Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-1-%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80/

Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել եւ արդյունքում արդեն 1889թ.-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար:

Արդեն 1890 թվականին Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը:

Այսօր Աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում եւ գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները:

Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին: Արձակուրդային վճարների չտրամադրում, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատում, գործատուների կողմից աշխատողների չգրանցում, աշխատավարձի մասնակի գրանցում և այլն: Ոլորտի մասնագետները փաստում են, որ սրանք աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներն են, որոնք առկա են պրակտիկայում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով