Անմոռուկ՝ ծաղկի պատկերը որպես հիշատակի խորհրդանիշ օգտագործվել և օգտագործվում է տարբեր ժամանակներում, տարբեր մշակույթի կրողների կողմից։ Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրել է անմոռուկի ստուգաբանությունն ու խորհրդանշական բացատրությունը՝ Հայոց ցեղասպանության և պատմության մեջ կարևոր դերակատարության մասին։
Հայերիս համար այն խորհրդանշական կարևոր դերակատարություն ունեցավ 2015 թվականին՝ ընտրվելով որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ։
Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը:
Անմոռուկի նշանակությունը
Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է այն 5 մայրցամաքը, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը:
Անմոռուկի սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը: Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս:
Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը: Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում:
Անմոռուկը կրելու նպատակը
Անմոռուկը ոչ թե զարդ է, այլ խորհրդանիշ, որը կրելով ամեն հայ պարտավոր է կատարել իր բաժին քարոզչությունը` հանուն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես նաև կրելով կրծքանշանը, հնարավորություն է տալիս աշխարհին իրազեկել Մեծ Եղեռնի մասին:
Որտե՞ղ է ծաղկում անմոռուկը
Անմոռուկ ծաղիկը Հայաստանում ծաղկում է ապրիլին: Սիրում է ստվեր և խոնավություն: Հայաստանի գրեթե բոլոր մարզերի անտառներում, մարգագետիններում, մինչև օգոստոս կարելի է գտնել անմոռուկի 14 տեսակ:
Պատմական փաստարկ անմոռուկի մասին
1․ Ըստ գերմանական լեգենդի, երբ Աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, Աստծուն ասում է. «Մի՛ մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։
2․Անգլիայի թագավոր Հենրի 4-րդը անմոռուկն ընտրել է որպես 1398 թվականի իր աքսորի խորհրդանիշ։ Այն օգտագործվել է որպես խորհրդանիշ թագավորի Անգլիա վերադառնալուց հետո ևս։
3․ Բրիտանական գաղութ Նյուֆաունդլենդը, մինչև Կանադայի 1949 թվականին նահանգ դառնալը, անմոռուկը օգտագործել է ի հիշատակ՝ պատերազմի ընթացքում զոհված իր բնակիչների։
4․ 15-րդ դարում անմոռուկը ասոցիացվել է հավատարմության հետ։ Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա։ Ըստ լեգենդի, միջնադարում, երբ ասպետը և իր սիրեցյալը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է, որ քաղի մի քանի անմոռուկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը։ Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել՝ «Չմոռանաս ինձ»։ Աղջիկները այս պատճառով անմոռուկը հաճախ կրում են որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ։
5․ 1934 թվականից՝ Գերմանիայում ֆաշիստական կառավարության իշխանության գալուց հետո, Գերմանիայի մասոնական օթյակը ավանդական մասոնական նշանների փոխարեն սկսել է տարածել անմոռուկը, քանի որ իրենց ավանդական նշանները ճանաչելի էին և հետապնդվում էին ֆաշիստների կողմից։ 1947 թվականից սկսած մասոնական օթյակը անմոռուկը հայտարարել է ֆաշիստական հետապնդումների զոհ իր անդամների հիշատակի նշան։
6․ 2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Այդ օրվա խորհրդանիշը ևս ընտրվել է անմոռուկը։






Թողնել մեկնաբանություն