Blog
In
other , eco-aprelakerp , eco-kosmetika
Չոր մաշկը խնամելու մի քանի կանոններ
Posted on 20 Ապրիլի, 2021

Դեմքի թարմությունը և գեղեցկությունը պահպանելը պահանջում է բավական շատ խնամք։ Մարդու մաշկը մարմնի տարբեր մասերում միանման չոր չէ, չորանում է, երբ մաշկային ճարպի արտադրությունն անբավարար է, իսկ քրտինքի գոլորշիացումը մաշկի մակերեսից ավելի շատ։ Մաշկը սովորաբար չոր է հասուն և մեծ տարիքի կանանց մոտ, բայց այն կարող է նկատվել նաև երիտասարդ կանանց մոտ։ Շիկահերների մաշկը հաճախ ավելի չոր է քան թխահերներինը։ Հաճախ, մարմնի մի շրջանում մաշկը լինում է չոր, մյուսում՝ ճարպոտ։ Երբեմն մաշկի մի ճարպոտ տեղամասը որոշ ժամանակ անց դառնում են չոր։ Մաշկը տհաճ հետևանքներից պահպանելու համար անհրաժեշտ է արդեն 20-25 տարեկան հասակից հատուկ խնամք տանել։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է չոր մաշկի խնամքի համար մի քանի խորհուրդներ։ Չոր մաշկ ունեցողները դեմքը լվանալուց հետո պետք է չորացնեն խավոտ սրբիչով՝ խուսափելով եռանդուն սրբելուց։ Պետք է ամեն երեկոյան որևէ ճարպոտ կրեմ քսել, ապա մաքրել 1-2 ժամ հետո, առանց լվանալու։ Ճարպոտ կրեմը թողնում են միայն կոպերի մաշկի վրա։ Չոր մաշկի դեպքում լավ են ազդում սնուցող դիմակները: Եթե օգտագործվում են վիտամինացված դիմակներ, նախքան դրանք մաշկին քսելը, պետք է անպայման վերջինիս պարունակությանը խառնել բուսական յուղ։ Չոր մաշկի դեպքում լավ են ազդում նաև մերսումները՝ որևէ ճարպոտ կրեմի միջոցով։ Որոշ կանայք մաշկի նորմալ ճարպոտության հասնելու համար կարող են օգտագործել ճարպերով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ սնունդ՝ կաթ, տավարի անալի միս, ձկան յուղ, լյարդ, գազար, պոմիդոր, ձու, միրգ, դդում։ Դեմքի մաշկի չորանալուց խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոն։ 1․ Խուսափե՛ք երկարատև տաք պրոցեդուրաներից՝ շոգեբաղնիքներ, ջերմային դիմակներ։ Եթե դրանք անհրաժեշտ են, ապա պետք է անել խիստ չափավոր՝ փորձառու կոսմետոլոգի ղեկավարությամբ։ 2․ Խուսափե՛ք մաշկի վրա չոր-տաքի ՝ կրակի, արևի, էլեկտրական ապարատների ազդեցությունից։ 3․ Մաշկը մաքրելու համար մի՛ օգտագործեք սպիրտ և գլիցերին պարունակող ձեռքի օճառներ։ Չոր մաշկը լավ է ընդունում ճարպերը և սառը ջուրը։ 4․ Չոր մաշկը դիմափոշի չի ընդունում, կարող եք օգտագործել կրեմ-պուդրա պաշտպանական կրեմի հաստ շերտի վրայից։ Մաշկը հեշտությամբ գրգռվում է անուշահոտ ներկերից և նման այլ միջոցներից։ 5․ Քամին, արևը և ցուրտը անբարենպաստ են չոր մաշկի համար։ Այն արձագանքում է նաև ջերմության տատանումներին։ 6․ Օճառը և կոշտ ջուրը՝ կրաջուրը, նույնպես չոր մաշկի թշնամին են։ Դեմքի առավոտյան խնամքը՝ չոր մաշկի դեպքում 1․ Դեմքը և պարանոցը լավ մաքրել ճարպոտ կրեմով, շպարահան կաթով կամ 15 %ն ալկոհոլ պարունակող լոսյոնով։ 2․ Դեմքը թեթևակի ցայել սառը փափուկ ջրով ՝ առանց օճառի։ 3․ Դեմքը մաքրել մաշկի տոնուսը բարձրացնող շպարահան ջրով։ 4․ Դեմքը թարմանալու համար մաշկը թեթևակիորեն մերթ-մերթ կսմթել։ 5․ Տանից դուրս գալուց առաջ դեմքին բարակ շերտով քսել պաշտպանական թանձր կրեմ։ Դեմքի երեկոյան խնամքը՝ չոր մաշկի դեպքում Չոր մաշկի դեպքում կարևոր է նաև երեկոյան՝ քնելուց առաջ, մաշկի ամենօրյա խնամքը։ 1․ Դեմքը և պարանոցը լավ մաքրել ճարպոտ կրեմով և շպարահան կաթով։ 2․ Մաշկը սրբել տոնուսը բարձրացնող ու թարմացնող լոսյոնով։ 3․ Դեմքին քսել ճարպոտ և սնուցող կրեմ։ 4․ Կրեմը քսելուց հետո կատարել դեմքի վարժություն և ինքնամերսում։ 5․ Քնելուց առաջ մաշկը պետք է զերծ մնա գրիմից։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
