Blog
In
other , eco-mshakuyt
20-ամյա «Արմմոնո»-ն «Ասպետական ռապսոդիա»-ով հատեց եզրագիծը
Posted on 2 Հունիսի, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի ներկայացմամբ եզրափակվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ հոբելյանական փառատոնը։ Այն այս տարի ընթացավ մայիսի 17-ից 21-ը՝ Երևանում, որի ընթացքում ցուցադրվեց 27 մոնոներկայացում, 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի աշխարհագրությունն այս տարի ևս ընդլայնված էր՝ Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա, Ուզբեկստան։ Հպարտությամբ անդրադառնալով 20 տարիների ձեռքբերումներին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փաստեց․ «Այս տարիների ընթացքում «Արմմոնո» փառատոնը սիրվեց հանդիսատեսի կողմից, ստեղծվեցին նոր ներկայացումներ, որոնք մեծ հաջողություններ գրանցեցին նաև Հայաստանից դուրս»։ Հոբելյանական 20-րդ «Արմմոնո»-ն նշանավորվեց մի խումբ թատերական գործիչներին «Արմմոնո XX» հուշամեդալով պարգևատրությամբ, որը թողարկվել է 2022 թվականին։ Առաջին հուշամեդալը հանձնվեց փառատոնի հիմնադիր ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանինն: Փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ՝ «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կայացավ նաև առցանց ներկայացման դիտում. Ցուցադրվեցին Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։ Փառատոնի օրերին Երևանում էին միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։ Միջազգային ծրագրում հանդես եկան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Օրինակ, դերասան Ալեքսանդր Ալադիշևը խոստովանել է, որ կարդալով «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը՝ սկսել է այլ կերպ ընկալել Դոստոևսկուն․ «Այն ամենը, ինչ Դոստոևսկին գրել է այդ պատմվածքում, ասես մանիֆեստ լինի այն մասին, թե ինչպես է հնարավոր ապրել այս աշխարհում և լինել երջանիկ: Ինձ համար դա բացահայտում էր»: Վերադառնալով ներկայացմանը՝ Ալադիշևը նշել է՝ իրենց ուղերձն այն մասին է, որ մարդը կարող է ավելի լավը դառնալ, ինչն ուտոպիա չէ: «Դա ասես իդեալական աշխարհ լինի, որը փորձում ենք փոխանցել արվեստի միջոցով: Մենք շատ ենք ցանկանում, որ հանդիսատեսը դահլիճից նման ապրումներով դուրս գա, քանի որ մոնոներկայացումը հրաշալի հնարավորություն է տալիս անուղղակիորեն խոսելու ամենակարևոր բաների մասին: Երբ բեմ ես դուրս գալիս, ընկնում ես այլ էներգետիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Բեմում կարելի է հասնել կատարելության, լիարժեք երջանկության»,- փաստել է դերասանն ու հավելել՝ ուրախ է, որ «Արմմոնոյի» շրջանակում երկրորդ անգամ հանդես է գալիս Հայաստանում, որտեղ վերադառնալիս ասես թանկագին մարդկանց մոտ գաս: Իսկ տեղական ծրագրում՝ ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով: Այս տարի «Արմմոնո» փառատոնը շեշտադրել էր բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք ցուցադրվել են տարբեր փորձարարական թատերական հարթակներում։ Դերասան Արմեն Քուշքյանը ներկայացրել էր Նինա Մազուրի պիեսի հիման վրա բեմադրված «Համլետի երազները» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: «Համլետի երազները» բեմադրելու առաջարկը Նինա Մազուրինն է եղել: Ընտրել են հենց այդ գործը, քանի որ այն հետաքրքիր շեշտադրումներ ունի․ «Շեքսպիրի Համլետի հարցը հետևյալն էր. «Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ Մազուրը այլ տեսանկյունից է մոտենում խնդրին՝ լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել բոլորի պես. ինչպե՞ս կվարվեր Համլետն այդ դեպքում»,- ասում է դերասանը: Քուշքյանը երբեք չի երազել մարմնավորել Համլետի կերպարը, և Մազուրի պիեսը ներկայացնելիս անդրադառնում է սովորական մարդու, երիտասարդի, որը վերոնշյալ խնդրի առաջ է կանգնել: «Ես չեմ խաղում որպես Շեքսպիրի Համլետ՝ չնայած կրքերը շեքսպիրյան են»,-նշել է Արմեն Քուշքյանը: Eco.am սոցիալական հարթակն այս տարի ևս հանդիսանում էր Արմմոնո» 20-րդ» միջազգային հոբելյանական թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչպես երեխային մոտեցնել բնությանը
Posted on 1 Հունիսի, 2022

Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Իսկ երեխաների իրավունքների ոտնահարման կարևոր մասնիկ է աղտոտված միջավայրը՝ օդը, բնությունը, սնունդը, որն էլ անդրադառնում է փոքրիկների առողջության վրա։ Դրա համար, եկեք նախ հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի մասին՝ այն հնարավորինս մաքուր պահելով, միաժամանակ կպաշտպանենք մեր փոքրիկների առողջ ապրելու իրավունքը։ Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է էկո վարքագծի մի քանի կանոններ, որը կիրառելով և՛ օրինակ կլինեք ձեր փոքրիկների համար, և՛ միաժամանակ կզբաղվեք նրանց էկոկրթությամբ։ Քաղաքաբնակ փոքրիկներից շատերը, ովքեր քիչ են եղել գյուղում, անտեղյակության պատճառով կորցնում են բնական միջավայրի հետ իրենց կապը և այն որպես հաճելի վայր տեսնելու փոխարեն, հակված են բացասական վերաբերմունքի։ Այս հարցում ծնողներն անելիք ունեն իրենց երեխայի առողջության և հուզական զարգացման հետ: Ինչ կարելի է սովորել բնությունից Նախ պետք է գիտակցել բնության կարևորությունը բոլոր մարդկանց կյանքում, հաշվի առնելով, որ սա կենսական վայր է երեխաների կյանքում, որտեղ նրանք կարող են ձեռք բերել բազմաթիվ կարողություններ և հմտություններ: Ինչպես, օրինակ․ 1․ փոխանակումը, 2․ թիմային աշխատանքը, 3․ համագործակցությունը, 4․ զգայունությունը և կարեկցանքը, ի թիվս այլոց: Բացի այդ, բնությունը մի վայր է, որտեղ դուք սովորում եք․ 1․ դիտել, 2․ հարգել, 3․ շունչ քաշել, 4․ սովորել լինել անկախ և փոխկապակցված: Դարձեք օրինակելի՝ երեխաների համար Փոքրերի համար մեծերս պետք է օրինակ ծառայենք մեր գործողություններով: Այսինքն, ծնողները, ուսուցիչները և տան մեծահասակները, որոնք երեխաների կյանքի մի մասն են կազմում, իրենց կյանքում պետք է ներառեն շրջակա միջավայրի խնամքին միտված գործողություններ, ինչպիսիք են․ 1․ վերամշակումը, 2․ փաթեթավորումը, 3․ հագուստը նորից օգտագործելը, 4․ աղբը նետել զամբյուղներում։ Կամ, տանը խոսեք այն մասին, թե ինչպես պետք է խնամել բնությունը, երեխաները կարող են ավելի «էկոլոգիապես մաքուր» լինել և առաջինը օգնել մյուս երեխաներին՝ հոգ տանել բնության մասին: Կազմակերպեք խաղեր՝ բնությանը մոտենալու համար Երեխաներին բնությունը սիրել սովորեցնելու լավագույն տարբերակներից մեկը խաղերն են, որոնք թույլ են տալիս նրանց շփվել բույսերի, կենդանիների, դրսում, միավորվել այլ երեխաների հետ: Գնացեք էքսկուրսիաների՝ բնության գրկում Հատկապես ամռանը հաճախ պլանավորեք ընտանեկան էքսկուրսիաներ, զբոսանքներ դեպի բնությունը՝ տանը մոտ զբոսայգիներում, քաղաքից ներս կամ քաղաքից դուրս գտնվող պատմական վայրերում, սերերոևմ, անտառներում, եթե հնարավորությունը ներում է նաև լողափում։ Եերեխաներին սովորեցրեք, թե ինչպես վարել հեծանիվ, որպեսզի նրանք միասին կարողանան ճանապարհորդել դրա համար պատրաստված երթուղիներով, այգիների, հանգստի գոտիներում: Կամ, բնության գրկում կամ լողափում խնջույքը վայելելիս այն դարձրեք էկոկրթության ժամ՝ զվարճալի պատմություններով երեխաների հետ մաքրեք տեղանքը, նրանց սովորեցրեք, որ պետք է հավաքենք սննդից մնացած աղբը, որպեսզի խուսափենք տարածքն աղտոտելուց։ Նաև տարբեր էկոլոգիական պատմությունների միջոցով ուսուցանել, թե ինչպես պետք է հոգ տանել բնության ու կենդանիների մասին մասին: Կենդանիները և ընդհանրապես բնությունը, երեխաներին օգնում են աշխատել պատասխանատվության արժեքի վրա և, բացի այդ, ամրապնդվում է ինքնագնահատականը: Երեխաներն իրենց օգտակար և պարտավորված են զգում, երբ նրանց սովորեցնում են, թե ինչպես պետք է հոգ տանել Շրջակա միջավայրի մասին, և նրանց մասնակցությամբ վերամշակման կամ անտառվերականգնման միջոցառումները ստիպում է իրենց զգալ կարևոր:
In
other , shrjaka-mijavayr
«Բնությունը երեխաների աչքերով». բնանկարների ցուցադրություն` Բուսաբանական այգում
Posted on 1 Հունիսի, 2022

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված Երևանի բուսաբանական այգում կայացավ «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը։ Երեխաները բնությունը նկարել են այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված նկարների ցուցադրությունն ուղեկցվեց խաղերով և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հետաքրքիր դասախոսությամբ։ Նախարարության ներկայացուցիչները երեխաներին և նրանց ծնողներին ներկայացրին բնության հետ ներդաշնակ համակեցության կանոնները։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է դաստիարակել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար նոր սերունդ։ Այսօր երեխաներին փոխանցած համոզմունքներն ու արժեքները վաղը ձևավորելու են փոփոխության տանող վարքագծային սովորություններ: Անհրաժեշտ է դաստիարակել սերունդ, որը գիտակցում է՝ մարդը բնության մի մասն է, ոչ թե՝ սպառողը։
Ցուցադրության մասնակից փոքրիկներին, որպես խրախուսանք, տրվեցին շնորհակալագրեր և խրախուսական նվերներ։
Փոքրիկներին տրամադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող ECOserve ծրագրի շրջանակում մշակված «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական սեղանի խաղը։
Ի դեպ, շուտով նկարչական ցուցահանդեսին ներկայացված նկարներով կտպագրվեն էկո-պայուսակներ՝ մեկտեղելով հայ երեխաների բնապահպանական երազանքներն ու բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը:
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Ամփոփվեց էներգաիրազեկ չելենջ-մրցույթի արդյունքները
Posted on 31 Մայիսի, 2022

Էներգաարդյունավետության մասին, էներգաարդյունավետ վարքագծի զարգացմանը նպաստելու համար Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ECOserve բնապահպանական ծրագրի ու Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ սոցցանցում հայտարարել էր էներգաիրազեկ չելենջ-մրցույթ։ Մրցույթի կանոնների համաձայն օգտատերերը պետք է նշեին միմյանց ու առաջարկեին առօրյա քայլեր՝ տանը, աշխատանքում և միջավայրում։
Օրերս, Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնում ամփոփվեց էներգաիրազեկ չելենջ-մրցույթի արդյունքները, որին մասնակցում էր ոչ միայն Երևանից, այլ մարզերից ավելի քան 25 տարբեր տարիքի օգտատերեր։
Eco.am սոցիալական հարթակը նույնպես մասնակցում էր մարտահրավերին, ներկայացնելով էներգաարդյունավետության իր քայլերը՝ բիզնես ոլորտի համար։
Մասնակիցները միմյանց էներգաիրազեկ դարձնելու համար, նախ կիսվեցին գրագետ էներգաօգտագործման մասին իրենց գիտելիքներով, որից հետո՝ պարգևատրվեցին նվերներով։
