«Աղիքային վարակիչ հիվանդություններն աճել են, արձանագրվել է ավելի քան 4200 դեպք»․ Ռոմելլա Աբովյան

https://eco.am/%d5%a1%d5%b2%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6/

«2021 թվականի համեմատ հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդություններն աճել են 1.2 անգամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք։ Արձանագրվել է 7 բռնկում, որոնք պայմանավորված են եղել սննդի գործոնով, քանի որ պահման, տեղափոխման կանոններն են խախտվել»,– արձանագրեց բանախոսն ու անդրադառնալով քաղաքից դուրս անցկացվող էքսկուրսիաներին, պնդեց, որ դրանց կազմակերպման ժամանակ առավել կարևոր է կանոնների պահպանումը։

«էքսկուրսիաների ժամանակ շատ կարևոր է մի շարք կանոնների պահպանումը, որը կանխարգելիչ նշանակություն ունի սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման գործում»,- կարևորելով այդ կանոնները բանախոսը թվարկեց մի քանիսը․

Անպայման պետք է ուշադրություն դարձնել

1․ սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին,

2․սննդամթերքի պատրաստման ժամանակ հիգիենայի կանոններին,

3․ առավել արագ փչացող սննդամթերքի պահպանմանը՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք:

4․Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե,

5․ սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային

Ըստ Ռոմելլա Աբովյանի, ձեռքերի հիգիենայի գործոնին շատերը թերահավատորեն են մոտենում։ Չնայաց, քովիդով պայմանավորված, 2020 թվականին նկատելի նվազել էին աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները, քանի որ հասարակության շրջանում ամուր հիմքի վրա էր դրված ձեռքերի ու շրջապատի հիգիենան և ախտահանում կատարվում էր օրը մի քանի անգամ։

«Ձեռքերի հիգիենայի պահպանումը բավական լուրջ գործոն է՝ աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման համատեքստում: Ձեռքերի, շրջակա միջավայրի ախտահանումն ունեցել է իր ազդեցությունը բռնկումներ չարձանագրելու առումով»,-նկատեց Ռոմելլա Աբովյանը և շեշտեց, որ աղիքային վարակիչ հիվանդության ժամանակ առավել թիրախավորված են երեխաները, որոնց օրգանիզմն առավել զգայուն է։

Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ: Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը հորդորեց որ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես չզբաղվել ինքնաբուժությամբ․ «Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվում է տանը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն և զերծ մնացեք հակամանրէային դեղորայք ընդունելուց»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել