Blog
In
other , eco-dexatun
«Ինքնաբուժումը ցանկալի չէ»․ Մաշկավեներաբան Սևակ Մկրտչյանը՝ թաքնված սեռավարակների մասին
Posted on 27 Ապրիլի, 2021

Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր գրավականներից մեկն է։ Այդ իսկ պատճառով կարևոր է տարվա ընթացքում գոնե երկու անգամ այցելել բժշկի, քանի որ, երբեմն թաքնված հիվանդություններն ի հայտ գալուց հետո բժշկվելու հավանականությունը և՛ դժվարանում է և՛ անգամ դառնում անհնարին։
Սեռավարակները, կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեծ մասը սկզբնական շրջանում չեն արտահայտվում, ինչը մեծացնում է վարակը ուրիշներին փոխանցելու վտանգը։
«Թաքնված ենք անվանում այն սեռավարակները, որոնք ընթանում են անախտանիշ, այսինքն, որևէ կերպ չեն անհանգստացնում հիվանդին»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։
Ըստ նրա, դրանք բոլորն էլ մեզ հայտնի սեռավարակներն են, որոնք կարող են սկսվել իրենց բնորոշ ախտանիշներով, իսկ որոշ դեպքերում՝ կարող են ունենալ անախտանիշ ընթացք, կամ գանգատներն այնքան չնչին են, որ չեն անհանգստացնում հիվանդին, իսկ հիվանդն էլ չի հետազոտվում և չի հայտնաբերվում սեռավարակը․ «Թաքնված դեպքերը հայտնաբերվում են պատահական հետազոտության արդյունքում, երբ հիվանդը ցանկանում է պարզապես հետազոտվել սեռավարակների նկատմամբ, կամ երբեմն կարող են դիմել այլ խնդիրներով, որը բժշկին կարող է հուշել առկա սեռավարակի մասին և անցկացնել հետազոտություն»։
Սեռավարակները փոխանցվում են սեռական, փոխներարկային, և ընկերքային ճանապարհով և մարդու վերարտադրողական ֆունկցիային իրենց բացասական ազդեցությունն են թողնում ․ «Թաքնված և ոչ միայն թաքնված սեռավարակները կարող են առաջացնել բարդություններ, որոնք կարող են բերել վերարտադրողական ֆունկցիայի խանգարման կամ անպտղության, օրինակ՝ մակամորձիների, ամորձիների, սերմնաբշտերի կամ շագանակագեղձի բորբոքման»,- ասում է մաշկաբան-վեներոլոգն ու պնդում, որ սեռավարակները չունեն որէև սեզոնային կախվածություն․ «Հավասարապես կարող են արտահայտվել բոլոր սեռավարակները»:
Բանախոսի դիտարկմամբ, մեր տարածաշրջանում գրեթե բոլոր սեռվարակներն էլ տարածված են․ «Բացառությամբ էնդեմիկ բնույթ ունեցող սեռավարակների, ավելի հաճախ հանդիպում են սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը, սեռական հերպեսը, ՄԻԱՎ վարակը»:
Ի դեպ, բժիշկը նաև ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստին․ «Կան հիվանդություններ, որոնք չեն համարվում սեռավարակներ, սակայն կարող են փոխանցվել նաև սեռական ճանապարհով՝ սերտ շփման, հագուստի կամ անկողնային պարագաների միջոցով։ Դրանք են՝ անոգենիտալ գորտնուկները, քոսը, ցայլքի ոջլոտությունը»:
Սեռավարակի ախտանիշները հայտնաբերելուց հետո երբեմն հիվանդը տուրք է տալիս ինքնաբուժությանը։ Մեզ հետ զրույցում բժիշկը պնդեց․ «Ինքնաբուժումը ցանկալի չէ, առանց հետազոտվելու հիվանդը չի կարող հասկանալ, թե իր մոտ կոնկրետ որ սեռավարակն է։ Յուրաքանչյուր սեռավարակ ունի իր համապատասխան բուժման սխեման և նախընտրելի պրեպարատը։ Երբեմն հիվանդները ինքնաբուժության հետևանքով կարող են հասնել ախտանիշների վերացմանը և համարել, որ բուժվել են, սակայն ոչ լիարժեք բուժման դեպքում հետագայում հնարավոր է բարդությունների առաջացում։ Բացի այդ, սեռավարակները հաճախ զուգակցված են լինում, որոնց մասին հիվանդները կարող են չիմանալ»:
Այնուամենայնիվ, տոկոսային հարաբերությամբ մաշկավեներաբանի աջակցությանը գերազանցապես դիմում են տղամարդիկ․ «Կանայք հիմնականում դիմում են գինեկոլոգներին, այդ պատճառով նման խնդրով ինձ դիմողները հիմնականում տղամարդիկ են»,- ասաց մաշկաբան-վեներոլոգը:
In
other , shrjaka-mijavayr
Պարզաբանում է Շրջակա Միջավայրի նախարարությունը
Posted on 27 Ապրիլի, 2021

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն» է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման` հայտնում ենք հետևյալը.
Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
Արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։
Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:
In
other , eco-snund , eco-dexatun
Էկո հանրագիտարան. Արմավ
Posted on 27 Ապրիլի, 2021

Արմավները պարունակում են 23 տեսակի տարբեր ամինաթթուներ, որոնք չեք գտնի մրգերի մեծ մասում: Ինչպես և բուսական ծագում ունեցող մթերքների մեծ մասը, արմավը նույնպես չի պարունակում խոլեստերին: Արմավի 100 գրամում պարունակվում է 142-274 կալորիա, իսկ չորացրած պտուղներում` 340 կալորիա, ուստի արմավը շատ լավ սննդամթերք է նիհարել ցանկացողների համար: Արմավը նաեւ շատ հարուստ է տարատեսակ հանքանյութերով, աղերով ու վիտամիններով: Գիտնականները կարծում են, որ օրական 10 արմավը բավարար է` օրգանիզմը մագնեզիումի, պղնձի եւ ծծումբի օրական չափաբաժնով, երկաթի չափաբաժնի կեսով եւ կալցիումի չափաբաժնի մեկ քառորդով ապահովելու համար: Կարգավորում է մարմնի քաշը Բժիշկները հաստատել են, որ արյան մեջ շաքարի մակարդակի ցածր լինելու հետևանքով մարդիկ հաճախ քաղցի զգացում են ունենում, սակայն, ընդամենը մի քանի արմավ ուտելուց հետո այդ զգացումն անհետանում է: Եթե փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա արմավը այդ հարցում մեծ ազդեցություն ունի։ Այն բավական երկար ժամանակով հագեցածության զգացում է առաջացնում և սնվելու ցանկություն չի առաջանում։ Քաղցած վիճակում արմավ ուտելը կօգնի կարգավորել նաև աղիների աշխատանքը, օրգանիզմին կապահովի անհրաժեշտ շաքարով: Սակայն պետք է հիշել, որ արմավ կարելի է օգտագործել շատ քիչ. հակառակ դեպքում կարող եք քաշ հավաքել: Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը Արմավը կօգնի իջեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը և կանխարգելել զարկերակային խցանումների եւ ճարպային կուտակումների առաջացումը: Ամրացնում է սրտի առողջությունը Մի քանի արմավ թրջեք մեկ բաժակ ջրում և թողեք ամբողջ գիշեր: Իսկ առավոտյան՝ հեռացրեք սերմերը։ Ստացված թուրմը խմեք օրվա ընթացքում մեկ անգամ: Ըստ որոշ հետազոտությունների ` արմավի օգտագործումը կարող է կանխարգելել կաթվածը: Սրտանոթային հիվանդությունների դեպքում, շնորհիվ մեծ քանակությամբ կալիումի, խթանում են սրտի աշխատանքը, տոնուս է հաղորդում, ամրապնդում սրտամկանը և վերականգնում ուժերը՝ երկարատեւ հիվանդությունից հետո: Բնական դեղամիջոց` փորկապության դեմ Արմավը օգտակար է նաև փորկապության ժամանակ, այն օգնում է, որ սնունդն ավելի արագ մշակվի: Դրա համար մի քանի արմավ դրեք մեկ բաժակ ջրի մեջ, իսկ առավոտյան՝ խմեք արմավի հետ միասին: Բարելավում է վերարտադրողական ֆունկցիան Արմավները շատ օգտակար են կանանց օրգանիզմը ծննդաբերությունից հետո վերականգնելու համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ դրանք պարունակում են հատուկ նյութեր, որոնք ամրապնդում են արգանդի մկանները հղիության վերջին ամիսներին, ինչը ոչ միայն հեշտացնում է ծննդաբերությունը, այլև նվազեցնում հետծննդաբերական արյունահոսությունը: Արմավ ուտելու մի քանի պատճառ - Մտավոր ծանրաբեռնվածության դեպքում` չորացրած արմավները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը 20%-ով և նույնիսկ ավելին: - Ֆիզիկական գերհոգնածության ու հյուծման դեպքում վերականգնում են ուժերն ու էներգիա են հաղորդում օգտագործելուց ընդամենը կես ժամ անց: - Ավելացնում է սերմնահեղուկի քանակը: - Վիտամիններով հարստացնում է մայրական կաթը, որոնք անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացմանը: - Օգնում է բարելավել տեսողությունը և հանգստացնում է աչքերը: - Կարգավորում է արյան շրջանառությունն ու ճնշումը: - Ամրապնդում է իմունային համակարգը և բարձրացնում վարակների հանդեպ դիմադրողականությունը։
In
other , shrjaka-mijavayr
«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագիր
Posted on 27 Ապրիլի, 2021
Մեկնարկային միջոցառում Հանդիպման ձևաչափը՝ առցանց Ամսաթիվը՝ 5 մայիսի, 2021թ. Ժամը՝ 10։00-12։00 Սիրով հրավիրում ենք Ձեզ Շրջակա միջավայրի համակարգման ներքո Չեխիայի և Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի պաշոտանական մեկնարկային միջոցառմանը։ Ծրագրի նպատակն է 2021-2022թթ. ընթացքում առաջարկել օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ` Հայաստանում բնության և կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով: Կա արդյո՞ք կենսաբազմազանության պաhպանության ընդլայնման անհրաժեշտություն Հայաստանում, Կա՞ ն գաղափարներ դրանց իրագործման ուղղությամբ, Կցանկանայի՞ք համագործակցել մեզ հետ, եթե այո, ապա միացեք մեկնարկային միջոցառմանը 2021 թ. մայիսի 5-ին, ժամը՝ 10:00-ին, Երևանի ժամանակով (08։00-ին՝ Պրահայի ժամանակով, 09։00-ին՝ Հելսինկիի ժամանակով)։ Օրակարգին վերաբերող մանրամասները և միջոցառման համապատասխան հղումը կտրամադրվի հաջորդիվ։ Առաջիկա հանդիպման ակնկալիքով։
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Խորհրդանշական 106 ծառ՝ Բուսաբանական այգում
Posted on 26 Ապրիլի, 2021

Ապրիլի 24-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» կրկին մարդաշատ էր, առիթը ծառատունկն էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին։ խորհրդանշական առաքելության նախաձեռնողները, 106-ամյա պատմական անցյալի գիտակցմամբ, վստահ են, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ տարիքից, իր հոգու միջով անցկացնում է մի պատմություն, որը նախ և առաջ փոխանցվում է գենետիկորեն: «Անկախության արահետը» համալրվեց կաղնու, թեղիների, հացենու և թղկենու նորաբնակ 106 տնկիներով, որոնցից յուրաքանչյուրն անհիշելի ժամանակներից ունեն իրենց դիցաբանական մեկնությունը: Դրանց բոլորին համախմբում է` ամրության, կայունության, պտղաբերության ու անմահության խորհուրդը: «Արարատի հովանու ներքո այս վայրը յուրահատուկ էներգետիկա ունի և նահատակների ոգեկոչման շարունակական ընթացքն այստեղ դառնում է առաքելություն»,- ասաց «Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանն ընդգծելով․ «Բայց շարունակականությունը կլինի ինքնանպատակ, եթե չպահպանենք առաքինի որակն ու արժեհամակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, հայ ոգուն: Այսօր դա խիստ արդիական է ոչ միայն Սփյուռքի համար, այլև` առավելապես մեր: Մենք պարտավոր ենք պահել հայկական «կոդը», որը ժամանակին, կյանքը չխնայելով, մարդիկ փոխանցել են մեզ` հանուն այդ շարունակականության»։ Նշենք, որ ծառատունկի նախապատրաստական աշխատանքների և տնկիների ձեռք բերմանը օժանդակել է Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքը։ Ծառատունկի բարդ ու արհեստավարժ գործընթացը ուղեկցվում է հնեաբուսաբանության բաժնի ավագ գիտաշխատող Գագիկ Մովսիսյանի մասնագիտական խորհուրդներով: Նախաձեռնությանը սատարում է Երևանի բուսաբանության ինստիտուտը, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի: Ի դեպ, երբ նախորդ դարի 1935-1936 թվականներին հիմնվում էր Երևանի բուսաբանական այգին, այդ ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել մանկատան սաները: Ուստի, այս անգամ էլ, տնկվող 106 ծառերից առաջին-խորհրդանշականը նույնպես տնկեցին մանկատան սաները, ում, վստահաբար, վերապահված է վաղվա օրը: Խորհրդավոր արարողությունը համեմված էր Գայանե Սամվելյանի անզուգական ասմունքով ու «Սարյան լարային քառյակ»-ի Կոմիտասյան ու Սարյանական հոգեթով հնչյուններով: Հիշեցնենք, որ Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» 30 ծառ-տնկիներով հիմնվեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով։ Սեպտեմբերի 26-ին արահետում տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը, 2021 թվականի ապրիլի 1-ին էլ արահետը հարստացավ ևս մեկ խորհրդանշական «Կենաց ծառով»: Իսկ ապրիլի 26-ին էլ՝ ժամը 10:30 կշարունակվեն և ավարտին կհասցվեն ծառատունկի աշխատանքները:
In
other , eco-mshakuyt
Անմոռուկի խորհուրդը՝ Հայոց ցեղասպանության հիմնական ուղերձ
Posted on 26 Ապրիլի, 2021

Անմոռուկ՝ ծաղկի պատկերը որպես հիշատակի խորհրդանիշ օգտագործվել և օգտագործվում է տարբեր ժամանակներում, տարբեր մշակույթի կրողների կողմից։ Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրել է անմոռուկի ստուգաբանությունն ու խորհրդանշական բացատրությունը՝ Հայոց ցեղասպանության և պատմության մեջ կարևոր դերակատարության մասին։ Հայերիս համար այն խորհրդանշական կարևոր դերակատարություն ունեցավ 2015 թվականին՝ ընտրվելով որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ։ Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը: Անմոռուկի նշանակությունը Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է այն 5 մայրցամաքը, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը: Անմոռուկի սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը: Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը: Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: Անմոռուկը կրելու նպատակը Անմոռուկը ոչ թե զարդ է, այլ խորհրդանիշ, որը կրելով ամեն հայ պարտավոր է կատարել իր բաժին քարոզչությունը` հանուն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես նաև կրելով կրծքանշանը, հնարավորություն է տալիս աշխարհին իրազեկել Մեծ Եղեռնի մասին: Որտե՞ղ է ծաղկում անմոռուկը Անմոռուկ ծաղիկը Հայաստանում ծաղկում է ապրիլին: Սիրում է ստվեր և խոնավություն: Հայաստանի գրեթե բոլոր մարզերի անտառներում, մարգագետիններում, մինչև օգոստոս կարելի է գտնել անմոռուկի 14 տեսակ: Պատմական փաստարկ անմոռուկի մասին 1․ Ըստ գերմանական լեգենդի, երբ Աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, Աստծուն ասում է. «Մի՛ մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։ 2․Անգլիայի թագավոր Հենրի 4-րդը անմոռուկն ընտրել է որպես 1398 թվականի իր աքսորի խորհրդանիշ։ Այն օգտագործվել է որպես խորհրդանիշ թագավորի Անգլիա վերադառնալուց հետո ևս։ 3․ Բրիտանական գաղութ Նյուֆաունդլենդը, մինչև Կանադայի 1949 թվականին նահանգ դառնալը, անմոռուկը օգտագործել է ի հիշատակ՝ պատերազմի ընթացքում զոհված իր բնակիչների։ 4․ 15-րդ դարում անմոռուկը ասոցիացվել է հավատարմության հետ։ Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա։ Ըստ լեգենդի, միջնադարում, երբ ասպետը և իր սիրեցյալը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է, որ քաղի մի քանի անմոռուկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը։ Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել՝ «Չմոռանաս ինձ»։ Աղջիկները այս պատճառով անմոռուկը հաճախ կրում են որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ։ 5․ 1934 թվականից՝ Գերմանիայում ֆաշիստական կառավարության իշխանության գալուց հետո, Գերմանիայի մասոնական օթյակը ավանդական մասոնական նշանների փոխարեն սկսել է տարածել անմոռուկը, քանի որ իրենց ավանդական նշանները ճանաչելի էին և հետապնդվում էին ֆաշիստների կողմից։ 1947 թվականից սկսած մասոնական օթյակը անմոռուկը հայտարարել է ֆաշիստական հետապնդումների զոհ իր անդամների հիշատակի նշան։ 6․ 2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Այդ օրվա խորհրդանիշը ևս ընտրվել է անմոռուկը։
In
other , shrjaka-mijavayr
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական ՀՀ դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն ստացան
Posted on 24 Ապրիլի, 2021

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է: ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացված դրամաշնորհային, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հաղթող հայտատուներին դրամաշնորհներ են հանձնվում։ Տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի համար սահմանված են մինչև 700.000 ՀՀ դրամ։ Ներկայացվել են հարյուրավոր ծրագրեր՝ անասնապահությունից մինչև այգեգործություն, ջերմոցային տնտեսություններից մինչև մեղվապահություն։ Ծրագրերը գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որի կազմում եղել են Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։ Մեղրի և Ագարակ քաղաքներից 181 տնային տնտեսություններից ստացվել էին բիզնես-ծրագրեր, որոնցից ֆինանսական աջակցություն են ստացել 79-ը։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման , ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Ծրագրի նպատակն է նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել Հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայնքների բնակչության եկամտի և կենսամակարդակի վրա: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում:
In
other , eco-mshakuyt
Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2021-2030թթ. վերանայված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»
Posted on 24 Ապրիլի, 2021

2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին: Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու մասին։ ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրում¬ները, որը 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։ Վերանայված՝ 2021-2030թթ. ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետ-ները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու¬թյունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված: Վերանայված ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում: Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։ Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Նյարդերը հանգստացնող մանուշակագույն ծաղիկը․ Յասաման
Posted on 24 Ապրիլի, 2021

Ընդունված է ասել, որ գարնան գալն ազդարարում են Ձնծաղիկները, բայց Յասամաններն իրենց գլխապտույտ առաջացնող բույրով հուշում են, որ գարունն արդեն ճանապարհ է ընկել ու առջևում ամառ է։ Յասամանը հայտնի է որպես ձիթենու ընտանիքին պատկանող դեկորատիվ ծառ։ Սովորաբար, Յասամանն ընդունում ենք որպես անուշաբույր ծաղիկ, սակայն երբեմն հաշվի չենք առնում նրա օգտակար հատկությունները։ Յասամանը՝ Ժողովրդական բժշկության մեջ Յասամանավազը, բացի դեկորատիվ նշանակությունից, ունի նաև բազմաթիվ բուժիչ հատկություններ, որոնք դարեր շարունակ հայտնի են ժողովրդական բժշկության մեջ: Յասամանի ծաղիկները օգտագործվում են արտաքին և ներքին եղանակով`գլխացավերի, հազի, մրսածության, մաշկի հիվանդությունների, մարմնի մաքրման, սրտային խնդիրների և հիպերտոնիայի բուժման համար: Այս խնդիրները բուժելու համար ժողովրդական բուսաբույժները հաճախ օգտագործում էին Յասամանի պատրաստուկներ, քսուքներ և թուրմեր: Կա նաև համոզմունք, որ մանուշակագույն-յասամանի ծաղիկները կարող են հանգստացնել նյարդերը: Յասամանի բուժիչ հատկությունները Դեղորայքային հումքը Յասամանի տերևներն ու ծաղիկներն են: Երբ անուշ բույրը տարածվում է, պետք է քաղել ծաղիկները՝ դեռ կիսաբաց վիճակում։ Դրանից հետո չորացնել ստվերոտ տեղում։ Ամբողջությամբ չորանալուց հետո նոր կարող ենք այն օգտագործել թուրմի տեսքով։ 1․ Յասամանը հակաբակտերիալ, հակավիրուսային հատկություն ունի 2․ Մաքրում է թոքերը, բրոնխները, նվազեցնում հազը, կոկորդի ցավը 3․ Վնասազերծում է մարմինը և լյարդը, մաքրում է արյունը 4․Օգնում է գլխացավերին և ռևմատիկ ցավերին 5․ Կարգավորում է արյան ճնշումը 6․ Օգնում է սուր լուծի ժամանակ, գործում է միզամուղ միջոցներով 7․ Բուժում է մաշկի հիվանդությունները 8․Որպես հիանալի կոսմետիկ միջոց՝ երիտասարդացնում է մաշկը, նվազեցնում է մուգ շրջաններն ու այտուցները՝ աչքերի տակ 9․ Բարձրացնում է դիմադրողականությունը Ի դեպ, հոգնածության ժամանակ կարող եք լոգարանում լցնել Յասամանի ծաղիկներ և ջրի մեջ պառկելուց կես ժամ անց ձեզ կզգաք բավականին առույգ և թեթև։ Յասամանը հիանալի հակասթրես է, այն հանդիսանում է հանգստացնող արոմաթերապիայի միջոց։ Յասամանի թեյը կարող է օգտագործվել որպես մազերի տոնուս:
In
other , eco-mshakuyt
Ինչ խորհրդանիշ ունի Ծիծեռնակաբերդի բարձունքում Հիշողության պուրակը
Posted on 24 Ապրիլի, 2021





