։ Ավագ չորեքշաբթի օրը՝ չիք չորեքշաբթին, մարդիկ ազատվում էին ամեն տեսակ աղբից։  Նախ՝ մաքրություն էր կատարվում, բացի դրանից այդ օրը մաքրման ծես էին անում՝ հիվանդությունները, չարը քշելու իմաստով։ Չորեքշաբթի օրը պիտի մարդը մաքրվեր, ինչքան չքանալու բան կար, պիտի այդ օրը ազատվեին։ Երեքշաբթի օրը տատիկները  երդիկներին 2 քար էին դնում՝ բարի և չարի, իրենց բնորոշումներով և չորեքշաբթի օրը տան երեխային ուղարկում էին երդիկ, քարերից մեկը բերելու։ Որ քարը բերում էր դրանով որոշում էին, թե ինչ է սպասվելու այդ օրը։ Ավագ հինգշաբթին արդարության օր էր համարվում։ Այդ օրը տղամարդիկ կացնի բութ  կողմով խփում էին չբեր ծառին, որը չէր ծաղկում, վախեցնում էին, ասելով, որ եթե բերք չտաս կտրելու եմ և այդպես փորձում էին ապահովել տարվա բերքատվությունը։ Կանայք այդ օրը կրակն ու թթխմորն էին թարմացնում, իսկ եկեղեցում, ինչպես գիտեք, Խորհրդավոր ընթրիքն էր՝ Քրիստոսի և 12 առաքյալների։ Երեկոյան  էլ՝ Ո տնլվայի արարողությունն էր։ Այդ ժամանակ խավարման պահն է, երբ հերթով 12 մոմերը հանգում են և մնում է Քրիստոսին խորհրդանշող մոմը, որը նրա մենակությունն է խորհրդանշում։ Ավագ Ուրբաթն արդեն Հուդայի մատնության օրն էր, որ մատնեց Քրիստոսին և նա չարչարանքների ենթարկվելով զոհաբվերվեց։ Այդ օրը ժողովրդի մեջ ընդունված է եղել, որ տղամարդիկ, երեխաները եղանով, բահերով հողը փորեն։ Իսկ կանայք ձու էին գործում, կար էին անում։ Այսինքն՝ ծակելու, Հուդային պատժելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ասում են՝ Հուդայի աչքն են հանում։ Ավագ շաբաթը կարելի է Քրիստոսի մահվան և հարության օրը համարել։ Արդեն երեկոյան, պատարագից հետո՝ զատկական ուտեստներն է մատուցվում։ Ավագ կիրակին բուն զատկական տոնախմբություններն են սկսվում և համարվում էր Ախառի կիրակի։ Ախառը զատկական մատաղն էր, որը հավաքվում էր ողջ համայնքի, գյուղի միջոցներով և անխտիր բաժանվում էր բոլորին։ Զատիկը նշում էին մեծ տոնախմբություններով՝ երգով, պարով, այցերով, արարողություններով։ Այս օրերին, ինչպես Նոր տարուն, ընդունված էր այցելել մեկմեկու, շնորհավորել տարբեր ավետիսներով, ձվերով, քաղցրեղենով հյուր գնալ։ Երկուշաբթի արդեն մեռելոց էր։ Քրիստոսի Հարության հետ լույս էր իջնում ննջեցյալների գերեզմաններին, պիտի այցի գնային հանգուցյալներին։ Կանաչ, կարմիր կիրակին ուներ հետևյալ իմաստը։ Զատկից մեկ շաբաթ հետո կանաչ կիրակին էր։ Եթե զատկի ժամանակ նորահարսը գնում էր հոր տուն, ապա կանաչ կիրակի օրը նա արդեն պիտի վերադառնար։ Եվ, այն, ինչ չէին հասցնում անել կանաչ կիրակիի շրջանակներում, արվում էր կարմիր կիրակիին։ Այսինքն՝ նույն ձևով այդ տոնակատարությունը շարունակվում էր։ Զատկական սեղանի ուտեստները Ուտեստների մեջ, զատկական ներկած ձվից բացի, կարևոր է նաև չամիչով փլավը, ձուկը, որը Քրիստոսին է խորհրդանշում, իսկ կարմիր գինին՝ Քրիստոսի արյունը: Սեղանին դնում են նաև գաթաներ, տարբեր տեսակի կանաչեղեն՝ թարմ և տապակած վիճակում, չրեղեն, ընդեղեն։ Այսինքն՝ տոնական շքեղ սեղաններ էին պատրաստվում և մարդիկ, ի սրտե, ուրախանում էին։ Իհարկե, ուտեստներից այդ օրը ամենակարևորը ձուն էր: Դեռ վաղ ժամանակներից ձուն ի սկզբանե իր մեջ չարխափան ազդեցություն է ունեցել: Նաև ասում են, որ երկրի ձևն ունի՝ օդը, ջուրը և երկիրը։ Տոնական ծեսերի մեջ բավականաչափ օգտագործվել է փնջած ձվերը. նորահարսները ձուն դատարկել են, վրան հյուսել են, ասեղնագործել, զարդարել և այդ օրը փնջած ձվերն ուղարկել են փեսայի տուն։ Դրանից հետո տանը պահել են որպես չարխափան։ Սեղանի շուրջ տարբեր ձվախաղեր էին անում, մեծից փոքր կռվացնում էին՝ աքլորակռիվ տալով: Այսինքն, սա տոնախմբություն էր, որի մասնակիցն էին դառնում մեծից փոքր և լիարժեք ուրախանում էին։ Երեխաները զատկից մեկ շաբաթ առաջ, Ծաղկազարդի ժամանակ, կարկաչաներով, տնից-տուն գնալով, օրհնություններով ավետում էին զատկի գալը և ձվեր էին հավաքում, նախապատրաստվում էին: Հետագայում, տարբեր ձվախաղերի ժամանակ, պիտի օգտագործեին այդ ձվերը։ Օրինակ, թեքահարթությամբ գլորում էին ձուն, եթե ընթացքի ժամանակ հարվածում էր որևէ ձվի, ուրեմն նա շահում էր և մրցանակը, իհարկե, ձուն էր: Լուսիկ Ագուլեցին թե՛ զատկի, թե՛ տարբեր ծեսերի ժամանակ կենաց ծառեր էր պատրաստում ազգային ոճի մեջ և դրանցով ձևավորում էր սեղանը։ Դրանք ստեղծագործական տարբեր կենաց ծառեր էին, որի մեջ կար ազգային գաղափարախոսություն ու նկարչական հմտություններ։ Հնում Զատկի ձուն բնական միջոցներով են ներկել Վաղ շրջանում Զատիկը համարվում էր հին ու նոր տարվա զատվելը, խորհրդանշում էր գարնան գալը ու այդ երփներանգ ներկված ձվերը խորհրդանշում էին բնության մեջ նորի, նոր ծաղկունքի երևան գալը, ինչպես բացվող ծաղիկներն էին երփներանգ, նույն խորհուրդն ուներ նաև ձվերի երփներանգությունը։ Մեր տանը Զատկի ձուն միշտ ներկել ենք կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Հասկանալի է, դա ամեն մեկի ցանությունն է, տրամադրությունը, բայց հաշվի առնենք, որ մենք հիմնականում զատիկը նշում ենք, որպես քրիստոնեական տոն, ուստի նպատակահարմար չեմ գտնում ո՛չ ճուտիկների, ո՛չ ճագարների և ո՛չ էլ ձվերի գունագեղությունը։ Հնում ընդունված էր ձուն կարմիր գույնից զատ նաև նախշել տարբեր կանաչիներով, տերևներից կտրած պատկերներով, բայց լինում էր միագույն՝ կարմիր: Այդ ժամանակ կարմիր գույնը ստանալու համար որդան կարմիր են օգտագործել, տորոնի արմատներով, սոխի կեղևով են ներկել, որոնք բնական միջոցներ են և նախընտրելի: Կարելի է գույներ ստանալ տարբեր  համեմունքների միջոցով, օրինակ՝ շաֆրանը հրաշալի դեղին գույն է ապահովում: Հնարավորինս զերծ մնանք քիմիական հավելումներից և գնանք մաքուր կենսակերպի, որովհետև, վստահ եմ, այդ ամենը մարդու հոգու վրա ազդեցություն ունենում է։ Եվ վերջում․․․ Բնականաբար, փոխվել են ժամանակները, փոխվել են սովորույթները մենք շատ բաներ չենք կարող անել այնպես, ինչպես նախկինում էր, բայց այդ ամենից կարող ենք քաղել գեղեցիկը և գեղեցիկ ձևով ներկայացնել։ Ամենակարևորը, թե՛ ծիսակարգեր տոնելու, թե՛ ընդհանրապես կյանքում, ոչ մեկին ոչ մի բան չպարտադրելն է։ Ստիպելով հակառակ արդյունքը կունենաս, դրա համար աշխատենք այս ամենն անել սիրով ու նվիրվածությամբ։ Պետք է դրան հասնել կրթության, դաստիարակության ու սեփական օրինակով, ինչպես Լուսիկ Ագուլեցին էր անում։ Նա մեզ ոչինչ չի պարտադրել պարզապես նա ստեղծում էր այն միջավայրը, որ մենք սիրով փորձում էինք դա անել։ Փորձենք ճիշտ մատուցել, որպեսզի սերունդները ճիշտ ընկալեն։ Հնում Զատկի տոնը նշում էին Նոր տարվա նման՝ երգ ու պարով, որին մեծից փոքր մասնակից էին լինում։ Ընդհանուր տոնախմբություն էր լինում, որը բոլորին դուրս էր հանում տներից, միավորում։ Դաշտահանդեսներ էին անում, գյուղերով, համայնքներով տոնում էին։ Ցավոք, դա մեր օրերում պակասել է։ Զատկի տոնին միմյանց ավետենք՝ Քրիստոս հարեավ ի մեռելոց, - Օրհնէալ է հարությունը Քրիստոսի։  Մեզ և Ձեզ մեծ ավետիս։