Ազգային արխիվի պահոցներում խնամքով պահպանվում է մեր երկրի պատմությունը․ Հունիսի 9-ը Արխիվների միջազգային օրն է

https://eco.am/%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%ad%d5%ab%d5%be/

Հունիսի 9-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, նշվում է Արխիվների միջազգային օրը։ Օրը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 1948 թվականի հունիսի 9-ին, երբ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող Արխիվների միջազգային խորհուրդը։ Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԽ) աշխատողների և բոլոր արխիվագետների օր:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգորի Արշակյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասում է․ «Շնորհավորում եմ մեր մասնագիտական  տոնի՝ Արխիվների միջազգային օրվա կապակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1948 թ հունիսի 9-ին հիմնված Արխիվների  խորհուդն իր գործունեության ավելի քան 7 տասնամյակի ընթացքում, միավորեց բազմաթիվ երկրներում փաստաթղթերի հաշվառման, պահպանման և մշակման  հետ կապված հաստատությունները՝ դառնալով աշխարհի արխիվների համագործակցության վստահելի և կարևորագույն հարթակ, որի շնորհիվ  էլ արխիվների պատմության մեջ հունիսի 9-ը ամրագրվեց որպես արխիվների միջազգային օր։

Անշուշտ, պատասխանատու և հեռանկարային աշխատանք է արխիվների կատարած դերը պետությունների, կառույցների, յուրաքանչյուրիս կյանքում։ Արխիվներում պահպանվող փաստաթղթերը  լույս են սփռում ցանկացած երկրի պատմության, պատմամշակութային ժառանգության, հերոսական և հաղթական դրվագների, նաև հետընթացների վրա։ Ծանոթացումն այդ ամենին հնարավորություն է ընձեռում  ցանկացած երկրի քաղաքացուն և միջազգային հանրությանը առավել մանրամասն և հստակ պատկերացում կազմել և գնահատել երկրների զարգացումները, փոփոխություններն ու առաջընթացները, կատարել առավել ճշգրիտ կանխատեսումներ։

Մաղթում եմ, որ Արխիվների միջազգային օրվա 15-ամյակը դառնա մեկ հարթակի ներքո միավորող, լավագույն ավանդույթների պահպանման և հետագա սերունդների փոխանցման յուրօրինակ հանգրվան»,- իր շնորհավորական ուղերձում շեշտում է: 

Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թվականին: Այն իրականացնում է Հայաստանի արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումն ու օգտագործումը և ծառայություններ է մատուցում արխիվագիտության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ազգային արխիվի աշխատանքը կարևոր է ոչ միայն երկրի այլև յուրաքանչյուր անհատի համար: Այն կայացման կարևորագույն սկզբնաղբյուր է, բացառիկ արժեք, բոլորիս ինքնության, պատմամշակութային ժառանգության համար։

Հայաստանի ազգային արխիվի պահոցներում խնամքով պահպանվում է մեր երկրի պատմությունը, յուրաքանչյուր քաղաքացի այստեղ կգնի իր կյանքի ու ծավալած գործունեության մասին փաստաթղթեր։

Մի քանի կարևոր փաստաթղթեր՝ Հայաստանի Ազգային արխիվում

Գրեթե մեկ դարյա պատմության ընթացքում Ազգային արխտիվը հավաքագրել ու պահպանում է շուրջ 350 միլիոն փաստաթուղթ՝ տարբեր ծավալի ու բովանդակության։  Դրանցից ավելի քան 5 մլնն համարվում է բացառիկ փաստաթուղթ։ Արխիվում պահվում են բացառիկ ու շատ հազվագյուտ փաստաթղթեր, օրինակ՝ Սիմոն Երևանցի կաթողիկոսի 1780 թվականի կոնդակն ուղղված Եկատերինա 2-րդին, պարսկական Նադիր Շահի 1607 թվականի հրովարտակն ուղղված Արցախի մելիքություններին, որտեղ նա արտոնություններ է տրամադրում և մեծ հաշվով ճանաչում է ինքնուրույն գործելու մելիքների իրավունքները։ Հայաստանի ազգային արխիվում է պահվում նաև Լեհաստանի Կազմիր թագավորի հրովարտակը ուղղված հայ եպիսկոպոս Գրիգորին՝ 1367 թվականին։ Այն արխիվային ամենահին փաստաթողթերից մեկն է, որտեղ նա ճանաչումէ  հայ համայնքում ապրող հայության հիմնական իրավունքները և ազատ դավանելու իրավունք է շնորհում։ Իսկ տարվա ընթացքում միայն մոտ տասը հազար գործ է մատակարարվում ուսումնասիրողներին։

Ազգային արխիվի ապագան

Այժմ, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը թվայնացման գործընթացն է։ Մինչ այժմ արդեն 2 մլն բացառիկ և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր է թվայնացվել, որի նպատակը մեկն է՝ հեշտացնել քաղաքացու կյանքը, նրանց այցելությունը պարտադիրից դարձնել առցանց։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով