Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման և որսագողության դեպքեր

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման և որսագողության դեպքեր
Օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք։ Այդ մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, որը հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս, մասնավորապես հայտնաբերել են մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ, ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված։ Ընդ որում Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։ Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։ Ի դեպ, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև որսագողության դեպքեր, առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ։ Ապօրիինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։  

Խաղողօրհնեք կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի կնշվի օգոստոսի 14-ին

Խաղողօրհնեք կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի կնշվի օգոստոսի 14-ին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի երկրորդ կիրակի օրը, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տարի տոնը կնշվի օգոստոսի 14-ին։ Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։ Վերափոխումն Սուրբ Աստվածածնի Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից: Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով: Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք: Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև: Խաղողօրհնեք Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Այսօր՝ օգոստոսի 14-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) հարակից տարածքներում։  Այս մասին հայտնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: «Մեր անտառապահներն առաջինը հասնելով դեպքի վայր ահազանգել են արգելոց՝ օգնության խնդրանքով։ Հրդեհի վայր արդեն ուղևորվել են «Խոսրովի անտառ» արգելոցի և ԱԻՆ աշխատակիցներ։ Հուսով ենք համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը կհաջողվի մեկուսացնել և մարել»,- հայտնում են էջում։

ՇՄ նախարարը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը

ՇՄ նախարարը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։ Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ  չափազանց հետաքրքրված է բնապահպանության ոլորտով։ Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք էլ կքննարկվեն հանդիպման ընթացքում։ Կողմերը քննարկել են ս.թ. նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը։ «Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը և բարձր է գնահատում Ձեր ջանքերն ուղղված նման կարևորագույն միջոցառման կազմակերպումը պատշաճ իրականացնելու նպատակով, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ սա լավագույն հնարավորությունն է շրջակա միջավայրին սպառնացող ամենավտանգավոր բնապահպանական հետևանքները կանխելու համար»,-նշել է նախարար Պետրոսյանը։ Նախարարը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ս.թ. նոյեմբերի 1-ից 2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի բարձրաստիճան հատվածի՝ Աշխարհի առաջնորդների վեհաժողովին մասնակցության  հրավերի վերաբերյալ և հայտնել, որ առայժմ ընթացքի մեջ են  ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կրկին անգամ կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը և ներկայացրել  նախարարության կողմից կլիմայական օրակարգում իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և անտառկառավարման քաղաքականության մշակմանը։ Աննա Մազմանյանը խոսել է էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործման վերաբերյալ, ներկայացրել Հայաստան դրանց ներկրումների թվի դրական դինամիկան և ցանկություն հայտնել Մեծ Բրիտանիայի Թագավորության հետ դրանց շահագործումն ընդլայնելու փորձի փոխանակում իրականացնել։ Անդրադարձ է կատարվել Կլիմայական օրակարգին։ 2021 թվականի մայիսի 13-ին Կառավարության կողմից ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Նախարարն անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ծրագրերին։ Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի» նախագիծը, որի նպատակն է  ապահովել համագործակցության շրջանակ` նպաստելով շրջակա միջավայրի կառավարման համակարգի բարելավմանը։ Նախագիծը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Բրիտանական կողմին ստորագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։ «Շրջակա միջավայրի նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերանայել և վերսկսել գործընթացը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության առաջադեմ փորձը և խոշորագույն ներդրումը շրջակա միջավայրի, մասնավորապես կլիմայի փոփոխության ոլորտում»,-նշել է նախարարը։ Դեսպան Գալագերն իր հերթին խոստացել է քննարկել և վերսկսել գործընթացը։ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը խոսել է 2021 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման վերաբերյալ: Արդյունքում հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի Կլիմայի կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը։ Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։

13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրեր բերքահավաքն իրականացնում են նոր գյուղտեխնիկայով

13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրեր բերքահավաքն իրականացնում են նոր գյուղտեխնիկայով
Բերքահավաքի թեժ շրջանը՝ Հայաստանի մարզերում, սարերի հետևում չէ։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով վերջին շրջանում մեր երկիր է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։ Այսպիսով 13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրերում բերքահավաքն իրականացվում է նոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Համայնքներից ստացվող տվյալների համաձայն` սա հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել անկորուստ, առավել արդյունավետ և որ ոչ պակաս կարևոր է՝ արագ։ Կարևոր արդյունքներից է նաև մշակվող հողատարածքների զգալի ավելացումը Գեղամասար, Ակունք, Եղվարդ, Ալավերդի, Ախթալա, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Ստեփանավան, Մարմաշեն, Կապան, Եղեգիս համայնքներում։ Սրանք, սակայն, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ամբողջական տվյալները չեն։ ՍՆՏԶ 2-րդ բաղադրիչում ընդգրկված խոշորացված  համայնքների թիվը 29 է, ընդհանուր ներդրումը կազմել է 4.317.176.880 դրամ, որով հնարավոր է եղել համայնքներին ապահովել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ՝ կոմունալ սպասարկման տեխնիկայով և սարքավորումներով։ Արդյունքում` էապես բարելավվել են համայնքների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և քանակը:

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1.2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են կարմիր գրքում գրանցված ծաղիկը։ Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս, որ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։  ՀԻՇԵՑՈՒՄ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

ՇՄԱԳ օրենքի նախագծի առաջարկներ Նազելի Վարդանյանի կողմից. Տեսանյութ

ՇՄԱԳ օրենքի նախագծի առաջարկներ Նազելի Վարդանյանի կողմից. Տեսանյութ
Հ ՇՄ նախարարությունը նախաձեռնել է ՇՄԱԳ օրենքի նախագծի փոփոխություններ։ Շրջակա միջավայրի նախարարությանը կից Հասարակական խորհրդի անդամները վեր են հանել ոլորտում առկա խնդիրները և ներկայացրել նախարարությանը լուծումների իրենց տեսլականը։
Կանաչ Հայաստան Բնապահպանական Կրթական ՀԿ-ն ներկայացնում է այդ առաջարկները հանրության դատին։
Այս շարքում առաջինը ներկայացնում ենք Armenian Forests Environmental NGO / Հայաստանի Անտառներ ՀԿ նախագահ  Նազելի Վարդանյանի առաջարկությունները։
Հ․Գ․
ՇՄԱԳ-ը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ( ՇՄԱԳ, EIA (անգլ.՝ Environmental Impact Assessment)), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Միջազգային միության (IAIA, International Association for Impact Assessment) տերմին է։ Նախատեսված է պլանավորվող տնտեսական գործունեության ցանկացած տեսակների ազդեցության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտմանը շրջակա միջավայրի և հասարակական առողջության վրա։

Ձվի արտադրող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են՝ գերիշխող դիրքի չարաշահման համար. ՄՊՀ

Ձվի արտադրող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են՝ գերիշխող դիրքի չարաշահման համար. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք` ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման: Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է: Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասով կարճվել է: ՄՊՀ-ը հիշեցնում է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:

Էկոփաթեթավորում․ նվազեցնենք շրջակա միջավայրի աղտոտումը

Էկոփաթեթավորում․ նվազեցնենք շրջակա միջավայրի աղտոտումը
Դուք երևի նկատել եք, թե ինչ եռուզեռ է այժմ տիրում էկոարտադրանքի շուրջ: Բոլոր սոցիալական ցանցերը կոչ են անում հրաժարվել պլաստիկե տարաներից ու տոպրակներից: Դա մարքեթինգային քայլ չէ, այլ՝ գնորդների և արտադրողների ընտրությունն է: Գաղտնիք չէ, որ փաթեթավորումն աղտոտում է շրջակա միջավայրը, այդ իսկ պատճառով, լավ կլինի, եթե փաթեթավորումն իրականացնենք էկո տարբերակով՝ թղթից։ Eco.am-ն այսօր կներկայացնի էկոփաթեթավորման առավելությունները՝ սեփական արտադրանքի համար. 1 Մարքեթինգային գրավչություն Էկոփաթեթավորումը պետք է ունենա բնական տեսք, ծանրաբեռնված չլինի ճչացող ձևավորմամբ և գրառումներով։ Դրանով դուք կկարողանաք բարձրացնել վաճառքի տոկոսները:
  1. Հավատարմություն ապրանքանիշին
Էկոփաթեթավորում ընտրում են այն մարդիկ, որոնց հուզում է թափոնների վերամշակման թեման: Երբ նրանք տեսնում են, որ արտադրողին հուզում է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը, ստեղծվում է հավատարմություն: Հնարավորությունը, որ ձեր արտադրանքը կընտրեն հաջորդ անգամ՝ աճում է:
  1. Համապատասխանել տենդենցներին
Փորձագետները նշում են, որ կա թղթե փաթեթավորման աճի միտում, այն պայմանավորված է տարբեր սոցիալական արշավներով: Մոտ ժամանակներում կաճի լիովին վերամշակման ենթարկվող փաթեթավորման նկատմամբ պահանջարկը և կդժվարանա մրցակիցների միջև ընտրությունը։ Անկասկած էկոփաթեթավորումը թանկ է և ոչ միշտ է հարմար, բայց դա ապագայի խնդիր է: Համաձայն վերջին տվյալների, ամեն օր մեկ մարդուն բաժին է ընկնում 88 կգ պլաստիկե տարա: Ուստի, լավ կլինի ձեր ընտրությունը կանգ առնի էկոփաթեթավորման վրա։ Ինչ է անհրաժեշտ էկոփաթեթավորման համար 1 Նախ, ընտրեք ձեզ հարմար ձևավորում և փաթեթավորման կառուցվածք: 2 Ընտրեք թղթե փաթեթներ, տուփեր, ափսեներ, բաժակներ և այլն: Գրավիչ և ինֆորմացիոն փաթեթավորումը ոչ միայն դրա պարունակությունը անվնաս պահելու միջոց է, այլ նաև ապրանքի մարքեթինգային առաջ մղման ձև: Գրեթե ցանկացած ապրանք փաթեթավորվում է մեծ քանակի թղթով, տոպրակով, պլաստիկով, որն օգտագործողը նետում է աղբամանը: Արդյունքում, քաղաքների շուրջ գոյանում են աճող աղբանոցներ, որոնց 40 տոկոսը կազմում է փաթեթավորման թափոնները: Այդ պատճառով, շատ ապրանքանիշերի համար, էկոլոգիական փաթեթավորումը դարձել է հիմնական պայման: Էկոփաթեթավորման գլխավոր հատկություննն է նվազագույն վնաս հասցնել էկոլոգիային՝ վերամշակման ժամանակ, իսկ կատարյալ կլիներ վնասի իսպառ բացակայությունը: Այդ խնդրի լուծման համար, ակտիվ աշխատանքներ են տարվում մի քանի ուղղություններով: Կենսաքայքայվող պոլիմերներից փաթեթավորում 1970-ականներին, կենսաբանորեն քայքայվող պոլիմերային նյութերի ստեղծման ուղղությամբ, սկսվեցին հետազոտություններ։ Տարբեր ազդեցությունների տակ մակրոմոլեկուլների քայքայման հատկությունը, ինչպիսին արևի լույսն է, օդը, ջերմությունը, մինչև ցածր մոլեկուլյար քաշ ունեցող նյութերը, հեշտ մարսվող միկրոօրգանիզմները, ելման կետ է հանդիսանում ինքնաքայքայվող պոլիմերների ստեղծման համար: Մեծ տարածում են գտել կենսաքայքայվող պոլիմերային նյութերի հետևյալ տեսակները.
  1. Որպես հիմնական հումք, օգտագործվում են այն նույն նավթանյութերը: Տարբեր կատալիզատորներով արագացնում են քայքայումը՝ 150 տարուց մինչև 2-5 տարի ժամկետում:
Որպես այդպիսի հավելանյութեր են հանդես գալիս կրախմալը, պոլիկապրոլակտոնը, սախարոզայի ֆերմենտացիայի վրա հիմնված պոլիմերներ:
  1. Բնական հումքից պոլիմերային նյութեր, կարող են ենթարկվել կրկնակի վերամշակման, նաև այրվել: Մեթիլցելուլոզայից և սպիտակուցային միացություններից կամ պոլիկաթնային թթուների հիմքի վրա ստեղծված բիոպլաստիկ, որը հողի մեջ հայտնվելիս արագ քայքայվում է միկրոօրգանիզմների ազդեցության տակ:
  2. Ջրաքայքայվող թաղանթ վինիլացետատից և պոլիվինիլ սպիրտից պատրաստված: Առաջին հայացքից այս նյութերը էկոլոգիական փաթեթավորում ստեղծելու համար իդելական որոշում են: Սակայն, պոլիմերային թաղանթների արտադրության վրա ծախսվում են մեծ քանակությամբ ռեսուրսներ՝ էներգիա, նավթ, գյուղատնտեսական հող և այլն: Այդ պատճառով էլ գիտնականները մինչև այժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս:
Էկոլոգիական նյութերի օգտագործումը փաթեթավորման ստեղծման համար Համաշխարհային առաջատար ապրանքանիշերն ավելի հաճախ են պատրաստում տարաներ՝ բնական նյութերից, որոնց քայքայումը բացառապես անվնաս է շրջակա միջավայրի համար: 1.Ստվարաթղթե տուփեր, որոնք պատրաստված են երկրորդային հումքից: 2.Խոշոր առևտրային ցանցերում սովորական պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը՝ թղթե տոպրակներով: 3.Սննդամթերքի համար թղթից և կենսաքայքայվող պլաստիկով էկոփաթեթավորում: 4. Բացարձակ անսովոր նյութերի կիրառում՝ փաթեթավորման ստեղծման մեջ, օրինակ․ Ա Ձվի համար փաթեթավորում, որը ստեղծված է սեղմված խոտից ԲԲաժակի համար տուփ, որը պատրաստված է տաք ըմպելիքի տակ դրվող խցանային տաքդիրներից ԳԸմպելիքի համար սառույցե շիշ՝ որպես լողափային տարբերակ: 5.Ապակե վերադարձվող տարա: Ստեղծագործական մոտեցումը կօգնի շահավետ ձևով ներկայացնել ապրանքի առավելությունները և գրավել գնորդներին, որոնց հուզում է էկոլոգիայի վիճակը: Փաթեթավորման էկոլոգիական մակնիշավորում Էկոլոգիապես մաքուր ապրանքը մակնիշավորվում է հատուկ նշանով, յուրաքանչյուր շրջան ունի իր հատուկ նշանը: Էկոլոգիայի մասին հոգ տանելը առաջին հերթին ներդրում է մեր և մեր երեխաների առողջության համար: Կիրառելով էկոլոգիական մակնիշավորմամբ ապրանքներ, գերադասելով էկոփաթեթավորումը՝ խթանում ենք խնայողական տեխնոլոգիաների զարգացումը։ Ռեսուրսների խնայումը լավագույն մեթոդն է բնությանն օգնելու հարցում:  

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։ Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված  բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այսպիսով՝ 2019թ.  – 668 տ/մ 2020թ. – 2155 տ/մ 2021թ. (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ Փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այլ վառելիքով աշխատող  ավտոմեքենաների արտանետումների քանակը, բարելավել օդի աղտոտվածության վիճակը, խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը Հայաստանում։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել  բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել