Շիրակի մարզի Ջրափի գյուղի դպրոցի տարածքում տիրում էր տոնական տրամադրություն, տոնում էին նոր հիմնվող պտղատու ինտենսիվ այգու հիմնադրումը:
Այգին հիմնվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ և «Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության գործընկերությամբ:
Նոր հիմնվող այգու համար տրամադրվել է իտալական բարձրորակ, կլիմային համապատասխանեցված խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներ, կառուցվել կարկտապաշտպան ցանց, անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ։ Իսկ շատ մոտ ապագայում սպասվելիք բերքի նպատակային օգտագործման համար կտրամադրվեն մրգի չորանոցներ և բազմաթիվ այլ պարագաներ։
«Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ այս նախաձեռնությունը երիտասարդների մոտ կխթանի նոր բիզնես գաղափարներ կյանքի կոչելուն»,- ասում է Շիրակի ֆերմերների ասոցացիայի նախագահ Հունան Պետրոսյանը և կարևորելով այգու հիմնումը, վստահեցնում է, որ համատեղ ջանքերով ստեղծված այգիները ծառայելու են համայնքների զարգացմանը։
«Այգիները պետք է լինեն ցուցադրական, որ այլ համայնքներից գան, տեսնեն, սովորեն, վերցնեն լավագույն փորձը և իրենք էլ հետագայում ունենան նման ինտենսիվ պտղատու այգիներ՝ ապահովելով բարձր եկամուտ»,-նշում է Հունան Պետրոսյանը:
Պտղատու այգիներ հիմնելու նախընտրությունը տրվել է այն համայնքներին, որտեղ գյուղի ու դպրոցի կողմից ցուցաբերվել է առավելագույն հետաքրքրություն և շահագրգռվածություն:
Ջրափիի վարչական Ղեկավար Կամո Սարգսյանը, համագյուղացիների հետ մեծ ոգևորությամբ է ծառատունկն է իրականացնում, նշում է, որ համայնքապետարանը ուրախությամբ է ընդունել գործընկերային մեկնած ձեռքն ու արագ իրականացրել է հողի նախապատրաստության և այգու տարածքի ցանկապատումը։
«Անչափ ուրախ ենք, որ հենց մենք բախտ ունեցանք օգտվել այս ծրագրից, այսպիսի հրաշալի նախաձեռնության շնորհիվ դպրոցի ծախսերը կքչանան, եկամուտները՝ կավելանան: Երիտասարդները ավելի կսիրեն իրենց գյուղը, ավելի կկապվեն ծննդավայրի հետ, և, որ ամենակարևորն է՝ սեփական գյուղում բարձր եկամուտ ունենալու անհնարինության համոզմունքը կկոտրվի»,- վստահ է Ջրափիի վարչական ղեկավարը:
Ջրափիի դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի կարծիքով այգին դպրոցի աշակերտների համար կունենա բնության հանդեպ կրթադաստիարակչական կարևոր առաքելություն․ «Դպրոցական այգու հիմնումը կնպաստի, որ երեխան զինվի շրջակա միջավայրի, բույսի խնամքի ու զարգացման մասին գիտելիքներով։ Ինչպես նաև արդար աշխատանքով սեփական եկամուտ ու բարիք ստեղծելու մոտիվացիան կզարգանա։ Ամենակարևորը, կսնվի առողջ՝ իր ձեռքով աճեցրած էկոլոգիապես մաքուր բարիքով»:
Այգու հետագա ճիշտ պահպանումը լիարժեք իրականացնելու համար անցկացվում են նաև դասընթացներ մանկավարժական կազմի, ծնողական հանրույթի և աշակերտների հետ: Մինչ ծրագրով տրամադրվող աշխատանքների շրջանակում մեկ տարի այգին կխնամեն այս գործի գիտակները։






Թողնել մեկնաբանություն