Մի քանի օրից քրիստոնյա աշխարհը կնշի, թերևս ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Մեծ Զատիկը։ Հնում, ավելի հավատով ու հետևողական են եղել տոնի գաղափարախոսությանը, սկսած պահքից մինչև Զատկին նախորդող ու հաջորդող կիրակիները։ Հատկապես, կարևորել են Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհրդով ու նշանակությամբ։ Ի հեճուկս դրա՝ ժամանակակից աշխարհն այս ամենից շատ է հեռացել։
Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին Սուրբ Հարության զատկի ծեսի, ավանդույթների ու նրանց խորհրդի մասին մշտապես ոչ միայն խոսում ու պատմում էր, այլ սեփական օրինակով էր ցուցադրում ու բացատրում խորհուրդը՝ զատկական կենաց ծառից մինչև փեսայի տուն ուղարկելու համար նորահարսների գործած ձվերի փունջը։ Նրա կենդանության օրոք թանգարանի վերածված տունը, ասես յուրահատուկ էկո թանգարան լինի, որտեղ ամեն ինչ յուրաքանչյուր այցելուի տանում է դեպի իր արմատները, դեպի բնությունը։ Լուսիկ Ագուլեցի թանգարանն այսօր պահպանում են ժառանգները։ Eco.am-ի հետ զրույցում Լուսիկ Ագուլեցու որդու կինը՝ ասմունքող Գայանե Սամվելյանը մեր ընթերցողների համար խնամքով ներկայացրեց սկեսրոջից լսածն ու ժառանգածը, որոնք կարծես իրենց համար էլ կենսակերպ են դարձել, ու յուրաքանչյուր տոն, ազգային ծես նշում են այնպես, ինչպես Լուսիկ Ագուլեցին։
Լուսիկ Ագուլեցին մանագիտությամբ նկարչուհի էր, ով շատ սիրում էր նաև ազգագրությունը և իր ողջ կյանքում փորձեց ամբարել ազգագրական իմացությունը, այն, ինչ տեսել էր Նախիջևանում՝ Ագուլիսում։ Հետագայում, նկարելու համար նա շրջում էր ողջ Հայաստանով ու հայաբնակ վայրերով և նկարելուն զուգընթաց ամբարում էր նաև հսկայական նյութ։ Այդ ամենը ոչ թե զուտ գիտելիքներ էին, այլ նաև կենսապերպ էր։ Նա ապրում էր այդ միջավայրում և ողջ ընտանիքն անցնում էր այդ ամենի միջով։ Նա մի զարմանալի հատկություն ուներ, ցանկացած տոնից, ծեսից առաջ այդ ամենը վերածում էր ընտանեկան մի ամբողջության։ Բոլորիս՝ մեծից փոքր, ակամա մասնակից էր դարձնում։ Այնպես որ այդ ամենը շատ արմատավորված է մեր ընտանիքում և փոխանցվել ու այսօր էլ շարունակվում է փոխանցվել։ Փորձում ենք պահել ավանդույթները՝ շարունակելով հանձնել մյուսներին։
Զատկական տոնը սկսվում էր պահքից
Սուրբ Հարության տոնի ժամանակ ամեն ինչ պահքից էր սկսվում։ Պահքի սկզբից Ակլատիզ էր պատրաստում, այն կախում էր առաստաղից, վրան սոխ էր ամրացնում, սոխի վրա էլ՝ 7 փետուր, որը խորհրդանշում էր պահքի 7 շաբաթը։ Ամեն շաբաթվա վերջում պիտի մի փետուր հանվեր։ Այն պահքի յուրատեսակ օրացույց էր դառնում և Ակլատիզի ձեռքի քարերով պատժվում էին բոլոր նրանք, ովքեր խախտում էին պահքը, թե՛ սննդի առումով, թե՛ վատ արարքով ու վատ խոսքով, որովհետեւ պահքը հոգևոր մաքրման կարևոր շրջան էր։ Եղել են վայրեր, որ Ակլատիզից 2 սոխ են կախել, մեկը՝ ամբողջ պահքն է խորհրդանշել, իսկ մյուսը՝ Ավագ շաբաթը։
Զատիկը ժողովրդի ամենասպասված ու ամենասիրված տաղավար տոներից կենտրոնական տոնն էր, որովհետեւ զատիկով էր որոշվում շարժական տոները։ Քանի որ զատիկը նշվել է գարնան գիշերահավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կրակի օրը։ Ինչպես մեր բոլոր տոները, այնպես էլ զատիկը, ունեցել են տարբեր շերտեր։ Զատիկը Քրիստոսի Հարության տոնն է, բայց հնում այն ևս ունեցել է արմատներ՝ հին տարին նոր տարուց զատվելու, բնության զարթոնքի, գարնան գալուստն ավետող տոն էր համարվում։ Նաև կան մեկնություններ, որը ասոցացնում են հատիկ բառի՝ սերմի, հունդի գաղափարի հետ։ Ինչպես հունդը հողի մեջ մեռնելով, ծլարձակելով նոր կյանք է տալիս, նույնն էլ քրիստոնեության մեջ՝ Քրիստոսը զոհաբերվելով, մարդկությանը կյանք է պարգևել։ Այսինքն՝ որոշակի աղերսներ կան հին և նոր տոների մեջ։ Մարդիկ երկար ժամանակ պատրաստվել են զատկի տոնին։
Ավագ Շաբաթվա կարևոր խորհուրդը
Ծաղկազարդից հետո սկիզբ էր առնում Ավագ շաբաթը։ Ավագ Շաբաթվա բոլոր օրերը ունեցել են տարբեր շերտեր, որոնք նշել է եկեղեցին և որոնք արդեն ընդունված է եղել ժողովրդի մեջ՝ տարբեր անուններով։ Ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա՝ Հուշիկ-հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քար քաշիկ, չիք- չորեքշաբթի, Ավագ հինգշաբթի, Հուդայի ուրբաթ, զատկի շաբաթ, ախար կիրակի, երկուշաբթի՝ մեռելոց և կանաչ-կարմիր կիրակի։
Ավագ Երկուշաբթին երբեմն անվանել են սև երկուշաբթի, կամ ջրաղացպանի օր, խորհրդանշելով շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ջրաղացպանի օրը ցորեն էին աղում։
Ավագ երեքշաբթին աշխատանքային օր է եղել։ Այդ օրը խնոցի են հարել։ Ժողովրրդի մեջ ընդունված է եղել անվանել նաև քարքաշա։ Երբ մարդը շատ էր հոգնում ասում էին՝ քար ե՞ս քաշել։ Իսկ այդ օրը աշխատանքային հագեցած օր է եղել, ջուրն են թարմացրել, այնքան խնոցի են հարել, որ երկար ժամանակ չեն արել։ Այդ օրը նաև հիմար իմաստունի օրն է եղել։ 10 Երեխաներին ժամերգության ժամանակ շապիկ են հագցրել, ձեռքներին մոմեր են տվել և վիճակահանությամբ որոշել են, թե ովքեր են իմաստունները և ովքեր հիմարները։ Հիմարների մոմերը հանգցրել են՝ հանել եկեղեցուց, իսկ իմաստունները պիտի այդ ժամերգության ժամանակ ներկա լինեին արարողությանը։
Ավագ չորեքշաբթի օրը՝ չիք չորեքշաբթին, մարդիկ ազատվում էին ամեն տեսակ աղբից։ Նախ՝ մաքրություն էր կատարվում, բացի դրանից այդ օրը մաքրման ծես էին անում՝ հիվանդությունները, չարը քշելու իմաստով։ Չորեքշաբթի օրը պիտի մարդը մաքրվեր, ինչքան չքանալու բան կար, պիտի այդ օրը ազատվեին։ Երեքշաբթի օրը տատիկները երդիկներին 2 քար էին դնում՝ բարի և չարի, իրենց բնորոշումներով և չորեքշաբթի օրը տան երեխային ուղարկում էին երդիկ, քարերից մեկը բերելու։ Որ քարը բերում էր դրանով որոշում էին, թե ինչ է սպասվելու այդ օրը։
Ավագ հինգշաբթին արդարության օր էր համարվում։ Այդ օրը տղամարդիկ կացնի բութ կողմով խփում էին չբեր ծառին, որը չէր ծաղկում, վախեցնում էին, ասելով, որ եթե բերք չտաս կտրելու եմ և այդպես փորձում էին ապահովել տարվա բերքատվությունը։ Կանայք այդ օրը կրակն ու թթխմորն էին թարմացնում, իսկ եկեղեցում, ինչպես գիտեք, Խորհրդավոր ընթրիքն էր՝ Քրիստոսի և 12 առաքյալների։ Երեկոյան էլ՝ Ո տնլվայի արարողությունն էր։ Այդ ժամանակ խավարման պահն է, երբ հերթով 12 մոմերը հանգում են և մնում է Քրիստոսին խորհրդանշող մոմը, որը նրա մենակությունն է խորհրդանշում։
Ավագ Ուրբաթն արդեն Հուդայի մատնության օրն էր, որ մատնեց Քրիստոսին և նա չարչարանքների ենթարկվելով զոհաբվերվեց։ Այդ օրը ժողովրդի մեջ ընդունված է եղել, որ տղամարդիկ, երեխաները եղանով, բահերով հողը փորեն։ Իսկ կանայք ձու էին գործում, կար էին անում։ Այսինքն՝ ծակելու, Հուդային պատժելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ասում են՝ Հուդայի աչքն են հանում։
Ավագ շաբաթը կարելի է Քրիստոսի մահվան և հարության օրը համարել։ Արդեն երեկոյան, պատարագից հետո՝ զատկական ուտեստներն է մատուցվում։
Ավագ կիրակին բուն զատկական տոնախմբություններն են սկսվում և համարվում էր Ախառի կիրակի։ Ախառը զատկական մատաղն էր, որը հավաքվում էր ողջ համայնքի, գյուղի միջոցներով և անխտիր բաժանվում էր բոլորին։ Զատիկը նշում էին մեծ տոնախմբություններով՝ երգով, պարով, այցերով, արարողություններով։ Այս օրերին, ինչպես Նոր տարուն, ընդունված էր այցելել մեկմեկու, շնորհավորել տարբեր ավետիսներով, ձվերով, քաղցրեղենով հյուր գնալ։
Երկուշաբթի արդեն մեռելոց էր։ Քրիստոսի Հարության հետ լույս էր իջնում ննջեցյալների գերեզմաններին, պիտի այցի գնային հանգուցյալներին։
Կանաչ, կարմիր կիրակին ուներ հետևյալ իմաստը։ Զատկից մեկ շաբաթ հետո կանաչ կիրակին էր։ Եթե զատկի ժամանակ նորահարսը գնում էր հոր տուն, ապա կանաչ կիրակի օրը նա արդեն պիտի վերադառնար։ Եվ, այն, ինչ չէին հասցնում անել կանաչ կիրակիի շրջանակներում, արվում էր կարմիր կիրակիին։ Այսինքն՝ նույն ձևով այդ տոնակատարությունը շարունակվում էր։
Զատկական սեղանի ուտեստները
Ուտեստների մեջ, զատկական ներկած ձվից բացի, կարևոր է նաև չամիչով փլավը, ձուկը, որը Քրիստոսին է խորհրդանշում, իսկ կարմիր գինին՝ Քրիստոսի արյունը: Սեղանին դնում են նաև գաթաներ, տարբեր տեսակի կանաչեղեն՝ թարմ և տապակած վիճակում, չրեղեն, ընդեղեն։ Այսինքն՝ տոնական շքեղ սեղաններ էին պատրաստվում և մարդիկ, ի սրտե, ուրախանում էին։ Իհարկե, ուտեստներից այդ օրը ամենակարևորը ձուն էր: Դեռ վաղ ժամանակներից ձուն ի սկզբանե իր մեջ չարխափան ազդեցություն է ունեցել: Նաև ասում են, որ երկրի ձևն ունի՝ օդը, ջուրը և երկիրը։ Տոնական ծեսերի մեջ բավականաչափ օգտագործվել է փնջած ձվերը. նորահարսները ձուն դատարկել են, վրան հյուսել են, ասեղնագործել, զարդարել և այդ օրը փնջած ձվերն ուղարկել են փեսայի տուն։ Դրանից հետո տանը պահել են որպես չարխափան։ Սեղանի շուրջ տարբեր ձվախաղեր էին անում, մեծից փոքր կռվացնում էին՝ աքլորակռիվ տալով: Այսինքն, սա տոնախմբություն էր, որի մասնակիցն էին դառնում մեծից փոքր և լիարժեք ուրախանում էին։
Երեխաները զատկից մեկ շաբաթ առաջ, Ծաղկազարդի ժամանակ, կարկաչաներով, տնից-տուն գնալով, օրհնություններով ավետում էին զատկի գալը և ձվեր էին հավաքում, նախապատրաստվում էին: Հետագայում, տարբեր ձվախաղերի ժամանակ, պիտի օգտագործեին այդ ձվերը։ Օրինակ, թեքահարթությամբ գլորում էին ձուն, եթե ընթացքի ժամանակ հարվածում էր որևէ ձվի, ուրեմն նա շահում էր և մրցանակը, իհարկե, ձուն էր:
Լուսիկ Ագուլեցին թե՛ զատկի, թե՛ տարբեր ծեսերի ժամանակ կենաց ծառեր էր պատրաստում ազգային ոճի մեջ և դրանցով ձևավորում էր սեղանը։ Դրանք ստեղծագործական տարբեր կենաց ծառեր էին, որի մեջ կար ազգային գաղափարախոսություն ու նկարչական հմտություններ։
Հնում Զատկի ձուն բնական միջոցներով են ներկել
Վաղ շրջանում Զատիկը համարվում էր հին ու նոր տարվա զատվելը, խորհրդանշում էր գարնան գալը ու այդ երփներանգ ներկված ձվերը խորհրդանշում էին բնության մեջ նորի, նոր ծաղկունքի երևան գալը, ինչպես բացվող ծաղիկներն էին երփներանգ, նույն խորհուրդն ուներ նաև ձվերի երփներանգությունը։
Մեր տանը Զատկի ձուն միշտ ներկել ենք կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Հասկանալի է, դա ամեն մեկի ցանությունն է, տրամադրությունը, բայց հաշվի առնենք, որ մենք հիմնականում զատիկը նշում ենք, որպես քրիստոնեական տոն, ուստի նպատակահարմար չեմ գտնում ո՛չ ճուտիկների, ո՛չ ճագարների և ո՛չ էլ ձվերի գունագեղությունը։
Հնում ընդունված էր ձուն կարմիր գույնից զատ նաև նախշել տարբեր կանաչիներով, տերևներից կտրած պատկերներով, բայց լինում էր միագույն՝ կարմիր: Այդ ժամանակ կարմիր գույնը ստանալու համար որդան կարմիր են օգտագործել, տորոնի արմատներով, սոխի կեղևով են ներկել, որոնք բնական միջոցներ են և նախընտրելի: Կարելի է գույներ ստանալ տարբեր համեմունքների միջոցով, օրինակ՝ շաֆրանը հրաշալի դեղին գույն է ապահովում: Հնարավորինս զերծ մնանք քիմիական հավելումներից և գնանք մաքուր կենսակերպի, որովհետև, վստահ եմ, այդ ամենը մարդու հոգու վրա ազդեցություն ունենում է։
Եվ վերջում․․․
Բնականաբար, փոխվել են ժամանակները, փոխվել են սովորույթները մենք շատ բաներ չենք կարող անել այնպես, ինչպես նախկինում էր, բայց այդ ամենից կարող ենք քաղել գեղեցիկը և գեղեցիկ ձևով ներկայացնել։ Ամենակարևորը, թե՛ ծիսակարգեր տոնելու, թե՛ ընդհանրապես կյանքում, ոչ մեկին ոչ մի բան չպարտադրելն է։ Ստիպելով հակառակ արդյունքը կունենաս, դրա համար աշխատենք այս ամենն անել սիրով ու նվիրվածությամբ։ Պետք է դրան հասնել կրթության, դաստիարակության ու սեփական օրինակով, ինչպես Լուսիկ Ագուլեցին էր անում։ Նա մեզ ոչինչ չի պարտադրել պարզապես նա ստեղծում էր այն միջավայրը, որ մենք սիրով փորձում էինք դա անել։ Փորձենք ճիշտ մատուցել, որպեսզի սերունդները ճիշտ ընկալեն։ Հնում Զատկի տոնը նշում էին Նոր տարվա նման՝ երգ ու պարով, որին մեծից փոքր մասնակից էին լինում։ Ընդհանուր տոնախմբություն էր լինում, որը բոլորին դուրս էր հանում տներից, միավորում։ Դաշտահանդեսներ էին անում, գյուղերով, համայնքներով տոնում էին։ Ցավոք, դա մեր օրերում պակասել է։
Զատկի տոնին միմյանց ավետենք՝
Քրիստոս հարեավ ի մեռելոց, – Օրհնէալ է հարությունը Քրիստոսի։
Մեզ և Ձեզ մեծ ավետիս։









Թողնել մեկնաբանություն