Նվերների հանձնման ընթացքում, կազմակերպիչները կարևորեցին մասնակիցների էներգաօգտագործման գիտելիքները ընդգծելով, որ նման վարքագծի շնորհիվ մոլորակի հետ շահում ենք նաև մենք՝ բոլորս։
Մրցանակների հանձնման արարողությունից հետո արդեն բնապահպանական ժամանացի հերթն էր, մասնակիցները խաղացին սեղանի կրթական, ժամանցային, բնապահպանական «Էներգապոլիա» խաղը։
«Էներգապոլիան» սեղանի խաղ է, որտեղ բոլոր խաղացողները ձգտում են ստանալ հնարավորինս շատ համայնաքային ենթակառուցվածքներ, բարձրացնել դրանց (էներգա)արդյունավետությունը՝ ներդրումների ու անհրաժեշտ քայլեր անելու ճանապահով: Այստեղ ամենամեծ արժեքը էներգիան է, ու հաղթում է նա, ով առավել ճիշտ կկառավարի համայնքների էներգետիկ ռեսուրսները՝ կգտնի խնայելու, սպառվող ռեսուրսները վերականգնվողներով փոխարինելու, և էներգիայի անհրաժեշտ քանակությունն այլընտրանքային տարբերակներով ձեռք բերելու ճանապարհներ։
Համայնքի էներգիան ավելի էժան ձեռք բերելուց բացի, մասնակիցները պետք է հիշեն նաև բնությանը չվնասելու մասին։ Խաղը էներգամիավորների ուրախ մրցավազք է, որտեղ մասնակիցները.
1․սովորում են ճիշտ հաշվել և արագ կողմնորոշվել,
2․ ձեռք են բերում բնապահպանական գիտելիք
3․սովորում մեծ ու փոքր որոշումներ կայացնելիս չմոռանալ իրենց տան, համայնքի, պետության, Երկիր մոլորակի մասին։
Այս խաղն առաջարկում է համատեղել օգտակարն ու հաճելին. զվարճանալու հետ միասին մասնակիցներին է փոխանցում պատասխանատվություն, մրցակցություն, բնության նկատմամբ գիտակցված ու շոշափելի հոգատարություն։ Կրթաճանաչողական խաղի ընթացքում իրար հետ մրցող «համայնքների էներգետիկ հերոսներն ու գործարարները» կստանան գիտելիք, որ հեշտությամբ կարող են կիրառել իրենց բնակավայրի տարբեր մակարդակներում՝ տանն ու դպրոցում, գյուղում ու քաղաքում, այստեղ գործող հիվանդանոցներում ու խանութներում և այլն։
Գցիր զառն ու էներգիայի սպառողից դարձիր էներգիա խնայող, բնական ռեսուրսները արդյունավետ կառավարող և այլընտրանքային էներգիա ստեղծող։
Խաղի նպատակն է ինտերակտիվ ժամանցի միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի մասին իրազեկության մակարդակը, հուշել էներգաարդյունավետ լուծումներ համայնքային ենթակառուցվածքների և տնային տնտեսությունների համար:
Խաղը ստեղծվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն և «Dee» խաղերի կողմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականացվող ECOserve ծրագրի շրջանակում։
Ծրագրի իրազեկության բարձրացման բաղադրիչն իրականացնում է ՀԻՄԿ ՀԿ-ն։
In
other , eco-mshakuyt
«Արևորդի» բնապահպանական փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է
Posted on 31 Մայիսի, 2022

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ը՝ Երևանում։ Ինչպես Eco.am սոցիալական կայքին տեղեկացրին փառատոնի տեղեկատրավական կենտրոնից, փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է։ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 3 անվանակարգ` 1․ կլիմայի փոփոխության մասին գեղարվեստական ֆիլմ, 2․կարճամետրաժ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին, 3․երիտասարդները և երեխաները շրջակա միջավայրի մասին։ Փառատոնի այս տարվա կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտադիմումները հնարավոր է ուղարկել Film Free Way հարթակի միջոցով՝ հետևյալ հղումով։ Հարթակում ներկայացված են բոլոր մանրամասները։ Իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Ընդունելությանը կարող են ներկայացվել այն ֆիլմերը, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանն ու շրջակա միջավայրին, կրթությանն ու շրջակա միջավայրին, և այլն)։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, հարավկովկասյան ողջ տարածաշրջանում, առաջին և միակն է իր տեսակի մեջ: Փառատոնի ծրագիրը ներառում է բնապահպանական ֆիլմեր ողջ աշխարհից՝ 1․ էկո-աշխատարաններ, 2․ցուցահանդեսներ, 3․մեդիա արշավներ և բնական ու մշակութային արժեքների պահպանության աճող մարտահրավերների մասին իրազեկող այլ միջոցառումներ: Փառատոնն ամենամյա է, անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներառելով մեծ թվով երեխաների և պատանիների, խթանելով ստեղծարար լուծումներ՝ համայնքում առկա բնապահպանական խնդիրներին, կիրառելով ֆիլմը՝ որպես գործողության, փոփոխության ներշնչող հզոր գործիք: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Նպատակ ունի բարձրացնելու բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։ 2021 թվականին փառատոնն առաջին անգամ անցկացվեց առցանց ձևաչափով՝ sunchild.am հարթակում, որտեղ մեկ շաբաթ շարունակ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու աշխարհի տարբեր ծայրերից լավագույն բնապահպանական ֆիլմերը՝ հայերեն ենթագրերով։ Այս տարի ևս փառատոնը կպահպանի առցանց ձևաչափը՝ համատեղելով այն օֆլայն միջոցառումների ու ցուցադրությունների հետ։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
«Ջուր խմեք առաջնորդվելով ծարավի զգացումով»․որքա՞ն ջուր է հարկավոր մարդուն
Posted on 30 Մայիսի, 2022

Հաճախ ենք լսում տեղին ու անտեղի խորհուրդներ, թե հաճախակի ջուր խմելն օգտակար է առողջությանը, կամ օգնում է քաշի արագ նվազմանը։ «Անհրաժեշտ ջրի քանակը կախված է՝ տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ փոփոխականներից»,- ասում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը և շեշտում․ «Այդ իսկ պատճառով՝ ջրի անհրաժեշտ քանակը կարող է զգալիորեն տարբերվել մարդկանց մոտ»: Բժիշկ-դիետոլոգը թվարկում է, որ մեր օրգանիզմը հեղուկ ստանում է․ 1․ ջրից, 2․ոչ ալկոհոլային խմիչքներից, 3․սննդից, որոնք հեղուկ են պարունակում՝ բանջարեղենից և մրգերից, որոնցից շատերի 95% հեղուկ է: Ըստ նրա, առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: «Երբ մարդը հեղուկ է կորցնում, արյան պլազմայում լուծվող նյութերը դառնում են չափազանց խիտ, սա դրդում է հատուկ ընկալիչներին, որպեսզի օրգանիզմը սկսի «խնայել» հեղուկ: Երիկամներում ջրի հակադարձ ներծծումը մեծանում է և ծարավի զգացողությունը մեծանում է: Ահա թե ինչու քիչ հեղուկի ընդունման դեպքում կարող է առաջանալ այտուց»,- մանրամասնում է բժիշկ-դիետոլոգը և հավելում, որ ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան։ «Դրանք պարզապես գոյություն չունեն, կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին»,- բացատրում է բժիշկն ու հանգամանալի բացատրում, թե ինչու՞ է այդպես․ «Մարմինը չի մտածում, թե որտեղից կարող է ջուրը ստանալ: Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր հեքիաթներն, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո՝ մնում են միայն հեքիաթներ»: Բժշկի դիտարկմամբ․ «Իհարկե, թեյի, սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկ ընդունում համարում ենք առանց շաքարի և, իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը»։ Հարցին, թե ինչու չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա, Լ․ Այվազյանը ասաց․ «Քանի որ, սկզբունքորեն նման բան լինել չի կարող: Մենք բոլորս շատ տարբեր ենք, մեր հեղուկ ընդունման պահանջը օր օրի փոխվում է ՝ սպորտ, հիվանդություն, շատ աղի ու շաքարի օգտագործում, բնակության երկրի ու շրջանի կլիմա, աշխատավայրում օդափոխություն համակարգի առկայություն (кондиционер), այս ամենից կախված օրվա ընթացքում մենք օգտագործում ենք ջրի տարբեր քանակ»,- պարզաբանեց բժիշկ-դիետոլոգն ու հավելեց, որ ցուցումը հետևյալն է․ «Ըմպեք առաջնորդվելով ծարավի զգացումով, ուշադրություն դարձրեք մեզի գույնին, այն չպետք է մուգ լինի: Իսկ 30 մլ/ 1կգ-ում ու նմանատիպ այլ նորմաներ կարող են լինել միայն բժշկի ցուցումներից ելնելով: Օրինակ ՝ միզաքարային հիվանդության և ժառանգական նախատրամադրվածության դեպքում»,- եզրափակեց բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը:
In
other , shrjaka-mijavayr
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Չարբախում այգի է հիմնել
Posted on 30 Մայիսի, 2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել: Ավելի քան մեկ տարի տևած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: Կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, սիրված մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ - այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով:
In
other , eco-mshakuyt
Հայ հեղինակի «Հիսուսի կատուն» գիրքը Էդինբուրգի ամրոցում արժանացավ մրցանակի
Posted on 30 Մայիսի, 2022

Օրերս, հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացավ գերմանացի հայտնի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին:
Մրցանակը ստացել են նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառման ընթացքում Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել նաև Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում և թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում:
In
other , shrjaka-mijavayr
Աշտարակ համայնքում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը
Posted on 27 Մայիսի, 2022

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում, ՀՀ կառավարության մայիսի 26-ի որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։ Հավելենք, որ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
In
other , shrjaka-mijavayr
«Կլիմայի փոփոխության ու CO2 գազի արտանետումները նվազեցնելու գործում Քաղաքապետարանները կարևոր դեր ունեն»․ Դեյվիդ Մորանը՝ Հրաչյա Սարգսյանին
Posted on 26 Մայիսի, 2022

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, հանդիպման ժամանակ ներկայացվել է կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության գործում համայնքի նախաձեռնած ծրագրերը՝ քաղաքապետն անդրադարձել է․
1․ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով,
2․ մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ,
3․ բազմաբնակարան բնակելի շենքերում արևային պանելների տեղադրմանը, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել վերականգնվող էներգիան և ունենալ արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու ընդհանուր օգտագործման այլ տարածքներ:
Հրաչյա Սարգսյանը խոսել է նաև ճանապարհաշինության, աղբի տեսակավորման և կանաչապատման ծրագրերից: Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել նոր տրոլեյբուսներ, ներդնել «խելացի» լուսացույցներով կառավարվող համակարգ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային ծրագրեը մանրամասն ներկայացնելու համար՝ Դեյվիդ Մորանը կարևորել է քաղաքային իշխանությունների հետ գործակցության հաստատումն ու ընդգծել, որ քաղաքապետարանները կարևոր դեր ունեն կլիմայի փոփոխության ու CO2 գազի արտանետումները նվազեցնելու գործում:



