««COVID-19» կապակցված միկոզները՝ հայ բնակչության շրջանում». ԵՊՀ-ն գիտական աշխատանքներ է իրականցնում

https://eco.am/covid-19-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%af%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%ab%d5%af%d5%b8%d5%a6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%b9%d5%b8/

 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են սթրեսածին տարբեր իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, հյուսվածաբանական, հիստոքիմիական, բջջաբանական, ձևաբանական մեթոդների կիրառմամբ:

«Միկոզները հիվանդություններ են, որոնք առաջանում են ախտածին սնկերից արտադրված թունավոր նյութերի` միկոտոքսինների ազդեցության հետևանքով և օրգանիզմում զանազան ախտաբանական երևույթների զարգացման պատճառ են դառնում»,- ասաց ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, կ․գ․թ․ Աննա Կարապետյանը և փաստեց, որ այս հետազոտությունների շրջանակում hյուսվածաբանական, բջջաբանական, իմունահիստոքիմիական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվելու են «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունները՝ իմունային բորբոքման բացահայտման նպատակով:

Անդրադառնալով «Covid-19» վարակի ծանր դեպքերով հիվանդների օրգանիզմում զարգացող սուր շնչառական դիսթրես համախտանիշին, սեպտիկ շոկին, տարբեր օրգան համակարգերի անբավարարությանը, արյունահոսությանը և արյան մակարդման հետ կապված զանազան խախտումներին, Ա. Կարապետյանը նշեց, որ դրանք կարող են կապված լինել նաև բակտերիաների և սնկերի համակցված վարակների հետ։

«Ստացված տվյալները հնարավորություն կտան բացահայտելու «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների լորձաթաղանթում բորբոքային երևույթների զարգացման բջջաբանական օրինաչափությունները, պարզելու միկրոգործոնների ազդեցության պայմաններում իմունաախտաբանական գործընթացների առկայությունը»,- ասաց Աննա Կարապետյանը և կարևորելով կատարվող գիտահետազոտական աշխատանքները, նշեց, որ դրանց արդյունքները հիմք կծառայեն «Covid-19»–ի դեմ պայքարում նախազգուշական և բուժական միջոցառումների մշակման համար:

Ծրագրի շրջանակում պլանավորված հետազոտությունները հնարավորություն կտան Հայաստանում իրականացնելու «Cօvid-19» դեպքերի կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրություն, որը կուղեկցվի բուժման առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակմամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել