Թուլարե Լիճը վերադարձավ 130 տարի անց, որպեսզի նորից անհետանա

https://eco.am/%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%a1%d6%80%d5%a5-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%be-130-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%80%d5%ba/

Կալիֆոռնիական Սան Հոակին հովտում գտնվող Թուլարե լիճը ժամանակին ամենախոշոր քաղցրահամ ջրավազաններից մեկն էր ամբողջ ԱՄՆ-ում: Բայց մոտավորապես 130 տարի առաջ այն անհետացավ՝ հիմնականում ֆերմերների ագահության պատճառով, ովքեր ցամաքեցրին այն, որպեսզի երկրագործության համար պիտանի հողեր ստեղծեն: Իսկ  անցյալ տարի երբեմնի սիրելի լիճը հանկարծ նորից ի հայտ եկավ` առաջ բերելով ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն անդրադառնալով Թուլարե լճին նշում է, որ դեռևս 19-րդ դարի վերջին լիճը ձգվում էր ավելի քան 160 կմ երկարությամբ և գրեթե 50 կմ լայնությամբ և Միսիսիպի գետից արևմուտք ընկած ամենամեծ քաղցրահամ ջրավազանն էր, ավելին՝ լիճը նավարկելի էր:

Թուլարե լիճը հիմնականում սնվում էր Սիեռա Նևադայի լեռների ձյան հալքից, իսկ տեղումները, որոնք այս տարածաշրջանում հազվադեպ են թափվում, լճի ջրային հաշվեկշռի մուտքի մի փոքր մասն էին միայն կազմում։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն Ֆրեզնոյում տարեկան միջինում թափվում է 254 մմ-ից մի փոքր ավելի տեղումներ:

Նայելով Սան Հոակին հովտի չոր լանդշաֆտին 21-րդ դարում, դժվար էր պատկերացնել այդպիսի մեծ ջրավազանի առկայությունը, սակայն 1800-ական թվականներին Ֆրեզնոն լճափնյա քաղաք է եղել:

Առաջին անգամ լիճը սկսեց անհետանալ 1850-ականների վերջին և 1860-ականների սկզբին՝ մշակության համար պիտանի գյուղատնտեսական նշանակության հողեր ստեղծելու համար ջրածածկված հողերի չորացման և լճի ջրով անապատային հողերի ոռոգման հետևանքով։ Լիճն առաջին անգամ ամբողջովին անհետացավ մոտավորապես 1890 թվականին, երբ նրա ջուրը հիմնականում օգտագործվեց այդ տարածքի շուրջ գտնվող բոլոր չոր հողերը ոռոգելու համար։

Եվ այնուամենայնիվ, 2023 թվականին մեռյալ Թուլարե լիճը հարություն առավ։ Ձմռանը Կալիֆոռնիան պարզապես ծածկված էր ձյունով, իսկ գարնանը սկսեցին անձրևներ տեղալ, և այս ամբողջ խոնավությունը մինչ այժմ գտնվում է այն իջվածքում, որտեղ ժամանակին գտնվել է Թուլարե լիճը: Լիճը կրկին ջրով լցվելուց մի քանի ամիս անց, դրա հետևանքները կարելի էր տեսնել տեղի կենդանական աշխարհում։ Հայտնվեցին թռչունների բոլոր տեսակները՝ հավալուսններ, բազեներ, ջրլող թռչուններ։ Լճի վերածնունդը էական ազդեցություն ունեցավ ոչ միայն տարբեր տեսակների, այդ թվում՝ ձկների և երկկենցաղների վերաբնակեցման վրա, որոնք հավանաբար անձրևների և հեղեղումների պատճառով սատկել էին, այլ նաև մարդկային համայնքների վրա:

Այնուամենայնիվ, տեղացի ֆերմերների և հողատերերի համար սակայն պատկերը շատ ավելի քիչ ուրախացնող էր: Այս գյուղատնտեսական աշխատողներից շատերը հսկայական վնասներ կրեցին հեղեղումների հետևանքով, շատերն էլ ամբողջությամբ զրկվեցին իրենց տներից:

Արդեն ջանքեր են գործադրվում լիճը կրկին չորացնելու համար, թեև հետազոտողները ակնկալում են, որ այն կպահպանվի այս կամ այն ձևով դեռ մոտավորապես երկու տարի: Սակայն այս տարի Կալիֆոռնիայում նոր մթնոլորտային երևույթները կարող են երկարաձգել այս գործընթացը՝ կլիմայի փոփոխության պայմաններում այդպիսի մասշտաբի հեղեղումներ առավել հաճախ տեղի կունենան:

Գիտնականները կարծում են, Կալիֆոռնիա նահանգը պետք է գիտակցի, որ Թուլարե լիճը ցանկանում է մնալ։ Եվ իրականում, եթե լճին հանգիստ թողնեն, ապա հնարավոր կլիներ մեծ տնտեսական օգուտ ստանալ։ Այնուամենայնիվ, այս տարվա մարտին լրագրողները այցելեցին հայտնի լճի տարածք և այնտեղ հայտնաբերեցին «խոտի ծիլեր և թանձր տիղմ»:

Ըստ Քինգսի շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալների, իր վերածնունդից առավել քիչ քան մեկ տարի անց Թուլարե լճի մակերեսը կրճատվել է մինչև 2625 ակր, ինչը կազմում է իր սկզբնական չափի 1%-ից մի փոքր ավել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպիսին կլինի աշխարհը 100 տարի անց

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով