Հաճախ լսած կլինեք այն արտահայտությունը, թե «Նախաճաշը ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ»։
Eco.am-ը կատարած ուսումնասիրությունների արդյունքում ու մասնավոր զրույցների ընթացքում պարզեց, որ դիետոլոգները ևս համոզված են․ ոչ մի դեպքում պետք չէ հրաժարվել նախաճաշից, քանի որ այն օրվա ընթացքում սննդի ամենակարևոր ընդունումն է։ Չէ՞ որ հենց առավոտյան է օրգանիզմը մեծ քանակի էներգիայի պահանջ զգում։
1․Եթե շտապողականության պատճառով չեք հասցնում լիարժեք նախաճաշել, այլ բավարարվում եք մի գավաթ սուրճով, ապա դա անմիջապես ազդում է առողջական վիճակի վրա։ Արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, որի արդյունքում չեք կարողանում կենտրոնանալ և նվազում է ուղեղի ակտիվությունը։
2․ Եթե սովորում ենք տնից դուրս գալ առանց նախաճաշելու, ապա լուրջ հետևանքներից չենք կարողանում խուսափել։
Հետևանք 1-ին – աճում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ռիսկը։
Հետևանք 2-րդ – դա կարող է ազդել մարմնի կառուցվածքի վրա։ Չէ՞ որ առավոտյան չսնվելով՝ անընդհատ ցանկանում եք ինչ-որ բան ուտել։ Եվ, հընթացս ուտում եք անքանակ քաղցրաբլիթ, կոնֆետ և այլն։ Փոխարենը՝ ավելի լավ է մարդավարի նախաճաշեք։
Իդեալական նախաճաշ
Իդեալական նախաճաշը պետք է ապահովի մարդու օրվա պահանջարկի մոտ 25 տոկոսը՝ կալորիայով օրվա 2000 բաժնից՝ 500-ը ։
Մի՛ մոռացեք, որ թեթև նախաճաշը՝ բաղկացած ցածր կալորիականություն ունեցող մթերքներից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Իսկ օրգանիզմը, զրկված «վառելիքի» առավոտյան չափաբաժնից, սկսում է կուտակել պահեստային սննդանյութեր։ Եվ, որպես այդ ամենի հետևանք ՝ ավելորդ կիլոգրամների կուտակում է տեղի ունենում։
Նախաճաշը պետք է լինի հագեցնող։ Այն առաջին հերթին պետք է բաղկացած լինի սպիտակուցով հարուստ մթերքներից։ Օրինակ՝ ձվից, ոչ յուղակի պանրից, կաթնաշոռից, կաթից, մսից, ձկից։
Երկրորդ կարևոր տարրը բարդ աշխաջրերն են։ Դրանք դանդաղ են յուրացվում և օրգանիզմը ապահովում են անհրաժեշտ էներգիայով։ Ուստի առավոտյան ճաշացանկի մեջ հարկավոր է ներառել շիլա, հաց։
Եվ, իհարկե, անհրաժեշտ են բանջարեղեն և միրգ, որոնցում կան անհրաժեշտ վիտամիններ։
Առավոտյան անոթի ստամոքսին օգտակար է խմել առանց գազի մեկ բաժակ հանքային ջուր։ Դա կօգնի արթնանալ, ակտիվացնել նյարդային համակարգը, բարելավել ինքնազգացողությունը։ Խմելուց կես ժամ անց կարելի է սկսել սնվելու արարողությունը։
Ոմանք չեն պատկերացնում առավոտն առանց մի գավաթ սուրճի այդ դեպքում, ավելի լավ է նախապատվությունը տալ բնական, այլ ոչ թե լուծվող ըմպելիքին։ Կանաչ թեյը նույնպես կօգնի աշխուժանալ։
Նախաճաշեք և եղեք առողջ






Թողնել մեկնաբանություն