Posted on 18 Ապրիլի, 2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նար Դոսի փ. 73ա, 75 շենքեր, Խանջյան փ. 7, 7ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 1, 3, 3Ա շենքեր, Գորվետկա սեփական տներ, Բրյուսովի փ. 165, 165Ա շենքեր և 58-78 սեփական տներ, 11:00-17:00 Պ.Սևակի փ. 8, 8/1, 8/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 26, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 85, 89 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Գյուլբենկյան փ. 34, 36 շենքեր, Գյուլբենկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Դումանի, Քեռու, Սունդուկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 12/1 շենք, Ֆուչիկի փ. 21, 23 շենքեր, Մարգարյան 1-ին նրբ․2 շենք, Մարգարյան 1-ին նրբ․ 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Շիրակի փ․56/1, 58/1, Մարքվարտի փ․85/1 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 2, 7, 8, 9 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Սուրենավան գյուղ, Սուրենավան գյուղ՝ “Մանանա գրեյն” ընկերություն, Արմաշ գյուղ՝ “Արմաշի լճեր”, Արարատ գյուղ` “Արարատ կաթ” ՍՊԸ, “Խոստեղյան Վաչիկ” ընկերություն, ԱՁ “Սեդրակ Սարգսյան”, Սեփականատեր “Կարեն Խոստեղյան” ոչ բնակիչ-բաժանորդներ և Զինմաս, 10:00-14:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:00-14:30 Նարեկ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Կասյան փ. 26/1, 26/2 շենքեր, 10:30-16:00 Դեղձուտ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, 10:00-16:00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր թաղ, Նար Դոս, Պ․ Սևակի թիվ 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան համայնքի 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք` 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Աբովյան քաղաք՝ Էլար թաղամաս, Աբովյան քաղաք՝ 1-ին միկրոշրջան, Զոնալ Կայան թաղամաս, Մայակովսկի, Բալահովիտ գյուղեր մասնակի, Գարեջրի գործարան և հարակից տարածքներ, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային, Կենտրոն 1 և 2 թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, 12:00-17:00 Թեղուտ և Շնող գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Կրաշեն, Մեծ Սարիար և լեռնուտ գյողեր, Սյունիքի մարզում՝ 09:20-11:00 Քաջարան գյուղ, 10:00-16:00 Բռնակոթ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
In
other , shrjaka-mijavayr
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը
Posted on 18 Ապրիլի, 2021

2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը: Որոշման համաձայն 2022 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը պետք է իրականացվի հորատում իրականացնող հաստոց¬ների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորման առկայությամբ։ Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մերժվելու է լիազոր մարմնի կողմից, եթե ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոց¬ների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումը բացակայում է։ Ծանուցած և հորատման գործունեություն իրականացնող հաստոցների տեղադիրքի և գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցումը հնարավորություն կտա կանխարգելելու ապօրինի հորատումները, կապահովի այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը։
In
other , shrjaka-mijavayr
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն ՇՄ նախարարությունում
Posted on 18 Ապրիլի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է.
- 100 000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
- 200 000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը ներկայացրեց նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի.
ք. Երևան – 25.000
Արագածոտնի մարզ – 7000,
Արարտի մարզ- 7000,
Արմավիրի մարզ – 6000,
Գեղարքունիքի մարզ –8000,
Կոտայքի մարզ – 10.000,
Լոռու մարզ-7000,
Շիրակի մարզ – 10.000,
Սյունիքի մարզ – 7000,
Տավուշի մարզ – 6000,
Վայոց ձորի մարզ – 7000։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել`
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝ info@forestcommittee.am, հեռ.՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։
In
other , eco-mshakuyt
Շրջակա միջավայրի պահպանությունն արտացոլվում է մեր առողջության վրա․ Մերի Հովհաննիսյան
Posted on 18 Ապրիլի, 2021

Պարն էլ առողջ ապրելակերպի մի տեսակ է, որը հավասարապես նպաստում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը։ Պարը ծնվում է հոգուց ու մարմնի շարժումների միջոցով ստեղծած առողջությունը փոխանցում հանդիսատեսին։ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանն անկախ իր կամքից ամեն օր է առողջ ապրելակերպ վարում։ Ըստ նրա, առողջ ապրելակերպը օրգանիզմի գրագետ կառավարում է, սակայն մեր օրերում, մեծամասնության մոտ այն ձևական ու ցուցադրական բնույթ է կրում։
- Բալետի արտիստ օրը սկսվում և ավարտվում է առողջ ապրելակերպով՝ պարով։ Թատրոնում, բացի փորձերից, ամեն առավոտ ունենում ենք դասական պարի ժամ՝ մարզում ենք մեր մարմինը։ Պարի ոլորտի մարդիկ իսկապես, անկախ իրենց կամքից առողջ ապրելակերպ են վարում՝ օրվա մեծ մասն անցկացնելով, փորձասենյակում, դահլիճում․․․ Շատերն անգամ նորաձև երևալու համար ասում են, որ իրենք առողջ ապրելակերպ են վարում, որովհետեւ հաճախում են սպորտ դահլիճ։ Ունեմ աշակերտներ, որոնք գալիս են գեղեցիկ կազմվածքի, նիհարելու համար և առաջին օրվանից երևում է, որ իրոք այդ նպատակի համար է, ոչ թե նորաձև երևալու։
- Օրգանիզմի գրագետ կառավարում համարում եք միայն առողջ սնվե՞լը, թե՞ նաև մարզվելը։
- Երկուսը միասին՝ հետևել սննդին և անպայման մարզվել, որովհետև միայն սննդին հետևելը բավարար չէ գեղեցիկ կազմվածք ունենալու համար։
- Կառանձնացնե՞ք Ձեզ համար օրգանիկ մի քանի ուտեստներ, որ սիրում եք ուտել ու նաև պատրաստել։
- Ես սիրում եմ համեղ ուտել, բայց անկեղծ, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ իմ ուզած ուտելիքը կերել (Ժպտում է)։ Հիմնականում ուտում եմ թրջած հնդկաձավար, հավի կրծքամսից պատրաստված աղցաններ և բանջարեղեն։
- Որդու՝ Արմենի առողջ ապրելակերպի մասին ինչպե՞ս եք հոգում, խմբակների, սպորտի հաճախելո՞վ, թե՞ նաև սննդակարգով։
- Իհարկե, հետևում եմ, որդիս հաճախում է ֆուտբոլի, լողի։ Լինում են օրեր, որ ինքս էլ տանն իր հետ պարապում եմ՝ մարզում։ Արմենի սննդակարգին նույնպես հետևում եմ, բայց նա մեկ-մեկ խախտում է, չի դիմանում, ցավոք, բոլոր երեխաների նման սիրում է այն, ինչ իրեն վնասակար է։
- Օրինակ, շատերը գազավորված ըմպելիքներ են սիրով տալիս իրենց երեխային պատճառաբանելով, որ չեն կարող մերժել, Դո՞ւք ինչպես եք վարվում ու ի՞նչ խորհուրդ կտաք այդ ծնողներին։
- Ինքս էլ սիրում էի գազավորված ընպելիքներ, բայց ինձ զրկեցի այն աստիճանի, որ հիմա էլ չեմ կարողանում խմել։ Իհարկե, եթե որդիս ինձ հետ է լինում, չեմ թողնում գազավորված ընպելիք խմի, նախընտրում եմ բնական, քամած հյութեր։ Խորհուրդ կտայի, որ բոլոր ծնողներն էլ այդպես վարվեին, քանի որ այն համեղ է, օգտակար և վիտամիններով հարուստ։
- Մերի, Ձեր անթերի կազմվածքը բնությունից ու ծնողներից ժառանգությո՞ւն է, թե՞ բալետի արտիստի բարդ կյանքի արդյունք։
- Սկզբում, ծնողներից ժառանգություն, հետո՝ բալետի բարդ, դաժան, ցավոտ, քրտնաջան պարապմունքների արդյունք (Ծիծաղում է)։ Որքան էլ ի ծնե ունենաս գեղեցիկ ու ընդգծված կազմվածք, բալետն այն դարձնում է անթերի։
- Ձեր բնակարանում որքանո՞վ եք ստեղծում ու պահպանում էկոլոգիապես մաքուր միջավայր։
- Փորձում եմ ստեղծել, շատ չեմ սիրում իրերով ծանրացնել բնակարանը։ Ես ալերգիա ունեմ, դրա համար լուրջ եմ մոտենում այդ հարցին և նախընտրում եմ ձեռք բերել որակյալ ու բնական ապրանքներ, իրեր։ Նույն կերպ փորձում եմ վարվել նաև իմ աշխատանքի վայրում՝ թատրոնում, որովհետեւ այնտեղ ավելի շատ եմ լինում, քան՝ տանը։ Հատկապես թատրոնի հանդերձարանում եմ մաքուր օդն ապահովում, քանի որ այնտեղ շատ են ներկայացումների ու փորձերի զգեստները։ Օդափոխություն և մաքրություն, սա է առաջնայինը։
- Հաճա՞խ եք բնության գրկում լինում, թե՞ սիրում եք բնությունը բերել տուն, տնային բույսերի ու ծաղիկների տեսքով։
- Շատ եմ սիրում բնությունը, բայց, ցավոք, բնությունը տուն բերել չեմ կարող՝ ալերգիայի պատճառով։ Իսկ տանն ունեմ միայն կակտուսներ, ծաղիկներից էլ՝ միայն վարդ։ Բայց ինքս շատ հաճախ եմ լինում բնության գրկում, սիրում եմ մաքուր օդը։
- Իսկ տնային կենդանիներ սիրում ե՞ք պահել։
- Շատ եմ սիրում ու երկար ժամանակ նույնիսկ թութակներ ու շուն ունեի։ Անգամ, հյուրախաղերից մեկի ժամանակ էլ Եգիպտոսի կենդանիների խանութից գեղեցիկ ճագար էի գնել։ Հիմա որևէ կենդանի չեմ պահում տանը, որովհետեւ ժամանակ չունեմ, իսկ կենդանին մարդու պես է՝ խնամք է պետք, չեմ կարող առավոտից մինչև երեկո ամեն օր տանը մենակ թողնել խեղճ կենդանուն։ Անպայման նորից կպահեմ շուն, երբ ժամանակս թույլ տա։
- Շրջակա միջավայրն ու բնությունը էկոլոգիապես մաքուր պահպանելու համար Դուք ի՞նչ եք անում ամեն օր։
- Դեռ մանկուց երբեք փողոցում ոչինչ չեմ նետել, ծնողներս են ինձ այդպես դաստիարակել, ես էլ՝ որդուս։ Շրջակա միջավայրի պահպանությունն արտացոլվում է մեր առողջության վրա, եթե մաքուր պահեցինք՝ առողջ կլինենք։ Պիտի ասեմ, որ իմ մոտ չի ստացվում խնայել ջուրը, էլեկտրաէներգիան։ Ես կարող եմ, չլինելով տվյալ սենայակում, երկար ժամանակ վառ թողել սենյակի լույսը։
- Իսկ գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ժամկետներին։
- Անպայման, եթե ուտելիք եմ գնում, ապա ուշադրություն եմ դարձնում ժամկետին, իսկ եթե հագուստ՝ նայում եմ որակին։ Հագուստի դեպքում բրենդը կապ չունի, կարևորը լինի հարմար, որակյալ և գեղեցիկ։
- Կոսմետիկան ինչպե՞ս եք ընտրում, նախընտրում եք բրենդայի՞ն, թե՝ բիո:
- Ընդհանրապես չեմ նայում բրենդին, կարևոր է, որ լինի որակյալ։ Լինում են կոսմետիկ պարագաներ, որ գնելուց հետո եմ հասկանում, որ իմ մաշկի համար չէ, անպայման փոխարինում եմ։ Բայց, հիմնականում արդեն ունեմ իմ ընտրած կոսմետիկան և չեմ դավաճանում։
- Մերի, Կորոնավիրուսը «տնային կալանքի» ենթարկեց ոչ միայն հանրությանը, այլ մեկ տարով զրկեց արտիստներին՝ հանդիսատեսի հետ հաճելի հանդիպումից։ Հիմա, կարծես թե վերադարձել եք կանոնավոր խաղացանկին, բա՞րդ է մեկ տարվա դադարից հետո վերադառնալ բեմ, թե՞ ընթացքում ինքներդ Ձեզ մարզավիճակում էիք պահում։
- Շատ բարդ շրջան էր, կոնկրետ բալետի արտիստների համար։ Առանց այդ էլ բեմում բալետի արտիստի կյանքը կարճ է։ Մեզ համար անգամ մեկ օրը, նույնիսկ՝ կիրակին է երևում, ուր մնաց մեկ տարի բեմ դուրս չգալը։ Քանի որ այդ շրջանում ամեն տեղ էր փակ, փորձել եմ տանը մարզվել, որպեսզի քաշ չհավաքեմ։ Շատ դժվար էր, ամեն օր պարապմունք, նկարահանումներ վազք, ակտիվ կյանքից հետո միանգամից ամբողջ օրը նստել տանը։ Հիմա, վերադարձել ենք դժվար, քրտնաջան պարապմունքների ու այս մեկ տարվա դադարը մեր մարմնի վրա ենք զգում ՝ վնասվածքներ ձեռք բերելով։ Արդեն երկու ներկայացում եմ պարել՝ «Դիմակահանդես» բալետը, որով էլ մեծ դադարից հետո վերադարձանք բեմ, և «Ժիզել» բալետը, որը հատկապես բարդ էր, որովհետև մաքուր դասական է։ Երկու ներկայացումների ժամանակ էլ դահլիճը լեփ-լեցուն էր, երևաց, որ հանդիսատեսն էլ մեզ է կարոտել։ Այս պահին հերթական փորձերն ենք անում թատրոնում։ Դեռ չգիտեմ հաջորդ ներկայացումը որն է լինելու, բայց որն էլ լինի, շատ սիրով և կարոտած կկատարեմ։
- Մերի, առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։
- Անպայման հետևեն սննդակարգին և մարզվեն։ Կարևոր չէ մարզվելու համար հաճախեն սպորտ դահլիճ, մարզվել կարելի է թե՛ տանը, թե՛ բակում։ Վերջապես, այդպես մարդ իրեն թեթև է զգում, երիտասարդ և ի վերջո՝ առողջ։
In
other , eco-snund
Ճիշտ սնվելու 9 կանոն
Posted on 18 Ապրիլի, 2021

Մարսողական համակարգի շատ հիվանդություններ, ինչպես նաև վատ ինքնազգացողությունը, անքնությունն ու նյարդայնությունը կարող են առաջանալ սննդի սխալ ընդունման հետևանքով։ Ուստի, ճիշտ և լավ սնվելը մի ամբողջ արվեստ է։ Պետք է մտածել ոչ միայն լավ օրաբաժնի և սննդի ճիշտ պատրաստման մասին, այլ ՝ թե ինչպես ճիշտ ուտել։ Eco.am-ն առաջարկում է ճիշտ սնվելու 9 կանոն։ 1․ Կերե՛ք լավ տրամադրությամբ Եթե շատ եք հոգնել, ձեր նյարդերը լարված են, կամ բարկացած եք, ապա այդ հոգեվիճակում մի՛ սնվեք։ Նախ, մի փոքր հանգստացեք՝ բաց լուսամուտի մոտ, մի քանի անգամ խորը շնչեք ու արտաշնչեք, և երբ կզգաք, որ հանգստացել եք, սկսեք ուտել։ Ուտելու ժամանակ չի կարելի զուգահեռ կարդալ, սոցցանցեր մտնել, կամ խոսել աշխատանքի տհաճ գործերի մասին, քանի որ դա խանգարում է մարսողական հյութերի նորմալ արտադրմանը և սննդի ճիշտ յուրացմանը։ Ինչպես ասել է ռուս ֆիզիոլոգ, հոգեբան Իվան Պավլովը․ «Երբ ես ուտում եմ, խուլ եմ ու համր»։ Սնունդը լավ մարսելուն նպաստում է նաև հանգիստ իրադրությունը, լավ սպասքավորված սեղանը և հաճելի երաժշտությունը։ 2․ Վայելե՛ք համեղ կերակուրը Ընդհանրապես պետք է հաճույքով ուտել։ Ախորժակը մարսողական գեղձերի արտազատության ամենաուժեղ գրգռիչն է։ Համեղ կերակուրը վայելելով ուտելը բարենպաստ է անդրադառնում նյարդային համակարգի վրա։ 3․ Սնունդը ծամե՛ք դանդաղ Սնունդի դանդաղ ու տևական ծամելը, թքի հետ խառնվելով, հեշտացնում է մարսողությունը։ 4․ Սնվե՛ք, երբ ախորժակ ունեք, բայց օրական 3-4 անգամից ոչ հաճախ Ախորժակը հաճախ գրգռվում է, և պահպանվում միայն այն դեպքում, երբ մարդն ուտում է որոշակի ժամերի։ Օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը հանգստի կարիք ունեն։ Երբ մարդը քաղց է զգում, սկսում են ազդանշաններ հաղորդել գլխուղեղի կեղև, արտադրվում է ստամոքսահյութ՝ հենց այդ ժամանակ էլ պետք է ուտել։ 5․ Երբեք մի՛ կերեք շատ սառը սնունդ Շատ սառը սննդի օգտագործման դեպքում՝ պաղպաղակ, սառը ապուրներ և ըմպելիքներ, կարող են առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում՝ գաստրիտ։ 6․ Խուսափե՛ք շատ տաք ու գրգռող սննդից Որոշ երկրներում մեծ քանակությամբ տաք ու թունդ թեյ են խմում, իսկ որոշ երկրներում էլ՝ չարաշահում են սև պղպեղը, կարմիր կծու պղպեղը, մանանեխը, քացախը, ծովաբողկը և համեմունքները, որոնք գրգռում են ստամոքսի արտազատությունը և առաջացնում ստամոքսի բորբոքում ՝ գաստրիտ։ 7․ Մի՛ կերեք ուշ երեկոյան Ապացուցված է, որ ուշ ուտելու դեպքում՝ քնելուց առաջ, ստամոքսում առաջանում է ծանրություն, սրտի շրջանում՝ տհաճ զգացողություն, իսկ երազում՝ հաճախակի մղձավանջներ։ Հատկապես ավելի գեր, ծեր կամ աղեստամոքսային ու երիկամային հիվանդություններ ունեցող անձինք են այդ խնդրի հետ բախվում։ Ընթրիքը պետք է լինի թեթև, կազմված լինի չգրգռվող ու դյուրամարս սննդից՝ կաթից, բրնձից, մրգերից ու կոմպոտներից։ 8․ Հնարավորության սահմաններում ճաշին կերե՛ք մսի, ձկան կամ բանջարեղենի տաք ապուր Հետևյալ տաք ապուրները գրգռում են ախորժակը և բարձրացնում սննդի մարսելիությունը։ Ապացուցված է, որ չոր սնունդը ավելի դժվարությամբ է մարսվում։ Մյուս կողմից, ապուրն առաջացնում է մարսողական հյութերի առատ արտադրություն։ Բացի այդ, ապուրին հաճախ ավելացնում են կիտրոնի հյութ, քացախ, գինեթթու կամ որոշ համեմունքներ, որոնք գրգռում են համային ապարատը և մարսողության կենտրոնը։ Քաղցր կերակրատեսակները միշտ պետք է թողնել վերջում, քանի որ շաքարը արագ հագեցնում է ու փակում ախորժակը։ 9․ Չի՛ կարելի ուտել չափից շատ և չափազանց շատ հեղուկներ օգտագործել Ստամոքսի չափից ավելի ծանրաբեռնումը հանգեցնում է նրա մկանների գերձգմանը, տոնուսի իջեցմանը և ծավալի մեծացմանը։ Այդ կանոնը պետք է պահպանել նաև հանդիսավոր տոների ժամանակ, երբ հաճախ չափից ավելի ուտելու և հեղուկների ավելցուկային օգտագործման դեպքում, առաջանում են ոչ միայն ստամոքսի ու աղիների, այլ նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքումներ, ինչպես նաև լյարդի և լեղուղիների ֆունկցիոնալ խանգարումներ։ Ճիշտ սնվեք, որպեսզի լինեք առողջ։
In
other , shrjaka-mijavayr
Coca-Cola, PepsiCo և Nestlé ընկերությունները պլաստիկի թափոնների առաջացման հարցում առաջատար են
Posted on 14 Ապրիլի, 2021

Break Free From Plastic բնապահպանական նախաձեռնությունը հրապարակել է իր գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ ներկայացրել է այն խոշորագույն ընկերությունների ցանկը, որոնք պատասխանատու են մեր մոլորակում միանգամյա օգտագործման պլաստիկի հսկայական թափոնների առաջացման համար։ Ըստ դրա, Coca-Cola, PepsiCo և Nestlé ընկերությունները երրորդ տարին անընդմեջ գլխավորում են այս ցանկը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ այս երեք ընկերությունները «զրոյական առաջընթաց են գրանցել» պլաստիկ թափոնների կրճատման հարցում: Երրորդ տարին անընդմեջ դրանք դառնում են ամենավտանգավոր և դժվար քայքայվող թափոնների տեսակներից մեկի արտանետումների առաջատարը: Նախաձեռնության շրջանակներում ամբողջ աշխարհում շուրջ 15,000 կամավորներ ընդհանուր 575 ապրանքանիշի էկոլոգիական աուդիտ (Environmental audit) են անցկացրել։ Հավաքվել է 346,500 միավոր պլաստիկ թափոն, որոնց 63%-ը հնարավոր է եղել նույնացնել ընկերության ապրանքանշանի հետ: Ըստ հաշվետվության, Coca-Cola ընկերությունը պլաստիկ թափոնների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. ընկերության պլաստիկե շշերը հայտնաբերվել են գրեթե ամենուրեք՝ լողափերում, գետերում, զբոսայգիներում և այլ վայրերում: «Թեև աշխարհի խոշորագույն ընկերությունները նշում են, որ աշխատում են աղտոտվածությունը հաղթահարելու ուղղությամբ, սակայն շարունակում են իրենց ապրանքները սպառողներին հասցնել պլաստիկի միջոցով»,- ասված է հաշվետվության մեջ։ Ըստ դրա, պլաստիկ թափոնների աճող քանակությունը կասեցնելու միակ միջոցը դրա արտադրությունն արգելելն է՝ փոխարենը գործածության մեջ դնելով շրջակա միջավայրի համար հնարավորինս անվտանգ նյութեր։ 10 ընկերությունների ցանկը, որոնց պլաստիկ թափոնները 2020 թվականի տվյալներով ամենատարածված են․ The Coca-Cola Company, PepsiCo, Nestlé, Unilever, Mondelez International, Mars, Inc., Procter & Gamble, Philip Morris International, Colgate-Palmolive, Perfetti Van Melle։
In
other , shrjaka-mijavayr
Գնել Հասրաթյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից
Posted on 14 Ապրիլի, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. ապրիլի 13-ի 381-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրթայանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ:
In
other , shrjaka-mijavayr
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի
Posted on 14 Ապրիլի, 2021

Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։ Քննարկվել են ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը նախարարին զեկուցել է, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է. 100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար, 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։ Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։ «Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն պետք է լինեն։ «10 մլն ծառ» նախաձեռնությամբ Հայաստանն ուրվագծում է իր կանաչ ապագան, և մենք պետք է պատվով հաղթահարենք այս մարտահրավերը»,- աշխատանքային հանդիպումը եզրափակել է նախարարը։ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկի կազմակակերպչական աշխատանքների համար նախատեսված են նաև միջգերատեսչական հանդիպումներ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Միջավայրը չաղտոտելու կուլտուրան մեզանում դեռ չի ձևավորվել․ Անահիտ Կիրակոսյան
Posted on 14 Ապրիլի, 2021





