«Սենյակից դուրս գալիս լույսն անջատի՛ր», «Ատամներդ լվանալիս ծորակը փա՛կ պահիր», «Այս հեռուստացույցն ո՞ւմ համար է միացրած, եթե նայող չկա», «Հեռախոսդ լիցքավորելուց հետո լարն անջատի՛ր». առօրյա կյանքում ծնողների կողմից հաճախ հնչող նախատինքներ են, որոնք մենք ոչ հաճախ ենք ականջալուր լինում։ Բայց, արդեն մեր ծնողներին օգնության է հասնում Eco Coach բջջային առցանց հավելվածը, որն ամենօրյա քայլերով, անկախ ձեր կամքից, անթիվ օգտակար խորհուրդներով կներխուժի ձեր կյանք ու այն կդարձնի ավելի հեշտ և խնայված։
Հավելվածը ոչ միայն օգտակար կլինի բարելավելու շրջակա միջավայրը, այլ ամենօրյա խորհուրդներով կսովորեցնի կենցաղում օգտվել արդյունավետ հնարավորություններից, դրանք դարձնել առավելություններ ու փոքրիկ քայլերով, բայց արդեն գիտակցված, կենցաղ մտցնել խնայողությունը՝ բոլոր առումներով։
Կենցաղային խնայողության համար հավելվածն առաջարկում է երեք հիմնական դրդապատճառ․
1․ պաշտպանել շրջակա միջավայրը
2․ կրճատել ծախսերը
3․ խնայել ընտանեկան բյուջեն։
Այս ամենին հնարավոր է հասնել միայն իրագործելի և ամենօրյա արդյունավետ քայլերով, որոնք առաջարկվում է հավելվածում։
Eco Coach բջջային առցանց հավելվածը չի անտեսել նաև մանուկներին։ Հավելվածը էկոկրթության հիմքերն ամրապնդող խորհուրդներ ու օրինակներ է ներկայացնում, որի հասցեատերը փոքրիկներն են, որոնք դառնալու են վաղվա էկոկրթված մեր համաքաղաքացիները։
Այնուամենայնիվ, եթե ամենօրյա ռեժիմով հետևեք հավելվածի խորհուրդներին, թե ինչպես խնայել էլեկտրաէներգիան, ջուրը, գազը, ինչպես տեսակավորել աղբը, կամ՝ պարզ ու հասարակ քայլերով ինչպես նպաստել բնության պահպանությանը, ապա մինչև տարեվերջ կհամոզվեք, որ ընտանեկան բյուջեում կլորիկ գումար եք խնայել։ Էսթետիկ ու նրբաճաշակ նկարազարդումներով երկլեզու հավելվածի հեղինակը դիզայներ, նկարչուհի Արևիկ Գրիգորյանն է, ով իր փոքրիկ թիմի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում և Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ, իրականություն դարձրեց հերթական բնապահպանական օգտակար մտահղացումը։
Eco Coach հավելվածը հնարավորություն կտա նաև պարբերաբար ստուգել սեփական բնապահպանական գիտելիքները։
Ի դեպ, հավելվածում կգտնեք նաև թեժ գծի անհրաժեշտ համարներ ոչ միայն բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների իրացման, այլև կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության համար։
Հետաքրքրե՞ց, արդեն ուզում եք վերանայե՞լ Ձեր էկո գիտելիքները և Ձեր կյանքն առավել հեշտ դարձնելու համար ուզում եք խնայողությունը մտցնել առօրյա՞, ուրեմն Eco Coach հավելվածի թիմը օրնիբուն հենց Ձեզ համար է աշխատել։ Ժամանակն է ներբեռնել հավելվածն ու հեշտացնել կյանքն այս դժվարին օրերին։


























Թողնել մեկնաբանություն