Զղջում եմ, որ ժամանակին չեմ զբաղվել առողջ ապրելակերպով․ Նունե Եսայան

https://eco.am/%d5%a6%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b8%d6%80-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%a6%d5%a2%d5%a1%d5%b2%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%bc%d5%b8/

Առողջ ապրելակերպ նշանակում է մարմնի գրագետ կառավարում, որով պետք է զբաղվել ճիշտ ժամանակին ու հետևողական։ Նման տեսակետ ունի ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը։ Eco.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ թեպետ ուշ է սկսել զբաղվել առողջ ապրելակերպով, բայց վերջին տարիներին տանը ստեղծել է դրա համար բոլոր հնարավորությունները՝ մարզվելուց մինչև անհրաժեշտ վիտամիններով հարուստ սնունդ։

– Առողջ ապրելակերպով զվաղվելը համարում եմ օրգանիզմի գրագետ կառավարում։ Որքան տարիքդ մեծանում է, այնքան զգում ես դրա պահանջը։ Որքան երիտասարդ տարիքից սկսես առողջ ապրելակերպով զբաղվել, այնքան այն մարմնիդ համար ավելի օգտակար ու առողջարար կլինի, իսկ մկաններդ՝ ավելի շուտ կենթարկվեն քեզ։ Օրինակ, երբեք չեմ զբաղվել առողջ ապրելակերպով ու դրա համար զղջում եմ։ Հիմա առավելևս շատ եմ զգում դրա կարիքը։ Վերջին տարիներին եմ միայն սկսել զբաղվել մարմնիս գրագետ կառավարմամբ։ Ճիշտ է, դժվար է, բայց, համոզված եմ՝ կստացվի։

– Օրագնիզմի գրագետ կառավարում համարում եք միայն առողջ սնվե՞լը, թե՞ նաև մարզվելը։

– Բոլորն էլ իրար հետ կապ ունեն։ Հիմա առաջին հերթին պետք է բոլոր վիտամինների պակասը լրացնել, հետո՝ հոդային, մկանային հյուսվածքները ճիշտ կառավարել։ Իմ բնույթով մի քիչ թամբալ եմ, միշտ ասում եմ, որ կյանքում ամենահաճելի բանը ծուլանալն է։ Օրեր են լինում, որ ալարում եմ մարզվել, բայց լինում են նաև օրեր, որ «կպնում եմ գործի» ու որոշ ժամանակ լավ մարզվում եմ։ Մարզասրահներ չեմ սիրում հաճախել, տանն եմ մարզվում։ Ունեմ Յոգայի բոլոր հարմարանքներն ու դասընթացները։ Ընդհանրապես, դիտել եմ տարբեր տեսանյութեր, ծաղկաքաղ եմ արել, վերցրել եմ այն, ինչ զգացել եմ, որ ինձ պետք է՝ կոնկրետ հաշվի առնելով իմ խնդիրները։ Իսկ սնվելը, հնարավորինս փորձում եմ ճիշտ պահպանել, բայց միշտ չէ, որ հաջողում է։ Արտիստների կյանքի բնույթն այնպիսին է, շրջագայությունների ժամանակ գիշերը՝ ցերեկ է, ցերեկը՝ գիշեր, իսկ  կերակուրներն էլ անընդհատ փոփոխվում են ու չես կարող հսկել սննդակարգդ։ Բայց, եթե կարողանում եմ օրվա ընթացքում գոնե 3 անգամ կանոնավոր սնվել, ապա դա հրաշք է լինում (Ժպտում է)։

– Որքանով է հաջողվում հետևել Ձեր  զավակների սննդակարգին, առողջ ապրելակերպին։

Հնարավորինս փորձում եմ։ Հետաքրքիր է, որ հենց այսօր առավոտյան աղջիկս՝ Էլիզաբեթը, մարզանք արեց ու հետո հարցրեց՝ հիմա կարո՞ղ եմ համակարգչով խաղալ։ Անգամ տեսանյութ եմ նկարել, համակարգչով կաշառում եմ, որ մարզանք անի (Ծիծաղում է)։ Իսկ Հենրին էլ իր հայրիկի հետ հեծանիվ է քշում, ընդ որում, շատ պարտաճանաչ։ Հենրին նաև շատ լավ լողում է։

– Նունե, Ձեր բնակարանը կահավորելիս, հաշվի առե՞լ եք, որպեսզի հնարավորինս լինի էկո կահավորված։

Համենայնդեպս, մեր տունն այնպես է կահավորված, որ շատ ծանրաբեռնված չէ, ամեն ինչ մինիմալի է հասցված։ Իսկ, եթե էկոյի տեսանկյունից նայենք, ապա կահույքն է փայտից, իսկ ծաղիկների առումով, ցավոք, ինձ մոտ չի ստացվում ծաղիկներ աճեցնել, չեմ կարողանում բույսերի հետ լեզու գտնել (Ծիծաղում է)։ Բայց, երազում եմ սեփական տուն ունենալու մասին, շատ եմ ուզում այգի ունենալ, բնության հետ սերտ կապի մեջ լինել։ Ավոն՝ ամուսինս էլ է երազում սեփական տան մասին, բայց՝ բակում շուն պահելու համար (Ժպտում է)։ Ամեն դեպքում, որքան մեծանում ենք, այնքան մոտենում ենք բնությանը։

–  Առօրյայում ինչպե՞ս է դրսեւորվում Ձեր էկո սովորությունները, ջուրը խնայելո՞վ, թե՝ աղբը տեսակավորելով;

Մեր շենքում աղբը տեսակավորելու հնարավորություն ունենք։ Իսկ ջուրը փորձում եմ հնարավորինս խնայել։ Նույնն էլ՝ երեխաների դեպքում եմ ուշադիր լինում, որպեսզի չվատնեն ջուրը, քանի որ ափսոս է, ամեն ինչ հենց այնպես չի գալիս։ Զարմանալի է մարդու բնույթը, երբ ինչ-որ բան չի լինում նոր ենք զգում դրա կարիքը։ Օրինակ, ջուրն անջատում են, նոր զգում ես, թե որքան կարևոր է այն մեր կյանքում։ Կամ՝ երբ առողջությունը մի քիչ թուլանում է, նոր զգում ես, որ պետք է մարզանք անել։

–  Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների ժամկետներին, էկո պիտակներին:

Գնումներ կատարելիս առաջին հերթին ժամկետներն եմ ստուգում, իսկ սննդի օրգանիկ կամ բիո լինելը, տարիների ընթացքում արդեն անգիր գիտեմ, էլ չեմ նայում բովանդակությանը, պիտակներին։ Բայց, ափսոսում եմ, որ մեր միրգն ու բանջարեղենը նախկին համը չունեն, ամեն ինչ արհեստական է աճեցված։ Որքան էլ ապրանքի վրա էկո գրեն, չեմ հավատա։ Անգամ, այգի ունենալու դեպքում էլ՝ սերմերն ու պարատանյութերն են քիմական։

– Որքանո՞վ է ստացվում Էկո միջավայր ստեղծել շրջապատում, ընտանիքում։

Օրինակ, ուշադրություն եմ դարձնում, որ տանն ունենանք այն սնունդը, որի մեջ կա մեզ անհրաժեշտ վիտամիններ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ, վիտամին D, վիտամին C, կոմպլեկսներ, ընդեղեն, որպեսզի այդ վիտամինների պակասը դրանց միջոցով լրացնենք։ Ընկերական շրջապատում հաճախ ենք քննարկում, ճիշտ սնվելու, մարզվելու, նաև ճիշտ քնել մասին, քանի որ ամենակարևորը քունն է՝ մարդը պետք է ճիշտ ժամին քնի ու արթնանա։ Երբ որևէ շրջագայության ենք գնում, վերադառնալիս ասում եմ՝ վերջ, վաղվանից շուտ եմ արթնանալու, քանի որ հիմնականում ուշ եմ արթնանում։ Բայց, այսօր առավոտյան շուտ եմ արթնացել, մարզվել եմ, ընդունել եմ վիտամիններս, տեսնենք, թե որքան կկարողանամ պահպանել այդ կանոնավոր օրակարգը։

– Նունե, կոսմետիկա ընտրելիս նախընտրում եք, որ այն լինի բրենդայի՞ն, թե՝ բիո:

–  Կոսմետիկան պետք է ընտրել մաշկին ճիշտ համապատասխան։ Կոսմետիկայի դեպքում էլ չեմ հավատում բիո լինելուն, որովհետեւ երբեք չես կարող իմանալ, թե մեջն ինչ են լցնում, վրան բիո գրում ու գինն էլ բարձրացնում։ Անգամ, համերգային շրջագայությունների ժամանակ էլ իմ կոսմետիկան ու պարագաները տանում եմ ինձ հետ։

– Համերգային շրջագայություններից Հայաստան վերադառնալիս նվեր կամ հուշանվեր ընտրելիս նախընտրո՞ւմ եք, որ այն էկո լինի։

Առաջին հերթին նվերն ընտրում եմ տվյալ մարդու սրտով։ Չեմ պարտադրում և չեմ էլ կարող պարտադրել ինչ-որ մեկին, որ սնվի այնպես, ինչպես դու ես ուզում։ Հատկապես մեր ընտանիքում, օրինակ, մայրիկս ունի շաքար, ճնշում ու չեմ կարող նրան պարտադրել, նա պետք է սնվի այնպես, ինչպես իր առողջական իրավիճակն է թելադրում։

– Շուտով կավարտվի միամսյակը, այս ընթացքում էկո նվեր ստացե՞լ եք։

Վերջերս բժիշկ ընկերներս, իրենց ընտանիքներով, եկել էին մեր տուն, նրանցից մեկն ինձ համար Օրխիդեա ծաղիկ էր բերել, իր խնամելու համար նախատեսված ցուցակով, քանի որ այն հատուկ խնամքի կարիք ունեցող ծաղիկ է։ Իմ ամենասիրած ծաղիկն է ու շատ էի ուրախացել այդ նվերի համար։ Կփորձեմ խնամել այնպես, որ երկար ապրեն։

–  Առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։  

Նախ, ոչինչ մի խնայեք ձեր առողջության համար, առողջությունն ամենակարևոր բանն է։ Արդեն իմ օրինակով ասացի, որ ժամանակին առողջ ապրելակերպ չվարելու պատճառով, ուղեղս երիտասարդ է, իսկ մարմինս՝ խեղճանում է։ Իսկ դա ճիշտ բալանսի բերելու համար պետք է մարզվել ու ճիշտ սնվել, որպեսզի ոչ մի օրգան ձեզնից չնեղանա։

– Նունե, մի քանի օրից կտոնենք Սուրբ հարության տոնը, ընտանիքում սովորաբար ինչպե՞ս եք տոնում։

Քանի որ Ջրվեժում եմ մեծացել, այնտեղ իմ հայրական տունն է, ավանդույթ ունենք, որն այսօր էլ շարունակվում է իմ նորաստեղծ ընտանիքում։ Գնում ենք ծնողներիս տուն, բոլորով միասին գնում ենք Ջրվեժի եկեղեցի ու կրկին վերադառնում ծնողներիս տուն և բոլորով միասին տոնում ենք Սուրբ Զատիկը։ Ինչպես Ամանորին, այնպես էլ Սուրբ հարության տոնն ենք նշում, իր բոլոր ավանդույթներով ու զատկական սեղանով՝ ձուկ ու փլավով, գինով ու ներկված ձվերով, որոնք երեխաներն անպայման կռվացնում են։ Այնպես որ միասին ուրախ է անցնում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով