Blog
In
other , eco-aprelakerp , eco-snund
Կարևորեք նախաճաշը
Posted on 11 Հունիսի, 2021

Հաճախ լսած կլինեք այն արտահայտությունը, թե «Նախաճաշը ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ»։ Eco.am-ը կատարած ուսումնասիրությունների արդյունքում ու մասնավոր զրույցների ընթացքում պարզեց, որ դիետոլոգները ևս համոզված են․ ոչ մի դեպքում պետք չէ հրաժարվել նախաճաշից, քանի որ այն օրվա ընթացքում սննդի ամենակարևոր ընդունումն է։ Չէ՞ որ հենց առավոտյան է օրգանիզմը մեծ քանակի էներգիայի պահանջ զգում։ 1․Եթե շտապողականության պատճառով չեք հասցնում լիարժեք նախաճաշել, այլ բավարարվում եք մի գավաթ սուրճով, ապա դա անմիջապես ազդում է առողջական վիճակի վրա։ Արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, որի արդյունքում չեք կարողանում կենտրոնանալ և նվազում է ուղեղի ակտիվությունը։ 2․ Եթե սովորում ենք տնից դուրս գալ առանց նախաճաշելու, ապա լուրջ հետևանքներից չենք կարողանում խուսափել։ Հետևանք 1-ին - աճում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ռիսկը։ Հետևանք 2-րդ - դա կարող է ազդել մարմնի կառուցվածքի վրա։ Չէ՞ որ առավոտյան չսնվելով՝ անընդհատ ցանկանում եք ինչ-որ բան ուտել։ Եվ, հընթացս ուտում եք անքանակ քաղցրաբլիթ, կոնֆետ և այլն։ Փոխարենը՝ ավելի լավ է մարդավարի նախաճաշեք։ Իդեալական նախաճաշ Իդեալական նախաճաշը պետք է ապահովի մարդու օրվա պահանջարկի մոտ 25 տոկոսը՝ կալորիայով օրվա 2000 բաժնից՝ 500-ը ։ Մի՛ մոռացեք, որ թեթև նախաճաշը՝ բաղկացած ցածր կալորիականություն ունեցող մթերքներից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Իսկ օրգանիզմը, զրկված «վառելիքի» առավոտյան չափաբաժնից, սկսում է կուտակել պահեստային սննդանյութեր։ Եվ, որպես այդ ամենի հետևանք ՝ ավելորդ կիլոգրամների կուտակում է տեղի ունենում։ Նախաճաշը պետք է լինի հագեցնող։ Այն առաջին հերթին պետք է բաղկացած լինի սպիտակուցով հարուստ մթերքներից։ Օրինակ՝ ձվից, ոչ յուղակի պանրից, կաթնաշոռից, կաթից, մսից, ձկից։ Երկրորդ կարևոր տարրը բարդ աշխաջրերն են։ Դրանք դանդաղ են յուրացվում և օրգանիզմը ապահովում են անհրաժեշտ էներգիայով։ Ուստի առավոտյան ճաշացանկի մեջ հարկավոր է ներառել շիլա, հաց։ Եվ, իհարկե, անհրաժեշտ են բանջարեղեն և միրգ, որոնցում կան անհրաժեշտ վիտամիններ։ Առավոտյան անոթի ստամոքսին օգտակար է խմել առանց գազի մեկ բաժակ հանքային ջուր։ Դա կօգնի արթնանալ, ակտիվացնել նյարդային համակարգը, բարելավել ինքնազգացողությունը։ Խմելուց կես ժամ անց կարելի է սկսել սնվելու արարողությունը։ Ոմանք չեն պատկերացնում առավոտն առանց մի գավաթ սուրճի այդ դեպքում, ավելի լավ է նախապատվությունը տալ բնական, այլ ոչ թե լուծվող ըմպելիքին։ Կանաչ թեյը նույնպես կօգնի աշխուժանալ։ Նախաճաշեք և եղեք առողջ
In
other , eco-aprelakerp , eco-snund
Զգույշ օգտագործեք բանջարաբույսերն ու պտուղները
Posted on 10 Հունիսի, 2021

Ամառը թարմ բանջարեղենների ու բույսերի լայն ընտրության հնարավորություն է ընձեռում։ Դրանք որքան առողջարար, նույնքան էլ ՝ կարող են վնասակար լինել ձեր առողջության համար, եթե այն ճիշտ չօգտագործեք։ Eco.am-ը, որպես առողջ ապրելակերպի ջատագով, առաջարկում է բանջարաբույսերն ու պտուղներն օգտագործելուց առաջ ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Սմբուկ (Բադրիջան)- Սննդի մեջ պետք է օգտագործել սմբուկի թարմ, երիտասարդ և ոչ մեծ պտուղներ։ Հասունացման ընթացքում սմբուկի մեջ կտրուկ ավելանում է ալկալոիդ սոլանինը։ Թունավորման դեպքում, մինչև բժշկի դիմելը անհրաժեշտ է հիվանդին տալ կաթ, հեղուկ ճաշեր, ձվի սպիտակուց։ Կաղամբ-Թարմ կաղամբը հակացուցված է պանկրեատիտով հիվանդներին և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին։ Բողկ- Հակացուցված է խոցային հիվանդություններով տառապողներին, լյարդի և երիկամների հիվանդություններով տառապող և բոլոր նյութափոխանակության խանգարումների հետ կապված հիվանդությունների դեպքում։ Գլուխ սոխ- Հակացուցված է աղեստամոքսային սուր բորբոքումների, երիկամների և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Սխտոր- Մեծ քանակությամբ թարմ սխտորը և նրանցից պատրաստված պրեպարատները չի կարելի օգտագործել թութքի, ինչպես նաև երիկամային հիվանդությունների սրացումների ժամանակ։ Մաղադանոս- Այս բանջարաբույսը հակացուցված է հղի կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հաճախակի են վիժում ունեցել։ Գինձ, համեմ- Հակացուցված է հիպերացիդ գաստրիտ, ստամոքսի խոցային հիվանդության, սրտի իշեմիկ ցավեր, տրոմբոզներ, տրոմբոֆլոբիտ, շաքարային դիաբետ և հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ ունեցած մարդկանց համար։ Սեխ-Այն հակացուցված է շաքարախտի, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցի, դիզենտերիայի և այլ աղիքային խանգարումների ժամանակ։ Սեխը հակացուցված է նաև կերակրող մայրերի համար։ Սեխը չի կարելի օգտագործել մեղրի և սպիրտային խմիչքների հետ։ Չի՛ կարելի սառը ջուր խմել սեխ ուտելուց հետո։
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Նարնջի դիլիմներ, պատերազմ ու արցունքներ․ «Կարևորը, որ արևը շողա ու պատերազմ չլինի» ներկայացումը՝«Արմմոնոյի» շրջանակում
Posted on 10 Հունիսի, 2021

Հայաստանի թատերական գործիչների միության բեմում, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, կայացավ Յուրի Կլավդիևի «Կարեւորը, որ արևը շողա ու պատերազմ չլինի» համանուն ստեղծագործության բեմադրությունը՝ Թագուհի Ասախալյանի ռեժիսուրայով: «Խոտը գլուխ չունի որ թռնի, խոտը ցավը չի գոռում, չի ճվում ինչպես խոզը, չի փնտրում իր ընկած ձեռքը, չի սողում դեպի քեզ վերջին ուժերով, չի խռխռում ծռված բերանով, հնձած խոտին մինչև վերջ չեն խփում` համոզվելու համար որ սպանել են, նա չի հեկեկում, նրանից կեղտի ու արյան հոտ չի գալիս»,- ասում է ներկայացման հերոսը, ով ապրում էր խուլիգանի կյանքով, և հանկարծ հայտնվում է պատերազմի դաշտում՝ մնալով միայնակ… Ներկայացման հերոսին մարմնավորել է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանը, որն Eco.am-ի հետ զրույցում շեշտեց, որ թեպետ 44 օրյա պատերազմից հետո դժվար է եղել խաղալ պատերազմի մասին, բայց կրկնակի բարդ է եղել խաղալ զոհված ընկերոջ ծնողների առջև․ «Շատ բարդ էր, իրականում տեսարաններ կային, որ փորձերի ժամանակ մի քանի անգամ խնդրել եմ ռեժիսորին, որ դադարեցնենք, փորձենք առանց էմոցիայի խաղալ որոշ հատվածներ, որովհետեւ տեքստային բառերի իրար կապակցվածությունն այնպես էր, որ դու իրոք զգում էիր ասվածը: Հետաքրքիրն այն է, որ այս ներկայացումը ռեժիսորի՝ Թագուհի Ասախալյանի դիպլոմային աշխատանքն է, եւ մենք այս պիեսն ընտրել էինք 44 օրյա պատերազմից առաջ: Իսկ պատերազմից հետո որոշեցինք, որ անպայման պետք է անդրադառնանք այս թեմային: Ինչքան էլ ցավոտ էր, ինչքան էլ դժվար մեզ համար, բայց կարողացանք հաղթահարել»։ Ներկայացման ավարտին հույզերից դառնացած հանդիսատեսին քաղցրացվեց նարնջի դիլիմների հյուրասիրությամբ, իսկ հանդիսատեսն ինքն իրեն մտորում էր ու խոստանում․ «Երբեք ու երբեք չհամեմատել զոհված զինվորներին հնձված խոտի հետ»: Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ http://armmono.com/guests/321–2021.html
In
other , eco-mshakuyt
Ազգային արխիվի պահոցներում խնամքով պահպանվում է մեր երկրի պատմությունը․ Հունիսի 9-ը Արխիվների միջազգային օրն է
Posted on 9 Հունիսի, 2021

Հունիսի 9-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, նշվում է Արխիվների միջազգային օրը։ Օրը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 1948 թվականի հունիսի 9-ին, երբ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող Արխիվների միջազգային խորհուրդը։ Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԽ) աշխատողների և բոլոր արխիվագետների օր:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգորի Արշակյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասում է․ «Շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ Արխիվների միջազգային օրվա կապակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1948 թ հունիսի 9-ին հիմնված Արխիվների խորհուդն իր գործունեության ավելի քան 7 տասնամյակի ընթացքում, միավորեց բազմաթիվ երկրներում փաստաթղթերի հաշվառման, պահպանման և մշակման հետ կապված հաստատությունները՝ դառնալով աշխարհի արխիվների համագործակցության վստահելի և կարևորագույն հարթակ, որի շնորհիվ էլ արխիվների պատմության մեջ հունիսի 9-ը ամրագրվեց որպես արխիվների միջազգային օր։
Անշուշտ, պատասխանատու և հեռանկարային աշխատանք է արխիվների կատարած դերը պետությունների, կառույցների, յուրաքանչյուրիս կյանքում։ Արխիվներում պահպանվող փաստաթղթերը լույս են սփռում ցանկացած երկրի պատմության, պատմամշակութային ժառանգության, հերոսական և հաղթական դրվագների, նաև հետընթացների վրա։ Ծանոթացումն այդ ամենին հնարավորություն է ընձեռում ցանկացած երկրի քաղաքացուն և միջազգային հանրությանը առավել մանրամասն և հստակ պատկերացում կազմել և գնահատել երկրների զարգացումները, փոփոխություններն ու առաջընթացները, կատարել առավել ճշգրիտ կանխատեսումներ։
Մաղթում եմ, որ Արխիվների միջազգային օրվա 15-ամյակը դառնա մեկ հարթակի ներքո միավորող, լավագույն ավանդույթների պահպանման և հետագա սերունդների փոխանցման յուրօրինակ հանգրվան»,- իր շնորհավորական ուղերձում շեշտում է:
Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թվականին: Այն իրականացնում է Հայաստանի արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումն ու օգտագործումը և ծառայություններ է մատուցում արխիվագիտության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Ազգային արխիվի աշխատանքը կարևոր է ոչ միայն երկրի այլև յուրաքանչյուր անհատի համար: Այն կայացման կարևորագույն սկզբնաղբյուր է, բացառիկ արժեք, բոլորիս ինքնության, պատմամշակութային ժառանգության համար։
Հայաստանի ազգային արխիվի պահոցներում խնամքով պահպանվում է մեր երկրի պատմությունը, յուրաքանչյուր քաղաքացի այստեղ կգնի իր կյանքի ու ծավալած գործունեության մասին փաստաթղթեր։
Մի քանի կարևոր փաստաթղթեր՝ Հայաստանի Ազգային արխիվում
Գրեթե մեկ դարյա պատմության ընթացքում Ազգային արխտիվը հավաքագրել ու պահպանում է շուրջ 350 միլիոն փաստաթուղթ՝ տարբեր ծավալի ու բովանդակության։ Դրանցից ավելի քան 5 մլնն համարվում է բացառիկ փաստաթուղթ։ Արխիվում պահվում են բացառիկ ու շատ հազվագյուտ փաստաթղթեր, օրինակ՝ Սիմոն Երևանցի կաթողիկոսի 1780 թվականի կոնդակն ուղղված Եկատերինա 2-րդին, պարսկական Նադիր Շահի 1607 թվականի հրովարտակն ուղղված Արցախի մելիքություններին, որտեղ նա արտոնություններ է տրամադրում և մեծ հաշվով ճանաչում է ինքնուրույն գործելու մելիքների իրավունքները։ Հայաստանի ազգային արխիվում է պահվում նաև Լեհաստանի Կազմիր թագավորի հրովարտակը ուղղված հայ եպիսկոպոս Գրիգորին՝ 1367 թվականին։ Այն արխիվային ամենահին փաստաթողթերից մեկն է, որտեղ նա ճանաչումէ հայ համայնքում ապրող հայության հիմնական իրավունքները և ազատ դավանելու իրավունք է շնորհում։ Իսկ տարվա ընթացքում միայն մոտ տասը հազար գործ է մատակարարվում ուսումնասիրողներին։
Ազգային արխիվի ապագան
Այժմ, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը թվայնացման գործընթացն է։ Մինչ այժմ արդեն 2 մլն բացառիկ և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր է թվայնացվել, որի նպատակը մեկն է՝ հեշտացնել քաղաքացու կյանքը, նրանց այցելությունը պարտադիրից դարձնել առցանց։
In
other , shrjaka-mijavayr
Տեղի է ունեցել «Սնդիկ պարունակող ապրանքների վերաբերյալ իրազեկության բարձրացում և տվյալների վավերացում» թեմայով աշխատաժողով
Posted on 8 Հունիսի, 2021

Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցում էին Գիտություննների ազգային ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Մազմանյանը, կարևորելով մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը սնդիկի անթրոպոգեն ազդեցությունից։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որի նպատակն է մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից։ Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պարտավոր է միջոցներ ձեռնարկել սնդիկի, սնդիկի հավելիչներով արտադրանքի 2020 թվականից հետո փուլային դուրսբերման և սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման և սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար: «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող տիկին Ալեքսանդրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել ռազմավարություն սնդիկ պարունակող արտադրանքի արդյունավետ հավաքման, պահման, փոխադրման և վերամշակման համար։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ազիզյանը կարևորեց սնդիկի մոնիտորինգը շրջակա միջավայրիում, քանի որ կենսոլորտի աղտոտումը սնդիկով և սնդիկի միացություններով պայմանավորված է դրանց համեմատաբար բարձր ցնդելիությամբ, արտաքին միջավայրում կայունությամբ, մթնոլորտային տեղումներում լուծելիությամբ, ինչպես նաև հողում և կանաչ տնկարկներում կուտակվելու ունակությամբ։ Սնդիկի հավելիչներով լամպերի շրջանառությունից փուլային դուրսբերման նպատակով որոշվել է այդ ապրանքների հոսքերը, ներառյալ ներմուծումը, բաշխումը, օգտագործումը և տարեկան առաջացող թափոնների ծավալները։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ 9 մարզի 13 քաղաքի կենցաղային լամպերի վաճառասրահներում իրականացված հետազոտության արդյունքները: Նա նշեց, որ լամպերի մասնագիտացված խանութներում և շինանյութի խանութ-սրահներում առկա են եղել հիմնականում 3 տեսակի լամպեր՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր, սնդիկ չպարունակող շիկացման լամպեր և նորագույն տեխնոլոգիայով արտադրված լուսադիոդային (ԼԱԴ) լամպեր: Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեց միևնույն լուսավորությունն ապահովող տարբեր տեսակի լամպերի առավելությունները՝ նշելով, որ շիկացման լամպերն ավելի շատ տաքանում են, քան լույս արձակում, մինչդեռ լյումինեսցենտային լամպերը մոտ 3,3 անգամ ավելի քիչ էներգիա են ծախսում՝ ապահովելով նույն լուսատվությունը, սակայն վտանգավոր են, քանզի կոտրվելու կամ ոչ ճիշտ վարվելու դեպքում դրանք կարող են արտազատել սնդիկ և առաջ բերել առողջական խնդիրներ։ Նա ընդգծեց նաև, որ ԼԱԴ՝ լուսադիոդային լամպերը, շիկացման լամպերի համեմատ ծախսում են 6,6 անգամ ավելի քիչ էներգիա և անվտանգ են, քանի որ սնդիկ չեն պարունակում:
In
other , eco-mshakuyt
«Նա»․ Էդիտ Պիաֆի կենսագրական պիեսի առաջնախաղը կայացավ «Արմմոնո» փառատոնի շրջանակում
Posted on 8 Հունիսի, 2021

Ծանոթ և անծանոթ իրավիճակներ: Լուծելի և անլուծելի մշտական խնդիրներ: Անսպասելի մեկնաբանություն սիրո, դավաճանության, կրքի, խանդի, ատելության, սպասումների լաբիրինտում: Հայտնի, հանճարեղ և միշտ արդիական Ժան Կոկտոյի «Նա» համանուն պիեսի մոնոբեմադրության առաջնախաղը կայացավ «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։ Երիտասարդ բեմադրիչ Վարդգես Բարսեղյանի ռեժիսուրայով «Նա» մոնոներկայացումն անսովոր էր մի քանի հանգամանքներում, նախ՝ հանդիսատեսը ներկայացումը դիտեց ոչ թե դահլիճում նստած, այլ՝ հենց բեմահարթակին, հերոսուհու հետ գրեթե նույն հարթության վրա, և հետո՝ հերոսուհուն մարմնավորած ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանն իր բեմական գործունեության ընթացքում առաջին անգամ էր հանդես գալիս մոնո ժանրում։ «Երբեւէ չէի մտածում, որ մոնո կխաղամ։ Շատ դժվար և անսահման հետաքրքիր ժանր է մոնոն, որովհետև այս դեպքում դու ես, քո չոր գանգը ու քո հուզումները, որտեղ պարտադիր է ինքնատիրապետումը չկորցնելը եւ ապացուցելը: Կա շատ մեծ պատասխանատվություն: Մինչդեռ երբ խաղընկեր ունես, դիմացինից էներգիա ես ստանում, կարող ես մի փոքր ուշ կամ շուտ մտնել այդ իրավիճակի մեջ, բայց դրությունը կարողանում ես կառավարել»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց լքված կնոջը մարմնավորած դերասանուհին ու ընդգծեց․ «Ընդհանրապես՝ անտեսված և չհասկացված մարդը վտանգավոր է, պարտադիր չէ, որ կին լինի: Միշտ պետք է հավատաս, որ սերը հաղթելու է: Իհարկե, մի կետ է գալիս, որ պետք է էլի համոզվես, որ սերն անպայման հաղթում է, բայց միայն ունայնությունն անցնելուց հետո ես հասկանում»։ Ի դեպ, երիտասարդ բեմադրիչ Վարդգես Բարսեղյանն այս պիեսի վրա աշխատանքը սկսել է մեկ ուրիշ դերասանուհու հետ, սակայն ընթացքում, ժամանակի մեջ չտեղավորվելով, դադարեցրել են փորձերը։ Որից հետո, բեմադրիչը դիմել է Ն․ Ալեքսանյանին։ Վերջինս էլ ծանոթ լինելով պիեսին հանաձայնել է․ «Ծանոթ լինելով պիեսին, երբևէ չէի մտածում, որ մոնո կխաղամ: Առաջին անգամ, երբ վերընթերցեցի պիեսը, չհուզեց, երկրորդ անգամ՝ հանկարծ հասկացա, որ սա ուրիշ պատմություն է: Իսկապես սրտիս զարկերը զգում էի, լույսը բացվեց և ասացի, թե ինչ տեսակ եմ պատկերացնում այն: Ըստ պիեսի, այն զարգացումները չկան, ինչը տեսաք բեմում: Վարդգեսի հետ միասին պիեսի ամեն տողը վերջից բերել ենք սկիզբ, սկզբից տարել ենք մեջտեղ և բաժանարար գծեր տարել՝ երգչուհու, դատարանի, սիրող եւ հոգեվարքի մեջ գտնվող կնոջ միջև»,- անկեղծացավ դերասանուհին: Պարզվում է, պիեսը ոչ թե սովորական մի կնոջ մասին է, այլ ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի Էդիտ Պիաֆի․ «Այս պիեսը Կոկտոն գրել է կոնկրետ Էդիտ Պիաֆի մասին եւ թեպետ հեռվացանք Ֆրանսիայից եւ Պիաֆից, բայց, այնուամենայնիվ, նրա ապրած ամբողջ դառը կյանքը փորձեցինք դնել մեր ընտրած շրջանակի մեջ, որպեսզի դերակատարուհին ոչ թե խաղա Պիաֆին, այլ նրա ապրումները, նրա տեսածը, զգացածը»,- մեզ հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ Վարդգես Բարսեղյանը։ Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ http://armmono.com/guests/321–2021.html
In
other , eco-aprelakerp , eco-texnologianer
Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը
Posted on 8 Հունիսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հունիսի 5-ին գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը։ Հավելվածը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Հավելվածը նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play Store-ից: Red Book of Armenia բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։ Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը: Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։
In
other , eco-snund , eco-dexatun
Քաղցրահամ թթենու բուժիչ հատկությունները
Posted on 8 Հունիսի, 2021

Թեպետ թթենու հայրենիքը համարվում է Իրանը, բայց այն լայն տարածում ունի նաև Հայաստանում։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և այլն։
Հունիսի կեսերին հասունացող այս հյութալի ու քաղցրահամ տուղը, չնայած կարճ կյանքին, շատ առողջարար ու օգտակար հատկություններ ունի։ Eco.am-ն իր ընթերցողների համար հավաքագրել է դրանցից կարևորն ու օգտակարը։
Թթենու քաղցր, հյութալի ու հրապուրիչ պտուղներն օգտագործվում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ որպես պահածոյացման հումք՝ կոմպոտների, մուրաբաների, դոնդողի, սիրոպների, արհեստական մեղրի, գինու, քացախի, սպիրտի և այլնի համար: Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ դոշաբ, մուրաբա, հյութ, չիր, ստանում են նաև՝ օղի, սպիրտ։
Թթի բնափայտն ամուր է, կիրառվում է շինարարության, ատաղձագործության, երաժշտական գործիքների արտադրության մեջ։ Բնափայտից և կեղևից ստացվում է բարձրորակ դեղին ներկանյութ, իսկ տերևները լավորակ կեր են շերամորդի համար։
Թթենու պտուղներում պարունակում են մոտ 1,5% ազոտանյութեր, 0,1%՝ ֆոսֆորաթթուներ, կիտրոնաթթու և խնձորաթթու, սպիտակուցներ, ճարպեր։
100 գրամ թթի կալորիականությունը 50 կկալ է․ սննդային արժեքը՝
- Սպիտակուցներ՝ 0․7 գրամ
- Ճարպեր՝ 0․4 գրամ
- Ածխաջրեր՝ 1․8 գրամ
- Հեղուկ՝ 82․6 գրամ
Թթի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ՝ A, B1, B2, B6, B9, C, E, K։
Միկրո և մակրոտարրեր՝ երկաթ, մանգան, ցինկ, պղինձ, Ֆոսֆոր, նատրիում, կալցիում, կալիում։ Թթի պտուղները հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր տառապում են կալիումի պակասից: Վիտամին B-ի շնորհիվ թթենին դրական է ազդում նյարդային համակարգի վրա, նորմալացնում է քունը և հանգստացնում՝ սթրեսային իրավիճակներում: Մագնեզիումը և կալիումը օգնում են արյունաստեղծման գործընթացներին: Օրեկան մի քանի բաժակ թթենու հյութ խմելը կարող է կայունացնել հեմոգլոբինի մակարդակը:
Որպես դեղաբույս
Դեռևս հնագույն ժամանակներից թթենու պտուղները համարվել է դեղաբույս։ Այն շատ օգտակար է մարսողական տրակտի համար: Օգտակար է նույնիսկ դիետաների ընթացքում: Թութը օգտակար կլինի երիկամների կամ սրտի քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Թթի եփուկը` դոշաբը, հայ ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ: Իսկ թթից պատրաստված մուրաբան և չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։
Չհասունացած թութ- Նրանք ունեն կծու համ և ունակ են հեռացնել այրոցը։
Հասունացած թութ- հիանալի ախտահանիչ են սննդային թունավորման դեպքում: Մարդիկ օգտագործում են գերհասուն թթենին ՝ որպես լուծողական: Բացի այդ, հասած պտուղները լավ միզամուղ միջոց են: Հատապտուղներն օգնում են վերականգնվել հետվիրահատական շրջանում և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Հիմնական ազդեցությունները
1․ Թթենու պտուղները թուլացնող, տոնուսը բարձրացնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:
2․ Տերևների հիմնական արժանիքը դրանց հակաբակտերիալ, քրտնաբեր, հազը փափկացնող ազդեցությունն է:
3․Թթենու ճյուղերը հակառևմատիկ, ցավազրկող հատկություն ունեն, նպաստում են արյան ճնշման իջեցմանը:
4․Թթենու բնի կեղևը միզամուղ, հազը փափկացնող ազդեցություն է ունենում, նույնպես նպաստում է արյան ճնշման իջեցմանը:
Սպիտակ ու սև թթերի թուրմը կամ հյութը գործածվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց: Կովկասյան երկրներում սև թթից եփված սիրոպով ողողում են բերանի խոռոչն ու կոկորդը՝ դրանց խոցային վարակումների դեպքում: Այժմ արդեն գիտականորեն ապացուցված է, որ և սպիտակ, և սև թթերը, ինչպես նաև՝ դրանցից եփված սիրոպը կամ թուրմը, ունեն արտահայտված հակասեպտիկ հատկություն:
Բժիշկները ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել կիսաքաղցր թութ, կամ օգտագործել թութը նաև չորացրաց վիճակում. 20 գր թթի չիրը եփել 2 բաժակ եռման ջրում, ընդունել ուտելուց հետո՝ 1/2 բաժակ: Այս նույն եփուկը շատ օգտակար է նաև անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում՝ որպես կոկորդը ողողելու միջոց:
Չինացիները սպիտակ թթի տերևներով սովորաբար բուժում են նաև բարձր ջերմությամբ, գլխացավերով և ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:
Թութը նպաստում է արյունաստեղծ օրգանների բնականոն աշխատանքին, օգտակար է սակավարյունության, հեպատիտի, խոլեցիստիտի, հիպերտոնիայի դեպքում, այն թարմացնում է արյունը, սնում է ուղեղը, բացում է ծորանների սպազմը, ունի միզամուղ հատկություն։
Այն հրաշալի միջոց է նաեւ հղի կանանց եւ երեխաների համար, որովհետեւ մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։
Հակացուցումներ
Չարաշահելու դեպքում առաջացնում է լուծ։ Հակացուցված է հիպերտոնիա, արյան ճնշման անկում և շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։
Թթի պտուղները, հատկապես շոգ եղանակին ուտելը, կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման: Իր քաղցրության պատճառով խորհուրդ չի տրվում թութ ուտել շաքարախտով տառապողներին:
Փորլուծության դեպքում հարկավոր է խուսափել թթենու պտուղների օգտագործումից:
Թոքերի հիվանդությունների դեպքում հակացուցվում է թթենու կեղևի և տերևների գործածումը: Կասկածների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Բուսաբանության ինստիտուտում բացվել է էկոկրթության կենտրոն
Posted on 7 Հունիսի, 2021

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն: Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջույնի խոսքում կարևորել է նոր կենտրոնի բացումը էկոկրթության զարգացման առումով: «Հույս ունեմ, որ Բուսաբանության ինստիտուտը հետզհետե կհամալրվի ավելի ժամանակակից ենթակառուցվածքներով: Շատ կարևոր է, որ Բուսաբանական այգին, դրանով պայմանավորված, ունենա ավելի շատ այցելուներ, հատկապես՝ դպրոցականներ: Նորաբաց էկոկրթության կենտրոնը նաև կարող է բուհական կլաստերի ձևավորման հիմք հանդիսանալ` մեկ միջավայրում համատեղելով բարձրագույն կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը»,- նշել է Կարեն Թռչունյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը: Նորաբաց Էկոէպիկենտրոնի ինտերակտիվ ցուցահանդեսում ներկայացվել են աշխատարանների սենյակը և կենդանի բույսերի հավաքածուն: Ցուցահանդեսի բովանդակությունը և դիզայնը մշակվել են Բուսաբանության ինստիտուտի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետազոտողների կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայր» ծրագրի շրջանակում: Բուսաբանության ինստիտուտի նորաբաց կենտրոնի վերանորոգումն ու կահավորումն իրականացրել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագրի շրջանակում:
In
other , eco-aprelakerp
Լողափ հասնելուն պես մի՛ նետվեք ջուրը
Posted on 7 Հունիսի, 2021





