Coca-Cola, PepsiCo և Nestlé ընկերությունները պլաստիկի թափոնների առաջացման հարցում առաջատար են

https://eco.am/coca-cola-pepsico-%d6%87-nestle-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83/

Break Free From Plastic  բնապահպանական նախաձեռնությունը հրապարակել է իր գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ ներկայացրել է այն խոշորագույն ընկերությունների ցանկը, որոնք պատասխանատու են մեր մոլորակում միանգամյա օգտագործման պլաստիկի հսկայական թափոնների առաջացման համար։ Ըստ դրա, Coca-Cola, PepsiCo և Nestlé ընկերությունները երրորդ տարին անընդմեջ գլխավորում են այս ցանկը։

Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ այս երեք ընկերությունները «զրոյական առաջընթաց են գրանցել» պլաստիկ թափոնների կրճատման հարցում: Երրորդ տարին անընդմեջ դրանք դառնում են ամենավտանգավոր և դժվար քայքայվող թափոնների տեսակներից մեկի արտանետումների առաջատարը:

Նախաձեռնության շրջանակներում ամբողջ աշխարհում շուրջ 15,000 կամավորներ ընդհանուր 575 ապրանքանիշի էկոլոգիական աուդիտ (Environmental audit) են անցկացրել։ Հավաքվել է 346,500 միավոր պլաստիկ թափոն, որոնց 63%-ը հնարավոր է եղել նույնացնել ընկերության ապրանքանշանի հետ:

Ըստ հաշվետվության, Coca-Cola ընկերությունը պլաստիկ թափոնների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. ընկերության պլաստիկե շշերը հայտնաբերվել են գրեթե ամենուրեք՝ լողափերում, գետերում, զբոսայգիներում և այլ վայրերում:

«Թեև աշխարհի խոշորագույն ընկերությունները նշում են, որ աշխատում են աղտոտվածությունը հաղթահարելու ուղղությամբ, սակայն շարունակում են իրենց ապրանքները սպառողներին հասցնել պլաստիկի միջոցով»,- ասված է հաշվետվության մեջ։ Ըստ դրա, պլաստիկ թափոնների աճող քանակությունը կասեցնելու միակ միջոցը դրա արտադրությունն արգելելն է՝ փոխարենը գործածության մեջ դնելով շրջակա միջավայրի համար հնարավորինս անվտանգ նյութեր։

10 ընկերությունների ցանկը, որոնց պլաստիկ թափոնները 2020 թվականի տվյալներով ամենատարածված են․

The Coca-Cola Company,

PepsiCo,

Nestlé,

Unilever,

Mondelez International,

Mars, Inc.,

Procter & Gamble,

Philip Morris International,

Colgate-Palmolive,

Perfetti Van Melle։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով