Blog
In
other , shrjaka-mijavayr
Պտղատու այգի՝ Մեղրաշեն համայնքին․ Ստացած բերքով կապահովեն դպրոցի աշակերտների էկոլոգիապես մաքուր սնունդը
Posted on 4 Մայիսի, 2021

Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում ակտիվ եռուզեռ էր. Մեծ ու փոքր դույլ ու բահով շտապում էին դպրոցամերձ տարածք՝ իրենց բաժին ծառը տնկելու: Ինտենսիվ պտղատու այգու հիմնման հեղինակն ու ֆինանսավորողը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն է՝ համագործակցությամբ Շիրակի ֆերմերներ հասարակական կազմակերպության: Հոռոմ և Ջրափի համայնքներին այգիներ նվիրելուց հետո կազմակերպությունների հաջորդ կանգառը Մեղրաշենն էր: 2000 քառակուսի մետր տարածքի վրա այգի հիմնելու համար տրամադրվել է մոտ 1700 մոշի և մալինայի, ինչպես նաև իտալական բարձր բերքատվության, կլիմայական պայմաններին համապատասխանեցված 55 խնձորի և սև սալորի տնկիներ: Ներկրված հումուսի, ժամանակակից ու որակյալ բուժանյութերի բավարար քանակությունը ևս ապահովված է այգու հիմնադիրների կողմից։ Բացի այդ կառուցվել է կարկտապաշտպան ցանց, անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ, շինարարական ու հողային աշխատանքներն էլ կատարվել են ժամանակին ու տեղին: «Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության նախագահ և Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը վստահ է, որ այգին բացի գեղագիտական և դաստիարակչական գործառույթ իրականացնելուց, նաև շատ եկամտաբեր է, ստացած բերքի մի մասով կապահովեն դպրոցի երեխաների էկոլոգիապես մաքուր սնունդը, ավելացած բերքն էլ կվաճառեն ու կհոգան դպրոցի ծախսերը: Այսքանով սակայն, եկամուտը չի սահմանափակվի, մոշի և մալինայի տնկիները նույնպես կվաճառվեն, ինչն էլ ամենամյա եկամուտ կապահովի մեղրաշենցիների համար: «Մինչև հոկտեմբեր այգին կմշակեն մասնագետները, այդ ընթացքում դպրոցում կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ այգու խնամքի, պահպանման մասին գիտելիքներով զինելով հանրույթին, ինչից հետո միայն այն կհանձնվի դպրոցին: Կտրամադրվի նաև սառցարաններ՝ բերքը սառեցնելու և ամբողջ ձմռան ընթացքում թարմ հատապտուղ ունենալու համար, ինչպես նաև գյուղտեխնիկա՝ այգու նպատակային խնամքն իրականացնելու համար: Շատ ոգևորված են թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժները, ինչից մեր վստահությունն ավելանում է, որ այգին ապահով ձեռքերում կլինի»,- նշում է Հունան Պետրոսյանը: Մեղրաշենի դպրոցի տնօրեն Գյուլնարա Պետրոսյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ հիմնվող այգին ևս մեկ քայլ առաջ կտանի դպրոցը, և, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը առաջին անգամը չէ, որ աջակցում է իրենց: 2 տարի առաջ նույն կազմակերպության և ՔՈԱՖ-ի միջոցներով վերանորոգվել և կահավորվել է դպրոցի խոհանոցն ու ճաշասրահը, տեղադրվել են լվացարաններ, ձեռք բերվել խոհանոցային կենցաղային էլեկտրոտեխնիկա: Ցավոք, այժմ համավարակով պայմանավորված ճաշարանը չի գործում, բայց լիահույս են, որ շատ մոտ ապագայում երեխաները վերանորոգված սրահում կհամտեսեն այգու բարիքներից՝ մոշ ու մալինայից պատրաստված անուշահամ մուրաբաներն ու կամպոտները: Դպրոցի արտաքին տեսքը, խաղահրապարակներն ու այգին նույնպես խնամված ու վերանորոգված են, շուտով շահագործման կհանձնվի Շեն բարեգործական կազմակերպության և համայնքապետարանի միջոցներով կառուցված սպորտային դահլիճը: Նոր հիմնվող այգու եկամուտով էլ նախատեսում են վերանորոգված դահլիճի համար նոր նստարաններ գնել, ինչից հետո կսկսեն թարմացնել դպրոցի առկա գույքը: «Այսօր ուրախությամբ նկատեցի, որ 12-րդ դասարանցիները մեծ ոգևորությամբ մասնակցում են ծառատունկին, նրանք նշեցին, որ չնայած իրենք չեն հասցնի աշակերտի կարգավիճակում օգտվել բերքից, բայց այստեղ են իրենց փոքր քույրեը, եղբայրները։ Ծառատունկն օգնում է, որ կրտսեր սերունդը հանրային սեփականությանը վերաբերվի սրտացավորեն՝ դրսևորելով առավելագույն հոգատարություն»,- ասում է Գյուլնարա Պետրոսյանը: Ծառատունկի վերջին հասցեն արդեն Գյումրի քաղաքում է, հաջորդ նվիրվող այգին բաժին կհասնի Գյումրու թիվ 11 դպրոցին:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Հինգ առողջական խնդիր, որոնց մասին «կպատմեն» ձեր աչքերը
Posted on 4 Մայիսի, 2021

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր աչքերը կարող են խոսել ձեր առողջական խնդիրների մասին…Պարզվում է՝ աչքերի վիճակը շատ բան կարող է պատմել օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին: 1. Շաքարային դիաբետ Ձեր տեսողությունը վատացե՞լ է, հավանական է, որ դուք ունեք շաքարային դիաբետ: Նման դեպքերում սովորաբար տեսողությունն առավոտյան լավ է լինում եւ սկսում է վատանալ, երբ տվյալ անձը ճաշում է: Դա պայմանավորված է նրանով, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է ակնաբյուրեղի այտուցմանը, որն էլ, իր հերթին, ազդում է տեսողության որակի վրա: Երկարատեւ ժամանակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել դիաբետիկ ռետինոպատիայի, որը կարող է տեսողության կորուստ առաջացնել: 2. Արյան բարձր ճնշում Հիպերտոնիան կարող է վնասել արյունատար անոթները, որոնք արյուն են մատակարարում աչքի ցանցաթաղանթին: Դուք հավանաբար փոփոխություններ չեք զգա միանգամից, սակայն ակնաբույժը հստակ կարող է նկատել խնդիրները: 3. Միգրեն Եթե դուք տեւական ժամանակ աչքերի դիմաց կայծեր կամ մթություն եք նկատում, դա կարող է խոսել միգրենի մասին: Պետք է դիմել բժիշկի: 4. Արյան մակարդուկներ Եթե աչքերում կարմիր գնդիկներ եք նկատում, դրանք սովորաբար առաջանում են լարվածության արդյունքում (ծանրություն բարձրացնելուց՝ մինչեւ հազալ կամ փռշտալ): Այս խնդիրը բուժում, որպես այդպիսին, չունի, կարող է անցնել երկու շաբաթից, սակայն եթե հաճախ է կրկնվում, ապա պետք է այցելել համապատասխան մասնագետի: 5. Սթրես Որեւէ կարեւոր իրադարձությունից մեկ օր առաջ զգացե՞լ եք աչքի թրթռոց: Մասնագետները կարծում են, որ դրա պատճառը սթրեսն է, քնի պակասը կամ կոֆեինի չարաշահումը: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am Աղբյուրը` Clevelandclinic.org
In
other , shrjaka-mijavayr
Բարեգործական ծառատունկ Կողբում` հաջակցություն «Թումո» կենտրոնի կառուցման
Posted on 4 Մայիսի, 2021

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում մայիսի 2-ին տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված բարեգործական ծառատունկը, որից ստացված հասույթն ուղղվելու է համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Դեռ անցյալ տարի Հիմնադրամը ստեղծել էր հատուկ հարթակ, որտեղ Թումոյի կառուցմանը նվիրատվություն կատարել ցանկացողները ամրագրել էին իրենց անվանական ծառերը՝ նախընտրած տեսակի, քանակի և արժողության։ Արդյունքում՝ «Զիկատար» պետական արգելավայրի ավելի քան 5 հա տարածքում տնկվեց շուրջ 7,000 ծառ: Միջոցառման ընթացքում արգելավայրում հիմնվեց նաև «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։ Ծառատունկի մասնակիցները և հյուրերն այցելեցին Կողբի պատմաերկրագիտական թանգարան, գեղարվեստի դպրոց, ինչպես նաև շրջայց կատարեցին Թումո կենտրոնի շինհրապարակում։ «Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Այս պահի դրությամբ արդեն ավարտվել ենք կենտրոնի բետոնային աշխատանքները և պետք է անցնենք ներքին հարդարման աշխատանքներին։ Նշեմ, որ կենտրոնը նախատեսված է ավելի քան 1,000 երեխաների ու պատանիների համար շրջակա մոտ 2 տասնյակ բնակավայրերից։ Կենտրոնից հնարավորություն կունենան օգտվել նաև հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները»,- շրջայցի ընթացքում ծրագրի մանրամասները ներկայացրեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։ Թումո Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ, ինչպես նաև բացօթյա տարածք մարզական և ժամանցային գործունեության համար․ «Կենտրոնը, ոչ միայն տեխնոլոգիական կրթություն է տալու երեխաներին, այլ նաև իրական մշակութային փոփոխություն է բերելու տարածաշրջանում»,- նշեց Արման Բարսեղյանը։ Միջոցառումն ամփոփվեց Կողբի մարզդաշտում՝ «Լավ էլի» և «Թմբաթա» ռոք խմբերի համերգով։
In
other , shrjaka-mijavayr
Ջրափիի դպրոցական նորաստեղծ այգին աշակերտին կզինի շրջակա միջավայրի խնամքի մասին գիտելիքներով
Posted on 4 Մայիսի, 2021

Շիրակի մարզի Ջրափի գյուղի դպրոցի տարածքում տիրում էր տոնական տրամադրություն, տոնում էին նոր հիմնվող պտղատու ինտենսիվ այգու հիմնադրումը: Այգին հիմնվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ և «Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության գործընկերությամբ: Նոր հիմնվող այգու համար տրամադրվել է իտալական բարձրորակ, կլիմային համապատասխանեցված խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներ, կառուցվել կարկտապաշտպան ցանց, անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ։ Իսկ շատ մոտ ապագայում սպասվելիք բերքի նպատակային օգտագործման համար կտրամադրվեն մրգի չորանոցներ և բազմաթիվ այլ պարագաներ։ «Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ այս նախաձեռնությունը երիտասարդների մոտ կխթանի նոր բիզնես գաղափարներ կյանքի կոչելուն»,- ասում է Շիրակի ֆերմերների ասոցացիայի նախագահ Հունան Պետրոսյանը և կարևորելով այգու հիմնումը, վստահեցնում է, որ համատեղ ջանքերով ստեղծված այգիները ծառայելու են համայնքների զարգացմանը։ «Այգիները պետք է լինեն ցուցադրական, որ այլ համայնքներից գան, տեսնեն, սովորեն, վերցնեն լավագույն փորձը և իրենք էլ հետագայում ունենան նման ինտենսիվ պտղատու այգիներ՝ ապահովելով բարձր եկամուտ»,-նշում է Հունան Պետրոսյանը: Պտղատու այգիներ հիմնելու նախընտրությունը տրվել է այն համայնքներին, որտեղ գյուղի ու դպրոցի կողմից ցուցաբերվել է առավելագույն հետաքրքրություն և շահագրգռվածություն: Ջրափիի վարչական Ղեկավար Կամո Սարգսյանը, համագյուղացիների հետ մեծ ոգևորությամբ է ծառատունկն է իրականացնում, նշում է, որ համայնքապետարանը ուրախությամբ է ընդունել գործընկերային մեկնած ձեռքն ու արագ իրականացրել է հողի նախապատրաստության և այգու տարածքի ցանկապատումը։ «Անչափ ուրախ ենք, որ հենց մենք բախտ ունեցանք օգտվել այս ծրագրից, այսպիսի հրաշալի նախաձեռնության շնորհիվ դպրոցի ծախսերը կքչանան, եկամուտները՝ կավելանան: Երիտասարդները ավելի կսիրեն իրենց գյուղը, ավելի կկապվեն ծննդավայրի հետ, և, որ ամենակարևորն է՝ սեփական գյուղում բարձր եկամուտ ունենալու անհնարինության համոզմունքը կկոտրվի»,- վստահ է Ջրափիի վարչական ղեկավարը: Ջրափիի դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի կարծիքով այգին դպրոցի աշակերտների համար կունենա բնության հանդեպ կրթադաստիարակչական կարևոր առաքելություն․ «Դպրոցական այգու հիմնումը կնպաստի, որ երեխան զինվի շրջակա միջավայրի, բույսի խնամքի ու զարգացման մասին գիտելիքներով։ Ինչպես նաև արդար աշխատանքով սեփական եկամուտ ու բարիք ստեղծելու մոտիվացիան կզարգանա։ Ամենակարևորը, կսնվի առողջ՝ իր ձեռքով աճեցրած էկոլոգիապես մաքուր բարիքով»: Այգու հետագա ճիշտ պահպանումը լիարժեք իրականացնելու համար անցկացվում են նաև դասընթացներ մանկավարժական կազմի, ծնողական հանրույթի և աշակերտների հետ: Մինչ ծրագրով տրամադրվող աշխատանքների շրջանակում մեկ տարի այգին կխնամեն այս գործի գիտակները։
In
other , eco-texnologianer
Ինչու՞ վճարել որակի համար.Արևային տեխնոլոգիաներ
Posted on 3 Մայիսի, 2021

Թեպետ, արևը որպես էներգիայի աղբյուր կիրառվում է 1800-ական թվականներից, բայց Հայաստանում այն լայն տարածում է գտել վերջին տարիներին։ Այսօր արդեն յուրաքանչյուր տասներրորդ շինության տանիքին կարող ենք հանդիպել ամենատարբեր ընկերությունների կողմից սպասարկվող արևային վահանակների։ Մրցակցային դաշտում սակայն, ոչ միշտ են դիմակայում ընկերություններ, որոնք ունենալով ընդամնեը 5 տարվա գործունեություն, գնորդին ապրանքի համար խոստանում են 20 տարվա կյանք, սակայն 3 տարի անց տեղադրած վահանակը դառնում է ոչ պիտանի։
Օրինակ, երբեմն եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամու, արևի կամ կարկուտի հետևանքով վահանակի կարկասը վնասվում է, կամ ընդհանրապես պոկվում։ Ինչ խոսք, նման դեպքերի հաճախ ենք ականատես լինում։
Մասնագետները բացատրում են, որ կայանները պետք է նախատեսված լինեն քամու ուժգնությանը դիմանալու համար, բայց փաստացի, հակառակ իրավիճակին ենք հանդիպում, ինչն էլ նշանակում է, որ արևային էներգիայով զբաղվող որոշ կազմակերպություններ երբեմն ապրանքը վաճառելու համար դիմում են գնային ամենաէժան սանդղակին։ Արդյունքում, գնորդը նախընտրում է գնել ապրանքի մատչելի տարբերակը և բախվում է խնդրի, որի միակ պատասխանատուն վաճառողն է։
«Արևային վահանակի թանկարժեք լինելը խոսում է ապրանքի որակի մասին»,- Eco.am-ի հետ զրույցում շեշտեց արևային վահանակների փորձագետ Գարեգին Կարապետյանը։
Մասնագետն ընդգծում է, որ երբեմն գնորդը հաշվի չի առնում շատ մանրուքներ, քանի որ չի տիրապետում ինֆորմացիային․ «Շենքի տանիքներին արևային վահանակ տեղադրելու դեպքում հողանցումը, հակակարկտային համակարգը պարտադիր է, բայց դրա համար հավելյալ ռեսուրս է պետք։ Ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, որ փոքր դետալներն էլ են ազդում գնային սանդղակի վրա։ Օրինակ, կան կազմակերպություններ, որ վահանակներն իրար կամ կայանքին միացնող հոսանքալարերը օգտագործում են ոչ թե հատուկ արևային վահանակների համար նախատեսված հզոր լարեր, որոնք կդիմանան լարմանն ու հոսանքի տատանմանը, այլ՝ սովորական։ Կամ՝ կիրառում են ավելի մատչելի հոսանքալարեր, որոնք դիմանում են միայն առաջին տարին։ Այդ դեպքում, կազմակերպությունն այդ ծախսը չի հոգում, մնում է գնորդի վրա»։
Նման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս, որ արևային կայան տեղադրելիս սպառողն անպայման ուսումնասիրի շուկան, թե օրինակ՝ իքս գինն իր մեջ ինչ է ներառում։ կամ՝ դիմեն փորձագետների օգնությանը, խորհրդակցեն նրանց հետ, որպեսզի չմոլորեցնեն սպառողին։
«Ընկերությունները օգտվում են այն հանգամանքից, որ հանրությունը դեռ բավարար տեղեկացված չէ և վստահում է իրենց։ Դրա համար կարևոր է, որ գնելուց առաջ մարդիկ տեղեկություն հայթայթեն համացանցից, որտեղ բավարար տեղեկատվություն կգտնեն, թե՛ վահանակների մոդելներից, թե՛ բրենդներից։ Կարևոր է, թե տվյալ բրենդը որքան ժամանակ է գործում միջազգային շուկայում։ Եթե ստեղծվել է 5 տարի առաջ, բայց տալիս է 12 տարվա երաշխիք, արդեն գործունեությունը կասկածելի է, քանի որ հնարավոր է 2 տարի անց այլևս դադարի գործել։ Արդյունքում, սպառողն է կանգնում «կոտրած տաշտակի» առջև»,- հորդորում է զրուցակիցը։
Սպասարկման որակ
Կան կազմակերպություններ, որոնք իրականացնում են 24 /7 ձևաչափով սպասարկում, որպեսզի, երբ կայանի հետ խնդիր առաջանա՝ անջատվի կամ քիչ էներգիա արտադրի, կազմակերպությունն առաջինն իմանա այդ մասին և արագ կարգավորի խնդիրը։
«Կարևոր է, որ արևային համակարգն ունենա մոնիտորինգ սիստեմ, այն թույլ է տալիս աշխատակիցներին հետևել կայանի աշխատանքին։ Սպասարկման թիմը գիտի թե որ եղանակին ինչ ցուցանիշ պետք է ունենա։ Երբեմն կայանի սեփականատերը հաշվիչի վրա տեսնում է թվեր ու կարծում, որ ամեն ինչ կարգին է, բայց աշխատակիցը տեսնելով անոմալիա, գիտի որ այնտեղ խնդիր կա և պետք է դրան արագ լուծում տա»,- ասում է մասնագետն ու պարզաբանում, որ վահանակի թանկ գնի մեջ ներառում է նաև որակյալ սպասարկումը։
Ապահովագրություն
Հայաստանում երբեմն լինում են ուժգին քամիներ, տեղումներ՝ կարկուտի տեսքով, ինչպես նաև հրդեհներ։ Դրա համար արևային կայանների ապահովագրությունը կարևոր է, քանի որ նման դեպքերում ապահովագրական ընկերութունն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, անգամ, եթե, բնական աղետի կամ պատերազմական իրավիճակի արդյունքում է վնասվել վահանակը․ «Անկախ նրանից, թե արևային կայանը ձեռք է բերվել տվյալ ընկերությունից, թե ոչ, կարգը հետևյալն է․ դիմում ես տվյալ ընկերության սպասարկման ծառայություն, փորձագետներն ուսումնասիրում են խնդիրը, պարզում ծախսի չափը, ներկայացնում են ծառայության արժեքը։ Եվ, եթե, ամեն ինչ կարգին է լինում, անցնում են գործի»։
Վահանակների առատությունը որակ չի բերում
Արևային վահանակների քանակը չի որոշում ընդհանուր կայանի արտադրության մեծությունը։ Զրուցակիցը պարզաբանում է, որ երբեմն տեղադրված քիչ քանակությամբ վահանակներն ավելի շատ հոսանք են արտադրում, քան՝ շատ տեղադրված վահանակների դեպքում, քանի որ բաշխումն է սխալ կատարվում։
«Վահանակների մեխանիզմն այսպիսին է․ օրինակ եթե վահանակի վրա մոտավորապես 2,5-3 տոկոսից ավելի ստվեր կա, արդեն 80 տոկոս պակաս էներգիա կարտադրի։ իսկ եթե 40 կամ 30 տոկոսը ստվերի տակ է, ուրեմն՝ էներգիա չի արտադրի»,- բացատրում է փորձագետն ու պնդում, որ հաշվի չեն առնում առավոտյան, երեկոյան, կամ՝ ձմեռային արևը․ «Օրինակ, գնորդը կարող է ասել՝ ես տանիք ունեմ, որտեղ կարող եմ 20 կիլովատ կայան հավաքել։ Փորձագետն ուսումնասիրում է տեղանքն ու ասում, որ հնարավոր է միայն 12 կիլովատը տեղադրել, որպեսզի ավելի լավ արտադրողականություն ունենա։ Բայց, մյուս արտադրող ընկերությունն էլ գայթակղում է, թե կարող է 30 կիլովատ դնել։ Այստեղ, սպառողն էլ մտածում է, որ վահանակների քանակը շատ է, ուրեմն՝ ավելի շատ էներգիա կարտադրվի, բայց հաշվի չի առնում, որ խոր աշնանն ու ձմռանը կայանը էներգիա չի արտադրելու, որովհետև մեկը մյուսի վրա ստվեր է գցում։ Բայց միշտ չէ, որ վահանակի վրա տեսնում ենք ստվեր, ուրեմն՝ կայանը սխալ է տեղադրված։ Պարզապես, մարդն ունեցել է տարածքի սահմանափակում և ճիշտ հաշվարկված ստվերի դեպքում ստանում է այն արդյունավետությունը, ինչն իրեն լրիվ բավարարում է ու չի տուժում։ Որքան փոքր է վահանակը, այնքան այն ավելի ճկուն է»։
Հրդեհներ
Հիմնականում հրդեհների օջախ են դառնում մեկը մյուսին միացնող վահանակաների հոսանքալարերի էժանագին լինելը, որոնք լարման տատանման հետևանքով տաքանում են, սկսվում այրման պրոցես ու վերածվում հրդեհի։ Իսկ հոսանքի տատանման պարագայում կարելի է ընտրել սմարթ սիստեմ ունեցող վահանակներ, որոնք ունեն անջատիչներ ու տատանումների դեպքում ավտոմատ անջատվում են, տարածքը զերծ պահելով վտանգներից։
In
other
«Հղի կինը պետք է սնվի երկուսի փոխարե՞ն»․ մի՞ֆ, թե՞ իրականություն
Posted on 3 Մայիսի, 2021

Ինչպե՞ս պետք է սնվի հղի կինը «Հղի կինը պետք է սնվի երկուսի փոխարեն, իսկ կերակրող մայրը՝ պետք է անընդհատ ուտի․․․»․ նման խորհուրդ-հորդոր հաստատ լսած կլինեք տան մեծերից, բայց միշտ չէ, որ շատ ուտելն օգտակար է հղիներին ու կերակրող մայրերին։ Այստեղ ևս կարևոր է ոչ թե շատ ուտել, այլ ճիշտ սնվել։ Հղի կին Ապագա մայրիկը պետք է հոգ տանի ոչ միայն իր օրգանիզմի, այլ երեխայի մասին՝ նրա աճի և զարգացման համար օգտագործի բոլոր անհրաժեշտ նյութերը։ Պտղի զարգացումը շատ թելերով կապված է մոր սննդից։ Նորածնի մարմնի զանգվածը, հասակը և ընդհանուր վիճակը կախված է այն հանգամանքից, թե հղին որքանով է սնվել ճիշտ և կանոնավոր, օգտագործե՞լ է բավարար քանակությամբ սպիտակուցներ, հատկապես կենդանական ծագմամբ։ Որքանո՞վ է վիտամիններով, հանքային աղերով, (մասնավորապես կալցիում և ֆոսֆոր) և միկրոէլեմենտներով հարուստ սնունդ ընդունել։ Մասնագետները պարզել են, որ հղիության երկրորդ ամսում սննդի օրաբաժինը պետք է ավելացնել մոտավորապես 20 տոկոսով կամ միջինը 500 կկալով։ Հղի կնոջ ախորժակը նորմայում բարձրացած է, բայց շատ ուտելը բերում է հղի կնոջ մարմնի զանգվածի չափից ավելի մեծացման, ինչն էլ կարող է վտանգավոր դառնալ մարսողական համակարգի, լյարդի և երիկամների համար։ Հղի կնոջ սնունդը պետք է պարունակի ավելի շատ սպիտակուցներ, հատկապես՝ կենդանական ծագման, հանքային աղեր, ածխաջրեր, ու ճարպեր։ Հղի կնոջ համար սննդի ամենահարմար տեսակներն են․ կաթն ու կաթնամթերքները՝ կաթնաշոռ, պանիր․․․ Ինչպես նաև ձուկը, միսը, լյարդը, փորոտիքը, ձուն, բանջարեղենն ու մրգերը։ Հատկապես կարևոր է, որ բանջարեղեններն ու մրգերը ուտի հում վիճակում, նրանցում C վիտամինը, օրգանական թթուները և հանքային նյութերն ավելի առատ են։ Ճարպերից խորհուրդ է տրվում հիմնականում օգտագործել կարագ և բուսական յուղեր։ Հղի կինը պետք է խուսափի ալկոհոլային խմիչքներից, թունդ սուրճից, թեյից, մսից և ձկան աղի պահածոներից, երշիկներից, ծովատառեխից, համեմունքներից՝ սև ու կարմիր պղպեղներից, խոզի և տավարի ճարպից, տապակած և ալերգիա առաջացնող սննդից։ Հղիներին խստիվ արգելվում է ծխելը։ Կերակրող մայր Նույն սննդակարգով պետք է շարունակի սնվել նաև կերակրող մայրը, ինչպես և հղիության ընթացքում, միայն պետք է ավելացնել սննդի քանակը, քանի որ կերակրելու ժամանակ, կաթի հետ մայրն ավելի քան 1000 կկալ կորցնում է։ Կերակրող մայրն օրական պետք է ստանա 1 լիտր կաթ, 150 գրամ միս և լյարդ, 2 ձու, 60-70 գրամ պանիր և մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն։ Էներգետիկ պահանջների լրացման համար կերակրող մայրը պետք է օգտագործի նաև անհրաժեշտ քանակությամբ հաց, բրինձ և խմորեղեն։ Հղի և կերակրող մայրը, բացի ճիշտ սննդից, ունի հակառախիտիկ D վիտամինի սինթեզման և երեխային անցման համար արևի, մաքուր օդի և խոր տևական քնի կարիք։ Եթե այդ պայմանները բացակայում են, ապա սննդին պետք է ավելացնե
In
other , eco-mshakuyt
Միկին հրաշքների գրքում
Posted on 3 Մայիսի, 2021

Հունիսի 1-ին՝ ժամը 15:00, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Միկին հրաշքների գրքում» ներկայացման պրեմիերան։ 60 րոպե տևողությամբ ինտերակտիվ այս ներկայացման հիմքում ընկած են ընկերասիրությունը, ազնվությունը, դիմացինին կարեկից եւ օգտակար լինելը, բարությունը, միասնականությունը։ Իրադարձությունները զարգանում են բոլորին քաջ հայտնի Միկի Մկնիկի շուրջ, ներկայացման ժամանակ երեխաները կհանդիպեն ինչպես ժամանակակից մեգա մուլտհերոսների, այնպես էլ՝ հեքիաթային այլ հերոսների։ Ինտերակտիվ ներկայացումը երեխաներին հնարավորություն է ընձեռում ներկայացման հերոսների հետ միասին մասնակից լինել ներկայացման ողջ ընթացքին։ Երեխաներին սպասում է հրաշքներով և անակնկալներով լի երեկո, որտեղ չարի և բարու մշտական պայքարում հաղթում է բարին։ Ներկայացնում է «Փերֆեկտ իվենթսը» ։
In
other , shrjaka-mijavayr
«O2 Gardens»․ Ամռանը Երևանը կունենա նոր բուսաբանական այգի
Posted on 3 Մայիսի, 2021

Երևանի ծայրամասում՝ Սիլիկյան թաղամասում, հիմնվում է նոր կանաչ միջավայր։ «O2 Gardens» անվանումը կրող բուսաբանական այգին նախատեսում է այցելուների առջև իր դռները բացել այս տարվա հուլիսին։ «O2 Gardens» նախագծի հիմնադիր Մերուժան Ավետիսյանն Eco.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր բուսաբանական այգին կգործի վաղ գարնանից մինչև խոր աշուն, և որպես հանրային ժամանացային տարածք այցելուներին կընդունի անվճար։ «Նախագիծը սկսել ենք 3 մետր լայնությամբ և 7 մետր երկարությամբ փոքրիկ մի անկյունից, իսկ այսօր արդեն դարձրել ենք 3 հեկտար, որտեղ կան հազար անուն բուսատեսակներ։ Սկզբում մտածում էինք եվրոպայից ներմուծված բույսերը բազմացնել, տեղայնացնել ու վաճառել, սակայն վերջին մեկ տարում նախագիծը հիմնովին վերանայեցինք։ Սկզբնական շրջանի հետ համեմատ մեր նախագիծը մոտավորապես ավելացել է տասն անգամ, և՛ ֆինանսական, և՛ տարածքային, և՛ գաղափարների առումով։ Մեր 500 հազար բիզնես ծրագիրն այսօր դարձել է 5 մլն-ի»,- գոհունակությամբ պատմեց զրուցակիցը։ Մերուժան Ավետիսյանն ասում է, որ բուսաբանական այգու միջոցով ուզում են հայաստանյան իրականության մեջ մշակույթ ստեղծել․ «Ուզում ենք օրինակ լինել, ցուցադրել, թե ինչպես պետք է վերաբերվել բնությանը, ինչպես աճեցնել ու խնամել բույսեր, կամ՝ ինչպես նախագծել, ոռոգել տարածքը»,- շեշտում է նախագծի հիմնադիրն ու հավելում, որ բուսաբանական այգում գործելու է խորհրդատվության կենտրոն։ Ի դեպ, կանաչ տարածքին կից կառուցովում է ուսումնական կենտրոն, որը կծառայի որպես մասնագիտական խորհդատվական, փորձարարական հարթակ։ Տարածքում կգործեն նաև մասնագիտացված խանութ և ցուցասրահ։
In
other , eco-aprelakerp
Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է
Posted on 1 Մայիսի, 2021

Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել եւ արդյունքում արդեն 1889թ.-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Արդեն 1890 թվականին Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Այսօր Աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում եւ գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին: Արձակուրդային վճարների չտրամադրում, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատում, գործատուների կողմից աշխատողների չգրանցում, աշխատավարձի մասնակի գրանցում և այլն: Ոլորտի մասնագետները փաստում են, որ սրանք աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներն են, որոնք առկա են պրակտիկայում:
In
other , shrjaka-mijavayr
Վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն
Posted on 30 Ապրիլի, 2021





